Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Նոր նախագիծ՝ «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով

Նոր նախագիծ՝ «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով մեկնարկում է նոր ծրագիր։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեծ քայլ է անում  Հայաստանում աղտոտված շրջակա միջավայրի դեմ պայքարի հարցում։ Eco.am սոցիալական հարթակը NABU –ից տեղեկացավ, որ ծրագրի հիմնական նպատակը բոլոր տարիքի հնարավորինս շատ մարդկանց մաքուր շրջակա միջավայրի համար պայքարում ներգրավելն է։ Ըստ որի էլ հանրության շրջանում կբարձրացվի շրջակա միջավայրի աղտոտման լուրջ հետևանքների մասին իրազեկվածությունը: Վերոնշյալ արդյունքին հասնելու համար NABU-ն մտադիր է իրականացնել՝ 1․ քաղաքային և գյուղական բնակչության շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով վերաբերմունքի և գիտակցված սպառման պրակտիկայի խթանում 2․ ավագ դպրոցի աշակերտների համար կկազմակերպել և անցկացնել առաջին ամենամյա «Մաքուր ապագա» ճամբարը՝ հետագայում բերքի փառատոնին մասնակցելու հնարավորությամբ, 3․ կազմակերպել սեմինարներ և կրթական փոխանակման ճամփորդություններ Գերմանիայի և Հայաստանի ակտիվիստների համար, 4․ ստեղծել բնապահպանական ակումբ, որի շրջանակներում կիրականացվեն տարբեր թեմատիկ երեկոներ, ակցիաներ և մեկօրյա անվճար էքսկուրսիաներ Ծրագիրը կիրականացվի երկու գործընկեր-կազմակերպությունների՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities)-ի և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ։

Սևանում 8000 ծառ չորացել է, 10.000-ը՝ չորացման սպառնալիքի տակ է

Սևանում 8000 ծառ չորացել է, 10.000-ը՝ չորացման սպառնալիքի տակ է
««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է»,- այսօր այդ մասին ներկայացվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ։ Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Հրատապ հանդիպմանը ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները։ Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ: Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ու ներկայացվեց լուծման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև առաջ բերվեց նման իրավիճակներում միջազգային փորձի կիրառումը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին ներկայացրեց  խնդրի լուծման հրատապությունը։ Հանդիպման ավարտին որոշում է կայացվեց շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։ Eco.am

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և Հրազդանում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և Հրազդանում
Հունիսի 22-28-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին և 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ հունիսի 18-24-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդան քաղաքում՝ հունիսի 18-ին և 19-ին։

Երևանի բուսաբանակն այգին փնտրում է «Պատանի բնագետների»

Երևանի բուսաբանակն այգին փնտրում է «Պատանի բնագետների»
Երևանի բուսաբանական այգին հայտարարում է  «Պատանի բնագետ» աշխատարանի մեկնարկի մասին։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ  աշխատարանը սկսվում է քայլարշավից Բուսաբանական այգու տարածքում։ Մասնակիցները ծանոթանում են այգում աճող բուսատեսակներին, ապա ընտրում, առանձնացնում են բույս, որի տեսակի որոշումը և կառուցվածքի ուսումնասիրությունը մանրադիտակով շարունակում են լսարանում։ Աշխատարանի նպատակն է դպրոցահասակների  շրջանում սերմանել հետաքրքրություն՝ գիտական հետազոտությունների և խմբային աշխատանքի նկատմամբ։  

Փողոց նետած թափոնները արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում

Փողոց նետած թափոնները արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից սկսած արդեն 4-րդ տարին է, ինչ իրականացնում է սպիտակ արագիլների հաշվառում՝ Արարատյան դաշտում։ NABU-ի մասնագետները հաշվառումը սկսել են իրականացնել՝ պայմանավորված 2017 թվականից սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության նկատելի դառնալուց հետո։ Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ գործընթացը նպատակ ունի ստուգելու աղտոտման դինամիկան և հավաքագրելու այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են՝ 1․ բների աշխարհագրական դիրքերը 2․ ձագերի քանակը 3․ հասուն արագիլների քանակը 4․ աղտոտվածության առկայությունը 5․ աղտոտվածության աստիճանը 6․ բների վթարայնությունը 7․ բների քանակի դինամիկան։ NABU-ի մասնագետները իրականացնում են նաև սպիտակ արագիլների արբանյակային նշադրում, օղակավորում և փետուրների նմուշառում: Արբանյակային տվիչների տեղադրումը նպատակ ունի ուսումնասիրելու չուն և լոկալ տեղաշարժերը։ Այսպիսով, օրերս իրականացրած աշխատանքների արդյունքում 7 երիտասարդ՝ 4-ը տարբեր աստիճանի աղտոտված և 3-ը մաքուր արագիլների վրա տեղադրվել են արբանյակային տվիչներ, որոնց միջոցով կենտրոնի մասնագետները հնարավորություն կունենան հետևելու թռչուններին՝ հասկանալու և գնահատելու նրանց գոյատևման գործակիցը։ Օղակավորման աշխատանքների ընթացքում արագիլների բներում նկատելի է կենցաղային թափոնների մեծ կուտակում, ինչը ցավոք սրտի, նրանք օգտագործում են որպես բնի կառուցման շինանյութ։ Կենցաղային թափոնների առկայությունը արագիլների բներում վկայում է մեր աղտոտված շրջակա միջավայրի մասին, ինչև բացասական է ազդում նաև մարդկանց առողջության վրա: NABU-ի մասնագետների դիտարկմամբ աշխատանքների ընթացքում շատ հաճախ հանդիպում են զանազան ձկնորսական, կենցաղային կամ տեխնիկական օգտագործման ցանցերի և պարանների մեջ խճճված ձագեր, որոնց մի մասն արդեն իսկ ստացել է վերջույթների դեֆորմացիա, մի մասը՝ անկում ապրել, իսկ մյուսներին հնարավոր է եղել ժամանակին օգնություն ցույց տալ, ազատելով խճճված ցանցերից: NABU-ի մասնագետները հորդորում են մեր համաքաղաքացիներին ուշադիր լինել և նման տեսակի թափոնները չնետել փողոցներում, քանզի դրանք արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում: Քանի որ նախորդ տարիներին փետուրների նմուշառման իրականացված հետազոտությունները հակասական արդյունք են ցույց տվել, այս տարի նույնպես իրականացվեց նմուշառում՝ երեք՝ տեղական և արտասահմանյան ախտորոշիչ լաբորատորիաներ ուղարկելու և վերջնական եզրահանգում ունենալու համար։ Eco.am

Անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ

Անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ
Հունիսի 26-ից անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։ Նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու  հիվանդությունների զարգացման և վնաստաուների վերարտադրողականւթյան դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք։ Eco.am սոցիալական հարթակը «Անտառային կոմիտեից» տեղեկացավ, որ միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ վնասատուներով և այլ հիվանդություններով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով․ 1 Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1200 հա տարածքում - 26.06.2023 - 27.06.2023, 2․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1320 հա տարածքում - 28.06.2023 - 30.06.2023, 3․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1600 հա տարածքում - 01.07.2023 - 03.07.2023։ «Անտառային կոմիտեն» նախազգուշացնում է, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո 3 օր խորհուրդ է տրվում խուսափել սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքից: Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է մեղվաընտանիքների արկանոցները փակել։

Հայաստան ներմուծված ծառաբույսերը 3 անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին․ ՀՀ ԳԱԱ

Հայաստան ներմուծված ծառաբույսերը 3 անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին․ ՀՀ ԳԱԱ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Հայաստան ներմուծված ծառաբույսերն ավելի քան երեք անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ ներմուծված և կլիմայավարժեցված տեսակների վարքագծի վերլուծության հիման վրա գիտնականները կանխատեսել են, որ կանոնավոր և նպատակաուղղված ներմուծման արդյունքում 25-30 տարի անց Հայաստանի բուսաբանական այգիներում օտարածին դենդրոֆլորան ներկայացված կլինի շուրջ 2000 տեսակով և տարատեսակներով, որոնց կազմում մեծ թիվ կկազմեն պարտիզային ձևերը: «Հայաստանի աբորիգեն ծառաբույսերը ներկայացնում են 54 ընտանիքի 117 ցեղի 346 տեսակ, իսկ ներմուծվածները՝ 66 ընտանիքի 193 ցեղի շուրջ 1600 տեսակ և տարատեսակ», - ասաց Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժիրայր Վարդանյանը: Գեղեցիկ ծաղկող թփատեսակների ներմուծմամբ և ցեղային կոմպլեքսի սկզբունքով հավաքածու ստեղծելով՝ հնարավոր կլինի հիմնել երկարատև ծաղկող այգի, ինչը շատ կարևոր է հատկապես կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երևանի համար: Ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքների շնորհիվ Երևանի բուսաբանական այգում պարտիզային ձևերի թիվն ավելացել է 14 նոր պարտիզային ձևերով: «Ներկայում Երևանի բուսաբանական այգում այդ հավաքածուն ընդգրկում է 63 անուն պարտիզային ձև: Մերկասերմերը ներկայացված են 19 անուն պարտիզային ձևով, իսկ ծածկասերմերը՝ 44: Կատարվել են Արալիազգիների (Araliaceae) ընտանիքի՝ 4 ցեղի, 4 տեսակի (Eleutherococus senticocus, Acanthopanax sessiliflorus, Kalopanax septemlobus, Aralia mandshurica) աճման, զարգացման և հարմարվողականության ուսումնասիրություններ», - նշեց Ժիրայր Վարդանյանը: Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

49 դեպքով վնաս է հասցվել բուսական աշխարհին

49 դեպքով վնաս է հասցվել բուսական աշխարհին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունիսի 5-16-ն ընկած ժամանակահատվածում կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 86 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 56 դեպքով հաշվարկվել է 34.699.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 110.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 1.940.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 49 դեպք, որից 53 դեպքով հաշվարկվել է 33.181.384 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 17.856 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 5 դեպք: Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 4 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 650.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.583.440 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 4 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.948.487 ՀՀ դրամ։ 18 դեպքով նշանակվել է  1.810.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Դիտարկումների վերաբերյալ Իրականացվել է 1 դիտարկում։

Փրկված արագիլը վերադարձել է իր տուն. NABU

Փրկված արագիլը վերադարձել է իր տուն. NABU
Վերջերս Առափի գյուղի բնակիչները ահազանգել էին Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նշելով, որ արագիլներից մեկը օգնության կարիք ունի։ Eco.am սոցիալական հարթակը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ արագիլները որպես բնի կառուցման շինանյութ զանազան կենցաղային թափոններ են օգտագործում, ինչի պատճառն է կենցաղային և արտադրական թափոնների ծավալների ավելացումը, աղբավայրերի սխալ կառավարումը և անհատների կողմից բաց տարածքներում թափոնների նետումը։ Սրա հետևանքով փոքրիկ թռչունը փորձել է զուգագուլպա ուտել։ Ըստ NABU-ի տեղեկատվության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շնորհիվ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի մասնագետները անմիջապես արձագանքել են՝ արագիլին տեղափոխելով Երևանի կենդանաբանական այգի, որտեղ  իրականացվել է բժշկական միջամտություն: Կենդանաբանական այգում 4 օր համապատասխան խնամք ստանալուց հետո, երեկ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղ մասնագետները արագիլին վերադարձրել են իր բույնը:

Մթնոլորտում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է Երևանում և 4 քաղաքներում

Մթնոլորտում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է Երևանում և 4 քաղաքներում
Հունիսի 16-21-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում հունիսի 16-ին, 18-ին, 20-ին, Նոր Նորքում՝ հունիսի 18-ին, Շենգավիթում՝ հունիսի 17-ին, 18-ին և 20-ին, Արաբկիրում՝ հունիսի 17-ին, 18-ին, 20-ին և 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում հունիսի 18-21-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ հունիսի 11-17-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Հայաստանի այլ քաղաքաներում․ Արարատում հունիսի 12-17-ը, Հրազդանում՝ հունիսի 11-ին և 17-ին, Վանաձորում՝ հունիսի 12-ին և 17-ին, Ալավերդիում՝ հունիսի 13-ին և 17-ին։