Հայաստան ներմուծված ծառաբույսերը 3 անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին․ ՀՀ ԳԱԱ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%82%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%a8-3-%d5%a1%d5%b6/

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Հայաստան ներմուծված ծառաբույսերն ավելի քան երեք անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ ներմուծված և կլիմայավարժեցված տեսակների վարքագծի վերլուծության հիման վրա գիտնականները կանխատեսել են, որ կանոնավոր և նպատակաուղղված ներմուծման արդյունքում 25-30 տարի անց Հայաստանի բուսաբանական այգիներում օտարածին դենդրոֆլորան ներկայացված կլինի շուրջ 2000 տեսակով և տարատեսակներով, որոնց կազմում մեծ թիվ կկազմեն պարտիզային ձևերը:

«Հայաստանի աբորիգեն ծառաբույսերը ներկայացնում են 54 ընտանիքի 117 ցեղի 346 տեսակ, իսկ ներմուծվածները՝ 66 ընտանիքի 193 ցեղի շուրջ 1600 տեսակ և տարատեսակ», – ասաց Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժիրայր Վարդանյանը:

Գեղեցիկ ծաղկող թփատեսակների ներմուծմամբ և ցեղային կոմպլեքսի սկզբունքով հավաքածու ստեղծելով՝ հնարավոր կլինի հիմնել երկարատև ծաղկող այգի, ինչը շատ կարևոր է հատկապես կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երևանի համար: Ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքների շնորհիվ Երևանի բուսաբանական այգում պարտիզային ձևերի թիվն ավելացել է 14 նոր պարտիզային ձևերով: «Ներկայում Երևանի բուսաբանական այգում այդ հավաքածուն ընդգրկում է 63 անուն պարտիզային ձև: Մերկասերմերը ներկայացված են 19 անուն պարտիզային ձևով, իսկ ծածկասերմերը՝ 44: Կատարվել են Արալիազգիների (Araliaceae) ընտանիքի՝ 4 ցեղի, 4 տեսակի (Eleutherococus senticocus, Acanthopanax sessiliflorus, Kalopanax septemlobus, Aralia mandshurica) աճման, զարգացման և հարմարվողականության ուսումնասիրություններ», – նշեց Ժիրայր Վարդանյանը:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով