Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում, Գյումրիում և Հրազդանում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում, Գյումրիում և Հրազդանում
Հունիսի 8-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հունիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին, Արաբկիրում՝ հունիսի 9-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում և Արաբկիրում բոլոր 5 օրերի ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝ հունիսի 5-10-ը։ Գյումրիում հունիսի 9-ին, Հրազդանում՝ հունիսի 6-ին։

Վերականգնվող էներգետիկայի 2022-30 թթ․ ծրագրի հիման վրա Հայաստանը մշակել է ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը

Վերականգնվող էներգետիկայի 2022-30 թթ․ ծրագրի հիման վրա Հայաստանը մշակել է ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը
Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության գծով օժանդակ մարմնի 58-րդ նստաշրջանում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից տեղեկացավ, որ Գերմանիայի Բոնն քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Օժանդակ մարմինների 58-րդ նստաշրջանի (SB58) շրջանակներում հունիսի 5 -15-ը տեղի է ունեցել «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունների տեսլականը գլոբալ գույքագրման առաջին փուլին ընդառաջ» Հայաստանի կողմից կազմակերպված միջոցառումը: 2024 թվականին, Կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) արդեն ամփոփված կլինի առաջին գլոբալ գույքագրման գործընթացը (GST): Ուստի 2023 թվականը առանցքային է գնահատելու Փարիզյան համաձայնագրի նպատակին և դրա երկարաժամկետ նպատակադրումներին հասնելու ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը: Այս նպատակով Կողմերը կստանան լրացուցիչ ուղեցույցներ՝ համապատասխանեցնելու իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ) Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություններին (ՑԱԶՌ), և ուղղորդում՝ առկա բացերը վերացնելու հնարավորությունների ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին ներկայացրել է միջոցառման նպատակը և կիսվելով ՑԱԶՌ-ի մշակման գործընթացում Հայաստանի փորձի, գործընթացի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկություններով՝ որպես երկրի կողմից քայլ ի նպաստ գլոբալ կլիմայական գործողությունների: Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) պրն. Էրվան Մարտինը՝ ընդգծելով տարածաշրջանային վերջին զարգացումներին զուգընթաց Արևելյան Եվրոպայի երկրների խոցելիության աճը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: «Այս նպատակով, Եվրոպական հանձնաժողովը հանձնառու է շարունակական աջակցություն տրամադրել երկրներին բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ նրանց դիմակայունությունը, մեղմման և հարմարվողականության կարողությունները», -նշել է պարոն Էրվանը: Հայաստանի ՑԱԶՌ-ի մշակման գործընթացը մեկնարկել է ԱլԳ երկրների համար՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ 2022 թ. մարտից, որում սահմանվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ցուցանիշներ և թիրախներ ըստ մեղմման ոլորտների՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հողօգտագործում և անտառային տնտեսություն: «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի տարածաշրջանային համակարգող պարոն Եվգեն Գրոզան կարևորել է ԵՄ աջակցությունը ԱլԳ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ ԱՍԳ և ՑԱԶՌ-երի մշակման գործընթացներում տրամադրված ֆինանսավորման, խորհրդատվությունների և ուղղորդման համար: «Հայաստանի ՑԱԶՌ-ը մշակվել է ծրագրի շրջանակներում ոլորտային՝ ոլորտների տեխնիկական ուսումնասիրությունների, ինչպես նաև՝ Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի հիման վրա», - նշեց պարոն Գրոզան: Եզրափակելով իր ելույթը՝ նախարարի տեղակալ Գաբրիելյանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական միությանը ֆինանսավորման և տեխնիկական աջակցության համար, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ Հայաստանի համար այդչափ կարևոր փաստաթղթի մշակման բարդ գործընթացին աջակցելու համար․ «ԱՍԳ վերանայմամբ Հայաստանը հռչակեց գլոբալ արտանետումների կրճատմանն ուղղված իր հանձնառությունը. այն է՝ 40 տոկոսով նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները մինչեվ 2030 թվականը: Իսկ ՑԱԶՌ-ի մշակման նախագիծը եվս մեկ ապացույց է, որ Հայաստանը միացել է կլիմայի փոփոխության գլոբալ պայքարին: Եվ քանի որ ՑԱԶՌ-ում սահմանված թիրախների իրականացումը էապես կախված է ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից ՀՀ կառավարությունը դիտարկում է կլիմայի նորարարական ֆինանսական մեխանիզմներ»: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից, ԱլԳ երկրներից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և միջազգային ոլորտային փորձագետներ:

«Խոսող կտավներ». տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Սարյանի 6 կտավները

«Խոսող կտավներ». տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Սարյանի 6 կտավները
Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 18:00 Սարյանի տուն-թանգարանում։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելն է։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. 1. Մարտիրոս Սարյան. Պաննո «Հայաստան» (1964), 2. Արագած (1925), 3. Կոստանդնուպոլսի շները (1910), 4. VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956), 5. Դեպի աղբյուր (1928), 6. Երևանյան բակը գարնանը (1928)։ Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճեն թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։ «Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն տալ իրենց պատկերացում կազմել արվեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիվ նրանք կարող են մտնել նկարչի տուն-թանգարան ու տեսնել Սարյանի գործերը»,- նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։ Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկատվություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկատվությունը, որը ճակատագրի բերմամբ անհասանելի է նրանց համար։ Նշենք, որ նախագծի  հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով, լինելով նախագծի թիրախային լսարանի ներկայացուցիչ, հանդես է գալիս նաև որպես ներառական նախագծի գլխավոր փորձագետ։ Նշենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին Պատկերասրահի 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ․ հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը, այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ միջթանգարանային համագործակցության շրջանակներում։ Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելիս նոր տույժեր կսահմանվեն

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելիս նոր տույժեր կսահմանվեն
«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ գործողների ոչ պատշաճ կիրառման հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»,- այսօր ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Վերոնշյալ հարցն այսօր ԱԺ-ում քննարկվեց առաջին ընթերցմամբ։ Նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն: Նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է բարձրացնել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ` վեց ամսվա ընթացքում: Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում նախատեսվում է կրկնապատկել գործող վարչական տույժերի չափերը` քաղաքացիների համար տուգանքի չափն ութսունապատիկից դարձնելով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար` երեքհարյուրապատիկի չափով: Նույն խախտումը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրհիսնապատիկի չափով: Օրենսգրքում լրացումներով հեղինակն առաջարկում է նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը: Լիլիթ Գալստյանի խոսքով մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման նկատմամբ պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչական տուգանքների սահմանմամբ: Պատգամավորը նշել է, որ հետագայում կառաջարկի համապատասխան լրացումներ կատարել նաեւ Քրեական օրենսգրքում: Eco.am

Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմումը քննարկվել է ռուս գործընկերների հետ  

Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմումը քննարկվել է ռուս գործընկերների հետ  
Հունիսի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն Լևոն Ազիզյանն ու տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորում գյուղատնտեսության ոլորտում» խորագրով ազգային աշխատաժողովին։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից տեղեկացավ, որ գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման ազգային աշխատաժողովի նպատակն էր քննարկել հարմարվողականության բարձրացման առաջնահերթությունների՝  զարգացման ծրագրերի մեջ ներառելու հնարավորությունները՝ երկարաժամկետ և միջնաժամկետ նոր ծրագրերի, այդ թվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի կիրառմամբ, գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության ընդլայնման առաջնահերթությունների՝  ներդրումային ծրագրերի վերածման հեռանկարներն ու  նշված ներդրումային ծրագրերի համարժեք ֆինանսավորման ուղիները գյուղատնտեսության ոլորտի համար։ Աշխատաժողովի՝ «Կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված խելամիտ պլանավորման հեռանկարները» ենթախորագրով պանելային քննարկմանը ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է կենտրոնի կողմից ներկայումս գեներացվող կլիմայական արտադրանքները (երկարաժամկետ կանխատեսումներ, ռիսկերի գնահատում), ինչպես նաև դրանց՝ համապատասխան շահագրգիռ կողմերին տրամադրման եղանականերն ու միջոցները: Փաստելով առկա հիդրոօդերևութաբանական դիտարկումների և գիտականահեն կանխատեսումների խնդիրներից բխող մի շարք մարտահրավերներ՝ Ազիզյանը ներկայացրել է  Հայաստանում կլիմայական կանխատեսումները լավագույն միջազգային փորձին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերն ու նախաձեռնությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման վերջնարդյունքների կիրառելիության, ծրագրերի զարգացման գործընկերների և մասնավոր սեկտորի ընթացիկ գործունեության, ինչպես նաև ներդրումների պլանավորման գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։

Երևանի կենդանաբանական այգում Ամուրյան վագր է ծնվել  

Երևանի կենդանաբանական այգում Ամուրյան վագր է ծնվել  
Հունիսի 10-ին լույս աշխարհ է եկել Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքի առաջնեկը։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ նորածին վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում են այգուց, Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։ Ըստ տեղեկատվության, նորածին փոքրիկի հորը՝ Ամուրին Կենդանաբանական այգուն նվիրել է բարեգործ Առաքելյանների ընտանիքին։ Մանրամասները՝ տեսանյութում

էկո բաց դաս՝ «Ազնավուր» քոլեջում․ հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ

էկո բաց դաս՝ «Ազնավուր» քոլեջում․ հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, «Շրջակա միջավայրի պահպանության» միջազգայի օրվան նվիրված, օրերս տեղի ունեցավ էկո բաց-դաս, որին ներկա էր  նաև Eco.am սոցիալական հարթակը։ Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, բավականաչափ ուսումնասիրել էին Հայաստանի բնաշխարհը և  բաց դասի ընթացքում, ոլորտ առ ոլորտ, անդրադարձ կատարեցին դրանց առանձնահատկությանն ու կարևորությանը։ Ուսանողները սլայդ-ցուցադրության միջոցով ավելի պատկերավոր ու  անաձնահատուկ շեշտադրված ներկայացրին հայկական լանդշաֆտից մինչև բնական պաշարներ ու գյուղական տուրիզմ։ Հանդիպման ավարտին ուսանողները խոստովանեցին, որ ուսումնական տարվա ընթացքում «Էկոլոգիայի և լանդշաֆտագիտության հիմունքներ» առարկայի ուսումնասիրության ժամանակ, դասախոս Էլմիրա Վարդանյանի դասապրոցեսների միջոցով, ավել իրազեկ ու հոգատար են դարձել մեր շրջակա միջավայրի հանդեպ։   Ուսանողները նաև չէին անտեսել Հայաստանի շրջակա միջավայրում առկա և՛ խնդիրները, և՛ մարտահրավերները, դրանց տալով հնարավոր լուծումներ։ Մանրամասները՝ տեսանյութում․ https://www.youtube.com/watch?v=Kl482Tfk2NU

Թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը․ ՍԱՏՄ

Թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ որի ցանկացած աղիքային վարակ ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների միջոցով փոխանցվում է մթերթին, այնուհետև ուտելուց հետո անցնում օրգանիզմ։ Աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ 1 խաչաձև աղտոտում, 2 պահման պայմանների խախտում, 3․ լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում: Թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաև Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինի, անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը: Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ. 1 թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ, 2  թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը: Eco.am  սոցիալական հարթակը նաև տեղեկացավ, որ տեսչական մարմինը մշակել և կիրառում է վերահսկողության գործիքներ՝ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունը ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու և սննդային կամ խաչաձև աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար:

Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ

Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ
Հայաստանի Հանրապետությունում պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր ուղիների մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողների մասնակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պլաստիկի վերամշակման գործընթացի պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող գործոններին, հնչել են առաջարկներ դրանք հաղթահարելու ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը  կրկին խոսել է պլաստիկ թափոնների՝ բնության և մարդկության վրա թողնող բացասական ազդեցությունների մասին և փաստել, որ աղբի կառավարումը համալիր մոտեցում է պահանջում, ուստի պետք է միավորել բոլոր ջանքերը առկա բնապահպանական խնդրին արդյունավետ լուծում տալու նպատակով։ Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված. մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա։

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և մի քանի քաղաքներում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և մի քանի քաղաքներում
Հունիսի 2-7-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին, Արաբկիրում՝ հունիսի 7-ին, Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ` Նոր Նորքում հունիսի 2-5-ը, Արաբկիրում՝ հունիսի 2-ին, 5-ին։ Արարատ, Գյումրի, Հրազդան, Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է մայիսի 29-ից-հունիսի 4-ը։ Արարատում՝ մայիսի 29-ին, 31-ին, հունիսի 2-4-ը, Գյումրիում՝ հունիսի 1-ին և 3-ին, Հրազդանում մայիսի 29-ից հունիսի 2-ը, Ալավերդիում՝ մայիսի 29-ից հունիսի 1-ը և հունիսի 4-ին։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել