Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության գծով օժանդակ մարմնի 58-րդ նստաշրջանում։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Գերմանիայի Բոնն քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Օժանդակ մարմինների 58-րդ նստաշրջանի (SB58) շրջանակներում հունիսի 5 -15-ը տեղի է ունեցել «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունների տեսլականը գլոբալ գույքագրման առաջին փուլին ընդառաջ» Հայաստանի կողմից կազմակերպված միջոցառումը:
2024 թվականին, Կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) արդեն ամփոփված կլինի առաջին գլոբալ գույքագրման գործընթացը (GST): Ուստի 2023 թվականը առանցքային է գնահատելու Փարիզյան համաձայնագրի նպատակին և դրա երկարաժամկետ նպատակադրումներին հասնելու ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը: Այս նպատակով Կողմերը կստանան լրացուցիչ ուղեցույցներ՝ համապատասխանեցնելու իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ) Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություններին (ՑԱԶՌ), և ուղղորդում՝ առկա բացերը վերացնելու հնարավորությունների ուղղությամբ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին ներկայացրել է միջոցառման նպատակը և կիսվելով ՑԱԶՌ-ի մշակման գործընթացում Հայաստանի փորձի, գործընթացի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկություններով՝ որպես երկրի կողմից քայլ ի նպաստ գլոբալ կլիմայական գործողությունների:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) պրն. Էրվան Մարտինը՝ ընդգծելով տարածաշրջանային վերջին զարգացումներին զուգընթաց Արևելյան Եվրոպայի երկրների խոցելիության աճը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:
«Այս նպատակով, Եվրոպական հանձնաժողովը հանձնառու է շարունակական աջակցություն տրամադրել երկրներին բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ նրանց դիմակայունությունը, մեղմման և հարմարվողականության կարողությունները», -նշել է պարոն Էրվանը:
Հայաստանի ՑԱԶՌ-ի մշակման գործընթացը մեկնարկել է ԱլԳ երկրների համար՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ 2022 թ. մարտից, որում սահմանվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ցուցանիշներ և թիրախներ ըստ մեղմման ոլորտների՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հողօգտագործում և անտառային տնտեսություն:
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի տարածաշրջանային համակարգող պարոն Եվգեն Գրոզան կարևորել է ԵՄ աջակցությունը ԱլԳ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ ԱՍԳ և ՑԱԶՌ-երի մշակման գործընթացներում տրամադրված ֆինանսավորման, խորհրդատվությունների և ուղղորդման համար:
«Հայաստանի ՑԱԶՌ-ը մշակվել է ծրագրի շրջանակներում ոլորտային՝ ոլորտների տեխնիկական ուսումնասիրությունների, ինչպես նաև՝ Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի հիման վրա», – նշեց պարոն Գրոզան:
Եզրափակելով իր ելույթը՝ նախարարի տեղակալ Գաբրիելյանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական միությանը ֆինանսավորման և տեխնիկական աջակցության համար, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ Հայաստանի համար այդչափ կարևոր փաստաթղթի մշակման բարդ գործընթացին աջակցելու համար․ «ԱՍԳ վերանայմամբ Հայաստանը հռչակեց գլոբալ արտանետումների կրճատմանն ուղղված իր հանձնառությունը. այն է՝ 40 տոկոսով նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները մինչեվ 2030 թվականը: Իսկ ՑԱԶՌ-ի մշակման նախագիծը եվս մեկ ապացույց է, որ Հայաստանը միացել է կլիմայի փոփոխության գլոբալ պայքարին: Եվ քանի որ ՑԱԶՌ-ում սահմանված թիրախների իրականացումը էապես կախված է ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից ՀՀ կառավարությունը դիտարկում է կլիմայի նորարարական ֆինանսական մեխանիզմներ»:
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից, ԱլԳ երկրներից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և միջազգային ոլորտային փորձագետներ:






Թողնել մեկնաբանություն