Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» բաժնետիրական կապիտալի ներդրում է կատարում «ԷկոՎիլ» ընկերությունների խմբում

«ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» բաժնետիրական կապիտալի ներդրում է կատարում «ԷկոՎիլ» ընկերությունների խմբում
«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու «ԷկոՎիլում», որը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ: Ներդրումներից ստացված կապիտալը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով «ԷկոՎիլին» ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում և մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի վաճառքը և էլեկտրաշարժունակությունը: Ներդրումը նաև կօժանդակի «ԷկոՎիլին» բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործընթացները և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: 2015 թ․-ին հիմնադրված «ԷկոՎիլը» Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջատար ընկերություններից է, որի աշխատակիցների թիվը հասնում է 180-ի։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում խմբի կողմից իրականացված ծրագրերը երկրում ածխաթթու գազի արտանետումները նվազեցրել են տարեկան մինչև 80,000 տոննայով։ «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ասաց․«Մենք արդեն բավական ժամանակ է, ինչ ճանաչում ենք «ԷկոՎիլին», և հնարավորություն ենք ունեցել միասին հաջողությամբ ավարտել հիմնադրամին պատկանող երկու արևային ֆոտովոլտային կայանների կառուցումը Հայաստանում: Ընկերությունն ունի մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնք պահանջում են թե՛ կապիտալ, թե՛ մասնագիտական փորձառություն, և մենք շատ ուրախ ենք «ԷկոՎիլ» -ի հետ համագործակցելու ևս մեկ հաջող նախաձեռնության շրջանակներում»: «ԷկոՎիլ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն ասաց․ «Այս համագործակցությունը հսկայական հնարավորություններ է բացում «ԷկոՎիլի» աճի և զարգացման համար: «Ամբեր Կապիտալի» ներդրումը կարևոր նշանակություն կունենա մեր միջազգային ընդլայնման և արտադրության նոր հոսքագծերի գործարկման համար: Մենք ապագայի համար հավակնոտ նպատակներ ենք սահմանել և մտադիր ենք օգտագործել այդ միջոցները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունները դիվերսիֆիկացնելու համար: Բացի այդ, մեր ջանքերը կուղղենք ընկերությունների խմբի բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպի բարելավման վրա՝ ապահովելով, որ կայունությունը լինի մեր գործունեության անկյունաքարերից մեկը»: «Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի միջոցներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ ներդրումներ է ներգրավել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից (ԱՆԻՖ), Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթից, Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր կապիտալը հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:

Սառցադաշտերի հալոցքը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը

Սառցադաշտերի հալոցքը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը
Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում եղանակային և կլիմայական էքստրեմալ երևույթներն ավելի են սրվում, քանի որ տաքացման երկարաժամկետ միտումները և ծովի մակարդակի բարձրացումը արագանում են։ Այդ մասին շեշտվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում: Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից տեղեկացավ, որ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կլիմայի վիճակը 2022 թ.» զեկույցի, վերջին 30 տարիների ընթացքում ջերմաստիճանի բարձրացման տեմպը միջին հաշվով կազմել է 0.2° C/10 տարի, ինչը գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այսպիսով, Հարավային Ամերիկայի մեծ մասում երկարատև երաշտը հանգեցրել է հիդրոէլեկտրակայանների արտադրության անկման՝ առաջացնելով հանածո վառելիքի պահանջարկի կտրուկ աճի վերականգնվող էներգիայի մեծ ներուժ ունեցող տարածաշրջանում։ Ուժեղացել է սառցադաշտերի հալոցքը, ինչը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը: 2022 թվականի ամռանը Կենտրոնական Անդերի սառցադաշտերում  նկատվել է ձյան ծածկույթի գրեթե ամբողջական կորուստ։ 1991-2022 թվականներին միջին տաքացման միտումը կազմել է մոտ 0.2° C/10 տարի: Դա եղել է  30 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ ցուցանիշը: Ընդհանուր առմամբ 2022 թվականը տարածաշրջանում այնքան տաք չէր, որքան 2021 թվականը ՝ եռամյա Լա Նինյայի հովացման ազդեցության պատճառով։ Հարավային Ատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի մերձարևադարձային հատվածում  ծովի մակարդակը շարունակում է բարձրանալ ավելի բարձր տեմպերով ՝ համեմատած համաշխարհային միջին ցուցանիշների հետ: Ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ափամերձ տարածքներում ապրող բնակչության զգալի մասին՝ աղտոտելով քաղցրահամ ջրատարները, քայքայելով ափամերձ գծերը, հեղեղելով ցածրադիր տարածքները և մեծացնելով ափամերձ տարածքների ջրհեղեղի ռիսկերը: Երկարատև երաշտը վնաս է հասցրել տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը և ջրամատակարարումը: Զեկույցի մանրամասները՝ այստեղ․

Արագիլների աղտոտվածությունը՝ ջրային էկոհամակարգի խաթարման արդյունք․ NABU-ի հետազոտությունը

Արագիլների աղտոտվածությունը՝ ջրային էկոհամակարգի խաթարման արդյունք․ NABU-ի հետազոտությունը
Նախորդ տարվա համեմատությամբայս տարի սպիտակ արագիլների աղտոտման արեալը աճել է 59%-ով։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի նունպես իրականացրել է սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր): Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ այս տարվա հաշվառման արդյունքների համաձայն՝ աղտոտված արագիլների տոկոսը Արարատյան դաշտում, ըստ բների, կազմում է 58.1% (18.5% աճ՝ 2022 թվականի համեմատ), մասնավորապես՝ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը հասնում է 51.9%-ի (16.6% աճ՝ 2022 թվականի համեմատ), իսկ Արարատի մարզում՝ 65.8%-ի (19.2% աճ՝ 2022 թվականի համեմատ): Միևնույն ժամանակ աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև, 2022 թվականի համեմատությամբ, 2023 թվականի ավելի «ցուրտ կլիման»։ Ի դեպ, այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել: Ըստ տեղեկատվության, հաշվառումը ևս մեկ անգամ ընդգծում է արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Հիմնախնդիրը ցույց է տալիս Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա: Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացրել է սպիտակ արագիլների փետուրների նմուշառում բավականին լայն աշխարհագրությամբ՝ գերմանական և հայկական քիմիկան վերլուծական լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն իրականացնելու նպատակով: Արդյունքները, NABU-ն կներկայացնի առաջիկայում։

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանի 4 վարչական շրջանում և Հրազդան քաղաքում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանի 4 վարչական շրջանում և Հրազդան քաղաքում
Հուլիսի 6-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հուլիսի 7-ին և 9-ին, Արաբկիրում՝ հուլիսի 10-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Արաբկիրում՝ հուլիսի 11-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 7-ին, 8-ին և 12-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև  Հրազդան քաղաքում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին։

2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսով վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով

2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսով վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով
 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում - 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։ Eco.am սոցիալական հարթակը, «Լույս» հիմնադրամից տեղեկացավ, որ 2023թ․ Հայաստանում էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։ Ի դեպ, 2022թ.-ի արդյունքներով Հայաստանը զբաղեցնում էր 54-րդ հորիզոնականը: Այսինքն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով։ Համաշխարհային միջին գնահատականների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է համաշխարհային միջին ինդեքսից 2.7 միավորով: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են ԷՎԻ-ի և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 3.0 և 2.2 միավորով: Առաջին զեկույցի հրապարակման տարվա (2012թ.) համեմատ Հայաստանում (ինչպես և երկրների ճնշող մեծամասնությունում) ԷՎԻ-ն աճել է, սակայն 2022 և 2023թթ.-ին Հայաստանում արձանագրված հետընթացի արդյունքում ներկայումս այն ցածր է նույնիսկ 5 տարի առաջվա՝ 2018թ. մակարդակից։ Նախորդ տարվա համեմատ 2023թ. նվազել են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները: «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով վերջին 3 տարիների զարգացումները մտահոգության տեղիք են տալիս. 2022-ին 2021-ի համեմատ ենթաինդեքսն աճել էր 3.9 միավորով, սակայն հաջորդ տարում այն նվազել է միանգամից 6.3 միավորով: Հայաստանում 2023թ.-ին նախորդ տարվա համեմատ խոշոր նվազում է արձանագրվել «Ֆինանսներ և ներդրումներ», «Նորարարություններ» և «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղություններով։ Հարկ է նշել, որ «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ վատթարացման հիմնական պատճառը «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշի մեկ տարվա ընթացքում շուրջ 12 անգամ նվազումն է։ «Նորարարություններ» ուղղությամբ բացասական զարգացումները հետևանք են «Նորարարական բիզնես միջավայր» և «Էկոլոգիական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը բոլոր տեխնոլոգիաների մեջ» ցուցանիշների նվազման՝ համապատասխանաբար 5%-ով և 3.3 անգամ։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղությամբ վատթարացումը պայմանավորված է «Կրթության որակ» ցուցանիշի 6.4%-ով և «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 19.7%-ով նվազմամբ։ Բերված փաստարկները խիստ տարակուսելի են, քանի որ գործող իշխանությունը` որպես ոլորտում իր գործունեության կարևոր ձեռքբերում նշում է հենց այս ուղղություններով բարելավումը։ Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Հայաստանի վիճակը (ԷՎԻ-ով և վարկանիշային հորիզոնականով) նախընտրելի էր հարևան բոլոր 4 երկրներից, 2023-ին արձանագրված հետընթացի պարագայում Հայաստանը հարևաններից չի զիջում միայն Իրանին։ 2023թ. ԷՎԻ-ի ամենամեծ նվազումը մեր տարածաշրջանի 5 երկրներից արձանագրվել է Հայաստանում։ Տարածաշրջանի երկրներից նախորդ տարվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունի Ադրբեջանը՝ ԷՎԻ-ն աճել է 6.4 միավորով, իսկ դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարելավվել է միանգամից 26 հորիզոնականով։ Աշխարհում զբաղեցրած դիրքով Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

Ինքնավար-հիբրիդային արևային էլեկտրակայաններ՝ Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին

Ինքնավար-հիբրիդային արևային էլեկտրակայաններ՝ Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում․ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին են փոխանցել ֆոտովոլտային հիբրիդ շարժական կայաններ։ Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ կայանները կարող են աշխատել ինչպես ցանցին միացած տարբերակով, այնպես էլ ինքնավար ռեժիմում՝ հոսանք ապահովելով հեռագնա արոտներում, աշխատացնելով կթի ագրեգատներ, մեղրաքամ սարքեր և էլեկտրական հովիվներ։  Պարզ կոնստրուկցիայի շնորհիվ այն կարող է արագորեն հավաքվել և տեղափոխվել ցանկացած վայր՝ նույնիսկ մասնագիտական որակավորում չունեցող ֆերմերների կողմից։ Յուրաքանչյուր սարք համալրված է 2,2 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային մարտկոցով, 3 Կվտ դրվածքային հզորությամբ հիբրիդ ինվերտորով և 300 ԱԺ գելային մարտկոցով։  Մեկական կայաններ կփոխանցվեն Հերմոն, Վերնաշեն և Շաղատ բնակավայրեր, իսկ  4 կմնան Շատինում՝ աջակցելու մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացմանը։ Մինչև սարքերի հանձնելը «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենը իրականացրել է  ապագա շահառուների վերապատրաստում։ Նախաձեռնությունը իրականացվել է ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ կողմից ֆինանսավորվող   և ԼԻԼԱ ծրագրի կողմից համաֆինանսավորվող «Ինքնավար-հիբրիդայաին արևային էլեկտրակայանների կիրառումը որպես  ճգնաժամից տուժած բնակչության կենսապահովման բարձրացման միջոց» ծրագրի շրջանակներում։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC)  կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ ՌԶԳ հետ համագործակցությամբ

Ծաղկաձորի անտառները ոչնչացվում են, տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի․ ահազանգում են մտավորականները

Ծաղկաձորի անտառները ոչնչացվում են, տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի․ ահազանգում են մտավորականները
«Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց  տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր»,- մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ համատեղ հանդես են եկել նման հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. Մենք՝  ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը եւ բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով. Ո՞ւմ համար են կառուցվում այդ շենքերը, ի՞նչ հիմունքներով, եւ ո՞ւմ փողերով: Զարմանալիորեն մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած  Ծաղկաձոր քաղաքի գլխավոր  հատակագիծը, որտեղ հատուկ ձեւակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու  ճանապարհով: Առկա աղետից  բացի, կան նաեւ տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից եւ սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ու ոչնչացման վտանգի տակ են: Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի Ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե  ոչ` մեր թոռները Ծաղկաձորում ո´չ ծաղիկ կգտնեն, ո´չ ծառ… Ուրեմն, հենց հիմա է պահը՝ հրավիրել մտավորականների համաժողով եւ դիմել Հայաստանի Գրողների միությանը եւ ստեղծագործական բոլոր միություններին, որ մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի Ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով կդիմի Ազգային ժողովին. շուտափույթ քննել արդեն վաղուց հասունացած խնդիրը եւ ընդունել  օրենք` ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը: Մտահոգությամբ եւ հավատով` Հենրիկ Էդոյան Արտեմ Հարությունյան Մերուժան Տեր-Գուլանյան Մովսես Մանուկյան Աշոտ Օհանյան Ժիրայր Դադասյան 12.07.2023 Քաղաք ԾԱՂԿԱՁՈՐ

«Իրավիճակը խնդրահարույց է, առնչվում է էկոլոգիական հարցերին․ մասնագետը՝ Սևանի սոճիների անկման մասին

«Իրավիճակը խնդրահարույց է, առնչվում է էկոլոգիական հարցերին․ մասնագետը՝ Սևանի սոճիների անկման մասին
Շաբաթներ առաջ բնապահպանները ահազանգեցին՝ «Սևան ազգային պարկում ծառերն առանց թուլացման նշանների չորանում են։ Օրեր անց՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թեմայի շուրջ հրավիրեց հրատապ քննարկման, որի ժամանակ մասնագետները զեկուցեցին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Մինչ համապատասխան գերատեսչություններում քննարկումներ են գնում, հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ և արդյունքում արդեն հիվանդությունը հայտնաբերվել է նաև ՀՀ –ի այլ անտառներում։ «Իրավիճակը խնդրահարույց է և առնչվում է էկոլոգիական, տնտեսական սոցիալական հարցերին։ Ասեմ, որ արդեն Սիսիանում էլ այդպիսի խնդիր կա և նման նշաններ են նկատվում։ Առաջինը հարված են ստանում այն ծառերը, որոնք թուլացած են։ Իրավիճակն իրոք լուրջ է, պետք է իրականացնել համալիր գործողությունների ծրագիր և շատ արագ արձագանքել, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը։ Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։ Ըստ փորձագետի, հեծանիվ հայտնաբերելու փոխարեն պետք է ներգրավվել նման խնդիրը հաղթահարած երկրների մասնագետներին․ «Նեմատոդային խնդրին բախվել են բազմաթիվ երկրներ՝  Ճապոնիա, Կորեա, Պորտուգալիա, եվրոպական այլ երկրներ։ Այնտեղ կարանտինային լուրջ միջոցառումներ են իրականացվել՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և հետագա տարածումը կանխելու համար։ Անհրաժեշտ է ներգրավել այդ ճանապարհով անցած երկրների մասնագետներին և շատ արագ համալիր ծրագիր իրականացնել՝ կարանտինային միջոցառումներ, դաշտային ուսումնասիրություններ։ Անհրաժեշտ է խստությամբ վերահսկել  ծառերի հատումների գործընթացը, դա պետք է կատարել գերզգույշ, որովհետև նույն այդ վարակված ծառի թեփը վարակիչ է»։ Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը նույնպես պնդում է, որ իրավիճակը տագնապային է և անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում կորուստները մեծ կլինեն։ «Այս խնդիրը շատ տարիներ առաջ է ի հայտ է եկել, պարզապես այդ ժամանակ հետազոտություններ արվեցին, հատվեցին ծառեր։ Բայց փայտային զանգվածը վարակի աղբուր է՝ սկսած թեփից, արմատաբնակ կոճղից։ Հետևաբար՝ հատումը պետք է չափազանց զգույշ արվեր։ Այնուհետև, 2017 թվականից խնդիրը սրվեց։ Այդ ժամանակ էլ հետազոտություններ կատարվեցին, որոնց ինքս էլ մասնակցել եմ, հայտնաբերվեցին նեմատոդներ։ Բայց պետք էր հավելյալ ուսումնասիրություն կատարվեր, ինչը չարվեց։ Հիմա բռնկման հետ գործ ունենք, ինչը կխորանա, եթե արագ գործի չանցնենք»,- նախազգուշացրեց անտառագետը և հավելեց․ «Եթե կորցնենք սոճուտները, ապա անտառպատվածության տոկոսը բավական կնվազի։ Ինչն էլ Հայաստանի համար աղետ կլինի»։ Eco.am

Ի՞նչ առավելություններ ունեն նոր էկոտրոլեյբուսները

Ի՞նչ առավելություններ ունեն նոր էկոտրոլեյբուսները
Վերջին օրերին Երևանի էլեկտրատրանսպորտային հոսքագծում ընդգրկվել են նորագույն սերնդի տրոլեյբուսներ, որոնք ի տարբերություն արդեն շարժակազմում եղածների ունեն մարտկոցներ։ Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս, առանց կոնտակտային ցանցի, ևս 60 կմ շահագործել։ Այսինքն՝ երթուղու երկայնքով, նոր սերնդի տրոլեյբուսները կփոխարինեն ավտոբուսներին։ 15 նոր տրոլեյբուսները Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նախորդ տարվա գնման գործընթացի արդյունքում, որոնցից 8-ը կհամալրեն համար 2 երթուղին, իսկ 7 տրոլեյբուսները՝ 10 համարի երթուղին։ Տասնամյակներ առաջ մայրաքաղաքում գործել է շուրջ 3 տասնյակ տրոլեյբուսային երթուղի։ Երևանի վերգետնյա էլեկտրոտրանսպորտի պարկը վերջին անգամ թարմացվել է 2008 թվականին։ Տարիների ընթացքում այս ցուցանիշը մի քանի անգամ կրճատվել է։ Այս պահին կա մոտավորապես 49 միավոր շարժակազմ և գործում է 5 երթուղի։ Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ 5 երթուղիները ամբողջությամբ սպասարկելու համար ևս 100 տրալեյբուս կպահանջվի, որպեսզի հնարավոր լինի ուղևորներին սպասարկել մինիմալ 10 րոպե ինտերվալներով։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն հավաստիացրել է, որ պլանավորում են ձեռք բերել շուրջ 250 էլեկտրաավտոբուս, քանի որ այն էկոլոգիապես մաքուր և հարմարավետ տրանսպորտ է ու բացարձակապես անձայն է երթևեկում։ Նոր էկոտրանսպորտի առավելությունները Նոր սերնդի էկոլոգիապես մաքուր տրանսպորտն ունի՝ 1․ 12 մետր երկարություն, 2․ 25 նստելու և ևս 60 տեղ կանգնելու համար, 3․ ունի օդափոխության համակարգ 4․ նոր տրոլեյբուսները նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար, ունեն թեքահարթակ,  ներսում հատուկ հարմարեցված տարածք, 5․տրոլեյբուսի ուղեվարձն անփոփոխ է, ուղևորները 50 դրամ կվճարեն, 6․աշխատում է նաև կոնտակտային ցանցից դուրս՝ շուրջ 40 տոկոսով երկարացնելով առկա երթուղին։

Առողջ ապրելակերպը կնվազեցնի ճարպակալումը․ ուղեցույց՝ Առողջապահության նախարարությունից

Առողջ ապրելակերպը կնվազեցնի ճարպակալումը․ ուղեցույց՝ Առողջապահության նախարարությունից
Ամռան գալուն պես գիրանալու հակում ունեցողները բախվում են ավելորդ քաշի հետ ամենօրյա պայքարի։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է ուղեցույց՝ ճարպակալման պատճառների և կանխարգելման համար։ Մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները` 1 գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ 2․ անառողջ սնունդ 3 ֆիզիկական ակտիվության պակաս 4․ քնի անկանոն ռեժիմ Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է: Քաշի ավելացումը կանխելու և նիհարելու քայլերը. 1․ օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ մթերք`  միրգ, բանջարեղեն  և ամբողջական հացահատիկներ, 2․ սահմանափակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը, 3․ յուղոտ միսն ու մսամթերքը  փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով, 4․ հրաժարվե՛ք ալկոհոլից, 5քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր, 6 ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ` արագ քայլք, լող (չափավոր ինտենսիվության, 150 րոպե շաբաթական), 7 օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք: Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք ճարպակալում Հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է: Տես լուսանկարում
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել