Blog
In
other , eco-energia , shrjaka-mijavayr , eco-texnologianer
ՀՀ կառավարության նոր որոշումը չի սահմանափակում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերումն ու տեղադրումը․ ՏԿԵ փոխնախարար
Posted on 24 Հուլիսի, 2023

Հունիսի 29-ի ՀՀ Կառավարության նիստում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով, օրենքում փոփոխություն կատարվեց։ Արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, երկարաձգվեց ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում:
Eco.am սոցիալական հարթակը վերոնշյալ թեմայի շուրջ մի շարք առանցքային հարցեր է ուղղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանը, որին պատասխանել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
- Պարոն փոխնախարար, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը արդյո՞ք միտված է խոչընդոտելու Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը։ Խնդրում եմ, հիմնավորել հարցի պատասխանը՝ «այո»-ի և «ոչ»-ի դեպքում։
- Գնահատելով ծրագրի իրականացման արդյունավետությունը, դրական ցուցանիշները, շահառուների քանակը և բարձր հետաքրքրվածությունը ՀՀ կառավարությունը 2023թ․ հունիսի 29-ի 1066-Ն որոշմամբ՝ երկարաձգել է ծրագրի ժամկետը, մինչև 2024թ․ հուլիսի 1-ը։
Կառավարությունը խրախուսում է Հայաստանում արևային էներգիայի զարգացումը, ինչին նպաստում է նաև «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը», որի բաղադրիչ է հանդիսանում արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերումը և տեղադրումը։
Ծրագրի մեկնարկից արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման նպատակով տրամադրված վարկերը մեծամասնություն են կազմում։ Ինչ վերաբերում է ծրագրով տրամադրվող վարկերի և սուբսիդավորման պայմանների փոփոխությանը, դրանք կապված են առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գործիքակազմերն ընդլայնելու և ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով և որևէ կապ չունեն արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման սահմանափակման հետ։
- Նախարարությունը ներկայացնում է, որ ծրագիրը գերակատարվել է ՝ նախատեսված 2000 շահառուի փոխարեն ՝այսօր արդեն ծրագրից օգտվում է 3000 շահառու։ Այս դեպքում, եթե գերակատարվել է ծրագրի կանխատեսումները, ի՞նչն է պատճառը, որ ռենովացիոն ծրագիրը կունենա ընդամենը մեկ տարվա կյանք։
- Ծրագրով երկարաձգումը 1 տարով պայմանավորված է դրա արդյունավետությունը գնահատելու, ֆինանսական միջոցները նպատակային օգտագործելու, ծրագրի ըստ էության իրականացումն ապահովելու, հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով, որի արդյունքներով է որոշվելու հետագա երկարաձգման նպատակահարմարությունը, հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդավորման գումարները գոյանում են հարկատուների վճարած հարկերից։
- Հնարավո՞ր է, որ վերոնշյալ ծրագիրը մեկ տարի անց կրկին երկարաձգվի, թե՞ ծրագիրն, իրոք, կավարտվի 2024 թվականի հուլիսի 1-ին։
- Ծրագրի երկարաձգման նպատակահարմարությունը կորոշի ՀՀ կառավարությունը 2024 թվականի հուլիսի 1-ին ընդառաջ պատշաճ ժամկետներում, ինչի մասին սահմանված կարգով կիրազեկվի հանրությանը։
- Հայաստանը ունի սահմանափակ ավանդական պաշարներ և ռեսուրսներ, իսկ արևային օրերի քանակով և արևի ճառագայթման գործակցով մեր երկիրը հանդիսանում է աշխարհում լավագույններից մեկը։ Արևային 1 կՎտ արևային վահանակը տարվա ընթացքում 0,8 տոննա ածխաթթու գազի արտանետում է կրճատում: Այսինքն՝ նախարարությունը դե՞մ է, որ Հայաստանում սպառողը օգտվի էկոլոգիապես մաքուր և բնությանը չվնասող ռեսուրսից և այս որոշմամբ՝ միտված եք կրճատելու արևային կայանների օգտագործումը։
- Ձեր ենթադրությունը արևային էներգիայի ներուժն օգտագործելուն դեմ լինելուն ճիշտ չէ և իրականության հետ կապ չունի:
Ընդհակառակը, վերջին տարիներին ոլորտում վարվող քաղաքականության արդյունքում ստեղծվել են բացառիկ բարենպաստ իրավական և տնտեսական պայմաններ՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման նպատակով։ Դրա մասին են վկայում ինչպես ինքնավար արևային կայանների քանակի շեշտակի աճը, այնպես էլ արդյունաբերական նպատակով մինչև 5ՄՎտ հզորության կայանների և էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում գործող և կառուցվող առանց գնման երաշխիքի արևային ֆոտովոլտային կայանների թիվը։
- Թե՛ ՀՀ կառավարությունը և թե՛ միջազգային հասարակական կազմակերպություններն և եվրոպական կառույցները վերջին տարիներին շահագրգիռ էին, որ Հայաստանում զարգանա արևային էներգիայի կիրառումը և աստիճանաբար կրճատվի ավանդական էներգիայի սպառումը, այս մասով ի՞նչ փոխվեց։
- Ոլորտում վարվող պետական քաղաքականությունն ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նպաստելով առկա ներուժի տնտեսապես արդյունավետ և պատասխանատու օգտագործմանը։
Էներգետիկայի ոլորտի մինչև 2040թ․զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված են արևային էներգետիկայի զարգացման ուղենիշները և միջոցառումները։ Դրանց համաձայն, ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով անհրաժեշտ է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները։
Ձեր գիտության համար 01․06․2023թ-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրում մինչև 5ՄՎտ դրվածքային հզորությամբ 60 արևային էլեկտրակայան՝ գումարային շուրջ 204․79 ՄՎտ դրվածքային հզորությամբ, կառուցման փուլում են գտնվում մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 6 արևային էլեկտրակայան՝ գումարային շուրջ 26 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Ինքնավար էներգաարտադրողների թիվը կազմում է 12195՝ գումարային 220․5 ՄՎտ հզորությամբ, տեխնիկական պայմաններ ստացած, բայց դեռևս պայմանագիր չկնքած ինքնավար էներգաարտադրողների քանակը 1175-167․45 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։
Առաջիկա 2 տարիների ընթացքում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ակնկալվում է «Մասրիկ-1» և «Այգ-1» արդյունաբերական մասշտաբի համապատասխանաբար 55 ՄՎտ և 200 ՄՎտ հզորության արևային կայանների կառուցումը։ 01․01․2023թ․-ի դրությամբ գործող արևային կայանների գումարային հզորությունը կազմել է 401․66 ՄՎտ կամ շուրջ 9% ընդհանուր կառուցվածքում։
- Նախարարը նշել էր, որ արևային էներգետիկան մեր երկրում բավականին արագ է զարգանում, և մենք արդեն ունենք ավելի շատ արևային վահանակներ, քան մեր ԱԷԿ-ի հզորությունը, այդ ցուցանիշն այնքան արագ է բարձրանում, որ էներգետիկ ոլորտի գործընկերներն առաջարկում են քննարկել այդ տեմպի արագության ազդեցությունը էներգահամակարգի հավասարակշռության կառավարման վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս որոշումը բխում է ՀԷՑ-ի շահերի՞ց ու ՀԷՑ-ի հորդորո՞վ։
- Էներգետիկ համակարգի հուսալիությունը ու սպառողներին որակյալ, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը առաջնահերթություն է։ Այդ համատեքստում նոր հզորությունների չափաքանակների ավելացումը կատարվում է մի շարք տեխնիկական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում՝ հաշվի առնելով համակարգի վրա ազդեցությունը, ենթակառուցվածքների թողունակությունը, փոխարինող հզորությունը, ռեժիմները և այլն։
ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 29-ի 1066-Ն որոշումը, որևէ աղերս չունի ոչ արևային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելուն, ոչ առավել ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որը գործում է կարգավորման դաշտում։
- Այնուամենայնիվ, եթե դիտարկենք, որ ոչ ոք միտված չէ կրճատելու արևային վահանակների տեղադրումն ու սպառումը, իսկ ինչպե՞ս կբացատրեք վարկային տոկոսային փոփոխությունը։ Օրինակ, եթե նախկինում Երևանի սպառողի համար վարկը հասանելի էր 5 տոկոս սուբսիդիայով, հուլիսի 1-ից դարձել է 9 տոկոս։ Իսկ գյուղական բնակավայրերի համար 2 տոկոսը փոխարինվել է 12, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսը փոխարինվել է 11, և սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերի համար նախկին 0 տոկոսը փոխարինվել է 14-ով։
- ՀՀ կառավարության 2023թ․ հունիսի 29-ի 1066-Լ որոշմամբ կատարվել է հետևյալ փոփոխությունը․
1․ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 14%-ը)։
2․ Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 12%-ը)։
3․Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 11%-ը)։
4․ Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 9%-ը)։
Eco.am
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Կայացավ «Կլիմայական Գամբիտ 2023» արագ շախմատի մրցաշարը
Posted on 24 Հուլիսի, 2023

Երևանի բուսաբանական այգում կայացավ «Կլիմայական Գամբիտ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:
Մրցաշարից առաջ ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և հաջողություն մաղթեց մասնակիցներին։ Շախմատի մրցաշարին մասնակցում էին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Կարեն Ղազարյանը և Արթուր Պետրոսյանը, իսկ միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ համաժամանակյա խաղաշարին՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և աշխատակից Արմեն Դպիրյանը:
Բացի շախմատի մրցաշարից անցկացվեց մի շարք հետաքրքիր և ուսուցողական միջոցառումներ։ Ինչպես նաև տեղի ունեցավ համաժամանակյա խաղաշար միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ:
«Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվեց․
1․ «Կլիմայական մոնիթորինգը և կլիմայի փոփոխության գնահատումը Հայաստանում» թեմայով զեկույցը` Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանի կողմից։
2․ «Մթնոլորտային օդի մոնիթորինգը և զարգացման հեռանկարները» զեկույցը` տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի կողմից։
3․ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր տաղավարում ցուցադրեց անօդաչու թռչող սարքերի կիրառությունները շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառում, ջրի և օդի մոնիթորինգի սարքավորումները, դիտարկումների իրականացման գործընթացը, ջրաչափական պտուտակներ և այլ սարքավորումներ:
Eco.am
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճից դուրս է բերվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ
Posted on 21 Հուլիսի, 2023

Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող ջրային հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ 1․Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: 2․ Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարարության պատասխանը՝ ադրբեջանական տխրախռչակ բնապահպանական բաց նամակին
Posted on 21 Հուլիսի, 2023

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Պատասխանելով Ադրբեջանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: «Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին, այն պահին երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։ Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի»,-ասված է Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ, որում հակիրճ անդրադարձ է կատարված ադրբեջանական կեղծ բնապահպանական բաց նամակի կետերին։ Կետ 1 Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։ Կետ 2 Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ «Սոթքի» ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները» պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի։ Կետ 3 Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։ Կետ 4 Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Կետ 5 Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ Կետ 6 Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։ Կետ 7 Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ Կետ 8 Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։ Կետ 9 Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023): Կետ 10 Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ Կետ 11 Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Լոռիում արդեն 4-րդ անգամ տեղի կունենա Ուտելի բույսերի փառատոնը
Posted on 20 Հուլիսի, 2023

Արդեն 4-րդ տարին է ինչ Լոռիում անցկացվում է Ուտելի բույսերի փառատոն։ Այն այս տարի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ տեղի կունենա հուլիսի 22-ին, Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։ Քանի որ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված լոռեցիներին անվանում են «քոլեցի»։ Այդ իսկ պատճառով փառատոնն այս տարի կընթանա «Արի՛ Լոռի, գնանք քոլի» կարգախոսով։ Փառատոնի շրջանակներում տեղի կունենա՝ 1․ ազգային և մշակույթային միջոցառում, 2․լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք, 3․վարպետաց դասեր, 4․ ուտեսետի համտես-հյուրասիրություն, 5․ քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ, 6․ ժողովրդական խաղերի ուսուցում, 7․ ազգային երգ ու պարի ուսուցում։ Ուտելի բույսերի փառատոնը արդեն ունի տարի է ինչ զբոսաշրջիկներին է ներկայացնում Լոռին իր յուրահատկություններով։ Այս տարի փառատոնի կազմակերպիչները առաջարկում են միասին օգտվել բնության ընձեռած բարիքներից, մեկ վայրում տեսնելու հավաքչությունից պատրաստի ուտեստ ցիկլը՝ պահպանելով Լոռվա մշակույթն ու սովորությունները։ Փառատոնի նպատակն է․ Ոչ նյութական ժառանգության պահպանումը՝ հանրայնացնելով հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը փառատոնի միջոցով և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան խոշորացված համայնքում զբոսաշրջության զարգացմանը։
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում, Արարատում և Վանաձորում
Posted on 20 Հուլիսի, 2023

Հուլիսի 16-19-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 17-ին, Շենգավիթում՝ հուլիսի 16-ին և 19-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև՝ Արարատում հուլիսի 9-ին և 11-ին, Վանաձորում՝ հուլիսի 9-ին և 15-ին։
In
other , eco-aprelakerp
Ե՞րբ տեղի կունենա «վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
Posted on 19 Հուլիսի, 2023
2023 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Eco.am սոցիալական հարթակն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացավ, որ մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2023 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` swimmingarm@mail.ru)։ Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (1983-2005 թթ.) 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված) Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ, Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Բուսաբանական այգում բացվեց Էկոլոգիական կրթության կենտրոն
Posted on 19 Հուլիսի, 2023

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում օրերս պաշտոնապես բացվեց Էկոլոգիական կրթության կենտրոն։ Էկոլոգիական կրթության կենտրոնը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի ջանքերով՝ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների առատաձեռնությամբ։
«Այսօր մեզ համար կրկնակի տոն է․ նշում ենք Երևանի բուսաբանական այգու 88-րդ ամյակը, իսկ մեր լավ գործընկեր ՀՕՖ-ի աջակցությամբ էլ բացում ենք Էկոլոգիական կրթության կենտրոնը։ 88 տարի առաջ են տնկվել այս ծառերը, որպեսզի երեխաները, դպրոցականներն այսօր կարողանան գալ ու այս միջավայրում զբոսնել, կրթվել։ Էքսկուրսիաներից բացի՝ անհրաժեշտ էին նաև աշխատարաններ, որտեղ մեր այցելուները կկարողանային հմտություններ ձեռք բերել, իսկ դրա համար մեզ տարածք էր պետք՝ կահավորված անհրաժեշտ սարքավորումներով։ Մենք կանգ առանք վերջերս բացված բուսաբանական թանգարանի տարածքի վրա, որտեղ էլ այսօր բացում ենք Կենտրոնը», – Էկոլոգիական կրթության կենտրոնի բացմանն ասել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը համալրվել է ժամանակակից, հարմարավետ տեխնիկական լուծումներով, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել գիտաճանաչողական դասընթացներ Երևանի և մարզաբնակ դպրոցականների համար, ինչպես նաև կազմակերպել ամառային գիտաճամբարներ։
«Հայ օգնության ֆոնդն աշխատում է տարբեր բնագավառներում, ու կրթությունը մեր ծրագրային պորտֆելում կարևորագույն տեղ ունի։ Հասանելի կրթությունը մեր երեխաների ու հասարակության կայուն զարգացման թիվ մեկ բանալին է, և մենք այսօր շատ ուրախ ենք ևս մեկ կրթական կարևոր ծրագիր իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Վստահ ենք, որ սա շատ լավ հնարավորություն է՝ էկոկրթությունը մեր հասարակության տարբեր շերտերին հասանելի դարձնելու համար», – բացման խոսքում շեշտել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը լրացուցիչ հնարավորություն է ընձեռելու նաև ուսանողներին իրականացնել իրենց առաջին գիտական աշխատանքներն ու համագործակցային կապեր ձևավորել ինստիտուտի գիտաշխատողների հետ հետագա համատեղ ուսումնասիրությունների նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակման հանդիպումներ և էկոլոգիական կրթության միջոցառումներ։
In
other , shrjaka-mijavayr
Խախտվել է «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը․ փորձագիտական հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել
Posted on 18 Հուլիսի, 2023

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն մ3 ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն մ3։ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, հիշեցնելով, որ դեռևս հուլիսի 7-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած արտահերթ նիստում փորձագիտական հանձնաժողովը անընդունելի է համարել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու գաղափարը։ «ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ և մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ։ Օրինագիծը Հանձնաժողով կարծիքի է ուղարկվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։ Հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։ Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն մ3 ջրապահանջ, սակայն Հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն մ3 և Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4 հազար հա։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն մ3 ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն մ3 լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի տարեկան կտրվածքով փոփոխությունների բացասական արժեքները և ջրի ինտենսիվ «ծաղկման» գործընթացներով պայմանավորված լճի վատթարացող էկոլոգիական վիճակը՝ Հանձնաժողովն առաջարկում է բացառել լճից օրենքով և ՀՀ կառավարության 11.05.2023թ. N704-Ա որոշմամբ 2023թ. համար սահմանված ջրառի՝ 170 մլն մ3 չափաքանակի գերազանցումը։ Առաջնորդվելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով՝ ակնհայտ է, որ նույնիսկ 170 մլն մ3 ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ այս տարվա հուլիս ամսվա հիդրոօդերևութաբանական պայմաններն ըստ կանխատեսումների առավել նպաստավոր են 2022 թվականի համեմատ»: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Չնայած Հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու Հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը։ Սևանի մակարդակի տատանումները հանգեցնում են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լճի մակարդակի նվազման դեպքում տեղի է ունենում լճի հատակային շերտերի և մակերևութային շերտերի ջրերի միախառնում։ Օրգանական նյութը, որ տարիներ շարունակ կուտակվել է հատակային նստվածքներում, պարարտ հող է ստեղծում, որպեսզի սննդային շղթայի առաջնային օղակ ֆիտոպլանկտոնը բուռն զարգացում ապրի և «ծաղկումների հանգեցնի»։ Այս տարի Սևանում արդեն սկսվել է «ծաղկումը»։ Լճում ընթանում են էվտրաֆիկացման գործընթացներ։ Դա իր ազդեցությունը կունենա ինչպես լճի կենսառեսուրսների վրա, այնպես էլ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա։ Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սևանա լճի համար ևս սակավաջրություն է։ Սևանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձևավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում»,- հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ու թվարկել լճի պահպանության համար անհրաժեշտ ու կարևոր քայլերը։ Սևան լճի էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ է․ 1. բացառել հավելյալ ջրառները Սևանա լճից 2. Հանրապետությունում սակավաջրության դեպքում Սևանա լճից ջրառը՝ ներառյալ 3. Հրազդան գետով ջրի ելքը, սահմանել 90 միլիոն մ3, որպեսզի լիճն ունենա դրական հաշվեկշիռ 4. Սևանա լճից ջրբացթողումը և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում կայուն հոսքով (այդ թվում Աղբյուրակի ջրամբարից) իրականացնել՝ նվազեցնելով ջրակորուստները Սևան-Հրազդան հիդրոհամակարգում 5. գնահատել ջրակորուստները և միջոցառումներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործումը բացառելու, ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ 6. պահպանել գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահանջի նորմաները 7. կրճատել ջրի գերնորմատիվային կորուստները, մշակել խրախուսման մեխանիզմներ, ջրախնայողական տեխնոլոգիաներ հողատեսքին համարժեք մշակաբույսեր աճեցնող հողագործների համար 8. ոռոգումը կազմակերպել գիշերային ժամերին 9. վերանորոգել ջրամբարները, մաքրել ջրամբարները տիղմից, ջրաբերուկներից, կառուցել նոր ջրամբարներ՝ թեթևացնելու Սևանա լճի բեռը 10. ներդնել ջրառի բաշխման հաշվառման համակարգ 11. կառուցել Սևանա լճի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ, որոնք կլուծեն ափամերձ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրը 12. ստեղծել ՀՀ վարչապետին կից Սևանա լճի հիմնախնդիրների կառավարման հանձնաժողով, որը կզբաղվի Սևանա լճի խնդիրների լուծմամբ։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Amber Capital, EU-Armenia SME Fund, to invest USD 3 million in EcoVille
Posted on 18 Հուլիսի, 2023

The EU-Armenia SME Fund, a private equity fund managed by Amber Capital, was launched in Armenia in January 2020 with investments from the European Union (EU), European Bank for Reconstruction and Development (EBRD), Amundi-ACBA Asset Management, the Hirair and Anna Hovnanian Foundation and the investment team of Amber Capital. It has since raised further capital from the Armenian National Interests Fund, C-Quadrat Ampega Asset Management Armenia, the Dutch Entrepreneurial Development Bank (FMO) and the Government of Armenia, as well as a number of Diaspora investors, with total committed capital of over USD 60 million.
The Fund is committed to financing the sustainable growth of Armenian SMEs through capital investments and introduction of high standards of environmental, social and corporate governance practices.
[gallery link="file" columns="2" ids="9955,9961"]



