ՀՀ կառավարության նոր որոշումը չի սահմանափակում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերումն ու տեղադրումը․ ՏԿԵ փոխնախարար

https://eco.am/solar-panels-minister/

Հունիսի 29-ի ՀՀ Կառավարության նիստում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջարկով, օրենքում փոփոխություն կատարվեց։ Արդյունքում՝ մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, երկարաձգվեց ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում:

Eco.am սոցիալական հարթակը վերոնշյալ թեմայի շուրջ մի շարք առանցքային հարցեր է ուղղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանը, որին պատասխանել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

–  Պարոն փոխնախարար, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը արդյո՞ք  միտված է խոչընդոտելու Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը։ Խնդրում եմ, հիմնավորել հարցի պատասխանը՝ «այո»-ի և «ոչ»-ի դեպքում։

– Գնահատելով ծրագրի իրականացման արդյունավետությունը, դրական ցուցանիշները, շահառուների քանակը և բարձր հետաքրքրվածությունը ՀՀ կառավարությունը 2023թ․ հունիսի 29-ի 1066-Ն որոշմամբ՝ երկարաձգել է ծրագրի ժամկետը, մինչև 2024թ․ հուլիսի 1-ը։

Կառավարությունը խրախուսում է Հայաստանում արևային էներգիայի զարգացումը, ինչին նպաստում է նաև «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը», որի բաղադրիչ է հանդիսանում արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերումը և տեղադրումը։

Ծրագրի մեկնարկից արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման նպատակով տրամադրված վարկերը մեծամասնություն են կազմում։ Ինչ վերաբերում է ծրագրով տրամադրվող վարկերի և սուբսիդավորման պայմանների փոփոխությանը, դրանք կապված են առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գործիքակազմերն ընդլայնելու և ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով և որևէ  կապ չունեն արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման սահմանափակման հետ։

– Նախարարությունը ներկայացնում է, որ ծրագիրը գերակատարվել է ՝ նախատեսված 2000 շահառուի փոխարեն ՝այսօր արդեն ծրագրից օգտվում է 3000 շահառու։ Այս դեպքում, եթե գերակատարվել է ծրագրի կանխատեսումները, ի՞նչն է պատճառը, որ ռենովացիոն ծրագիրը կունենա ընդամենը մեկ տարվա կյանք։ 

– Ծրագրով երկարաձգումը 1 տարով պայմանավորված է դրա արդյունավետությունը գնահատելու, ֆինանսական միջոցները նպատակային օգտագործելու, ծրագրի ըստ էության իրականացումն ապահովելու, հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով, որի արդյունքներով է որոշվելու հետագա երկարաձգման նպատակահարմարությունը, հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդավորման գումարները գոյանում են հարկատուների վճարած հարկերից։

– Հնարավո՞ր է, որ վերոնշյալ ծրագիրը մեկ տարի անց կրկին երկարաձգվի, թե՞ ծրագիրն, իրոք, կավարտվի 2024 թվականի հուլիսի 1-ին։

Ծրագրի երկարաձգման նպատակահարմարությունը կորոշի ՀՀ կառավարությունը 2024 թվականի հուլիսի 1-ին ընդառաջ պատշաճ ժամկետներում, ինչի մասին սահմանված կարգով կիրազեկվի հանրությանը։

– Հայաստանը ունի սահմանափակ ավանդական պաշարներ և ռեսուրսներ, իսկ արևային օրերի քանակով և արևի ճառագայթման գործակցով մեր երկիրը հանդիսանում է աշխարհում լավագույններից մեկը։ Արևային 1 կՎտ արևային վահանակը տարվա ընթացքում 0,8 տոննա ածխաթթու գազի արտանետում է կրճատում: Այսինքն՝ նախարարությունը դե՞մ է, որ Հայաստանում սպառողը օգտվի էկոլոգիապես մաքուր և բնությանը չվնասող ռեսուրսից և այս որոշմամբ՝ միտված եք կրճատելու արևային կայանների օգտագործումը։

– Ձեր ենթադրությունը արևային էներգիայի ներուժն օգտագործելուն դեմ լինելուն ճիշտ չէ և իրականության հետ կապ չունի:

Ընդհակառակը, վերջին տարիներին ոլորտում վարվող քաղաքականության արդյունքում ստեղծվել են բացառիկ բարենպաստ իրավական և տնտեսական պայմաններ՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման նպատակով։ Դրա մասին են վկայում ինչպես ինքնավար արևային կայանների քանակի շեշտակի աճը, այնպես էլ արդյունաբերական նպատակով մինչև 5ՄՎտ հզորության կայանների և էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում գործող և կառուցվող առանց գնման երաշխիքի արևային ֆոտովոլտային կայանների թիվը։

– Թե՛ ՀՀ կառավարությունը և թե՛ միջազգային հասարակական կազմակերպություններն և եվրոպական կառույցները վերջին տարիներին շահագրգիռ էին, որ Հայաստանում զարգանա արևային էներգիայի կիրառումը և աստիճանաբար կրճատվի ավանդական էներգիայի սպառումը, այս մասով ի՞նչ փոխվեց։

– Ոլորտում վարվող պետական քաղաքականությունն ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նպաստելով առկա ներուժի տնտեսապես արդյունավետ և պատասխանատու օգտագործմանը։

Էներգետիկայի ոլորտի մինչև 2040թ․զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված են արևային էներգետիկայի զարգացման ուղենիշները և միջոցառումները։ Դրանց համաձայն, ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով անհրաժեշտ է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները։

Ձեր գիտության համար 01․06․2023թ-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրում մինչև 5ՄՎտ դրվածքային հզորությամբ 60 արևային էլեկտրակայան՝ գումարային շուրջ 204․79 ՄՎտ դրվածքային հզորությամբ, կառուցման փուլում են գտնվում մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 6 արևային էլեկտրակայան՝ գումարային շուրջ 26 ՄՎտ դրվածքային հզորությամբ։

Ինքնավար էներգաարտադրողների թիվը կազմում է 12195՝ գումարային 220․5 ՄՎտ հզորությամբ, տեխնիկական պայմաններ ստացած, բայց դեռևս պայմանագիր չկնքած ինքնավար էներգաարտադրողների քանակը 1175-167․45 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Առաջիկա 2 տարիների ընթացքում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ակնկալվում է «Մասրիկ-1» և «Այգ-1» արդյունաբերական մասշտաբի համապատասխանաբար 55 ՄՎտ և 200 ՄՎտ հզորության արևային կայանների կառուցումը։  01․01․2023թ․-ի դրությամբ գործող արևային կայանների գումարային հզորությունը կազմել է 401․66 ՄՎտ կամ շուրջ 9% ընդհանուր կառուցվածքում։

Նախարարը նշել էր, որ արևային էներգետիկան մեր երկրում բավականին արագ է զարգանում, և մենք արդեն ունենք ավելի շատ արևային վահանակներ, քան մեր ԱԷԿ-ի հզորությունը, այդ ցուցանիշն այնքան արագ է բարձրանում, որ էներգետիկ ոլորտի գործընկերներն առաջարկում են քննարկել այդ տեմպի արագության ազդեցությունը էներգահամակարգի հավասարակշռության կառավարման վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս որոշումը բխում է ՀԷՑ-ի շահերի՞ց ու ՀԷՑ-ի հորդորո՞վ։

Էներգետիկ համակարգի հուսալիությունը ու սպառողներին որակյալ, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը առաջնահերթություն է։ Այդ համատեքստում նոր հզորությունների չափաքանակների ավելացումը կատարվում է մի շարք տեխնիկական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում՝ հաշվի առնելով համակարգի վրա ազդեցությունը, ենթակառուցվածքների թողունակությունը, փոխարինող հզորությունը, ռեժիմները և այլն։

ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 29-ի 1066-Ն որոշումը, որևէ աղերս չունի ոչ արևային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելուն, ոչ առավել ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որը գործում է կարգավորման դաշտում։

– Այնուամենայնիվ, եթե դիտարկենք, որ ոչ ոք միտված չէ կրճատելու արևային վահանակների տեղադրումն ու սպառումը, իսկ ինչպե՞ս կբացատրեք վարկային տոկոսային փոփոխությունը։ Օրինակ, եթե նախկինում Երևանի սպառողի համար վարկը հասանելի էր 5 տոկոս սուբսիդիայով, հուլիսի 1-ից դարձել է 9 տոկոս։ Իսկ  գյուղական բնակավայրերի համար 2 տոկոսը փոխարինվել է 12, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսը փոխարինվել է 11, և սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերի համար նախկին  0 տոկոսը փոխարինվել է 14-ով։

ՀՀ կառավարության 2023թ․ հունիսի 29-ի 1066-Լ որոշմամբ կատարվել է հետևյալ փոփոխությունը․

1 սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 14%-ը)։

2 Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 12%-ը)։

3․Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 11%-ը)։

4 Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9%  տոկոսադրույքի չափով (ինչը նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է ֆինանսական կառույցի կողմից տրամադրած գումարի 9%-ը)։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով