Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ինչպես հաղթահարել սթրեսը

Ինչպես հաղթահարել սթրեսը
Մեր օրերում ոչ ոք ապահովագրված չէ ձախողումներից, բայց երբեմն դրանք այնքան հաճախ են իրար հաջորդում թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատանքում, որ մարդը ելքեր չգտնելով աստիճանաբար ընկնում է խորը դեպրեսիայի մեջ։ Այդ ժամանակ մարդու օրգանիզմը, իհարկե ոչ միանգամից, բայց սկսում է արձագանքել կուտակվող  հոգնածությանը, նյարդերը սկսում են տեղի տալ և դառնում է լացկան և ջղագրգիռ։ Իրավիճակից դուրս գալու համար Eco.am-ն առաջարկում է սթրեսից դուրս գալու մի քանի պարզագույն խորհուրդներ։ Պետք է նստեք և հանգիստ ծանր ու թեթև անեք, ճիշտ կլինի դա անել բնության գրկում կամ քաղաքային զբոսայգում։ Նման վայրերում ինքնստինքյան հանգում եք այն մտքին, որ ամեն ինչ անցողիկ է։ Ուղղակի թուլացեք, նայեք ձեր շուրջը, շնչեք ամբողջ կրծքով և որոշ ժամանակ նստած մնացեք՝ փորձելով ոչ մի բանի մասին չմտածել։ Առաջին օգնություն՝ սթրեսի դեմ Սթրեսային իրավիճակում հայտնվելով կիրառեք հետևյալ խորհուրդները․ 1․ Հնարավորության դեպքում 1 բաժակ սառը ջուր խմեք՝ կում-կում, մտովի պատկերացնելով, թե ինչպես է այն հոսում ներքին օրգաններով։ 2․ Հաշվեք մինչև տասը, ապա շնչեք քթով՝ ամեն անգամ կարճատև պահելով շնչառությունը։ 3․ Լվացվեք, ճակատն ու քունքերը շփեք սառը ջրով։ 4․ Թուլացրեք բերանի անկյունների մկանները, լեզվով խոնավեցրեք շուրթերը։ Պատկերացրեք, թե ինչ արտահայտություն ունի ձեր դեմքը և թուլացրեք դեմքի մկանները։ 5․ Առանց շտապելու նայեք շուրջբոլորը։ Հայացքը դանդաղորեն սահեցրեք մի առարկայից մյուսը՝ մտովի տալով դրանց անուններն ու նկարագիրը։ 6․ Որևէ փոքր իր վերցրեք և սկսեք ուսումնասիրել։ Մի քանի րոպե անց փակեք աչքերը և փորձեք մտովի վերականգնել առարկայի բոլոր մանրամասները։ 7․ Եթե հնարավոր է, դուրս եկեք զբոսնելու, կամ նստեք և նայեք երկնքին։ Լողացող ամպիկներից պատկերներ «գծագրեք»։ Իսկ եթե դուրս գալ չեք կարող, ապա թուղթ ու գունավոր մատիտներ վերցրեք և նկարեք գեղեցիկ բնապատկեր։

Բնության պահպանությունը նույնպես հայրենասիրության դրսևորում է․ «Ծառ ապրողացը» համալրեց անկախության արահետը

Բնության պահպանությունը նույնպես հայրենասիրության դրսևորում է․ «Ծառ ապրողացը» համալրեց անկախության արահետը
Օրերս Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ ապրողաց» ծառատունկ-ցերեկույթը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին: Արահետի հիմնադրման օրից սա թվով 6-րդ միջոցառումն էր: Հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան էջերը խորհրդանշող միջոցառումը ազդարարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր գնդերեցների օրհնության կարգով: Տեր Վանանդ քահանա Անդրեասյանն ու բոլոր ներկաները Տերունական աղոթք հնչեցրեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և սահմանների անսասանություն Հայոց երկրի համար: Իշխան սարկավագ Քամալյանն էլ իր հերթին մաղթեց հայրենիքի պաշտպաններին քաջություն և խիզախություն`  ի դեմս ներկա գտնվող N զորամասի զինվորների:  Օրվա առաքելության համատեքստում սարկավագն ընդգծեց, որ բնության պահպանությունը` նույնպես հայրենասիրության դրսևորում է և վառ օրինակ: Մանկապատանեկան կենտրոնի «Արահետ» երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Տատյանա Մինասյան) «Անկախության արահետ»-ում առանձնակի խորհրդավորությամբ հնչեցին Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» և «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ» ստեղծագործությունները: Իսկ ասմունքող Գայանե Սամվելյանի մեկնությամբ «Կոչեմ ապրողաց»-ը այսօր առավել քան երբեք ընկալվեց իբրև Սևակյան մարգարեական ուղերձ և պատգամ. պատմական անցյալից` դժվարին մեր օրեր. «Պաշտում եք արդեն մի... ծա՛ռ՝ թթենի՜ն, որ գլխատումից ո՛չ թե չորանում, այլ նորանո՜ւմ է... -Կոչեմ ապրողա՜ց՝ նորադարձների՜ն: Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ, որ բազմանում է՝ իրեն կիսելով: Միանալով է մարդը բազմանում.  եկեք միանա՜նք»,- ասաց Գայանե Սամվելյանը։ Ծառատունկ-ցերեկույթի պատվավոր հյուրերն էին` Արցախյան վերջին պատերազմի մասնակից վիրավոր զինվորներ` Տիգրան Մելիքյանը, Սուրեն Բիձյանը, Բորիս Սիմոնյանը, Մնացական Լալազարյանը, Վահե Մկրտչյանը, Գևորգ Մարգարյանը, Հայկ Հախվերդյանն ու Դավիթ Մուրադյանը: Տղաներին համախմբել է ոչ միայն անցած մարտական ուղին, այլ նաև «Լեռնինգ միշն» /Ուսումնական առաքելություն/ բարեգործական կազմակերպությունը, որի շրջանակներում տղաները ձեռք են բերում նախընտրած մասնագիտական գիտելիքներ և դառնում հասարակության լիարժեք անդամ: Երևանի բուսաբանության ինստիտուտի, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր: Կատարելով փոքրիկ պատմական ակնարկ դեպի օրվա խորհուրդ, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը հիշատակեց 1918 թվականի իրադարձությունները, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Ալեքսանդրապոլ: Այդ ժամանակ Գևորգ Ե կաթողիկոսին առաջարկում են անվտանգության համար տեղափոխվել  Սևանա լճի շրջան: Սրբազան հովվապետի  պատասխանը լինում է  խիստ և մերժողական: Նա հրամայում է զօր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ամբողջ ազգին: «Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»: Միջոցառման ավարտին վիրավոր զինվորների, Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147, 136 և 85 դպրոցների աշակերտների համատեղ ջանքերով Արահետը համալրվեց ևս մեկ խորհրդանշական Ապրողաց ծառով` ավետաբեր զանգի ղողանջի ներքո: Ու եթե պատմությունն իրապես սիրում է կրկնվել, ապա թող հայ ժողովրդի համար այն կրկնվի միմիայն հաղթանակներով: Տեղեկանք: Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի`տրամադրված Երևանի բուսաբանության ինստիտուտի կողմից: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Մայիսի 8-ին` Հաղթանակի օրվան ընդառաջ, իրականացվել է խորհրդանշական «Ծառ հիշատակաց» միջոցառումը`Հայրենական և Արցախյան հերոսների մասնակցությամբ: Նշենք, որ աշնանը կիրականացվի ևս 103 ծառի տնկարկում (նվիրված Սարդարապատի 103-րդ տարեդարձին)` Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ

«Կարմիր ծաղիկը» ներկայացումով մեկնարկեց 19-րդ «Արմմոնո» փառատոնը

«Կարմիր ծաղիկը» ներկայացումով մեկնարկեց  19-րդ «Արմմոնո» փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում ընթանում է «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնը։  Փառատոնի մեկնարկը տրվեց Ռուս գրող Վսևոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ՝ բեմադրիչ Արմեն Սաֆարյանի և դերակատարը՝ Լաուրա Ստեփանյանը: Ներկայացման հերոսուհին հոգեբուժարանում վերստուգում անցկացնելու անսպասելի հրաման է ստանում: Նրան հիվանդի տեղ ընդունելով՝ տանում են հոգեբուժարան, որտեղ հերոսուհին առնչվում է այնպիսի չարիքների, որոնք խախտում են կյանքի բնականոն ընթացքը։ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության գրեթե երկու  տասնյակ տարիների ընթացքում կարողացավ մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը: ««Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին»,- փաստում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Ցավոք, այս տարի ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ  ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից: Այս տարի «Արմմոնո» փառատոնը ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։ «Արմմոնո-Plus» - ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ, և 19-րդ «Արմմոնոն» կհյուրընկալվի Գյումրիում և Արտաշատում։ «Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ, հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու ծրագրով՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով  http://armmono.com/guests/321--2021.html    

Բնության դասերն անփոխարինելի են․ այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Բնության դասերն անփոխարինելի են․ այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Այսօր ամբողջ աշխարհը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այն համարվում է ամենահին միջազգային տոներից մեկը, քանի որ նրա անցկացման մասին որոշումը կայացվել է 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր, բայց մի բան հստակ է՝ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո՝ 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Մինչ Դուք մտածում եք, թե ինչպես Ձեր փոքրիկների օրը տոնի վերածեք, Eco.am-ն առաջարկում է մեկտեղել օգտակարն ու հաճելին։ Այս օրը լավագույն առիթն է, որ ևս մեկ անգամ ձեր փոքրիկներին ծանոթացնեք ու սերտ հարաբերություններ ստեղծեք նորին գերազնացություն բնության հետ, որպեսզի հենց այդ տարիքից գիտակցեն շրջակա միջավայրի կարևորության ու պահպանման դերն ու կրթվեն բնության դասերով։ Մանկական հոգին շատ զգայուն է բնության գույների ու ձայների հանդեպ․ կարմիրը կորովի է, ակտիվացնող կանաչը՝ խաղաղեցնող է գորշը՝ մռայլ տրամադրություն է ծնում վարդագույնը՝ կենսուրախ երկնագույնը՝ անդորր, երազային Այն փոքրիկները, որոնց տարին-բոլոր շրջապատել է մեծ քաղաքի եռուն փողոցների աղմուկը, հանգստության, անդորրի անսպառ աղբյուր է անտառների ու դաշտերի լռությունը։ Բնությունը նաև բարոյական զգացմունքների աղբյուր է։ Գթասրտություն, համարձակություն, կամք, ո՞ր ծնողը չի ցանկանա զարգացնել այս գծերն իր զավակների մեջ։ Չի կարող չար ու անհոգի լինել այն մարդը, ում մանկուց սովորեցրել են 1․ ջրել պապական ծառը 2․ չկոխորտել մրջնաբույնը 3․մորը վերադարձնել բնից ընկած թռչնաձագին։ Վախկոտ ու կամազուրկ չի դառնա նա․ 1․ ով մանկուց վարժվել է լողալ, անցնել գետը, 2․դիմանալ ցրտին ու տապին 3․ մագլցել լեռան կածաններով։ «Զգույշ, կընկնես», «եկ, ես բարձրացնեմ քեզ», «կհոգնես, բավական է»․․․ ամեն քայլափոխնի նման արտահայտությունները՝  մայրիկների անընդհատ տագնապն ու խնամակալությունը՝ երեխաների հանդեպ, կաշկանդում են երեխայի բնական ակտիվությունը, քիչ –քիչ մեռցնում հավատը՝ իր ուժերի նկատմամբ, դարձնում երկչոտ ու կամազուրկ։ Դժվար թե գտնվի մի երեխա, որ անտարբեր կլինի բնության հանդեպ։ Ծնողները պիտի մանկան այդ բուռն հետաքրքրությունը հենարան դարձնեն դասարանում ձեռք բերած նրա գիտելիքները ամբողջացնելու, խորացնելու համար։  Բնության հետ ակտիվ շփումները կքանդեն անջրպետը, որ երբեմն առաջացել է երեխայի դասագրքային գիտելիքների և բնության միջև։ Օրինակ, երեխաներ կան, որոնց հիշողության մեջ  «բարդի» ու «մասրենի», «սոճի», ու «հաճարենի» բառերը կապված են անորոշ հարցականների հետ։ Նրանք կարող են անցնել այս ծառերի ու թփերի կողքով՝ առանց ճանաչելու ու անտարբեր։ Բայց, փորձե՛ք կանգնեցնել երեխային անծանոթ ծառի մոտ, թող զննի բունը, բարձրությունը, տերևները, նկարի ծառը, հավաքի տերևներն ու սերմերը․․․ Ցույց տվեք նրան լորը՝ արտերում, անգղը՝ հեռու ժայռի ծերպին, սկյուռի բույնը՝ սոճիների անտառում․․․ Հիշե՛ք 1․ Բնության ակտիվ ընկալումը զարգացնում է երեխայի դաստիարակությունը, ակտիվացնում հարցասիրությունը, հարստացնում հիշողությունը, երևակայությունը, զգացմունքները, խոսքը։ 2․ Բնությունը կոփում է երեխայի մարմինը, հարստացնում հոգին։ 3․ Փոքրիկների համար անփոխարինելի են բնության դասերը։ Ի դեպ, հունիսի 1-ին՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունն անակնկալ է նախաձեռնել, օրվա հերոսների համար՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրնում, «Ալադին» մանկական երաժշտական ներկայացման ավարտին։

Ինչպես ապրել մինչև 90 տարի

Ինչպես ապրել մինչև 90 տարի
Գերմանացի կենսաբան, պրոֆեսոր Միխել Ռոնցենը պնդում է․ «Ամեն ոք կարող է ընդհատել իր կենսաբանական ծերացումը»։ Եկե՛ք փորձենք, գուցե իրոք հաջողվի։ Եթե ուզում եք 15-30 տարով երկարացնել ձեր կյանքը, ապա հետևեք սեփական առողջությանն ու ճիշտ ապրելակերպ վարեք։ Երկարատև հետոզոտություններից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ որոշ մթերքներ երկարացնում են մարդու կյանքը։ Eco.am-ն առանձնացրել է երկարակեցության համար նպաստավոր մթերքներն ու ներկայացրել երիտասարդ մնալու մի քանի պարզ, բայց կարևոր կանոններ։ Երկարակեցության մթերքները
  • Անյուղ կաթ,
  • Լոլիկ,
  • Ձուկ,
  • Սև հաց,
  • Լոբի,
  • Կարտոֆիլ,
  • Սպանախ,
  • Բանան,
  • Ցիտրուսային պտուղներ,
  • Բուսական յուղ։
19 պարզ կանոն՝ երիտասարդ մնալու համար 1․ Հնարավորինս խուսափեք դեղամիջոցներից։ 2․ Խմեք C, D, E վիտամիններ, դրանք օգտակար են անոթների համար։ 3․ Ամեն օր կանոնավոր մաքրեք ատամները։ 4․ Մի՛ ծխեք։ 5․Տղամարդիկ պետք է պոմիդոր ուտեն և խմեն կանաչ թեյ․ այն կկանխարգելի պրոստատինի քաղցկեղը։ 6․ Հաճախ արևի երես տեսեք, բայց օրը 20 րոպեից ոչ ավելի։ 7․Սեքս։ Որքան շատ հեշտանք ապրեք, այնքան լավ՝ օրգանիզմի երիատասարդացման համար։ 8․Սահմանափակեք ոգելից խմիչքը։ 9․Շատ ժպտացեք․ ժպիտը կամրապնդի իմունային համակարգը։ 10․Անպայման նախաճաշեք։ 11․ Քիչ կերեք ճարպեր։ Նախընտրեք բուսական սնունդ։ 12․Կանայք պետք է քնեն 7 ժամ, տղամարդիկ՝ 8։ 13․ Շուն պահեք, զբոսնեք նրա հետ։ 14․Ամեն օր մի նոր բան սովորեք։ 15․Շաբաթական ամենաքիչը 2 անգամ զբաղվեք սպորտով։ 16․Քրոնիկ հիվանդությունները անուշադրության մատնելով մի ծանրացրեք։ 17․Կանոնավոր հանդիպեք հարազատներին և ընկերներին։ 18․Կարգ ու կանոնի մեջ պահեք ֆինանսները։ 19․Կանոնավոր ձևով չափեք ճնշումը և խոլեստերինի մակարդակը։   Այսպիսով՝ եթե չեք ուզում ծերանալ ապա․ ՊԵՏՔ է 1․ Քիչ ուտել, 2․ Շատ ջուր խմել, 3․Հնարավորինս սպորտով զբաղվել, 4․ Շատ ծիծաղել, 5․ Ճանապարհորդել, 6․ Սիրել կյանքը, 7․ Շատ քայլել։ ՊԵՏՔ ՉԷ 1․ Շատ ուտել, 2․ Շատ ծխել, 3․Տանը նստել, 4․ Ժամերով հեռուստացույց դիտել, կամ նստել համակարգչի առաջ, 5․Տրվել մռայլ մտքերին, 6․Կորցնել հումորի զգացումը, 7․ Չընդունել ամենանորը, 8․Վանել երիտասարդներին։

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Տեսանյութ

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Տեսանյութ
Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծխախոտի օգտագործման հետ կապված հիշեցնում է առողջության ռիսկերի մասին և քարոզում դրա գործածման կրճատմանն ուղղված միջոցներ: ՀՀ-ն այս պայքարին միացել է դեռևս 2004 թվականից, որից հետո ընդունվել է. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում: ՀՀ Առողջապահության նախարարությունը 13 տարի անց՝ 2017 թվականին, մշակեց ծրագիր, որը նախատեսում էր բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ՝ թե՛ գովազդի, թե՛ հասարակական վայրերում ծխելու հետ կապված: Չնայաց բոլորն են գիտակցում ծխախոտի վատ ներգործության մասին, միևնույն է ՝ իրենց արդարեցնում են թե՝ վատ պայմաններն ու նյարդային իրավիճակն է ստիպում ծխել, իսկ արդյունքը՝ կախվածությունն է, կամ ինչպես ասում են՝ սովորություն է դարձել: Փորձենք ներկայացնել, թե ինչ ազդեցություն է թողնում այդ չարաբաստիկ սովորությունը մարդու օրգանիզմի վրա: Պարզվում է, հիմնականում, ծխախոտի ազդեցությունը՝ մարդու առողջության վրա, պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը այն օգտագործողի մոտ առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն: Ծխելը ձախողակ լինելու գնահատականն է: Ուստի, եթե ցանականում եք լինել հաջողակ և չլինել ծխախոտի ստրուկը՝ պարզապես հստակ և վճռական որոշում կայացրեք՝ այլևս մի՛ ծխեք: Այդպիսով կփաստեք սերը՝ ձեր անձի և դիմացինի նկատմամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում․ [video width="1280" height="720" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/05/10000000_4017866651637623_2390145341771308234_n.mp4"][/video]      

Նարգիլեն և էլեկտրոնային ծխախոտն ավելի վնասակար են

Նարգիլեն և էլեկտրոնային ծխախոտն ավելի վնասակար են
Ծխելը վնասակար է առողջությանը, այս մասին գիտեն բոլորը, բայց, քչերն են լուրջ մոտենում այդ հարցին։ Սակայն, մասնագետները զգուշացնում են, որ ծխող մարդը  վտանգի է ենթարկում, ոչ միայն իր այլև ընտանիքի անդամների և իրեն շրջապատողների առողջությունը, հատկապես, եթե նրանք չեն ծխում։ Ամերիացի գիտնականները պարզել են, որ այսպես կոչված, պասիվ ծխողների մոտ 42% -ով մեծանում է ուղեղի կաթվածի հավանականությունը, իսկ եթե նրանք նախկինում ծխել են, ապա թողել, հավանականությունը հասնում է 72%-ի։ Նախկին ծխողների հետ միևնույն միջավայրում ապրելը, առողջության համար վտանգավոր չէ, քանի որ ռիսկի գործոնները վերանում են այն պահից, երբ մարդը դադարում է ծխել։ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, Eco.am-ը, որպես առողջ ապրելակերպի ջատագով, ձեր ուշադրությանն է ներկայացնում ծխախոտի վնասակար հետևանքները՝ մաշկի, առողության ու գեղեցկության լուրջ կորուստների համար։ 1․Ծխելը վնասակար է անդրադառնում կնոջ գրավչության վրա։ Ծխախոտի ծխով լցված սենյակում երկար մնալը մաշկը դարձնում է դեղնավուն, հողագույն։ Նյարդառեֆլեկտոր ազդեցության ճանապարհով  ծխելն անդրադառնում է մաշկի գործունեության վրա, որից այն չափից ավելի ճարպոտվում է՝ սև կետերի և պզուկների առաջացմամբ, կամ խիստ չորանում է, և կնճռոտվում։ Կանոնավոր ծխելն առաջացնում է արյունատար անոթների կծկում, վատացնում մաշկի արյան մատակարարումը, արդյունքում թուլանում և թոշնում է մաշկը։ 2․ Ծխելն ազդում է մարսողոական համակարգի վրա։ Սննդանյութերի մասումը խանգարում է, և մաշկի բջիջները անբավարար չափով են մատակարարվում իրենց անհրաժեշտ նյութերով։ Այն կարող է առաջացնել դժվար բուժվող մաշկային հիվանդություններ։ Բացի դրանից ծխող մարդու մոտ մշակվում է յուրահատուկ միմիկայով ուղեկցվող ծխելու սեփական ձև, որը բազմաթիվ անգամ կրկնվելիս դեմքի վրա առաջանում են կնճիռներ նույնիսկ այնտեղ, ուր սովորական միմիկայի դեպքում դրանք չեն առաջանում։ 3․Ծխախոտի ծուխը ներս քաշելիս բերանի խոռոչում գոյանում է վակում, որն առաջացնում է շուրթերին բնորոշ սեղմում։ Բերանի մոտ ի հայտ են գալիս մանր կնճիռներ, որոնք հիշեցնում են ատամները թափված և առանց պրոթեզի տարեց մարդկանց։ 4․ Ծխելն ազդում է նաև ձայնալարերի վրա։ Ձայնը կոպտանում է, շրջապատի համար դառնում ոչ դուրեկան։ 5․ Ծխախոտի ծուխը գրգռում է աչքերը։ Կոպերը բորբոքվում են, ծիածանաթաղանթը պղտորվում է, սպիտապատյանը կարմրում է՝ անոթները ուժեղ արյունալցվելու պատճառով։ Աչքերը կորցնում են երիտասարդ փայլն ու արտահայտությունը։ Աչքերը, ծխի ուղղակի ներգործությունից պաշտպանելու համար, այն բերանից արձակելիս ծխողը թեթևակի կկոցում է աչքերը, որից դրանց շուրջ առաջանում են խորը կնճիռներ։ 6․ Ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում գլխի մազերի սնուցման վրա։ Բացի դրանից, մազերի վրա նստած ծխից դրանք կորցնում են բնական փայլը, դառնում վատորակ և դյուրաբեկ։ Էկետրոնային ծխախոտներում ավելի շատ նիկոտին կա Վերջին շրջանում, հանրության մեջ տարածվեց նաև Էլեկտրոնային ծխախոտի կիրառումը և բոլորը կարծում են, որ այն քիչ վնասակար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Պարզվում է, որ դա թյուր կարծիք է, քանի որ էլեկտրոնային գաջեթներին անցումը, ընդամենը ծխախոտային մի տեսակի փոխարինում է՝ մյուսով։ Համենայնդեպս, այդ մասին պնդում են գիտնականները, որ նիկոտինային կախվածության հաղթահարման համար վեյփին անցումը բավարար չէ: Ըստ մասնագետների, էլեկտրոնային ծխախոտ ծխողները ճիշտ նույնպիսի աջակցության կարիք ունեն, ինչպես և սովորական ծխախոտ ծխողները: Ավելին՝ մարդիկ էլեկտրոնային ծխախոտից հաճախ ավելի շատ նիկոտին են ստանում, քան սովորական ծխախոտից: Դեռևս գիտական հետազոտություններ չեն անցկացվել, որոնք հստակ ցույց կտային, թե որքան շատ նիկոտին է գործածում էլեկտրոնային ծխախոտի միջին վիճակագրական օգտագործողը: Նարգիլեն վնասակար է Ի դեպ, Նարգիլե ծխելը նույնպես չափազանց վնասակար է մարդու առողջության համար: Գիտնականները պարզել են, որ նարգիլեի մեկ կլանումը կարող է պարունակել այնքան վնասակար նյութեր, որքան մի ամբողջ ծխախոտի ծուխը: Նարգիլեի ծուխը պարունակում է շատ թունավոր և վնասակար քիմիական նյութեր, ներառյալ նիկոտին, կարբոնիլային միացությունները եւ բենզին: Այս նյութերի բարձր դոզան նարգիլե ծխողի օրգանիզմ է մտնում ծխի մեծ ծավալի պատճառով: Ավելի վաղ շմոլ գազի թունավորման դեպքեր էին արձանագրվում նագիլեի օգտագործման ժամանակ, ինչը բացատրվում էր ածխի այրման ժամանակ ածխածնի օքսիդի  արտադրմամբ: Հատկանշական է, որ տոքսիկ  գազերի բարձր կոնցենտրացիաներ հայտնաբերվել են նույնիսկ նարգիլեի համար բուսական խառնուրդում: Բացի այդ, ինչպես նշվում է, ամանի մեջ գտնվող ջուրը, իր սառեցնող ազդեցության պատճառով, փաստացի նպաստում է ներշնչվող ծխում չափազանց մանր մասնիկների առաջացմանը: Եվս մեկ վտանգը կայանում է նրանում, որ նարգիլեի ամանի մեջ գտնվող խառնուրդի տաքանալու աստիճանը ցածր է, ինչը նպաստում է մեծ քանակությամբ շաքարի ածանցյալների ձևավորմանը, օրինակ ՝ գլիցերինի, որը, տաքանալու ժամանակ տրոհվում է ալդեհիդների, այսինքն պոտենցիալ քաղցկեղածին նյութերի: Այնուամենայնիվ, ծխելուց մարդու ստացած այդ փոքրիկ բավականության համար  նա հատուցում է ոչ միայն առողջության, այլ գեղեցկության լուրջ կորուստներ է ունենում։

«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում

«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում
Ֆրանսիացի դրամատուրգ, թատրոնի դերասան, բանաստեղծ, երգիծաբան, թատերական ռեժիսոր Ժան Բատիստ Մոլյերն այսօր էլ ավելի քան ակտուալ է։ Համենայնդեպս, այդպես են կարծում ժամանակակից թատրոնների ռեժիսորները։ Օրեր անց՝ մայիսի 28-ին և 29-ին Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կլինի ԺԲ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացման առաջնախաղը։ Այն մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը: Թեպետ, «Սկապենի արարքները» Մոլիերը գրել է 350 տարի առաջ, այն իսկապես այսօր առավել քան ասելիք ունի։ «Ինչու՞ հիմա՝ Մոլյեր: Տեսնես ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝  այն մշտապես արդիական է»,- այսպես է բնութագրում Մոլյերին, գործի բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ ֆրանսիացի հանճարեղ կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում, որպես գործողության վայր, օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը և ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը։ Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում։ Իսկ ի՞նչ նպատակով՝ ժանրային սիրո պատմություն պատմելու համա՞ր, ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։  Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։ Ներկայացման տոմսերն առցանց տարբերակով կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://stanislavski.am/ru/kupit-bilet/366?fbclid=IwAR3xAVKoVFDdTIH6HnOgxmKdg2VOvUil11mxj1rmRVDtF7c1FucuazRZauQ

Հայաստանից Եվրոպական միություն արտահանելու ուղեցույց

Հայաստանից Եվրոպական միություն արտահանելու ուղեցույց
Ցանկանո՞ւմ եք արտահանել Եվրոպական միություն. ընտրեք ձեր գործունեության ոլորտը և ծանոթացեք Եվրոպական միություն արտահանելու պահանջներին ու ընթացակարգերին և ստուգեք Ձեր ընկերության արտահանման պատրաստվածությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://eeas.europa.eu/sites/default/files/eud_trade_infographic_2021.pdf

Հայաստանը նշում է Հանրապետության օրը

Հայաստանը նշում է Հանրապետության օրը
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։ Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է: 103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը և նախագահ Արմեն Սարգսյանը։ Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները, իր ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ՝ շեշտելով՝ հավատում է, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտման։ «Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները», - ասված է կաթողիկոսի ուղերձում։ Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո, իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով՝ «այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել»: Ընդգծելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, միասնության ու անձնազոհության շնորհիվ, նախագահը շեշտել է՝ «այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար»: Ըստ նախագահի՝ այսօր կարիք կա սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք կա պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին։ «Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը», - նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների: Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք: Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը: Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր»: Թե ինչպիսին կլինեն Հայաստանն ու Արցախը, «կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս», ասել է նախագահը՝ եզրափակելով՝ «Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին»:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել