Այսօր ամբողջ աշխարհը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այն համարվում է ամենահին միջազգային տոներից մեկը, քանի որ նրա անցկացման մասին որոշումը կայացվել է 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում:
Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր, բայց մի բան հստակ է՝ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո՝ 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Մինչ Դուք մտածում եք, թե ինչպես Ձեր փոքրիկների օրը տոնի վերածեք, Eco.am-ն առաջարկում է մեկտեղել օգտակարն ու հաճելին։ Այս օրը լավագույն առիթն է, որ ևս մեկ անգամ ձեր փոքրիկներին ծանոթացնեք ու սերտ հարաբերություններ ստեղծեք նորին գերազնացություն բնության հետ, որպեսզի հենց այդ տարիքից գիտակցեն շրջակա միջավայրի կարևորության ու պահպանման դերն ու կրթվեն բնության դասերով։
Մանկական հոգին շատ զգայուն է բնության գույների ու ձայների հանդեպ․
կարմիրը կորովի է, ակտիվացնող
կանաչը՝ խաղաղեցնող է
գորշը՝ մռայլ տրամադրություն է ծնում
վարդագույնը՝ կենսուրախ
երկնագույնը՝ անդորր, երազային
Այն փոքրիկները, որոնց տարին-բոլոր շրջապատել է մեծ քաղաքի եռուն փողոցների աղմուկը, հանգստության, անդորրի անսպառ աղբյուր է անտառների ու դաշտերի լռությունը։
Բնությունը նաև բարոյական զգացմունքների աղբյուր է։ Գթասրտություն, համարձակություն, կամք, ո՞ր ծնողը չի ցանկանա զարգացնել այս գծերն իր զավակների մեջ։
Չի կարող չար ու անհոգի լինել այն մարդը, ում մանկուց սովորեցրել են
1․ ջրել պապական ծառը
2․ չկոխորտել մրջնաբույնը
3․մորը վերադարձնել բնից ընկած թռչնաձագին։
Վախկոտ ու կամազուրկ չի դառնա նա․
1․ ով մանկուց վարժվել է լողալ, անցնել գետը,
2․դիմանալ ցրտին ու տապին
3․ մագլցել լեռան կածաններով։
«Զգույշ, կընկնես», «եկ, ես բարձրացնեմ քեզ», «կհոգնես, բավական է»․․․ ամեն քայլափոխնի նման արտահայտությունները՝ մայրիկների անընդհատ տագնապն ու խնամակալությունը՝ երեխաների հանդեպ, կաշկանդում են երեխայի բնական ակտիվությունը, քիչ –քիչ մեռցնում հավատը՝ իր ուժերի նկատմամբ, դարձնում երկչոտ ու կամազուրկ։
Դժվար թե գտնվի մի երեխա, որ անտարբեր կլինի բնության հանդեպ։ Ծնողները պիտի մանկան այդ բուռն հետաքրքրությունը հենարան դարձնեն դասարանում ձեռք բերած նրա գիտելիքները ամբողջացնելու, խորացնելու համար։ Բնության հետ ակտիվ շփումները կքանդեն անջրպետը, որ երբեմն առաջացել է երեխայի դասագրքային գիտելիքների և բնության միջև։
Օրինակ, երեխաներ կան, որոնց հիշողության մեջ «բարդի» ու «մասրենի», «սոճի», ու «հաճարենի» բառերը կապված են անորոշ հարցականների հետ։ Նրանք կարող են անցնել այս ծառերի ու թփերի կողքով՝ առանց ճանաչելու ու անտարբեր։
Բայց, փորձե՛ք կանգնեցնել երեխային անծանոթ ծառի մոտ, թող զննի բունը, բարձրությունը, տերևները, նկարի ծառը, հավաքի տերևներն ու սերմերը․․․ Ցույց տվեք նրան լորը՝ արտերում, անգղը՝ հեռու ժայռի ծերպին, սկյուռի բույնը՝ սոճիների անտառում․․․
Հիշե՛ք
1․ Բնության ակտիվ ընկալումը զարգացնում է երեխայի դաստիարակությունը, ակտիվացնում հարցասիրությունը, հարստացնում հիշողությունը, երևակայությունը, զգացմունքները, խոսքը։
2․ Բնությունը կոփում է երեխայի մարմինը, հարստացնում հոգին։
3․ Փոքրիկների համար անփոխարինելի են բնության դասերը։
Ի դեպ, հունիսի 1-ին՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունն անակնկալ է նախաձեռնել, օրվա հերոսների համար՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրնում, «Ալադին» մանկական երաժշտական ներկայացման ավարտին։






Թողնել մեկնաբանություն