ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում ընթանում է «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնի մեկնարկը տրվեց Ռուս գրող Վսևոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ՝ բեմադրիչ Արմեն Սաֆարյանի և դերակատարը՝ Լաուրա Ստեփանյանը:
Ներկայացման հերոսուհին հոգեբուժարանում վերստուգում անցկացնելու անսպասելի հրաման է ստանում: Նրան հիվանդի տեղ ընդունելով՝ տանում են հոգեբուժարան, որտեղ հերոսուհին առնչվում է այնպիսի չարիքների, որոնք խախտում են կյանքի բնականոն ընթացքը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության գրեթե երկու տասնյակ տարիների ընթացքում կարողացավ մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը:
««Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին»,- փաստում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Ցավոք, այս տարի ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:
Այս տարի «Արմմոնո» փառատոնը ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։
«Արմմոնո-Plus» – ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ, և 19-րդ «Արմմոնոն» կհյուրընկալվի Գյումրիում և Արտաշատում։
«Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ, հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու ծրագրով՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։
Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ http://armmono.com/guests/321–2021.html






Թողնել մեկնաբանություն