Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։ Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է: 103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը և նախագահ Արմեն Սարգսյանը։
Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները, իր ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ՝ շեշտելով՝ հավատում է, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտման։
«Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները», – ասված է կաթողիկոսի ուղերձում։
Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո, իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով՝ «այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել»:
Ընդգծելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, միասնության ու անձնազոհության շնորհիվ, նախագահը շեշտել է՝ «այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար»:
Ըստ նախագահի՝ այսօր կարիք կա սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք կա պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին։
«Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը», – նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ – «Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների: Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք: Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը: Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր»:
Թե ինչպիսին կլինեն Հայաստանն ու Արցախը, «կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս», ասել է նախագահը՝ եզրափակելով՝ «Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին»:






Թողնել մեկնաբանություն