Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Աշխարհում 1-ին բնապահպանական համաժողովը մեկնարկել է Հայաստանում

Աշխարհում 1-ին բնապահպանական համաժողովը մեկնարկել է Հայաստանում
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենում  բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Սա աննախադեպ իրադարձություն է, որը Հայաստանում է հավաքել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։ Իրադարձությունը Հայաստանում է հավաքել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։ Երեք օր շարունակ տեղի ունեցող համաժողովի համար Հայաստան են ժամանել  ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը, ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը։ «Հայաստանն աչքի է ընկնում իր հարուստ կենսաբազմազանությամբ: ՀՀ կառավարությունը` ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, միջազգային գործընկերների  և հասարակական կազամակերպությունների հետ համատեղ մեծ ջանքեր են ներդնում դրա պահպանության գործում. բարելավվում է ոլորտը կրգավորող  օրենսդրությունը, իրականացվում են թիրախային ծրագրեր, ուժեղացվում է պաշտպանությունը»,- այսօր համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացնելով Հայաստանում կենսաբազմազանության և դրա պահպանությանն ուղղված քայլերի թվային տվյալներ։ Իր խոսքում նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է գործընկերների հետ համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը և առկա ռեսուրսների ամբողջական իրացմանը: ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթն ընդգծել է՝ թեպետ մեր բնաշխարհն անզուգական բնական գեղեցկության կրողն է, այնուամենայնիվ մարդիկ միշտ չէ, որ գնահատում են այն։ «Մենք բոլորս գիտենք, որ այս գեղեցկությունը անսահման չէ։ Մենք նաև գիտենք, որ մեր առջև ծառացած մարտահրավերները հսկայական են՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աճելավայրերի ոչնչացում, աղտոտվածություն, պատերազմ: Այս մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից»,- եզրափակել է նա: ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը խոսել է համաժողովի հիմնական նպատակի մասին՝ ասելով․ «Սա առաջին այսպիսի հանդիպումն է, երբ հավաքվում է IUCN համայնքը մեզ համար կարևոր տարածաշրջանում։ Այս հանդիպման հիմնական նպատակը ֆիզիկապես միասին հավաքվելն է և ցուցադրելը, որ IUCN-ը մեծ ընտանիք է, համայնք, որի անդամները պատրաստ են սատարել միմյանց»։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում ասել է․ «Որպես Բնության պահպանության միջազգային միության անդամ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համար պատիվ է կանգնել մեր մոլորակի պահպանման ընդհանուր գործին նվիրված ԲՊՄՄ անդամ կազմակերպությունների, պետական կառույցների և անհատների կողքին: Բնության պահպանության տիրույթում մեր առաքելությունը քաղաքական, մշակութային և աշխարհագրական սահմաններից անդին է, այն ուղղված է ապագայի համար ընդհանուր տեսլական ստեղծելուն և իրագործելուն»: Ռուբեն Խաչատրյանը՝ խոսելով Հայաստանի և ողջ աշխարհի համար դժվարին այս ժամանակահատվածի մասին, նշել է․ «Այն բնորոշող հիմնական իրողություններից մեկը, ցավոք, հումանիտար ճգնաժամն է, մեր մոլորակի խնդիրների լուծման կարևորագույն գրավականներից է միջազգային կառուցողական գործընկերությունը: Այս համատեքստում առավե՛լ եմ կարևորում եմ մեր այսօրվա միջազգային հանդիպումը»։ Համաժողովը շարունակվելու է ևս 2 օր՝ մինչ հոկտեմբերի 18-ը։ Այս ընթացքում շարունակելու են քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից կլսեն IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։ Բնության պահպանության միջազգային միությունը հիմնադրվել է դեռևս 1948 թվականին, որի նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄ-ը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Ինչու անտեսվեց բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը

Ինչու անտեսվեց բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը
Հոկտեմբերի 14-ը բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն էր: Թեպետ,  այսօր աղետները անխուսափելի են ու տեղի են ունենում ամեն պահի ու ամենուր, բայց կարծես թե, այն Հայաստանում այդպես էլ որևէ կերպ չհիշատակվեց ու չնշվեց։ Բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 22 բանաձևի համաձայն` բնական աղետների վտանգների նվազեցման Միջազգային տասնամյակի շրջանակներում: 1999թ. Գլխավոր Ասամբլեան որոշեց ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես միջազգային տոն, որը կհանդիսանա միջոց՝ 1․  նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը 2․ կնպաստի բնական աղետների կանխարգելմանը և նրանց հետևանքների նվազեցումը, 3․ պատրաստ լինելու տեղի ունեցող բնական աղետների երևույթներին: Բնական աղետներ են համարվում 1․Անտառային հրդեհները 2․ երկրաշարժը 3․երաշտը 4․ջրհեղեղը 5․հրաբուխը 6․սողանքը 7․ձնահյուսը 8․փոթորիկը

8 փաստ, որ ծխելը ազդում է վահանաձև գեղձի վրա․ ներկայացնում է ԵՊԲՀ բժիշկ-էնդոկրինոլոգը

8 փաստ, որ ծխելը ազդում է վահանաձև գեղձի վրա․ ներկայացնում է ԵՊԲՀ բժիշկ-էնդոկրինոլոգը
Ծխելը ունի բազմակի ազդեցություններ հորմոնների արտազատման վրա, որոշ դեպքերում զուգորդվում է կարևոր կլինիկական երևույթներով: Այս ազդեցությունների միջնորդված են նիկոտինի և թիոցիանատի ֆարմակոլոգիական գործնեությամբ: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Իսսա Ֆրեիջ Սաբրիինի 8 կետից բաղկացած հանգամանալից անդրադարձը՝ ծխախոտի ազդեցությունների ու հետևանքների մասին:  1Ծխելը ունի բազմակի ազդեցություններ վահանաձև գեղձի վրա, ինչպես դրդող  այնպես էլ ընկճող ազդեցություն.ծխելը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հզոր ռիսկի գործոն,հատակապես Գրևսի հիվանդություն (թունավոր խպիպ) և օֆթալմոպաթիա:  2️ Ծխելը ունի թույլ դրդիչ ազդեցություն վահանաձև գեղձի գործնեության և չափերի վրա: Քիչ բարձրանում են հորմոնների քանակը հատկապես տրիյոդտիրոնինը և թիրոգլոբոլինը: Թիրեոխթանիչ հորմոնի մակարդակը ավելի ցածր է ծխողների մոտ: 3️ Ծխող ծնողների նորածինների պլազմայում մինչև մեկ տարեկան հասակի թիրեոգլոբոլինի և թիոցիանատի խտությունը ավելի բարձր է քան չծխողների: Սա նկատվում է նաև պասիվ ծխելու դեպքում (պասիվ ծխող մայրեր). որոշ հետազոտություներում հորմոնների փոփոխություն չի գրանցվել, սակային այլ հետազոտություններում նկատվել է թիրոքսինի մակարդակի ավելացում և թիրեոտրոպ հորմոնի նվազում ծխող մայրերի մոտ: Այլ հետազոտություններում` հղիության ժամանակ ծխող մայրերից ծնվածների մոտ գրանցվել են վահանաձև գեղձի մեծացում: 4️ Առկա են բավարար փաստեր, որ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է օֆտալմոպաթիայի հառաճման ռիսկը ռադիոակտիվ յոդո թերապիայից հետո և նվազեցնում է ճառագայթային ու գլյուկոկորտիկոիդների բուժման արդյունավետությունը. այդպիսով ծխողների մոտ օպֆտալմոպաթիայի բուժման արդյունավետությունը խիստ ցածր է. հավանական է, որ ծխելը խորացնում է հյուսվածքների թթվածինի քաղցը և գործադրում է իմունամոդուլյացիոն ազդեցություն: 5️ Հիպոթիրեոզով հիվանդ ծխող կանանց մոտ ուսաումնասիրությունների ժամանակ գրանցվել են TSH բարձրացում, T3 բարձրացում ազատT4 հետ համեմատած,քան չծխող կանանց մոտ: 6️ Մետա-անալիզը ցույց է տվել ,որ Հաշիմոտո և հետծննդաբերական թիրեոիդիտների ժամանակ ֆունկցիայի խանգարումը զուգորդվում է ծխելու հետ: Առկա են տվյալներ, որ Հաշիմոտո թիրեոիդիտների ժամանակ ծխելը կարող է առաջացնել հիպոթիրեոզ, թիոցիանատի քանակի ավելացման պատճառով:  7️ Ոչ թոքսիկ խպիպները ավելի հաճախակի են հանդիպում ծխողների մոտ քան չծխողների և կանանց մոտ քան տղամարդկանց.հավանական պատճառն է նույնպես թիոցիանատը: 8 Ծխելու և վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների կապը բացասական է: Որոշ հետազոտողներ նկատել են, որ վահանաձև գեղձի նորագոյացությունների ռիսկը ծխողների մոտ ցածր է:

Ասիական զարգացման բանկի Ջրի և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրենն այցելել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան

Ասիական զարգացման բանկի Ջրի և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրենն այցելել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում կեղտաջրերի կառավարման շահագրգիռ գերատեսչությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Ասիական զարգացման բանկի (ADB) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի ներկայացուցիչներն այցելել են Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան՝ տեղում ծանոթանալու և դիտարկելու կայանի աշխատանքները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ կայանն ապահովում է Գավառ խոշորացված համայնքի 6950 տնային տնտեսություններից 3959-ի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը։ Այսինքն, կոյուղացված է Գավառի 57%։ Ընդհանուր նախագծային հզորությունը կազմում է 19008 խմ/օր, սակայն այժմ օրեկան միջինում ապահովվում է 2163 խմ։ Տարեկան հեռացվում է 250,2 տոննա կոշտ թափոն։ Տեղում դիտարկվել է կայանի աշխատանքը, քննարկել լավարկման հնարավորությունները։ Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի և ԳՀՄԸ-ի միջև կնքվել է  Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր: Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը նախատեսում է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացնել Գավառի կայանի մեխանիկական բաղադրիչի արդիականացում, ինչը նշանակում է, որ գործող մեխանիկական բաղադրիչի հարևանությամբ կկառուցվի նոր, ավելի արդյունավետ ենթակայան, որը արդեն իսկ մեխանիկորեն մաքրված կեղտաջուրը կենթարկի ավելի խորը մեխանիկական մաքրմանը։ Նախատեսվում է կայանը հանձնել 2024 թ․ հուլիս-օգոստոս ամիսներին։ Սպասարկումը նախատեսվում է իրականացնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։ Այցելվել և դիտարկվել են նաև մի շարք տնային տնտեսություններ, որոնք չունեն կոյուղացման համակարգ։ Դաշտային այցին հաջորդել է Գեղարքունիքի մարզպետարանում քննարկումը, որի ընթացքում քննարկվել են լճի ավազանի բնակավայրերի կենցաղային, տնտեսական կեղտաջրերի խնդրի լուծման տարբերակներ, այդ թվում՝ Սևանա լճի ավազանում կենսաբանական կեղտաջրերի մաքրման և ցանցի վերականգնմանն ուղղված ներդրումների հնարավորությունը։

Հայաստանը շատ շուտով կորդեգրի «արևային անկախության» ճանապարհը. «Էկոանկյուն»

Հայաստանը շատ շուտով կորդեգրի «արևային անկախության» ճանապարհը. «Էկոանկյուն»
Հայ հասարակության մոտ ձևավորված որոշակի մտածողությունը խանգարում է արագ ընդունել փոփոխությունները: Դա սկսել է մեզ վնասել, քանի որ նորարությունը թելադրում է իր հետ համաչափ քայլ: Խնդիրը այնտեղ է, որ մարդիկ չունեն վստահության բազա, սակայն սա ժամանակի խնդիր է: Բայց վստահաբար 8 տարվա ջանքը իզուր չի անցնելու, և մենք այլև այլընտրանք դիտարկելու ենք արևայինը: «Էկոանկյուն» հաղորդաշարի այս թողարկմանը Կարեն Գրիգորյանը հյուրընկալել է ճարտարապետ  և ինտերիեր դիզայներ Միքայել Կարսյանին: Մասնագետն անդրադարձել է Էկոշինարարությանը, արևային կայանների կիրառմանը ճարտարապետության մեջ, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կարևորությանը: Մանրամասները՝ տեսանյութում

«Զրո թափոն» ծրագրով Թուրքիայում կենդանու արյունից հեղուկ պարարտանյութ են ստացել

«Զրո թափոն» ծրագրով Թուրքիայում կենդանու արյունից հեղուկ պարարտանյութ են ստացել
Թուրքիայում առաջին անգամ «Զրո թափոն» ծրագրի շրջանակներում կենդանիների օրգանական թափոնների արյունից հեղուկ պարարտանյութ է պատրաստվել: Eco.am սոցիալական հարթակը Էրմենիհաբերից տեղեկացավ, որ պատվաստանյութով սպանդանոցներում մորթված կենդանիների թափոնների քանակը գործնականում զրոյի է հասցվում: Պարարտանյութն արտադրվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքշեհիր քաղաքում: Նշվում է, որ պարարտանյութը դաշտերում օգտագործվում է դրոնի միջոցով՝ օդից պարարտացնելով դաշտում գտնվող բերքը: Այն կարող է բերքունակությունը 9 տոննայից հասցնել 17-ի:

5 անվտանգության կանոն՝ բնության գրկում ազնվացեղ եղջերու նկատելիս

5 անվտանգության կանոն՝ բնության գրկում ազնվացեղ եղջերու նկատելիս
Մեկ տարի առաջ բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում: Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ WWF-Հայաստանից տեղեկացավ, որ եղջերուն Շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի առանձնյակներից մեկն է։ Այն մինչ բնություն բաց թողնվելը գտնվում էր պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում: Բնության մեջ իր քայլերն արած եղջերուի համար ապահով միջավայր ստեղծելու համար WWF-Հայաստանը հանրությանը հորդորում է և խնդրում եղջերուի և իրենց իսկ անվտանգությունն ապահովելու համար հետևել ստորև նշված 5 կետից բաղկացած անվտանգության կանոններին․ 1․ Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն, 2 Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները, 3 Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար, ​​4 Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար: 5․ Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը: Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ: Եղջերուի զբոսանքը դիտե՛ք տեսանյութում

«Մաքուր խաղեր» էկոկրթական միջոցառում՝ Երևանի բուսաբանական այգում

«Մաքուր խաղեր» էկոկրթական միջոցառում՝ Երևանի բուսաբանական այգում
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կամավորները, Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 24-ին անցկացրել են «Մաքուր խաղեր» էկոկրթական միջոցառումը։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Մաքրության Եվրասիական գավաթ մրցաշարի շրջանակում կազմակերպած միջոցառմանը մասնակցել է 4 հոգանոց 8 թիմ։ Խաղի կանոնների համաձայն թիմերը պետք է աղբը հավաքեն տեսակավորված, այդ դեպքում նրանք ավելի շատ միավորներ են վաստակում։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբի տոպրակում, հանձնում են առանձին։ Խաղի շրջանակում իրականացվում է նաև հետաքրքիր գտածոների մրցույթ, որոնց վերաբերյալ մասնակիցները պետք է հետաքրքիր պատմություններ հորինեն՝ հնարավորինս արժևորելով իրենց գտածը։ Առաջին հայացքից թվում էր, թե դժվար կլինի աղբ գտնել հանրային այս գեղեցիկ ու մաքուր վայրում։ Սակայն ցանկապատների երկայնքով, անբարեխիղճ անցորդների պատճառով, կամ այս դեպքում՝ շնորհիվ, աղբ գտնվեց։ Արդյունքում հավաքվեց շուրջ 350 կգ աղբ, որի 43 տոկոսը՝ տեսակավորված (պլաստիկ շշեր, ապակյա շշեր, մետաղյա ջարդոն և մարտկոցներ)։ Ընդհանուր՝ 47 պարկ։ Արդյունքում հավաքած միավորներով՝ առաջին հորիզոնականում հայտնվեց Փոշեկուլներ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեցին Երևանի հ․ 64 դպրոցի 6-րդ դասարանի տղաները, երրորդ տեղը՝ Այբ ավագ դպրոցի սաները։ Իսկ ահա լավագույն գտածոյի համար պարգևատրվեց Երևանի հ․ 45 դպրոցի 7-րդ դասարանի թիմը։ Խաղ-մրցույթը էկոկրթական և էկոդաստիարակչական նպատակ ունի։ Մասնակիցներն այն շատ հավանեցին և ցանկություն հայտնեցին կրկին մասնակցելու։

Ինչու՞ կանաչապատման մեջ չի օգտագործում լոկ «հայկական» ծառատեսակներ․ ԿՇՄՊ ՀՈԱԿ

Ինչու՞ կանաչապատման մեջ չի օգտագործում լոկ «հայկական» ծառատեսակներ․ ԿՇՄՊ ՀՈԱԿ
Eco.am սոցիալական հարթակն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող  մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար ներկայացվում են  ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։ Գրեթե բոլոր ծառատեսակները, որոնք զարդարում են մայրաքաղաքը, ներմուծված են տարբեր ժամանակահատվածներում։ Հանրությանը հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե ինչու կանաչապատման մեջ չի օգտագործվում ծագումով հայկական ծառատեսակներ։ «Կանչապատման մեջ ընդունված կարգ է՝ ներմուծել դեկորատիվ, կայուն, կլիմային համապատասխան ծառաթփատեսակներ։ Դա կատարվում է բոլոր երկրներում։ Ժամանակի ընթացքում, շնորհիվ գիտության նոր առաջընթացի, ստեղծվել են բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք չեն եղել նախկինում և այժմ լայնորեն օգտագործվում են բոլոր քաղաքներում՝ կանաչապատման մեջ»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Բեգոյանը։ Ըստ Բեգոյանի յուրաքանչյուր կանաչապատողի խնդիրն է՝ հարստացնել քաղաքի ֆլորան, ներմուծել համապատասխան տեսականի,  քաղաքի որոշ հատվածներ կանաչապատել դեկորատիվ տեսակներով, որոնք կգրավեն և՛ քաղաքացիներին, և՛ զբոսաշրջիկներին։ «Սովորաբար քաղաքում այդ տեսակները լինում են սահմանափակ, չեն օգտագործվում համատարած կանաչապատման մեջ, այլ ստեղծում են գողտրիկ անկյուններ։ Այդպիսի տեսակներից է սակուրան, որն օգտագործվել է բազմաթիվ մայրաքաղաքներում ( Փարզ, Ստոկհոլմ, Բարսելոնա և այլն) և զբոսաշրջիկների համար ներկայացնում է հատուկ հետաքրքրություն՝ համարվելով ամենագեղեցիկ ծառերից»,- նշում է Բեգոյանն ու հավելում, որ այս ամռանն արձանագրված բարձր ջերմաստիճաններին այն ցուցաբերել է բարձր կայունություն։ Հարցադրումներում խոսք է եղել ուռենու, բարդու, թթենու, կաղնու մասին՝ դրանց հայրենիքը համարելով Հայաստանը։ Սակայն, Ա․ Բեգոյանը հավելեց, որ թեպետ այդ տեսակները մեր կանաչապատման մեջ «հարազատ» են, աչքին սովոր, լայնորեն տարածված են մեր ֆլորայում, բայց դրանք համարել հայկական, ճիշտ չէ։ Ցավոք, տեղական տեսակները միշտ չէ, որ ունեն գեղազարդ տեսք կամ կլիմայական պայմանների պատճառով կարող են աճել Երևանում (օրինակ՝ հաճարենին)։ 1․ Ուռենու ցեղի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, Ճապոնիան, Իրանը։ 2. Բարդու ցեղի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է և Չինաստանը: 3. Տեղաբնակ և անգամ էնդեմ է միայն կաղնու մեկ տեսակ՝ կաղնի արաքսյանը, որը չի օգտագործվում կանաչապատման մեջ: 4․ Թթենու հայրենիքը Չինաստանն է, Աֆղանստանը, Իրանը։

Սեպտեմբերին 204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

Սեպտեմբերին 204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի սեպտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված 98 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 68 հաշվարկ՝ 223.180.870 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 46 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված թվով 11 գրավոր տեղեկատվության հիման հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել  130.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Ստացված 55 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 4.111.471 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 53 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Ստացված 8 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 957.420 ՀՀ դրամի չափով։ Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 12 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Պետական փորձաքննություններ Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում և նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 16 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 5 հաշվարկ՝  10.473.169 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել  2.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝ 1՝ պետական փորձաքննության, 2՝ մթնոլորտային օդի պահպանության, 2՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության, 1՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։ Գործողության կասեցում Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 և առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության 1 սուբյեկտների գործողություններ։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1,761 ,120 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13,673,948.50 ՀՀ դրամ գումար: