Աշխարհում 1-ին բնապահպանական համաժողովը մեկնարկել է Հայաստանում

https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-1-%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8/

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենում  բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Սա աննախադեպ իրադարձություն է, որը Հայաստանում է հավաքել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։

Իրադարձությունը Հայաստանում է հավաքել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։

Երեք օր շարունակ տեղի ունեցող համաժողովի համար Հայաստան են ժամանել  ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը, ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը։

«Հայաստանն աչքի է ընկնում իր հարուստ կենսաբազմազանությամբ: ՀՀ կառավարությունը` ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, միջազգային գործընկերների  և հասարակական կազամակերպությունների հետ համատեղ մեծ ջանքեր են ներդնում դրա պահպանության գործում. բարելավվում է ոլորտը կրգավորող  օրենսդրությունը, իրականացվում են թիրախային ծրագրեր, ուժեղացվում է պաշտպանությունը»,- այսօր համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացնելով Հայաստանում կենսաբազմազանության և դրա պահպանությանն ուղղված քայլերի թվային տվյալներ։ Իր խոսքում նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է գործընկերների հետ համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը և առկա ռեսուրսների ամբողջական իրացմանը:

ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթն ընդգծել է՝ թեպետ մեր բնաշխարհն անզուգական բնական գեղեցկության կրողն է, այնուամենայնիվ մարդիկ միշտ չէ, որ գնահատում են այն։

«Մենք բոլորս գիտենք, որ այս գեղեցկությունը անսահման չէ։ Մենք նաև գիտենք, որ մեր առջև ծառացած մարտահրավերները հսկայական են՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աճելավայրերի ոչնչացում, աղտոտվածություն, պատերազմ: Այս մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից»,- եզրափակել է նա:

ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը խոսել է համաժողովի հիմնական նպատակի մասին՝ ասելով․ «Սա առաջին այսպիսի հանդիպումն է, երբ հավաքվում է IUCN համայնքը մեզ համար կարևոր տարածաշրջանում։ Այս հանդիպման հիմնական նպատակը ֆիզիկապես միասին հավաքվելն է և ցուցադրելը, որ IUCN-ը մեծ ընտանիք է, համայնք, որի անդամները պատրաստ են սատարել միմյանց»։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում ասել է․ «Որպես Բնության պահպանության միջազգային միության անդամ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համար պատիվ է կանգնել մեր մոլորակի պահպանման ընդհանուր գործին նվիրված ԲՊՄՄ անդամ կազմակերպությունների, պետական կառույցների և անհատների կողքին: Բնության պահպանության տիրույթում մեր առաքելությունը քաղաքական, մշակութային և աշխարհագրական սահմաններից անդին է, այն ուղղված է ապագայի համար ընդհանուր տեսլական ստեղծելուն և իրագործելուն»:

Ռուբեն Խաչատրյանը՝ խոսելով Հայաստանի և ողջ աշխարհի համար դժվարին այս ժամանակահատվածի մասին, նշել է․ «Այն բնորոշող հիմնական իրողություններից մեկը, ցավոք, հումանիտար ճգնաժամն է, մեր մոլորակի խնդիրների լուծման կարևորագույն գրավականներից է միջազգային կառուցողական գործընկերությունը: Այս համատեքստում առավե՛լ եմ կարևորում եմ մեր այսօրվա միջազգային հանդիպումը»։

Համաժողովը շարունակվելու է ևս 2 օր՝ մինչ հոկտեմբերի 18-ը։ Այս ընթացքում շարունակելու են քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից կլսեն IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։

Բնության պահպանության միջազգային միությունը հիմնադրվել է դեռևս 1948 թվականին, որի նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄ-ը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով