Մեկ տարի առաջ բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում:
Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ WWF-Հայաստանից տեղեկացավ, որ եղջերուն Շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի առանձնյակներից մեկն է։ Այն մինչ բնություն բաց թողնվելը գտնվում էր պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում:
Բնության մեջ իր քայլերն արած եղջերուի համար ապահով միջավայր ստեղծելու համար WWF-Հայաստանը հանրությանը հորդորում է և խնդրում եղջերուի և իրենց իսկ անվտանգությունն ապահովելու համար հետևել ստորև նշված 5 կետից բաղկացած անվտանգության կանոններին․
1․ Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն,
2․ Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները,
3․ Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար,
4․ Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար:
5․ Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը:
Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ:
Եղջերուի զբոսանքը դիտե՛ք տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն