«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կամավորները, Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 24-ին անցկացրել են «Մաքուր խաղեր» էկոկրթական միջոցառումը։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Մաքրության Եվրասիական գավաթ մրցաշարի շրջանակում կազմակերպած միջոցառմանը մասնակցել է 4 հոգանոց 8 թիմ։
Խաղի կանոնների համաձայն թիմերը պետք է աղբը հավաքեն տեսակավորված, այդ դեպքում նրանք ավելի շատ միավորներ են վաստակում։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբի տոպրակում, հանձնում են առանձին։ Խաղի շրջանակում իրականացվում է նաև հետաքրքիր գտածոների մրցույթ, որոնց վերաբերյալ մասնակիցները պետք է հետաքրքիր պատմություններ հորինեն՝ հնարավորինս արժևորելով իրենց գտածը։
Առաջին հայացքից թվում էր, թե դժվար կլինի աղբ գտնել հանրային այս գեղեցիկ ու մաքուր վայրում։ Սակայն ցանկապատների երկայնքով, անբարեխիղճ անցորդների պատճառով, կամ այս դեպքում՝ շնորհիվ, աղբ գտնվեց։ Արդյունքում հավաքվեց շուրջ 350 կգ աղբ, որի 43 տոկոսը՝ տեսակավորված (պլաստիկ շշեր, ապակյա շշեր, մետաղյա ջարդոն և մարտկոցներ)։ Ընդհանուր՝ 47 պարկ։
Արդյունքում հավաքած միավորներով՝
առաջին հորիզոնականում հայտնվեց Փոշեկուլներ թիմը,
երկրորդ տեղը զբաղեցրեցին Երևանի հ․ 64 դպրոցի 6-րդ դասարանի տղաները,
երրորդ տեղը՝ Այբ ավագ դպրոցի սաները։
Իսկ ահա լավագույն գտածոյի համար պարգևատրվեց Երևանի հ․ 45 դպրոցի 7-րդ դասարանի թիմը։
Խաղ-մրցույթը էկոկրթական և էկոդաստիարակչական նպատակ ունի։ Մասնակիցներն այն շատ հավանեցին և ցանկություն հայտնեցին կրկին մասնակցելու։






Թողնել մեկնաբանություն