Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

 Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

 Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, Երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, Պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում մրցաշարին Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ, 55 հեծանվորդ է մասնակցել: Անջատ մեկնարկ մրցաձևում Էդուարդ Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ 12 կմ մրցատարածությունը հաղթահարելով 17:46 վայրկյանում: Նույն մրցաձևում Վահե Վիրաբյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 24 կմ մրցատարածությունն անցնելով 33:26 վայրկյանում: 24 կմ մրցատարածությունում երկրորդ արդյունքն է ցույց տվել նաև Արթուր Վարելջյանը՝ երիտասարդների պայքարում: Նա  արծաթե մեդալ է նվաճել՝ գրանցելով 34:07 վայրկյան արդյունք: Մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայ հեծանվորդները հանդես են եկել խմբային մրցաերթում: Վահե Վիրաբյանը նվաճել է ոսկե, իսկ Արթուր Վարելջյանը՝ բրոնզե մեդալ: Էդուարդ Գրիգորյանը պատանիների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը բարձր է գնահատում հայ մարզիկների մրցելույթները 2023 թվականի վերջին մրցաշարում: Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ՝ լեհական «Գրուդիոզ ՍՏԱԼ» ակումբի նախագահ Ադամ Սիեզկովսկին Թբիլիսիում հետևել է հայ հեծանվորդների ելույթներին: Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի երեք հեծանվորդներ՝ Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը, 2024 թվականի ապրիլից կմարզվեն լեհական ակումբի կազմում և կնախապատրաստվեն հուլիսի 9-14-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ից, Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը 10 մարզիկով ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Նախապատրաստական ևս մեկ փուլ հայ հեծանվորդները կանցկացնեն հունվար-մարտ ամիսներին, ինչից հետո Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը կմեկնեն Լեհաստան: «Լեհաստանում կայանալիք նախապատրաստական փուլը շատ կարևոր և օգտակար կլինի մեր մարզիկների համար: Ամեն շաբաթ նրանք միջազգային մրցումների կմասնակցեն»,- նշում է Արմեն Գյոզալյանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ հայ հեծանվորդները 2024 թվականի օգոստոսին նաև աշխարհի առաջնության կմասնակցեն:

«Խոշոր պլանում՝ թռչունները»․ Հայաստանում կայացել է Վիվեկ Մենոնի ցուցահանդեսը

«Խոշոր պլանում՝ թռչունները»․ Հայաստանում կայացել է Վիվեկ Մենոնի ցուցահանդեսը
Հայաստանում կայացել է բնության պահպանության ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Վիվեկ Մենոնի «Խոշոր պլանում՝ թռչունները» ցուցահանդեսի բացումը։ Վերջինս նաև բնապահպանական նշանակալի ձեռքբերումների համար միջազգային մի շարք մրցանակներ է ստացել, մի քանի գրքի հեղինակ է, ԲՊՄՄ տարածաշրջանային խորհրդատու, ինչպես նաև՝ Wildlife Trust of India բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրենը: Ցուցահանդեսի բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին Վիվեկ Մենոնը դարձավ նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (FPWC) սահմանված «Կանաչ մարտիկ» մրցանակի առաջին դափնեկիրը: Ցուցահանդեսը վտանգված թռչունների լուսանկարների ընտրանի է, որը կազմվել է հեղինակի շուրջ 100 երկրներում արված հազարավոր լուսանկարներից: Միջոցառմանը ներկա է գտնվել և շնորհավորական խոսք է ասել նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում տեղի է ունեցել (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Վիվեկ Մենոնը ևս համաժողովի մասնակից է։ Համաժողովի ընթացքում քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից լսել IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։ ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ․-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

«Կարևորվում է էներգաարդյունավետության բարձրացումը»․ Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են ՇՄ նախարարին

«Կարևորվում է էներգաարդյունավետության բարձրացումը»․ Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են ՇՄ նախարարին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրեն Գարեթ Զահեր-Բիլի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, միջազգային քաղաքականության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ Ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ Դիանա Հարությունյանը և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ  ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը։ Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման մեկնարկին նախարարը  կրկին անդրադարձել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու կառույցների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և խոսել դրանց շարունակական զարգացման և  ամրապնդման անհրաժեշտությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ և մեկնարկող մի շարք ծրագրեր և մասնավորապես անդրադարձել Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին։ Ծրագիրն իրականացվում է 2017թ.-ից Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) համակարգման ներքո՝ նպատակ ունենալով կրճատել շենքային ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումները, որը համահունչ է ինչպես երկրի էներգետիկ անկախության նպատակին և Փարիզյան համաձայնգրով Հայաստանի վերցրած հանձնառություններին։ «Հայաստանի Հանրապետությունում շենքերի ոլորտն էներգիայի ամենամեծ սպառողներից է և որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ շենքերի ոլորտը կլիմայի փոփոխության մեղմման գերակա առաջնահերթություններից է։ Պետության կողմից կարևորվում է էներգաարդյունավետության բարձրացումը ինչպես էներգետիկ անվտանգության բարձրացման, էներգետիկ աղքատության մակարդակի նվազեցման այնպես էլ սոցիալական խոցելիության հաղթահարման տեսանկյունից: Ծրագրի շնորհիվ՝ ջերմաարդիականացվել են մեծաթիվ բնակելի շենքեր ՀՀ մարզերում՝ նպաստելով մարզաբնակ սոցիալապես խոցելի խմբերի էներգետիկ աղքատության հաղթահարմանը»,-նշել է նախարարը։ Հաշվի առնելով այս և ծրագրի այլ բաղադրիչներ, ծրագիրը շարունակում է գտնվել ՀՀ Կառավարության՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունների շարքում։ Նախարար Հակոբ Սիմիդյանը կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր ջանքեր՝ ծրագրի անխափան ընթացքի և շարունակականության ապահովման համար։

«Կենսաբազմազանության մոնիթորինգ, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմում»․  ՇՄՆ-FPWC հուշագիր է ստորագրվել

«Կենսաբազմազանության մոնիթորինգ, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմում»․  ՇՄՆ-FPWC հուշագիր է ստորագրվել
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կայացավ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։ Համաձայնության հուշագրի կնքումը նախատեսվում է տարբեր ուղղություններով, որոնցից են՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, պահպանություն և կառավարում, կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացում, կենդանական և բուսական աշխարհի պահպանություն, հակահրդեհային միջոցառումների աջակցություն, բնության և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով էկոզբոսաշրջության կազմակերպում, կենսաբազմազանության պահպանություն ու կենսառեսուրսների կայուն օգտագործում, անհետացող տեսակների պոպուլյացիաների վերականգնում, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման միջոցառումների իրականացում, անազատ և կիսաազատ պայմաններում ապօրինի պահվող, բնության մեջ ապրող վայրի կենդանատեսակներին սպառնացող միջադեպերից փրկելու նպատակով կարանտինային տարածք տեղափոխելու, բուժման և հնարավորության դեպքում վայրի բնություն բաց թողնելու աշխատանքների իրականացում, էկոլոգիական կրթություն, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում և այլն։ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքը ևս պատահական չի ընտրվել։ Արգելոցի հարակից տարածքում FPWC կողմից ստեղծվել է առաջին և միակ մասնավոր պահպանվող տարածքը Հայաստանում, որը լրացուցիչ բուֆերային անվտանգության գոտի է և մեծապես օգնում է արգելոցում պահպանության ուժեղացմանը։ Տարածքը կոչվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):

Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին․ Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին

Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին․ Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին
Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, որն իրենից ներկայացնում է այն։ Երեք տարի աշխատելով Կառավարությունում, ես լավ գիտեմ, թե Երևանը որքան խորությամբ է ներգրավված բնապահպանական ծրագրերում և ինչ աշխատանքներ են իրականացվում։ Մենք ցանկանում ենք ոչ միայն ֆորմալ առումով միանալ այս թիմին, այլև քայլ առ քայլ գնալ դեպի ավելի կանաչ ապագա»,- իր ելույթում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը ևս ընդգծել է ԲՊՄՄ անդամակցության կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա ձևավորել ռազմավարություն, զարգացնել Քաղաքապետարանի փորձագիտական և փորձի փոխանակման կարողությունները։ Նա ասել է․ «Այժմ մենք աշխատում ենք Երևանի ամենասքանչելի հատվածներից մեկը՝ Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածք դարձնելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանը պետք է ստանձնի պատասխանատվություն և կառուցի մեր ապագան կայուն զարգացման շուրջ»։ ICENCA համանախագահ Քրիս Մեհոնը և ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը մեծ սիրով ողջունել են Քաղաքապետարանի ցանկությունը անդամակցելու ԲՊՄՄ-ը՝ մաղթելով հաջողություն և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Քրիս Մեհոնը սիրով հրավիրել է Քաղաքապետարանի պատվիրակությանը մասնակցելու ԲՊՄՄ տարածքային բնապահպանական ֆորումին, որը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2024-ին։ Բորիս Էրգը կարևորել է նախաձեռնությունը նաև այն կայուն ապագայի տեսանկյունից, որին ցանկանում է հասնել Երևանը։ FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որպես ԲՊՄՄ անդամակցող կառույցի ղեկավար և համակարգող պատրաստակամություն է հայտնել աջակցելու Քաղաքապետարանին․ «Ոչ միայն ես, այլև ԲՊՄՄ ընտանիքը, որը գտնվում է այստեղ մեզ հետ»,- ասել է նա։ Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։ Ի դեպ,  դեռևս 1948թ․-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

«Միջատների հյուրանոցը»՝ Երևանի բուսաբանական այգում

«Միջատների հյուրանոցը»՝ Երևանի բուսաբանական այգում
«Միջատների հյուրանոցը» մարդու կողմից ստեղծված կառույց է, որը նախատեսված է տարբեր միջատների համար ապաստան և բնադրման հնարավորություններ ապահովելու համար: Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ այս հյուրանոցները սովորաբար կառուցվում են՝ օգտագործելով բնական նյութերի համադրություն, ինչպիսիք են փայտը, բամբուկը, ծղոտը, սոճու կոները: Միջատների հյուրանոցները նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը, փոշոտմանը, բնական վնասատուների դեմ պայքարին և էկոհամակարգերում միջատների կարևորության մասին իրազեկմանը: Դա գեղեցիկ ներդաշնակություն է, որտեղ յուրաքանչյուր միջատ վճռորոշ դեր է խաղում բնության նուրբ պարում: Բուսաբանական այգին շնորհակալություն է հայտնում «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ի անդամներին՝ իրենց առատաձեռն աջակցության համար՝ իրականություն դարձնելով այս գրավիչ կառույցը։ Առանձնահատուկ շնորհակալություն միջատաբան Մարգարիտա Տիգրանյանին նախագծման համար։ Եվ, իհարկե, չմոռանանք նաև Երևանի բուսաբանական այգու նվիրյալ թիմին, որի բացառիկ ջանքերով այս ամենը հնարավոր դարձավ։

«Էկոանկյուն»․ որոնք են բիզնեսի համար արևային կայան տեղադրելու առավելությունները

«Էկոանկյուն»․ որոնք են բիզնեսի համար արևային կայան տեղադրելու առավելությունները
Անցումը էկո-կյանքին ենթադրում է շերտային և փուլային փոփոխություն: «Էկոանկյուն» հաղորդաշարի հերթական հյուրը ոչ միայն զբաղվում է թելերի էկո արտադրությամբ, այլ նաև փորձում է խնայել ու բնությանը «լավություն անել»: Արևային կայանի տեղադրումը դրա լավագույն լուծումն է: Խնդիրները քիչ կլինեն, եթե գտնես վստահելի ընկերություն, որը հնարավորինս պատասխանատու և պատրաստակամ է սպասարկման հարցում: «Էկոանկյուն» ռադիոնախագծի հատուկ թողարկումն այս անգամ Կարեն Գրիգորյանն անցկացրել է Մերիդյան էքսպո կենտրոնում՝ DIGITEC Expo-ից, որտեղ այս անգամ նա զրուցել է Արթիկի ՓՀԿ տնօրեն Տիգրան Գասպարյանի հետ։ Կարեն Գրիգորյանն ու  Արթիկի ՓՀԿ տնօրեն Տիգրան Գասպարյանը զրուցել են հայկական ընկերությունների՝ մաքուր էներգետիկայի անցման կարևորությունից ու բիզնեսի համար արևային կայան տեղադրելու  առավելություններից: Մանրամասները՝ տեսանյութում․

Երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու անհրաժեշտություն կա

Երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու անհրաժեշտություն կա
Երիտասարդների մասնակցության և ներգրավման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման 2-րդ օրը՝ հոկտեմբերի 17-ին։ IUCN Կրթության և կապի հանձնաժողովի (CEC) փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքսեյ Զավարցինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության մասին, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի, մասնավորապես, թե ինչպես կարելի է հետաքրքրել նրանց, մասնակից դարձնել տեղի ունեցող իրադարձություններին մինչև անգամ ուղղորդել դեպի կենսաբանական մասնագիտություններ։ Թեմայի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ղեկավար Մարինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ուղղությունը, որը նա ներկայացնում է, աստիճանաբար դուրս է մղվում երիտասարդներին հետաքրքրող շրջանակներից։ Նա մտավախություն է հայտնել, որ մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում պոտենցիալ մասնագետների և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երիտասարդներին բնությանն ավելի մոտ դարձնելու ուղղությամբ։ Բանախոսները համակարծիք են եղել, մասնավորապես Ալեքսեյ Զավարցինն ընդգծել է, որ խնդիրը համատարած է ամբողջ աշխարհում, ուստի այդ իսկ պատճառով կրթել պետք է սկսել ամենավաղ հասակից՝ մանկապարտեզից՝ հասցնելով հետաքրքրվածությունը մինչև մասնագիտական կողմնորոշման մակարդակ։ Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հատուկ պահպանվող տարածքներին առնչվող մի շարք խնդիրներ, այդ թվում Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) տարածաշրջանային փոխնախագահ Յան Վուլհեդը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի մանրամասները։ Բանախոսներն ու ներկաներն անդրադաձել են նաև կոնֆլիկտային գոտիներում հատուկ պահպանվող տարածքներին պատճառված վնասներին և դրանք կառավարելու ուղիներին։ Հոկտեմբերի 17-ին իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև IUCN Ֆրանսիայի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մոդ Լելիևրը, CEC համանախագահ Կատալին Չիպանը, IUCN քարտուղարությունից Սառա Օվերը, IUCN Եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Կոնստանտին Մակրիսը, ինչպես նաև՝ Դանիայի ազգային կոմիտեիի ներկայացուցիչ Էն Քեթրին-Գարնը, Բելգիայի ազգային համակարգող Դիվիժա Ջատան և այլոք։ IUCN համայնքի համաժողովի 2-րդ օրը մի խումբ մասնակիցներ այցելել են Խոսրովի անտառ պետական արգելոց, որտեղ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է հուշագիր, որի նպատակը բնության պահպանության գործն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել IUCN համայնքի հանդիպման բացման արարողությունը, որին ներկա են գտնվել տասնյակ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ Հայաստանի բնապահպանության ոլորտի, գիտական կառույցների և ՀԿ  ներկայացուցիչներ։ Համաժողովը շարունակվելու է մինչ հոկտեմբերի 18-ը և այս ընթացքում շարունակվելու են քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից կլսեն IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։ Ի դեպ, դեռևս 1948թ․-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

Օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում
Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին  մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ հանդիպմանը քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը, դրանց առաջացման հիմնական պատճառները, փոշու մակարդակի բարձր ցուցանիշների նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Կարևորվել է տնտեսավարողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ քայլերը՝ փոշու արտանետումների նվազեցման այլընտրանքային ուղիների կիրառման, փոշենստեցման համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, օդի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված հետևողական և համակարգված աշխատանքները։ Ներկայացվել է Երևանի շինհրապարակներից մեկում արդեն իսկ կիրառվող, ժամանակակից տեխլուծումներ ապահովող փոշեճնշող սարքը, որը շինարարության ընթացքում արդյունավետ կանխարգելում է մթնոլորտային օդ փոշու արտանետումները։  

Ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ ճանապարհորդությունից հետո վերադարձել է Դիլիջան

Ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ ճանապարհորդությունից հետո վերադարձել է Դիլիջան
Eco.am սոցիալական հարթակն օրերս անդրադարձել էր, որ մեկ տարի առաջ բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկը զբոսնում է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ WWF-Հայաստանից տեղեկացանք, որ արկածախնդիր ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ  ճանապարհորդությունից հետո արդեն վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք: