Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՀՀ-ում փետրվարի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում

ՀՀ-ում փետրվարի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:
Նոր սակագների համաձայն`  110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ,  գիշերային սակագինը ` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվել է  44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի  40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:
Ինֆոգրաֆիկան՝ ըստ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի

ՇՄ նախարարը և ոլորտն համակարգող նախարարի տեղակալը աշխատանքային այցով ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում էին

ՇՄ նախարարը և ոլորտն համակարգող նախարարի տեղակալը  աշխատանքային այցով ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում էին
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի,  ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության թոփ երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։ Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ  ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի  մասին հանրային ընկալումների փոփոխություն։ «Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին,-նշեց նախարարը և հույս հայտնեց, որ  նաև հանդիպմանը ներկա փորձագետներին չի բավարարում իրենց տված եզրակացությունների որակական հիմնավորվածության բովանդակային մասը,- սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ»։ Եթե նախկին  կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝  նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։ Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝ -ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից -հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին -ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը -օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին -հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն: Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։ Նախարարը խնդրեց գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը   կդառնա պետության կողմից  կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։

Էկո հանրագիտարան. Մանգո

Էկո հանրագիտարան. Մանգո
Մի անգամ չէ, որ ապացուցվել է մանգոյի նիհարեցնող ազդեցությունը: Սակայն վերջերս գիտնականները հայտնաբերել են մանգոյի ևս մեկ օգտակար հատկություն: Հարվարդի համալսարանի մասնագետները ապացուցել են, որ մանգոյի մեջ հայտնաբերված բետա-կարոտինն ունակ է կանգնեցնել բրոնխիալ ասթմայի զարգացումը: Նույն գիտնականները հաստատել են նաև այն, որ վերջինս կանխում է նաև շագանակագեղձի քաղցկեղը: Նրանց՝ Texas AgriLife Research կազմակերպության գործընկերներն ավելի առաջ են գնացել և հաստատել, որ մանգոյի մեջ պարունակվող պոլիֆենոլները վնաս են նաև այլ տեսակի քաղցկեղային բջիջներին, ինչպիսիք են՝ աղիքի, կրծքագեղձի, թոքերի, շագանակագեղձի քաղցկեղը և լեյկեմիան: Սակայն մանգոյի ազդեցությունն առավել էֆեկտիվ է կրծքի և աղիների քաղցկեղի բջիջների վրա: Հիշեցնենք, որ բազմաթիվ հետազոտություններ հաստատել են մանգոյի ամենօրյա օգտագործման օգուտը ճարպակալման, դիաբետի, սիրտ-ամոթային հիվանդությունների դեմ պայքարում: Մեկ բաժակը կտրատված մանգոն պարունակում է 100 կալորիա, վիտամին C-ի օրվա չափաբաժնի 100%–ը, վիտամին A-ի՝ 35%–ը, ֆոլաթթվի՝ 20%–ը, վիտամին B6-ի՝ 10%–ը, վիտամին K-ի և կալիումի՝ 8%-ը: Նյութը՝ nutrition-and-you.com

Նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև

Նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև
Հայաստանում նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման աշխատանքները համակարգելու ու թափանցիկ դարձնելու նպատակով: Այս մասին 2021թ. հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ աշխատանքները կիրականացվեն «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, որի վավերացման մասին նախագիծը միաձայն քվեարկությամբ հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագրի մասնակից կողմերը պետք է միմյանց աջակցեն ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերման հարցերում, պետք է ներդնեն ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգ և հաշվառման համակարգ: «Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով կողմերը պետք է նշանակեն լիազորված մարմիններ, որոնք կմշակեն տեղեկատվության փոխանակման միասնական կարգ և փոխանակման ձևերը, ինչպես նաև կիրականացնեն անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովումը», - ասաց նա: Այդ ոլորտին վերաբերող պետական գաղտնիք համարվող ինֆորմացիայի փոխանակում տեղի չի ունենալու: Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նկատեց, որ վտանգավոր թափոններին վերաբերող մեկ այլ համաձայնագիր վավերացվել էր նաև նախորդ տարի: Ի պատասխան Հակոբ Վարդանյանն ասաց, որ նախորդ համաձայնագիրը վտանգավոր թափոններին էր վերաբերում, որը չէր վերաբերում ատոմակայանի առաջին դասի թափոններին, այլ՝ ռադիոակտիվ այլ աղբյուրներին, որոնք հիմնականում ձևավորվում են հիվանդանոցներում: «Մենք ատոմակայանի որևէ ռադիոակտիվ թափոն Հայաստանի Հանրապետությունից չենք տեղափոխում, այդ թվում՝ օգտագործված միջուկային վառելիքը, որը մնում է այստեղ: Ատոմակայանի գործունեության ընթացքում առաջացած մնացած հեղուկ և կոշտ թափոնները վերամշակվում և պահպանվում են ՀՀ ռադիոակտիվ թափոնների պահպանությամբ և կառավարմամբ զբաղվող ընկերությունում, որն այդ ամենն անում է անվճար՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ»,- նշեց նա: Նշենք, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. հունիսի 7-ին: Աղբյուրը՝ էկոլուր

Ուսումնասիրություններ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսությունում»

Ուսումնասիրություններ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսությունում»
«Բնապահպանի  տուն» ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։ Ուսումնասիրություններին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։ Ուսումնասիրություններից պարզվեց. Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։ Խմբի կողմից ընտրողական կարգով կատարվեց կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Համեմատական ուսումնասիրությունից պարզվեց, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։ Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։  

Բուսակերության բարոյագիտությունը

Բուսակերության բարոյագիտությունը
Շատերի կարծիքով, բուսակերության օգտին ամենակարևոր փաստարկը բարոյագիտական նկատառումներն են: Նրանք, ովքեր բուսակեր են դառնում բարոյագիտական նկատառումներից ելնելով, հիմնվում են այն համոզմունքի վրա, որ մյուս արարածները նույնպես զգացմունքներ ու հույզեր ունեն, ինչպես մարդը: Այդպիսի համոզմունքը ստիպում է մարդուն ավելի շրջահայաց լինել իրենց գործողություններում և աշխատել տառապանք չպատճառել մյուս կենդանի արարածներին: «Հյուսիս-ամերիկյան բուսակերական ընկերության» ամսագրում հրապարակված «Բուսակերության բարոյագիտությունը» ակնարկը պսակազերծում է այսպես կոչված «կենդանիներին մարդասիրաբար սպանելու» ըմբռնումը. «Մեր օրերում շատ մարդիկ իրենց հանգստացնում են այն մտքով, որ կենդանիներին այժմ սպանում են «մարդասիրական» եղանակներով, և խուլ են մնում սննդի մեջ միս օգտագործելու անբարոյականությունն ապացուցող ցանկացած փաստարկի հանդեպ: Ցավոք, այդ պատկերացումները ոչ մի ընդհանուր բան չունեն կյանքի, ինչպես նաև մահվան ճշմարտության հետ: Մսացու կենդանիները, որոնք իրենց ողջ կյանքն անց են կացնում գերության մեջ, դատապարտված են խղճուկ, տանջալի գոյության: Նրանք լույս աշխարհ են գալիս արհեստական բեղմնավորման հետևանքով, ենթարկվում են դաժան կրտման և հորմոններով խթանման, նրանց բտում են անբնական սննդով և ի վերջո սարսափելի պայմանններում տանում են այնտեղ, որտեղ նրանց մահ է սպասում: Նեղ փարախներ, էլեկտրական խթաններ… և այս ամենը առաջվա պես կենդանիների բազմացման ու մորթման «նորագույն» եղանակների անբաժանելի մասն է կազմում: Աչք փակել այս ամենի վրա և բողոքել լոկ կյանքի վերջին վայրկյաններին կենդանիների նկատմամբ անմարդկային դաժանության դեմ նշանակում է խիստ աղոտ պատկերացումներ ունենալ «մարդասիրական» բառի իմաստի մասին»: Կենդանիներին սպանելու մասին ճշմարտությունը, մեղմ ասած, այնքան էլ գրավիչ չէ. արդյունաբերական սպանդանոցները դժոխքի տեսարաններ են հիշեցնում: Ականջ ծակող ձայնով ճչացող կենդանիներին լռեցնում են մուրճի հարվածներով, էլեկտրական հոսանքով կամ օդաճնշական ատրճանակներով: Այնուհետև նրանց ոտքերից կախում են փոխակրիչից, որը նրանց տանում է այդ մահվան ֆաբրիկայի արտադրամասերով: Դեռևս կենդանի ժամանակ նրանց կոկորդը կտրում են և կաշին քերթում, այնպես որ նրանք մեռնում են արյան կորստից: Դժվար է հասկանալ, թե ինչու կոնվենցիաներն ու համաձայնագրերը, որ կանխապայմաններ են դնում ընտանի կենդանիների ու նույնիսկ լաբորատորական առնետների հետ վարվելու վերաբերյալ, չեն տարածվում գյուղատնտեսական կենդանիների վրա, որոնց խեղում ու անխղճորեն սպանում են սպանդանոցներում: Շատ մարդիկ առանց տատանվելու կհրաժարվեին մսեղենից, եթե առիթ ունենային գտնվելու սպանդանոցում կամ ստիպված լինեին անձամբ սպանել այն կենդանիներին, որոնց միսն իրենք ուտում են: Դրա համար էլ շատ օգտակար կլիներ սպանդանոցներ այցելելը պարտադիր դարձնել բոլոր նրանց համար, ովքեր սնվում են մսով: Հին ժամանակների նշանավոր մաթեմատիկոս Պյութագորասն ասել է. «Եղբայրներ իմ, մի պղծեք ձեր մարմինը մեղսալի սննդով: Մենք ունենք ցորեն, ունենք խնձոր, որի ծանրությունից կռանում են խնձորենու ճյուղերը, վազերի վրա հյութակալած խաղող: Ունենք հոտավետ խոտեր ու բանջարեղեն, որոնք կարելի է պատրաստել կրակի վրա, մեզ չեն զրկել կաթից ու մեղրից, որից ուրցի հոտ է գալիս: Հողն առատորեն պարգևում է մեզ իր գանձերը` տրամադրելով մաքուր սնունդ, և հրավիրում մեզ ճաշկերույթի, որը պղտորված չէ արյունահեղությամբ. միայն գազաններն են իրենց քաղցը հագեցնում մսով, այն էլ նրանցից ոչ բոլորը, չէ՞ որ ձիերը, կովերն ու ոչխարները խոտով են կերակրվում»: «Մարմին/միս ուտելը» վերնագրված աշխատության մեջ հռոմեացի պատմաբան Պլուտարքոսը գրում է. «Արժե՞ արդյոք հարցնել, թե ինչու է Պյութագորասը հրաժարվել մսից: Անձամբ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մտքի ինչպիսի վիճակում է եղել այն մարդը, որն առաջին անգամ շուրթերը հպել է արնաշաղախ մարմնին ու լեշ ճաշակել, ինչպիսի հանգամանքներ են ստիպել նրան իր սեղանները լցնել քայքայված մարմիններից պատրաստված ճաշատեսակներով և ուտելիք անվանել այն, ինչը բոլորովին վերջերս դեռ բառաչում ու մկկում էր, շարժվում ու շնչում էր... Չգիտես ինչու, մենք չենք ուտում առյուծներին ու գայլերին, որոնք վտանգ են ներկայացնում մեր կյանքին, բայց փոխարենը սպանում ենք անվնաս, հնազանդ էակների, որոնք մեզ ոչ մի վնաս չեն կարող պատճառել, քանզի ոչ ճանկեր ունեն, ոչ էլ ժանիքներ: Մի կտոր մսի համար մենք զրկում ենք նրանց արևից, լույսից ու կյանքից, որի իրավունքը նրանք ունեն ճիշտ այնպես, ինչպես և մենք»: Այնուհետև Պլուտարքոսը մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր սնվում են մսով. «Եթե դուք այդքան համոզված եք, որ կենդանիները նախատեսված են մեր սննդի համար, ապա նախ ինքներդ սպանեք այն արարածին, որի միսն ուզում եք ուտել: Բայց սպանեք նրան սեփական ձեռքերով կամ ատամներով` առանց դանակի, մահակի կամ կացնի օգնությանը դիմելու»: Անգլիացի բանաստեղծ Շելլին նույնպես համոզված բուսակեր էր: Իր «Ի պաշտպանություն բնական սննդի» էսսեում նա գրել է. «Թող մսակերության կողմնակիցն իր համոզմունքները գործով ապացուցի: Թող նա, հետևելով Պլուտարքոսի խորհրդին, իր ատամներով հոշոտի կենդանի գառանը և ատամները խրելով նրա ներքին օրգանների մեջ` ծարավը հագեցնի հոսող արյամբ... այդ դեպքում և միայն այդ դեպքում նա հետևողական կլինի»: Ջորջ Բեռնարդ Շոուն մերկացրել է մարդկանց երկերեսանիությունը. «Երբ մարդն ուզում է վագրին սպանել, դա սպորտ է համարվում, իսկ երբ վագրն է ուզում մարդուն սպանել, դա դաժանություն է համարվում»: Լև Տոլստոյը գրել է, որ կենդանիներին սպանելով հանուն կերակուրի` «մարդն իր մեջ ճնշում է բարձրագույն հոգևոր զգացմունքները` կարեկցանքն ու խղճահարությունը իր նման այլ կենդանի արարածների նկատմամբ, և իրեն հաղթահարելով` դաժանացնում է իր սիրտը»: Նա նաև նախազգուշացրել է. «Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ երկրի վրա խաղաղություն ու բարգավաճում կտիրի, եթե մեր մարմինները կենդանի գերեզմաններ են, որոնցում սպանված կենդանիներ են թաղված»: Կորցնելով հարգանքը կենդանիների կյանքի հանդեպ` մարդիկ դադարում են գնահատել նաև մարդկային կյանքը: 2600 տարի առաջ Պյութագորասն ասել է. «Նրանք, ովքեր սպանում են կենդանիներին` նրանց միսն ուտելու համար, կարող են առանց երկար մտածելու սպանել նաև իրենց նմաններին»: Մենք սարսափում ենք թշնամու զենքերից, ռումբերից ու հրթիռներից, բայց հանգիստ աչք ենք փակում այն մահացու ցավի ու սարսափի վրա, որ զգում են ամեն տարի մեր կերակրման համար սպանվող մեկուկես միլիարդ կովերը, ոչխարներն ու խոզերը և 225 միլիարդ թռչունները (24): Ամեն տարի որսացվող ձկների քանակը տրիլիոնների է հասնում, էլ չենք խոսում այն տասնյակ միլիոնավոր կենդանիների մասին, որ տանջամահ են արվում «կտտանքների ճամբարներում»` բժշկական և գիտական լաբորատորիաներում, և այն կենդանիների մասին, որոնց սպանում են հանուն մորթու, կաշվի կամ պարզապես զվարճության համար որսի ժամանակ: Ու՞մ լեզուն կպտտվի ժխտել, որ նման վայրագությունները սրտեր են դաժանացնում: Լեոնարդո դա Վինչին գրել է. «Հիրավի, մարդը գազանների արքան է, քանզի իր դաժանությամբ նա զգալիորեն գերազանցում է նրանց: Մենք ապրում ենք ուրիշների կյանքի գնով: Մեր մարմինները քայլող գերեզմանոցներ են»: Այնուհետև. «Կգա ժամանակ, երբ մարդիկ կենդանի սպանողին կնայեն ճիշտ այնպես, ինչպես մարդ սպանողին»: Մահաթմա Գանդին համարում էր, որ բարոյագիտական սկզբունքներն ավելի ծանրակշիռ հիմքեր են հանդիսանում բուսակեր դառնալու համար, քան սեփական առողջության մասին հոգալը: «Ես համոզված եմ,- գրել է նա,- որ եթե մենք ձգտում ենք հոգևոր կատարելագործման, ապա պետք է դադարենք սպանել մեր կրտսեր եղբայրներին հանուն մեր ֆիզիկական պահանջմունքների բավարարման»: Նրան է պատկանում նաև հետևյալ ասույթը. «Երկրի մեծության մասին կարելի դատել այն բանից, թե նրանում ինչպես են վերաբերվում կենդանիներին»:

Հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ՝ Վանաձորում․ ահազանգում է «Բնապահպանի տունը»

Հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ՝ Վանաձորում․ ահազանգում է «Բնապահպանի տունը»
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները շարունակում են ահազանգել ՀՀտարածքում արձանագրվող ապօրինի անտառհատումների մասին։ Նախաձեռնությունը հայտնում է․ «Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ... Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ են։ Միայն ճանապարհի կողքին հաշվել ենք մոտավոր 100 հատ կտրված ծառ։ Չփորձեք սա ներկայացնել որպես սանիտարական մաքրումներ ու հատումներ։ Կտրել են նույնիսկ հենց ճանապարհի բերանի հողաշերտը սողանքից ու քարաթափումից պահող ծառերը։ Կտրել են հիմնականում ամենահաստ, սլացիկ ու երկար բույն ունեցող ծառերը, որոնք հարմար են կահույքի փայտանյութի համար»։ Նախաձեռնության անդամները պահանջում են Վանաձորի անտառտնտեսությունից և այլ պետական կառույցներից հանրությանը ներկայացնել, թե «ու՞ր ու ինչ նպատակով են օգտագործվել ու ու՞մ են վաճառվել այս ծառերը։ Եվ իհարկե ի՞նչ ծիծաղելի գներով։ Մենք առաջին անգամը չի, որ այսպիսի խաղերի ենք հանդիպում»։ Ընդգծենք, որ 2020թ․–ի աշնանը Արցախում տեղի ունեցող լայնածավալ պատերազմի ֆոնին թե Արցախում, թե Հայաստանում նկատվել է ապօրինի ծառահատումների ծավալի աճ։ Այս մասին հայտնել է նաև ՇՄ նախարարությունը։ ՀՀ տարածքում ապօրինի ծառահատումների խնդիրը շարունակում է չլուծված մնալ վերահսկողության ոչ բավարար մակարդակի և այլ համակարգային խնդիրների հետևանքով։ Նյութի աղբյուրը` econews.am

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  որոշմամբ նախատեսվում է  ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։ Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է  խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։ Այսպիսով՝ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման,  դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։ Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։ Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։ Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել  press@env.am  էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։ Հայտի մեջ պետք է ներառել՝ Անուն, ազգանուն Կազմակերպության անուն Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն Հեռախոսահամար Էլեկտրոնային հասցե Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 25-ն է։ Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորված  հանձնաժողովի կողմից։ Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 503 հեռախոսահամարով։

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.01-18.01.2021թթ.)

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.01-18.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի  երեկոյան, 16-ին  առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝  հարավային՝ 5-8մ/վրկ,  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում  աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։ Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։ Հայտերը կարող եք լրացնել առցանց կամ թղթային տարբերակով (Word PDF): Հայտերի ընդունման վերջնաժամկետը  15.03.2021թ.-ն է: Մրցույթի մանրամասներին, պահանջներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Լոռու մարզ՝ Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Պուշկինո, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ: Տավուշի մարզ՝ Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ: Գեղարքունիքի մարզ՝ Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք: Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական  հասարակական կազմակերպության և «Բեզոար»  վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից, ուղղված է Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 գյուղերում օրգանական գյուղատնտեսության զարգացման, կոոպերատիվների ստեղծման և ստացված արտադրանքի վաճառքի խթանմանը: Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը և կենսաբազմազանության պահապանությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)55575528 հեռախոսահամարին կամ գրել organiccontest@nabu.am հասցեին։ «Էկոլոգիական Սնունդ» ավանդականից անցում օրգանականի բրոշյուրը կարող եք ներբեռնել այստեղ։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել