Նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև

https://eco.am/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bc%d5%a1%d5%a4%d5%ab%d5%b8%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/

Հայաստանում նախատեսվում է ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում ԱՊՀ անդամ-երկների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման աշխատանքները համակարգելու ու թափանցիկ դարձնելու նպատակով: Այս մասին 2021թ. հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ աշխատանքները կիրականացվեն «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, որի վավերացման մասին նախագիծը միաձայն քվեարկությամբ հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից:

Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագրի մասնակից կողմերը պետք է միմյանց աջակցեն ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերման հարցերում, պետք է ներդնեն ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգ և հաշվառման համակարգ: «Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով կողմերը պետք է նշանակեն լիազորված մարմիններ, որոնք կմշակեն տեղեկատվության փոխանակման միասնական կարգ և փոխանակման ձևերը, ինչպես նաև կիրականացնեն անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովումը», – ասաց նա: Այդ ոլորտին վերաբերող պետական գաղտնիք համարվող ինֆորմացիայի փոխանակում տեղի չի ունենալու:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նկատեց, որ վտանգավոր թափոններին վերաբերող մեկ այլ համաձայնագիր վավերացվել էր նաև նախորդ տարի: Ի պատասխան Հակոբ Վարդանյանն ասաց, որ նախորդ համաձայնագիրը վտանգավոր թափոններին էր վերաբերում, որը չէր վերաբերում ատոմակայանի առաջին դասի թափոններին, այլ՝ ռադիոակտիվ այլ աղբյուրներին, որոնք հիմնականում ձևավորվում են հիվանդանոցներում: «Մենք ատոմակայանի որևէ ռադիոակտիվ թափոն Հայաստանի Հանրապետությունից չենք տեղափոխում, այդ թվում՝ օգտագործված միջուկային վառելիքը, որը մնում է այստեղ: Ատոմակայանի գործունեության ընթացքում առաջացած մնացած հեղուկ և կոշտ թափոնները վերամշակվում և պահպանվում են ՀՀ ռադիոակտիվ թափոնների պահպանությամբ և կառավարմամբ զբաղվող ընկերությունում, որն այդ ամենն անում է անվճար՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ»,- նշեց նա:

Նշենք, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. հունիսի 7-ին:

Աղբյուրը՝ էկոլուր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։