Blog
In
other , eco-dexatun
Հայ բժիշկն արժանացել է Նոբելյան մրցանակ
Posted on 4 Հոկտեմբերի, 2021

Գիտնականներ Դևիդ Ջուլիուսը և Արտեմ Պատապուտյանը արժանացել են Նոբելյան կոմիտեի բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակին։ Հեղինակավոր այդ մրցանակին գիտնականներն արժանացել են այն ուսումնասիրության համար, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը։ Գիտնականները ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման: Ջուլիուսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում է մինչ օրս: Պատապուտյանը ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում:
In
other , shrjaka-mijavayr
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության օրն է
Posted on 4 Հոկտեմբերի, 2021

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լինելով լեռնային երկիր, ցայտուն արտահայտված բարձրունքային գոտիականությամբ, գտնվելով ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա, իր առանձնահատուկ կտրտված լանդշաֆտով մեր երկիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել կենդանական աշխարհի բազմազան տեսակների առաջացման համար: Հայաստանում հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ: Շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի, և առհասարակ, աշխարհի էկոլոգիայի անխաթարության պահպանման համար: Մեր քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության գործում։
In
other , shrjaka-mijavayr
«Սևան․ կորսվող հարստությունը»․ Սևանա լճի ողջ հմայքն ու խնդիրները մեկ ֆիլմում
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Սևանը Հայաստանի փիրուզե զարդն է, որի պահպանության ու մաքրության համար մեծ ջանքեր հարկավոր չեն, պարզապես սրտացավությունը բավական է, որպեսզի այն հետագա դարերում էլ շարունակի մնալ մեր ջրային զարդը։ Տիգրան Խաչատրյանի «Սևան․կորսվող հարստությունը» ֆիլմը պատմում է Սևանա լճի կարևորության և խնդիրների մասին: Օդային բացառիկ նկարահանումների օգնությամբ ներկայացվում է Սևանի ամբողջ հմայքը, լիճ լցվող գետերը, շրջակա լեռները, կենդանական աշխարհը, անհայտ բազմաթիվ գեղեցիկ վայրեր, բնության և մշակութային հուշարձաններ: Ֆիլմի ասելիքն այն է, որ Սևանը Արցախի նման կարևոր է մեզ համար: Որպեսզի չկորցնենք նաև Սևանը, պետք է սիրենք, խնամենք ու զարգացնենք այն, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարություն: Այլապես կկորցնենք նաև Սևանը: Հաճելի դիտում:
In
other , eco-aprelakerp
«Պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է մոռանա գազավորված ըմպելիքների, ճարպոտ սննդի մասին»․ Կամո Ունանյան
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Որոշ մասնագիտությունների դեպքում առողջ ապրելակերպը երբեմն դառնում է օրինաչափություն։ Սպորտսմենների դեպքում, առանց շեղումների, դառնում է ապրելակերպ։ Կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը Eco.am-ի հետ զրույցում փաստում է, որ յուրաքանչյուր սպորտսմեն, երբ սիրողականից դառնում է պրոֆեսիոնալ, ուզի թե ոչ, պիտի առողջ ապրելակերպ վարի։ «Առաջին հերթին պետք է ճիշտ սննդակարգ պահպանել, իսկ եթե ուզում ես որոշակի հաջողութունների հասնել, պարտավոր ես կանոնավոր ու ժամանակին սնվել։ Պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է մոռանա գազավորված ըմպելիքների, ճարպոտ սննդի մասին։ ժամանակին գազավորված ըմպելիքներ շատ էի խմում, հավատացե՛ք ինչպես յուրաքանչյուր սովորական մարդու, ինձ նույնպես շատ էր խանգարում։ Իսկ երբ գալիս էր, այսպես ասած, «քաշ գցելու» ժամանակը, սկսվում էր դժվար ու տաժանակիր պրոցես։ Բայց մի օր իմ մեջ գտա այդ ուժը ու գազավորված ըմպելիքները փոխարինեցի սովորական ջրով։ Կարելի է սննդակարգում օգտագործել գազավորված խմիչքներ ու ճարպոտ սնունդ, բայց չափի մեջ։ Հավատացեք, դրանցով ինքներդ ձեզ եք վնասում։ Մարսողությունը շատ կարևոր է, հատկապես մարզիկների համար»,- ասում է կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոնն ու կարևորելով օրգանիզմում ջրի դերը հորդորում է, շատ ջուր խմել, ինչն էլ իր հերթին կբարելավվի օրգանիզմում մարսողությունն ու նյութափոխանակությունը։ Կամոն ասում է, որ երբեք ծորակից ջուր չի խմում, մանկությունից մնացած սովորություն է, բայց հայաստանյան ցայտաղբյուրների ջրի սառնորակությունը երբեմն համտեսում է․ «Ճիշտ է մենք ունենք քաղցրահամ ջուր, բայց երբեք ծորակից ջուր չեմ խմում, այդ սովորությունը մնացել է մանկուց, քանի որ մեծացել եմ Ղազախստանում, որտեղ ցանկալի չէ ծորակից ջուր խմելը»,- ժպիտով պատմում է սպորտսմենն ու դեմքի նույն արտահայտությամբ շարունակում․ «Գուցե հայ շատ տղամարդկանց համար զարմանալի թվա, բայց ես քաբաբ, խորոված և նման այլ ճարպոտ ուտեստներն էլ եմ հազվադեպ ուտում։ Ինչը չէի ասի օրինակ ծովամթերքի մասին, որի համար խելքս գնում է։ Ընդհանրապես ձուկ շատ եմ սիրում, առավել ևս շոգեխաշած վիճակում։ Ես չեմ ուտում այն սնունդը որի մեջ կա շաքար, բարձր կալորիականություն։ Օրինակ շատերը դիետիկ են համարում ձմերուկը, բայց հաշվի չեն առնում որ ձմերուկը հարուստ է բնական շաքարով։ Ընդհանրապես, երեկոյան ժամերին պետք է թեթև սնվել՝ օրգանիզմին սթրեսի չենթարկելու համար»։ Սիրելի ուտեստների ցանկը շարունակելով Կ․ Ունանյանն ասաց․ «Ընդհանրապես, աղցաններ շատ եմ սիրում, հատկապես «Կեսար» կամ ավոկադոյով աղցանները»։ Սպորտսմենի կարծիքով, կապ չունի տղամարդ, թե կին պետք է հետևողական լինի անձնական հիգիենային ու մաշկի խնամիքն։ «Անձնական հիգիենան պահպանելու համար միայն լոգանք ընդունելը չէ, շատերին գուցե ծանոթ լինի «քիսա» ասվածը, որը շատ օգտակար պրոցեդուրա է։ Օրինակ, ես ամսվա մեջ երկու անգամ գնում եմ «քիսայի», որ մաշկս շնչի, ծակոտիները բացվի, առողջ լինի»,- խորհուրդ է տալիս մարզիկն ու հավելում, որ առողջ ապրելակերպի կարևոր մասնիկ է նաև հաճախ բնության գրկում լինելը․ «Ես բնիկ Վայքից եմ ու ամիսը մի քանի օրով անպայման գնում եմ ջերմուկ, որտեղ օդը շատ մաքուր է, մարզվելն ավելի արդյունավետ է ու առողջարար»։ Սպորտսմենին երբեմն նյարդայնացնում են շրջակա միջավայրն աղտոտող համաքաղաքացիները, որոնք մեքենայի պատուհանից ծխախոտի դատարկ տուփեր ու աղբ են նետում․ «Շատ դեպքեր են եղել, որ նկատողություն եմ արել, բայց ապարդյուն։ Տարօրինակն այն է, որ այդ նույն մարդիկ ուրիշ երկրում ապրելով ավելի կանոնավոր են հետևում օրենքներին, քանի որ վախենում են տուգանվելուց։ Բայց, չէ որ սա մեր քաղաքն է, եթե մենք աղտոտենք մեր շրջակա միջավայրը կդառնանք 5-րդ կարգի հետամնաց երկիր։ Շրջակա միջավայրի պահպանությունը ևս հայրենասիրություն է, քանի որ սա մեր երկիրն է, մեր հողն ու ջուրն է»,- եզրափակեց զրուցակիցը։
In
other , shrjaka-mijavayr
Հրաբխի պատճառով Պալմա կղզին բնական աղետի գոտի է հայտարարվել
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Սեպտեմբերի 19-ին Իսպանական Պալմա կղզում՝ Կանարյան կղզիներում հրաբուխ է ժայթքել՝ Պասո բնակավայրի մոտ։ Անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Առայժմ տուժողներ չկան։ Պալմա կղզին՝ որպես քաղաքացիական պաշտպանության ոլորտ, արտակարգ իրավիճակից լրջորեն տուժած տարածք է հայտարարվել: Ժայթքող լավայի հոսքը դանդաղ շարժվում է դեպի օվկիանոս՝ ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ։ Հրաբխի խառնարանից բարձրանում է ծխի մեծ սյուն։ Լավան արդեն ոչնչացրել է մոտ 600 շենք, 258 հա ծածկվել է լավայով, 21 կիլոմետր ճանապարհ քանդվել է։ Այժմ տեղի իշխանությունները սպասում են, թե երբ լավայի հոսքը կհասնի Պալմայի ծովափին։ Շիկացած հրաբխազանգվածի շփումը աղի ջրի հետ կարող է առաջ բերել պայթյուններ եւ վնասակար գազերի արտանետումներ։ Առայժմ լավան ծովափից հեռու է 800-1000 մետր։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Եթե սովի ժամանակ կարողացել են անտառներ հիմնել, հիմա էլ կարող ենք ու պետք է»․ Բույսերի կոլեկցիոներ
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային բաժնում այցելուն ծանոթանում է ոչ միայն մասնագետների կատարած բացառիկ աշխատանքներին, այլև նրանց նախասիրության պտուղներին: Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի բաժնի պետ Մամիկոն Սահակյանը բույսերի կոլեկցիոներ է: Ամենասիրելիները ասեղնատերևավորներն են: «Խառը հավաքածու է, ինչ ասես կա՝ արծաթափայլ, եվրոպական, արևելյան եղևնիներ, հիմալայան մայրի, նոճի, մագլցող գիհի, կազակական գիհի, ղրիմյան, էլդարյան, կովկասյան սոճի»,- հպարտանում է Մամիկոնը: Նա ասեղնատերևավորները համեմատում է կայուն բնավորությամբ մարդկանց հետ: Ամառ-ձմեռ, երբ մյուս ծառերը մերկանում են, ասեղնատերևավորները հպարտությամբ շարունակում են կրել իրենց կանաչ «զգեստն» ու փայլում թե՛ քաղաքում, թե՛ անտառներում: Մամիկոնը կարծում է, որ մեր քաղաքին ու ամբողջ երկրին հենց մշտադալարներն են պակասում: Որոշները դժվար են դեռևս հարմարվում Հայաստանի կլիմային, օրինակ՝ էլդարյան սոճին, հիմալայան մայրին: Բայց կարծրատիպերը կոտրողներ կան: Օրինակ՝ Անդրանիկը, որի մասին մենք արդեն պատմել ենք: Իր մոտ Էլդարյան սոճիներն ավելի փարթամ ու բարձրահասակ են, քան որոշ այգեպանների պտղատու ծառերը: Գուցե շուտ են փորձել հարմարեցնել էլդարյան սոճին, երբ երևանյան ձմեռներն ավելի խիստ էին: Հիմա կլիման ավելի մեղմ է դարձել: Դա նշանակում է, որ մինչև 40 տարի առաջ այստեղ լավ աճ չապահոված ծառերն, օրինակ՝ ասեղնատերևավորները, արդեն կարող են հարմարվել տեղի կլիմային: Անտառագետներն անելիք շատ ունեն, պետք է նոր ծառերի մասին մտածեն: Առջևում էլ գլոբալ տաքացումն է…. Մամիկոնն իր նման մտածող մի քանի ընկեր գտավ: Հենց համացանցում: Պատահաբար ֆեյսբուքյան լրահոսում հայտնվեցին ապագա ընկերոջ տեղադրած լուսանկարները, որում նրա աճեցրած սերմնաբուսակներն էին: Տեսավ ու հասկացավ, որ ուզում է շփվել դրանց տիրոջ հետ: Հետո շփվեցին, հետո ընկերացան, հիմա արդեն համախոհներ են: Ուզում են իրենց հավաքածուներով դենդրոպարկի հիմք դնել, ինչպես ժամանակին արել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչը։ Նրա անձնական հավաքածուի շնորհիվ է այն ստեղծվել: Տեսեք, մինչև 1930-ական թվականները քանի անտառ է հիմնվել: Դե պատկերացրեք ժամանակահատվածը՝ գաղթ, սով, համաճարակ, տնտեսության սարսափելի վիճակ․․․ Եթե այդ ժամանակ կարողացել են անտառներ հիմնել, հիմա էլ կարող ենք: Ու պետք է անենք: Մեզ բնություն է պետք: Ասում է, որ չի խանդում լավ կոլեկցիոներներին: Օրինակ՝ Լեոնովիչին, Անդրանիկին կամ իջևանցի Մեխակին: Այս կոլեկցիոներները փորձով կիսվել գիտեն: Բնության օգուտը բոլորինս է, պետք է փորձով փոխանակվել:
In
other , eco-aprelakerp , eco-snund
Այսօր Սուրճի միջազգային օրն է
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Այսօր ողջ աշխարհում սուրճի սիրահարները նշում են սուրճի միջազգային օրը։ Սուրճը, դարեր շարունակ թարմացրել է անգամ կայսրերին և մշակույթի գիգանտներին։ Օրինակ՝ Ֆրանսիայի կայս Նապոլեոն Բոնոպարտն ասում էր, որ թունդ սուրճը վերակենդանացնում է իրեն։ Իսկ Բեթհովենն ամեն օր իր համար սուրճի 60 հատիկով ըմպելիք էր պատրաստում, Վոլտերն էլ օրական 50 բաժակ սուրճ էր խմում, արդյունքում ապրել է 83 տարի: Այնպես որ, թյուր է այն կարծիքը, թե սուրճը վտանգավոր է առողջության համար։ Eco.am-ն իր ընթերցողների համար ներկայացնում է սուրճի օգտակարության մի քանի կարևոր հանգամանքներ։ 1․Բարելավում է գլխուղեղի աշխատանքը Նախ սուրճն օգնում է հեշտ կենտրոնանալ և արագացնում է մարդու ուղեղի աշխատանքը: Սակայն, հիշեք, որ դրական արդյունքի համար սուրճը պետք է շաքար պարունակի, քանի որ կոֆեինի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում գլխուղեղի անհրաժեշտ հատվածները: Ի դեպ, ոչ մի դեպքում չի՛ կարելի սուրճը խմել դատարկ ստամոքսին, այդ դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում: 2․Բարձրացնում է զարկերակային ճնշումը Մի բաժակ սուրճը կօգնի կարգավորել զարկերակային ցածր ճնշումը, բայց այն հակացուցված է այն հիվանդներին, որոնց մոտ սուրճի հետևանքով արագանում է անոթազարկը և նկատվում է տախիկարդիա: Արյան գերճնշումից տառապողներին սուրճ խմելու սովորությունը նույնպես չի վնասի, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է ըմպելիքին և դադարում է արձագանքել ճնշման բարձրացմամբ: 3․ Բարձրացնում է դիմադրողականությունը Գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ օրական որքան շատ սուրճ է խմում մարդը, այնքան ցածր է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական երեք բաժակ սուրճն է: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ ակտիվացնելով ու առողջացնելով այն: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան, իսկ քիմիական բաղադրիչները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա: 4․Մեղմում է գլխացավերը Բնական սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կօգնի բուժել գլխացավն ու միգրենը: Սակայն սա ոչ մի դեպքում չի կարող լինել ցավազրկողներին լիարժեք փոխարինող միջոց: Ցավազրկող միջոցները շատ արդյունավետ են, քանի որ դրանց բաղադրությանը հաճախ ավելացվում է կոֆեին, որն ուժեղացնում է դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների ազդեցությունը 40%-ով: 5․Սուրճը հակադեպրեսանտ է Շնորհիվ դոֆամինի ու սերոտոնինի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից: Ընդամենը մի բաժակ սուրճը կամ նույնիսկ դրա բույրը կօգնի արագ կողմնորոշվել ու չհուսահատվել սթրեսային իրավիճակներում: Բացի այդ, կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենատարածված միջոցն է, իսկ այդ խթանումն օգնում է խուսափել դեպրեսիաներից: Սակայն նման ազդեցությամբ օժտված է միայն սուրճի մեջ պարունակվող կոֆեինը: Թեյի, գազավորված ըմպելիքների կամ շոկոլադի մեջ պարունակվող կոֆեինը նման ազդեցությունը չի ունենում: 6․ Բարելավում է հիշողությունը Սուրճը բարելավում է տրամադրությունն ու բարձրացնում աշխատունակությունը, օգնում են բարելավել նաև հիշողությունը: Սակայն, սա վերաբերում է միայն կարճատև հիշողությանը և միայն մեկ ժամ հետո բարենպաստ պայմանների դեպքում ստացած տեղեկատվությունը պահպանվում է երկարատև հիշողության մեջ: 7․ Նվազեցնում է քաշը Օրգանիզմում լիպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման ու քաշի ավելացման, իսկ կոֆեինը բարձրացնում է օրգանիզմում լիպտինի մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճի սիրահարներն ավելի դանդաղ են ավելորդ քաշ կուտակում, իսկ մարզումները նրանց համար ավելի արդյունավետ են լինում:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Գյումրիում
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի համատեղ ջանքերով սեպտեմբերի 17-19-ը Գյումրիում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընըթաց: Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հնարավոր ուղիներին: Դիտարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝ «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և Կենսաբազմազանության և քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը և Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։ Ծրագրին մասնակցում էին Շիրակի մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ուսանողներ և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ։
In
other , eco-mshakuyt
Սիրո հավերժ երգիչ՝ շնորհակալ ենք
Posted on 1 Հոկտեմբերի, 2021

Սիրո հավերժ քաղաքում՝ Երևանում, որտեղ շատերս սիրահարվել և հիասթափվել ենք, արտասվել և լիաթոք ուրախացել, արդեն մի քանի օր է ինչ թանձրացած վիշտ է: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան, բոլորիս կողմից սիրված Հայկոն՝ Հայկ Հակոբյանը, անժամանակ հեռացավ կյանքից։ Օրեր շարունակ կյանքի ու մահու հետ կռիվ տալով՝ բազում կյանքեր խլած և ցավոք արդեն սովորական դարձած քովիդի համաճարակի դեմ, Հայկոն պայքարի զենքերը վայր դրեց՝ ընտրելով հավերժի ճանապարհը։ Նա այն երաժիշտներից է, որ ողջ գործունեության ընթացքում պաքարեց անորակի դեմ՝ կերտելով իր յուրահատուկ ոճը՝ որակովը: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի մեղեդային, սիրո, նուրբ զգացմունքների մասին արտահայտող երգ, թե երաժշտություն հոգեհարազատ էր բոլորիս։ Մաեստրոյի, (սիրում էր երբ իրեն ընկերներն այդպես էին դիմում) ընտրած ամեն մի հնչյուն խոսուն էր ու ամբողջական՝ ինքն իրենով: Տպավորություն էր, կարծես գործիքները և նոտաները հասկանում էին նրա հոգու պարունակությունը և հեշտությամբ վերարտադրում զգացածը: Հայկոն մի շարք՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ», «Երկրաշարժ» ֆիլմերի և «Հարսանիք թիկունքում» ներկայացման երաժշտության հեղինակն էր: Թեպետ, հեռուստահաղորդումներից մեկում նա մի անգամ նեղսրտել էր, թե ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինքը մի շարք ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է, բայց իրեն հատուկ համեստությամբ, կրկին շարունակում էր ստեղծագործել և՛ ֆիլմերի, և՛ ընկերների, և՛ իր, և՛ արդեն սերունդների համար, ուշադրություն չդարձնելով մշակութային անտարբերությանը։ Նրա ստեղծագործությունները դեռ շատ սերունդներ կապրեցնեն՝ իրենց կատարումներով։ Սիրո հավերժ երգիչ, քո գործն անմահ է, շնորհակալ ենք քո սիրով լեցուն ստեղծագործությունների համար, դրանց միջոցով մեզ սիրո լեզվով արտահայտվել սովորեցնելու համար: Խորին ցավակցությունն ենք հայտնում Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլորիս:
In
other , shrjaka-mijavayr
Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը
Posted on 24 Սեպտեմբերի, 2021

Բացի վերոնշյալից՝ նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով, իսկ այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատելում իրականացնելու համար։
Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:


