«Պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է մոռանա գազավորված ըմպելիքների, ճարպոտ սննդի մասին»․ Կամո Ունանյան

https://eco.am/%d5%ba%d6%80%d5%b8%d6%86%d5%a5%d5%bd%d5%ab%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%bd%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b4%d5%b8%d5%bc%d5%a1%d5%b6/

Որոշ մասնագիտությունների դեպքում առողջ ապրելակերպը երբեմն դառնում է օրինաչափություն։ Սպորտսմենների դեպքում, առանց շեղումների, դառնում է ապրելակերպ։ Կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը Eco.am-ի հետ զրույցում փաստում է, որ յուրաքանչյուր սպորտսմեն, երբ սիրողականից դառնում է պրոֆեսիոնալ, ուզի թե ոչ, պիտի առողջ ապրելակերպ վարի։

«Առաջին հերթին պետք է ճիշտ սննդակարգ պահպանել, իսկ եթե ուզում ես որոշակի հաջողութունների հասնել, պարտավոր ես կանոնավոր ու ժամանակին սնվել։ Պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է մոռանա գազավորված ըմպելիքների, ճարպոտ սննդի մասին։ ժամանակին գազավորված ըմպելիքներ շատ էի խմում, հավատացե՛ք ինչպես յուրաքանչյուր սովորական մարդու, ինձ նույնպես շատ էր խանգարում։ Իսկ երբ գալիս էր, այսպես ասած, «քաշ գցելու» ժամանակը, սկսվում էր դժվար ու տաժանակիր պրոցես։ Բայց մի օր իմ մեջ գտա այդ ուժը ու գազավորված ըմպելիքները փոխարինեցի սովորական ջրով։ Կարելի է սննդակարգում օգտագործել գազավորված խմիչքներ ու ճարպոտ սնունդ, բայց չափի մեջ։ Հավատացեք, դրանցով ինքներդ ձեզ եք վնասում։ Մարսողությունը շատ կարևոր է, հատկապես մարզիկների համար»,- ասում է կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոնն ու կարևորելով օրգանիզմում ջրի դերը հորդորում է, շատ ջուր խմել, ինչն էլ իր հերթին կբարելավվի օրգանիզմում մարսողությունն ու նյութափոխանակությունը։

Կամոն ասում է, որ երբեք ծորակից ջուր չի խմում, մանկությունից մնացած սովորություն է, բայց հայաստանյան ցայտաղբյուրների ջրի սառնորակությունը երբեմն համտեսում է․ «Ճիշտ է մենք ունենք քաղցրահամ ջուր, բայց երբեք ծորակից ջուր չեմ խմում, այդ սովորությունը մնացել է մանկուց, քանի որ մեծացել եմ Ղազախստանում, որտեղ ցանկալի չէ ծորակից ջուր խմելը»,- ժպիտով պատմում է սպորտսմենն ու դեմքի նույն արտահայտությամբ շարունակում․ «Գուցե հայ շատ տղամարդկանց համար զարմանալի թվա, բայց ես քաբաբ, խորոված և նման այլ ճարպոտ ուտեստներն էլ եմ հազվադեպ ուտում։ Ինչը չէի ասի օրինակ ծովամթերքի մասին, որի համար խելքս գնում է։ Ընդհանրապես ձուկ շատ եմ սիրում, առավել ևս շոգեխաշած վիճակում։ Ես չեմ ուտում այն սնունդը որի մեջ կա շաքար, բարձր կալորիականություն։ Օրինակ շատերը դիետիկ են համարում ձմերուկը, բայց հաշվի չեն առնում որ ձմերուկը հարուստ է բնական շաքարով։ Ընդհանրապես, երեկոյան ժամերին պետք է թեթև սնվել՝ օրգանիզմին սթրեսի չենթարկելու համար»։

Սիրելի ուտեստների ցանկը շարունակելով Կ․ Ունանյանն ասաց․ «Ընդհանրապես, աղցաններ շատ եմ սիրում, հատկապես «Կեսար» կամ ավոկադոյով աղցանները»։

Սպորտսմենի կարծիքով, կապ չունի տղամարդ, թե կին պետք է հետևողական լինի անձնական հիգիենային ու մաշկի խնամիքն։

«Անձնական հիգիենան պահպանելու համար միայն լոգանք ընդունելը չէ, շատերին գուցե ծանոթ լինի «քիսա» ասվածը, որը շատ օգտակար պրոցեդուրա է։ Օրինակ, ես ամսվա մեջ երկու անգամ գնում եմ «քիսայի», որ մաշկս շնչի, ծակոտիները բացվի, առողջ լինի»,- խորհուրդ է տալիս մարզիկն ու հավելում, որ առողջ ապրելակերպի կարևոր մասնիկ է նաև հաճախ բնության գրկում լինելը․ «Ես բնիկ Վայքից եմ ու ամիսը մի քանի օրով անպայման գնում եմ ջերմուկ, որտեղ օդը շատ մաքուր է, մարզվելն ավելի արդյունավետ է ու առողջարար»։

Սպորտսմենին երբեմն նյարդայնացնում են շրջակա միջավայրն աղտոտող համաքաղաքացիները, որոնք մեքենայի պատուհանից ծխախոտի դատարկ տուփեր ու աղբ են նետում․ «Շատ դեպքեր են եղել, որ նկատողություն եմ արել, բայց ապարդյուն։ Տարօրինակն այն է, որ այդ նույն մարդիկ ուրիշ երկրում ապրելով ավելի  կանոնավոր են հետևում օրենքներին, քանի որ վախենում են տուգանվելուց։ Բայց, չէ որ սա մեր քաղաքն է, եթե մենք աղտոտենք մեր շրջակա միջավայրը կդառնանք 5-րդ կարգի հետամնաց երկիր։ Շրջակա միջավայրի պահպանությունը ևս հայրենասիրություն է, քանի որ սա մեր երկիրն է, մեր հողն ու ջուրն է»,- եզրափակեց զրուցակիցը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով