Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Այսօրվանից երեկոյան ժամերին քամիները զգալիորեն կթուլանան․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Այսօրվանից երեկոյան ժամերին քամիները զգալիորեն կթուլանան․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։ Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, վերջին 5 օրերին, հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները բավականին ինտենսիվ են, մինչև` 20մ/վ  արագությամբ։ Քամու մեծ արագությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում  տարածվում է հովտային և նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռևս չի նկատվում։  Այս երևույթի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով ցերեկը լինում է ավելի բարձր քան Սևան-Հրազդան հատվածում։ Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով` օդային զանգվածը երեկոյան ժամերին Սևան-Հրազդան հատվածից տեղափոխվում է դեպի Արարատյան դաշտ` առաջացնելով ուժգին քամիներ։ Հուլիսի 15-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը աստիճանաբար տարածվելու է նաև լեռնային գոտիների վրա` ինչի արդյունքում լեռնահովտային քամիները երեկոյան ժամերին զգալիորեն թուլանալու են։ Լեռնահովտային շրջանառության թուլացման պատճառով հուլիսի 16-20-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կլինի մոտ 7-9 աստիճանով ավելի բարձր, քան վերջին օրերին։

Որոնք են մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրները

Որոնք են մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրները
Երևանում օդի աղտոտվածության մակարդակն անցնում է նորմայի սահմանը, վերջին օրերին այս մասին աղաղակում են մասնագետները։ Eco. am սոցիալական հարթակը ներկայացնում է մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրները, որոնց շուրջ յուրաքանչյուր քաղաքացի մտածելու առիթ ունի։ Մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում 1․ տրանսպորտը, 2․արդյունաբերությունը, 3․ էներգետիկան, 4․ քաղաքաշինությունը: Մթնոլորտային օդի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին: Աղտոտման հիմնական պատճառներ կարող են հանդիսանալ՝ 1․ վառելիքի այրումը (էլեկտրաէներգիայի արտադրություն, տրանսպորտ, արդյունաբերություն և տնային տնտեսություններ), 2․ արդյունաբերական արտանետումները, լուծիչների օգտագործումը, օրինակ՝ քիմիական և հանքարդյունաբերության ոլորտում. 3․ գյուղատնտեսությունը, 4․թափոնների բաց այրումը, 5․ բնական աղբյուրների, ներառյալ հրաբխային ժայթքումների, լեռնային փոշու տարածումը, բույսերից ցնդող օրգանական միացությունների արտանետումները և այլն: Մարդու գործունեության հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել տարատեսակ գազեր և տարբեր չափերի մասնիկներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ: Արտանետումները կարող են վնաս հասցնել ինչպես մարդու առողջությանը և շրջակա միջավայրին, այնպես էլ տնտեսությանը: Մթնոլորդային օդի արտանետումների և օդի որակի միջև գոյություն ունի բարդ փոխկապակցվածություն, որը ներառում է արտանետման աղբյուրների բարձրությունները, քիմիական կազմի վերափոխումները, արևի ճառագայթների, եղանակային և տոպոգրաֆիկ ազդեցությունները: ՀՀ և միջազգային պահանջների համաձայն մթնոլորտային օդի առաջնային աղտոտիչները հիմնականում համարվում են ծծմբի երկօքսիդը, ազոտի օքսիդները, ածխածնի մոնօքսիդը, փոշին, ինչպես նաև գետնամերձ օզոնը՝ որպես երկրորդային աղտոտիչ: Ծծմբի երկօքսիդ – նորմալ պայմաններում սուր հոտով անգույն գազ։ Այն մթնոլորտային օդում հայտնվում է ծծումբ պարունակող վառելիքների այրման, հանքաքարից մետաղների արդյունահանման և արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ: Ծծմբի երկօքսիդի երկարատև ազդեցությունն առաջացնում է շնչառական հիվանդություններ, թոքերի պաշտպանական մեխանիզմների փոփոխություններ: Դրա բարձր պարունակությունը մթնոլորտային օդում հատկապես ազդում է երեխաների և ասթմայով տառապող մարդկանց վրա, ազդում է շնչուղիների նեղացման վրա՝ վատթարացնելով շնչառությունը: Ազոտի երկօքսիդ – դեղին գույնի, կայուն գազ: Մթնոլորտային օդում առաջացման գլխավոր աղբյուրն ավտոտրանսպորտն է: Ազոտի երկօքսիդի բարձր  պարունակությունը մթնոլորտային օդում կարող է ծանր վնաս հասցնել թոքերին, առաջացնել շնչառական հիվանդություններ, թոքերի պաշտպանական մեխանիզմների փոփոխություններ: Դրա բարձր պարունակությունը կարող է ազդել ասթմայով տառապող մարդկանց վրա: Ածխածնի մոնօքսիդ – անհոտ, անգույն թունավոր գազ: Առաջացման գլխավոր աղբյուրը ավտոտրանսպորտն է, կարող է առաջանալ նաև կաթսայատների  թերայրման արգասիքների արտանետումների հետևանքով: Դրա պարունակությունը մեծ է խոշոր քաղաքներում, հատկապես խաչմերուկների և կանգառների մոտակայքում։ Ածխածնի մոնօքսիդի բարձր պարունակությունը մթնոլորտային օդում կարող է ազդել գլխուղեղի, սրտանոթային համակարգի, կմախքային մկաննների, ինչպես նաև պտղի ձևավորման վրա: Փոշի – օրգանական կամ հանքային ծագմամբ կոշտ, մանր մասնիկների ամբողջություն: Փոշով աղտոտվածությունը գալիս է տարբեր աղբյուրներից՝ արդյունաբերական գործընթացներ, տրանսպորտային միջոցներ, ճանապարհային փոշի, շինարարություն, գյուղատնտեսական որոշ գործողություններ, կանաչապատ տարածքների պակաս: Մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից և բաղադրությունից, ինչպես նաև ազդեցության տևողությունից։ Փոշին կարող է նպաստել առողջության հետ կապված մի շարք խնդիրների, բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, ներառյալ՝ հազ, մաշկային քոր, թոքերի հիվանդություններ, ասթմատիկ և սրտի նոպաներ: Կապար – դյուրահալ, արծաթափայլ մետաղ: Մթնոլորտային օդում կապարը հանդես է գալիս մանր մասնիկների տեսքով: Կապարով պայմանավորված աղտոտվածությունը կարող է առաջանալ ինչպես հանքարդյունաբերությունից, այնպես էլ ավտոտրանսպորտից՝ էթիլացված բենզինի օգտագործման դեպքում: Կապարի բարձր պարունակությունը մթնոլորտային օդում կարող է ազդել նյարդային համակարգի, երիկամների, վերարտադրողական օրգանների, սրտանոթային համակարգի, իմունային համակարգի, լյարդի, էնդոկրին համակարգի և աղեստամոքսային տրակտի վրա Կադմիում – սպիտակ-արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ: Մթնոլորտային օդում կադմիումը հանդես է գալիս մանր մասնիկների տեսքով: Կադմիումով պայմանավորված աղտոտվածություն կարող է առաջանալ բարձր ջերմաստիճանային տեխնոլոգիական գործընթացների կիրառման ժամանակ: Կադմիումի բարձր պարունակությունը մթնոլորտային օդում կարող կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ: Հիշեցնենք Ավտոտրանսպորտային միջոցներով նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 ՀՀ դրամի չափով: Շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով:

Էկո տուրիզմ․ Թաքնված վայրեր Հայաստանում

Էկո տուրիզմ․ Թաքնված վայրեր Հայաստանում
Հայաստանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք հանրության շրջանում լայն ճանաչում չունեն, ինչի հետևանքով էլ մնացել են զբոսաշրջիկների ուղեցույցից դուրս։ Քանի որ այդ վայրերում զարգացած չէ տուրիզմը և չկան որևէ հարմարանքներ, պահպանվել է էկոլոգիապես մաքուր միջավայրը։ Եթե որոշել եք ձեր մոտակա հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում, ապա Eco. am սոցիալական հարթակը ձեզ համար առանձնացրել է մի քանի թաքնված, բայց էկոլոգիապես մաքուր տեսարժան վայրեր, որտեղ կարող եք այցելել ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերներով։ «Սպիտակ ավազներ» կամ «whitesands» Սպիտակ անապատը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այնտեղ ժամանելու համար նպատակահարմար կլինի երթևեկել ամենագնացով կամ ջիպով։ Մեծահասակներին տարածքը կարող է ծանոթ լինել Սերգեյ Փարաջանովի նկարահանված «Նռան գույնը» կինոնկարից, որտեղ կան տեսարաններ, որոնք  նկարահանվել են հենց «Սպիտակ անապատում»: Մեր օրերում տարածքը ճանաչում է ստացել մի երիտասարդ էնտուզիաստի շնորհիվ։ 18-ամյա Ժակ Սրապյանը իր ծննդավայրում՝ Արագածոտնի մարզում հայտնաբերել է տարածքն ու նպատակահարմար է գտել «Sandboarding» մարզաձևը զարգացնելու համար։ Տղան, տարածքը ճանաչելի դարձնելու համար, իր ընկերների հետ մշակել է ծրագիր՝ համերգներ և փառատոններ կազմակերպել։ Վերոնշյալ մարզաձևի սիրահարներն այլևս ստիպված չեն լինի մեկնելու արտերկիր, քանի որ մեր հայրենի հողում էլ ունենք ոչ պակաս հարմարավետ և բարենպաստ կլիմայական պայմաններ։ Այնպես որ, մինչ նախագիծն ամբողջությամբ իրականություն կդառնա, եթե Sandboarding-ի համար ունեք հատուկ հարմարանքներ, կարող եք մեկնել Սպիտակ անապատ։ «Զվարթնոցի տաճար» Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզում՝ Վաղարշապատից 3 կմ․ հարավ-արևելք։ Մուտքը գտնվում է անմիջապես մայրուղու վրա և անգամ երթևեկելիս նկատելի է տաճարի կիսաավեր, բայց գրավիչ պարիսպները։ Նպատակահարմար է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով։ Մայր տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի պատվերով՝ 641-661 թվականներին, այն վայրում, որտեղ միմյանց հանդիպել են Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այն օծվել է 652 թվականին։ Ասում են, որ եկեղեցին կառուցվել է Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի համար: Ցավոք, մինչ օրս մնացել են միայն տաճարի ավերակները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Զվարթնոցի տաճարում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, երաժշտական փառատոներ, ցուցահանդեսներ և այլն։ Բացի մեր դարավոր մշակութային ժառանգությանը ծանոթանալուց և բնությունը վայելելուց, Զվարթնոցի տաճարից հեռանալիս կարող եք ձեզ հետ բազմաթիվ լավ հիշողություններ տանել։ «Գութանասար» Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայում Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ իսկ Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Նպատակահարմար է ճամփորդել ամենագնացով կամ ջիպով։ Թեպետ տարածքը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս հանգած հրաբխային լեռնագագաթներից, բայց այնտեղ կա պահպանված մի հատված, որն առանձնահատուկ ուշադրություն է գրավում։ Ասես թե արհեստականորեն ստեղծված մի սև հատված, որն իրենից ներկայացնում է հանգած լավայի կուտակում։ Քանի որ վերոնշյալ տարածք հասնելն այդքան էլ հեշտ չէ, այն կգրավի արշավների սիրահարներին, տեսարժան վայրեր փնտրող նկարիչներին, այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են հրաբուխներով։ Չնայած, այն կարող է նաև հրաշալի վայր հանդիսանալ՝ բնության գրկում հանգստի սիրահարների համար։ «Հին խոտ» Գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, Գորիսից 8 կմ հարավ, Որոտան գետի ձախ կողմում։ Նպատակահարմար է ճամփորդել ամենագնացով կամ ջիպով։ Գյուղ հասնելուն պես անհրաժեշտ է ոտքով շարունակել ճանապարհը, քանի որ մեքենայի համար նախատեսված ճանապարհներ չկան։ Նույն անվան տակ այն ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, իսկ 2015 թվականից՝ Տաթև համայնքի մաս է դարձել։ Մոտ 50 տարի առաջ, ջրի պակասով պայմանավորված, գյուղաբնակները տեղափոխվել են նոր գյուղ։ Եթե հետաքրքրված եք գյուղական կյանքի առօրյայով, ապա կարող եք այցելել Հին խոտ, քանի որ այնտեղ պահպանվել են բազմաթիվ կիսաքարանձավային տների, գյուղի հին եկեղեցու, ջրաղացի, դպրոցի ավերակները։ Տեղաբնակները գյուղն անվանում են Հայկական Մաչու Պիկչու, ասել է թե թաքնված սարերի մեջ և իսկապես կա որոշակի նմանություն, որը կարող եք համոզվել՝ սեփական աչքերով տեսնելուց հետ։ «Քարերի սիմֆինիա» Քարերի սիմֆոնիան գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատի կիրճում, որը ձգվում է Ազատ գետի և Գողթի երկայնքով։ Նախատեսված է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով: Այն աչքի է ընկնում իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով։ Այն կազմված է կանոնավոր վեցանկյուն գլաններից, որոնք էլ ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ։ Նման եզակի վայրեր իհարկե կան աշխարհում, որոնցից մեկն էլ գտնվում է Հայաստանում։ Իհարկե, բնությունն անթերի է, բայց օրինակ Քարերի սիմֆոնիայի դեպքում գիտնականները չեն կարողանում գտնել գաղտնիքը, թե ինչպես կարող է կանոնավոր երկրաչափական մարմիններ ձևավորվել՝ առանց մարդու միջամտության։ Բնության կողմից ինքնաշեն այս վայր այցելելիս, բացի Քարերի սիմֆոնիան սեփական աչքերով տեսնելուց, կարող եք օրինակ ընտանեկան մեկօրյա ժամանցն  անցկացնել մոտակա տարածքում և կանգ առնել Ազատի գետի ափին։ «Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի» (Ամրակից) Այն գտնվում է Լոռու մարզի Ամրակից գյուղի կենտրոնական փողոցներից մեկի միջակայքում։ Նախատեսված է երթևեկել ամենագնացով կամ ջիպով։ Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը և գործել է մինչև 1988 թվականը։ 2009 թվականին եկեղեցում գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։ Այժմ այն պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։ Եկեղեցին լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։ Չնայած, Սպիտակի երկրաշարժից հետո այն բազմաթիվ վնասվացքներ է ստացել, բայց կանգուն է մնացել և օգտագործման ենթակա չէ։ Եկեղեցի այցելելիս կարող եք մոտիկից ծանոթանալ նրա ճարտարապետության և Լոռու բնության հետ: «Արամյանցի դղյակ» Դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Նախատեսված է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով։ Միքայել Արամյանցը 20-րդ դարի հայտնի հայ ձեռներեց, նավթագործ, բարերար և հասարակական գործիչ է եղել: Շվեյցարիայում ճանապարհորդելիս Արամյանցը տեսել է մի շատ գեղեցիկ ամրոց, որն այնքան է հավանել, որ վերադառնալով Թբիլիսի՝ ուղարկել է հայտնի ճարտարապետ Բզողլուին, որպեսզի նա զննի այն և վերստեղծի Ախթալայում կառուցված նմանատիպ հատակագիծը։ Հայաստանում առաջին թենիսի կորտը հենց այս դղյակում է կառուցվել։ Արամյանցը հանդիպումներ ու քննարկումներ էր կազմակերպում Հայաստանի բազմաթիվ ականավոր գործիչների՝ Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլնի հետ։ Ցավոք, այսօր դղյակը վթարային է համարվում և այցելելիս կարող եք միայն դրսից զմայլվել նրա ճարտարապետության հետ։ Հարակից տարածքներում չկան կանգ առնելու համար նախատեսված վայրեր, ուստի, խորհորդ է տրվում, վերոնշյալ վայլ մեկնելիս ձեզ հետ վերցնել սնունդ և ըմպելիքներ։ Ի դեպ Ներկայացրած վայրերում, տարրական պայմանների բացակայության պատճառով, խորհուրդ է տրվում ճանապարհորդության մեկնելիս ձեզ հետ վերցնել առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ և ըմպելիքներ։ Վերոնշյալ վայրերում նախատեսված է ընկերների կամ ընտանիքի անդամնեդի հետ հանգիստը բնության գրկում անցկացնելու, զբոսնելու, տեսարժան վայրերի, ինչու ոչ նաև հին հայկական եկեղեցիների, տաճարների ավերակների հետ ծանոթանալու նպատակով։ Հիշեցնենք Էկո տուրիզմը ոչ միայն էկոլոգիապես մաքուր վայրեր այցելելն է, այլև նրանց սկզբնական տեսքը պահպանելը և շրջակա միջավայրը չաղտոտելն է։

Ինչ է թույլատրվում և արգելվում Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք մուտք գործելիս

Ինչ է թույլատրվում և արգելվում Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք մուտք գործելիս
«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարույունը, մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է` 1բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. 2. սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը. 3. ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. 4. տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը. 5. ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ. 6. կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը. 7. Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ 1. մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների). 2. թռչունների ձվերի հավաքը. 3. թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն). 4. ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը. 5. տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով. 6. խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը. 7. արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է` 1. ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն. 2. ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը. 3. շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի. 4. ջրային տարածքի աղտոտումը։ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ: Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն: Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։

Ինչպես կանխել անտառային հրդեհները․ 10 կարևոր քայլ

Ինչպես կանխել անտառային հրդեհները․ 10 կարևոր քայլ
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Տաք օդային հոսանքների ներթափանցումը, նման բարձր ջերմաստիճանով, իր հետ բերում է հրդեհների առաջացման որոշակի ռիսկեր։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար Eco.am-ն առաջարկում է մի քանի պարզ կանոններ։ Իսկ մինչ կանոնների կիրառումը առաջին հերթին յուրաքանչյուրս պետք է ցուցաբերենք բարձր գիտակցություն և պատասխանատվություն՝ մեր շրջակա միջավայրի հանդեպ։ Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։ Դրանք կարող են լինել․ 1․ գյուղատնտեսական թափոնների այրման, 2․արոտավայրերի, խոզանի այրման, 3․ չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու, 4․ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով: Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են: Ինչպե՞ս պահպանել հակահրդեհային նորմերը Անտառային տարածքներում արգելվում է. 1․Կրակ վառել ծառերի տակ։ 2․Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել գետնին։ 3․ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել։ 4․Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Հարկավոր է 1․  Խարույկ վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում։ 2․ Վառել փոքր և վերահսկվող խարույկ։ 3․ Զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։ 4․ Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք։ 5․Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը։ 6․Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործեք մեծ քանակությամբ ջուր կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով: 7․Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է: Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ։ 8․ Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)։ 9․ Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով։ 10․Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է։ Հիշեցնենք «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Գորշ արջի ու իր քոթոթների առավոտյան զբոսանքը՝ պահպանվող տարածքում․ (տեսանյութ)

Գորշ արջի ու իր քոթոթների առավոտյան զբոսանքը՝ պահպանվող տարածքում․ (տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է մի տեսանյութ, որում Կարմիր գրքում գրանցված Գորշ արջն իր քոթոթների հետ առավոտյան զբոսանքի է դուրս եկել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով։ կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ Գորշ արջի ու իր քոթոթների առավոտյան զբոսանքը՝ տեսանյութում․

ԵՊՀ գիտնականները ստեղծում են ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսոր

ԵՊՀ գիտնականները ստեղծում են ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսոր
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսորի պատրաստում» գիտական թեման։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Միքայել Ալեքսանյանի հետ: Մ. Ալեքսանյանի ղեկավարած գիտական խումբը գործում է ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում և երկար տարիներ զբաղվում է գազային սենսորների պատրաստմամբ ու հետազոտմամբ: Այս տարիների ընթացքում խմբի անդամները նախագծել և հետազոտել են տարբեր գազերի և նյութերի գոլորշիների նկատմամբ սենսորներ՝ հիմնված տարատեսակ նանոկառուցվածքների վրա: Անդրադառնալով պետական մակարդակով գիտության ֆինանսավորման կարևորությանը` Մ. Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գովելի է, որ վերջին տարիներին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պարբերաբար դրամաշնորհային ծրագրեր է հայտարարում, որոնցից հատկապես կարևորում եմ կիրառական արդյունքներին ուղղված դրամաշնորհային ծրագրերը: Այս անգամ դիմեցինք մեր երիտասարդ խմբով և շահեցինք մի նախագիծ, որի շրջանակում նախատեսում ենք պատրաստել ջրածին գազի նկատմամբ բարձր զգայնությամբ նանոկառուցվածքային սենսոր, որը հնարավորություն կտա միջավայրում գրանցելու ջրածին գազի ծայրահեղ ցածր կոնցենտրացիաներ»: Մ. Ալեքսանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում նոր՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների փնտրտուքներ կան: Հայտնի է, որ մի քանի տասնամյակ հետո ածխաջրածնային պաշարներն ընդերքում սպառվելու են, և այդ տեսանկյունից աշխարհը լծված է նոր տեսակի էներգիայի աղբյուրների որոնմամբ: Հիմնականում փնտրտուքներն ուղղված են «կանաչ» էներգիայի աղբյուրների հայտնաբերմանը, ինչպիսիք են, օրինակ, արևային էներգիան, քամու էներգիան և այլն: Դրանց շարքին կարելի է դասել նաև ջրածնային էներգիան, քանի որ այս գազն այրվելիս հիմնականում արտանետում է շրջակա միջավայրի համար անվնաս ջրային մոլեկուլներ:   Մ. Ալեքսանյանն իր խոսքում մանրամասնեց նաև ջրածնային սենսորիկայի շնորհիվ ջրածնի անվնաս օգտագործման և տեղափոխման հարցի կարևորությունը. «Ջրածինը լայնորեն օգտագործվում է մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ արդյունաբերության և բժշկության մեջ, կիսահաղորդչային տեխնոլոգիաներում և այլուր: Արդեն տևական ժամանակ է՝ աշխարհում կան նաև ջրածնային մեքենաներ: Մյուս կողմից՝ ջրածինը համարվում է ծայրահեղ պայթյունավտանգ և հրավտանգ նյութ: Այն, համեմատած այլ գազերի հետ, ունի ատոմային ավելի փոքր շառավիղ, որի պատճառով կարող է արտահոսել անհավանական փոքր անցքերից: Այս տեսանկյունից խիստ արդիական և հրատապ է զարգացնել ջրածնային սենսորիկան, որը թույլ կտա անվնաս ամբարել, օգտագործել և տեղափոխել ջրածինը»:   Խումբն արդեն ստեղծել է նանոկառուցվածքային սենսոր և հատուկ տեխնոլոգիական սարքավորումների միջոցով ստացել փոքրիկ՝ 20-30 նանոմետր տրամագիծ ունեցող հատիկներից բաղկացած թաղանթ, որը շատ մեծ զգայնություն է ցուցաբերել ջրածնի ցածր կոնցենտրացիաների նկատմամբ։ Ստեղծված սենսորի առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Նմանատիպ սենսորները ռեզիստիվ են: Դա նշանակում է, որ մեր նանոկառուցվածքային թաղանթի դիմադրությունը փոխվում է տվյալ գազի առկայությամբ, և այդ փոփոխությունն էլ սենսորի ազդանշան է: Այս տեսանկյունից մեր սենսորը ցուցաբերել է անհավանական մեծ զգայնություն այն ջրածնի ոչ այնքան մեծ կոնցենտրացիայի առկայությամբ (ppm կարգի) մի քանի հազար անգամ փոխում է իր դիմադրությունը: Հիմա ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի սենսորը կցվի ազդանշանի մշակման համակարգին՝ դարձնելով այն ավարտուն դետեկտոր: Վերջնական սարքավորումը կարելի է տեղակայել ցանկացած միջավայրում, օրինակ՝ գործարաններում, մեքենաների մեջ և այլուր, որն ազդանշան կտա ջրածնի կոնցենտրացիաների առկայության դեպքում: Ջրածնի առկայության ահազանգումը կարող է արտահայտվել ձայնի, լույսի կամ հաղորդագրության միջոցով, եթե, օրինակ, այն հեռահար կցված է ժամանակակից սմարթֆոններին։ Մոտեցումները շատ-շատ են, և ժամանակակից տեխնոլոգիաները լիովին թույլ են տալիս ճկուն լինել»,- հավելեց աշխատանքային խմբի ղեկավարը։ Նշենք, որ նախագծի շրջանակում նախատեսվում է նաև մասնակցություն արտերկրում անցկացվող գիտաժողովների: Խմբի անդամներն են ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխն. գիտ. թեկն. Արտակ Սայունցը, կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին, լաբորանտ, մագիստրատուրայի ուսանող Զարինե Սիմոնյանը և կենտրոնի այլ աշխատակիցներ:

10 կարևոր քայլ՝ շոգից պաշտպանվելու համար

10 կարևոր քայլ՝ շոգից պաշտպանվելու համար
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն արդեն տեղեկացրել է, որ արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է 10 կարևոր քայլ՝ շոգից պաշտպանվելու համար։ 1․Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ 2. Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ 3. Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: 4. Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք: 5. Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ: 6. Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն: 7. Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած: 8․Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից: 9. Մի օգտագործեք սուրճ և ալկոհոլ։ 10․Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել: Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Խրախուսվում է Երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից: Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:

ԵՊՀ-ում ուսումնասիրվում են որոշ դեղանյութերի փոխազդեցության մեխանիզմները` կենսամակրոմոլեկուլների հետ

ԵՊՀ-ում ուսումնասիրվում են որոշ դեղանյութերի փոխազդեցության մեխանիզմները` կենսամակրոմոլեկուլների հետ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Շիճուկային ալբումինի և նուկլեինաթթուների հետ որոշ դեղանյութերի կոմպլեքսագոյացման առանձնահատկությունների համեմատական հետազոտություն» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը։ Նախագծի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ինստիտուտի՝ ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար, կ․գ․դ․, պրոֆ. Պողոս Վարդևանյանի հետ: Նախագծի նպատակն է ուսումնասիրել ցածրամոլեկուլային միացությունների՝ լիգանդների փոխազդեցության առանձնահատկությունները կարևորագույն կենսաբանական մակրոմոլեկուլներ ԴՆԹ-ի, երկշղթա ՌՆԹ-ի մոդել «poly(rA)-poly(rU)»-ի և շիճուկային ալբումինի հետ։ Աշխատանքային խումբն իրականացնում է շիճուկային ալբումինի և սինթետիկ նուկլեինաթթուների հետ դեղաբանական կիրառություն ունեցող տարբեր միացությունների փոխազդեցության ուսումնասիրություններ: Շիճուկային ալբումինի կարևոր հատկություններից է տարբեր միացությունների կապումը արյան պլազմայում և դրանց տեղափոխությունը դեպի հյուսվածքներ և բջիջներ: Միևնույն  ժամանակ, սակայն, այդ սպիտակուցը կարող է նվազեցնել ազատ դեղանյութի կոնցենտրացիան, որով որոշվում է վերջինիս ֆիզիոլոգիական ակտիվությունը։ Հետևաբար, շիճուկային ալբումինի նկատմամբ դեղանյութի խնամակցության հայտնաբերումը կարևոր է, նույնիսկ եթե դա միակ գործոնը չէ շիճուկում ազատ դեղամիջոցի կոնցենտրացիան որոշելու համար: Պրոֆեսոր Վարդևանյանը, անդրադառնալով կատարվող ուսումնասիրությունների  արդիականությանը, նշեց․ «Նուկլեինաթթուների (ՆԹ) և սպիտակուցների հետ լիգանդների փոխազդեցության ուսումնասիրությունների կարևորությունը պայմանավորված է բջջի կենսագործունեության վրա կենսաբանորեն ակտիվ միացությունների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս լայնորեն կիրառվում են մեծ թվով բնական և սինթետիկ միացություններ, որոնք օժտված են կենսաբանական բարձր ակտիվությամբ»։ Հետազոտությունները ձեռք են բերում նաև  հիմնարար նշանակություն սպիտակուց-նուկլեինաթթու, մակրոմոլեկուլ-փոքր մոլեկուլ փոխազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ճանաչողության մեխանիզմները պարզաբանելու, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցներ սինթեզելու համար: «Այդ տեսակետից սպիտակուցները, լինելով կենսաբանական մակրոմոլեկուլների կարևոր դաս, իրենց ֆունկցիան իրականացնում են միմյանց կամ այլ մոլեկուլների հետ կապվելու միջոցով: Այն մեխանիզմների իմացությունը, որոնք պատասխանատու են սպիտակուց-լիգանդ ճանաչողության և կապման համար, կարող են էականորեն հեշտացնել նաև նոր դեղամիջոցների մշակումը կամ սինթեզված պրեպարատների  ընտրությունը, ինչպես նաև նպաստել դրանց ազդեցության մեխանիզմների պարզաբանմանը»,- ասաց Պ․ Վարդևանյանը: Աշխատանքային խմբի ղեկավարը նաև նշեց, որ տարբեր հիվանդություններ՝ քաղցկեղային, աուտոիմունային և այլն, սկսվում են ՆԹ-ի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների արդյունքում: Որպես կենսաբանորեն կարևոր միացություններ` ընտրվել են բիսբենզիմիդազոլային ընտանիքի լիգանդները, որոնք հակաքաղցկեղային պոտենցիալ դեղամիջոցներ են: Շնորհիվ ԴՆԹ-ի փոքր ակոսում ԱԹ-հարուստ տեղամասերի հետ ամուր կապման՝ դրանք կարող են ազդել տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի վրա՝ արգելակելով տոպոիզոմերազ 1-ի և հելիկազների ակտիվությունը: Ենթադրվում է, որ այս հատկություններն են ընկած այդ միացությունների հակաքաղցկեղային ակտիվության հիմքում։ Գիտահետազոտական խմբի անդամներն են կ.գ․դ․ Արա Անտոնյանը,  կ.գ․դ․ Մարինե Փարսադանյանը, կ.գ․թ․ Մարիամ Շահինյանը, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Էմմի Ավագյանը։

«Իրավիճակը առաջացնում է բնապահպանական խնդիրներ»․ աղբից մաքրվում է Գավառագետի հունը և մի շարք համայնքներ

«Իրավիճակը առաջացնում է բնապահպանական խնդիրներ»․ աղբից մաքրվում է Գավառագետի հունը և մի շարք համայնքներ
Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով աղբից մաքրվում են Գավառագետի հունը և մի շարք համայնքներ։ Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանից, մաքրման աշխատանքներ են իրականացվել Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր տարածքում։ Ըստ տեղեկատվության, գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից: Նույն ծրագրի շրջանակներում մաքրվում են նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Սարուխան գյուղի հեղեղատարները, որտեղ կուտակված տիղմը փակում է ջրի ճանապարհը և հեղեղումների վտանգ առաջացնում հարակից բնակարանների ու տնամերձերի համար: Մաքրման աշխատանքներ են կատարվել նաև Գավառագետի՝ Բոշնաղյան փողոցով հոսող հատվածում: Այստեղ կուտակված աղբը և տիղմը գրեթե փակել էին ջրի ճանապարհը: Գավառագետի  հունի մաքրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Իսկ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Շոռգոլի վանքի հարակից տարածքի` շուրջ 2 հա աղբավայրի վերածված տարածքում։ Մաքրված տարածքը հետագայում չաղտոտելու և մաքուր պահելու նպատակով Նորատուսում օրերս տեղի է ունեցել հանրային լսում, որին մասնակցել են նաև բնակավայրի բնակիչները: «Նորատուսի Շոռգոլի վանքի, Բանջարանոցային և Կամուրջին հարող տարածքներում բնակիչների կողմից տարիների ընթացքում կուտավել և այժմ էլ շարունակվում է թափվել ձկան վերամշակման հետևանքով առաջացած աղբը: Իրավիճակը առաջացնում է բնապահպանական խնդիրներ, խոչընդոտ է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը և մարդկանց առողջությանը»,- ասել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը: Հանրային լսմանը մասնակցող ՏԻՄ ներկայացուցիչները քննարկել են առկա վիճակը և փորձել են միջոցներ գտնել՝ աղբը չնախատեսված վայրերում թափելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում. որից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Տեղեկացնենք նաև, որ այժմ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ նշված տարածքներում ընթանում են աղբավայրերի փակման ու մաքրման աշխատանքներ: