ԵՊՀ-ում ուսումնասիրվում են որոշ դեղանյութերի փոխազդեցության մեխանիզմները` կենսամակրոմոլեկուլների հետ

https://eco.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7-%d5%a4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6/

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Շիճուկային ալբումինի և նուկլեինաթթուների հետ որոշ դեղանյութերի կոմպլեքսագոյացման առանձնահատկությունների համեմատական հետազոտություն» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը։ Նախագծի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ինստիտուտի՝ ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար, կ․գ․դ․, պրոֆ. Պողոս Վարդևանյանի հետ:

Նախագծի նպատակն է ուսումնասիրել ցածրամոլեկուլային միացությունների՝ լիգանդների փոխազդեցության առանձնահատկությունները կարևորագույն կենսաբանական մակրոմոլեկուլներ ԴՆԹ-ի, երկշղթա ՌՆԹ-ի մոդել «poly(rA)-poly(rU)»-ի և շիճուկային ալբումինի հետ։ Աշխատանքային խումբն իրականացնում է շիճուկային ալբումինի և սինթետիկ նուկլեինաթթուների հետ դեղաբանական կիրառություն ունեցող տարբեր միացությունների փոխազդեցության ուսումնասիրություններ:

Շիճուկային ալբումինի կարևոր հատկություններից է տարբեր միացությունների կապումը արյան պլազմայում և դրանց տեղափոխությունը դեպի հյուսվածքներ և բջիջներ: Միևնույն  ժամանակ, սակայն, այդ սպիտակուցը կարող է նվազեցնել ազատ դեղանյութի կոնցենտրացիան, որով որոշվում է վերջինիս ֆիզիոլոգիական ակտիվությունը։ Հետևաբար, շիճուկային ալբումինի նկատմամբ դեղանյութի խնամակցության հայտնաբերումը կարևոր է, նույնիսկ եթե դա միակ գործոնը չէ շիճուկում ազատ դեղամիջոցի կոնցենտրացիան որոշելու համար:

Պրոֆեսոր Վարդևանյանը, անդրադառնալով կատարվող ուսումնասիրությունների  արդիականությանը, նշեց․ «Նուկլեինաթթուների (ՆԹ) և սպիտակուցների հետ լիգանդների փոխազդեցության ուսումնասիրությունների կարևորությունը պայմանավորված է բջջի կենսագործունեության վրա կենսաբանորեն ակտիվ միացությունների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս լայնորեն կիրառվում են մեծ թվով բնական և սինթետիկ միացություններ, որոնք օժտված են կենսաբանական բարձր ակտիվությամբ»։

Հետազոտությունները ձեռք են բերում նաև  հիմնարար նշանակություն սպիտակուց-նուկլեինաթթու, մակրոմոլեկուլ-փոքր մոլեկուլ փոխազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ճանաչողության մեխանիզմները պարզաբանելու, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցներ սինթեզելու համար:

«Այդ տեսակետից սպիտակուցները, լինելով կենսաբանական մակրոմոլեկուլների կարևոր դաս, իրենց ֆունկցիան իրականացնում են միմյանց կամ այլ մոլեկուլների հետ կապվելու միջոցով: Այն մեխանիզմների իմացությունը, որոնք պատասխանատու են սպիտակուց-լիգանդ ճանաչողության և կապման համար, կարող են էականորեն հեշտացնել նաև նոր դեղամիջոցների մշակումը կամ սինթեզված պրեպարատների  ընտրությունը, ինչպես նաև նպաստել դրանց ազդեցության մեխանիզմների պարզաբանմանը»,- ասաց Պ․ Վարդևանյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարը նաև նշեց, որ տարբեր հիվանդություններ՝ քաղցկեղային, աուտոիմունային և այլն, սկսվում են ՆԹ-ի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների արդյունքում: Որպես կենսաբանորեն կարևոր միացություններ` ընտրվել են բիսբենզիմիդազոլային ընտանիքի լիգանդները, որոնք հակաքաղցկեղային պոտենցիալ դեղամիջոցներ են: Շնորհիվ ԴՆԹ-ի փոքր ակոսում ԱԹ-հարուստ տեղամասերի հետ ամուր կապման՝ դրանք կարող են ազդել տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի վրա՝ արգելակելով տոպոիզոմերազ 1-ի և հելիկազների ակտիվությունը: Ենթադրվում է, որ այս հատկություններն են ընկած այդ միացությունների հակաքաղցկեղային ակտիվության հիմքում։

Գիտահետազոտական խմբի անդամներն են կ.գ․դ․ Արա Անտոնյանը,  կ.գ․դ․ Մարինե Փարսադանյանը, կ.գ․թ․ Մարիամ Շահինյանը, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Էմմի Ավագյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով