Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն արդեն տեղեկացրել է, որ արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի։
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է 10 կարևոր քայլ՝ շոգից պաշտպանվելու համար։
1․Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։
Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է:
Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է:
Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։
2. Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։
3. Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
4. Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:
5. Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ:
6. Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
7. Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
8․Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
9. Մի օգտագործեք սուրճ և ալկոհոլ։
10․Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
Արգելվում է
երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Խրախուսվում է
Երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից: Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:





Թողնել մեկնաբանություն