Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

FPWC-ի անտառապահների թիմն արժանացել է IUCN-ի International Ranger Awards-ի

FPWC-ի անտառապահների թիմն արժանացել է IUCN-ի International Ranger Awards-ի
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռեյնջերների (անտառապահների) թիմն արժանացել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) 2022 թվականի WCPA International Ranger Awards-ի։ FPWC-ն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։ Մրցանակի մասին հայտարարվել է այս պահին տեղի ունեցող Աֆրիկայի պահպանվող տարածքներին նվիրված կոնգրեսի ժամանակ։ Մրցանակը նաև դրամական է․ դրանով ևս մեկ անգամ շեշտվում է հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը։ «Մեզ համար մեծ պատիվ է, որ IUCN-ը ըստ արժանվույն գնահատեց հիմնադրամի և հիմնադրամի ռեյջերների կատարած երկարամյա աշխատանքն ու նվիրումը։ Կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույն թիմերը, որոնք արժանանում են նման բարձր ու հեղինակավոր մրցանակի։ Ուրախ եմ, որ հիմնադրամի ռեյնջերների կատարած աշխատանքը գնահատվում է միջազգային հանրության կողմից»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Նշենք, որ Բնության պահպանության միջազգային միությունը (International Union for Conservation of Nature, IUCN) զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրներով։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։ Միության շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։ Միության մեջ մտնում է 82 պետություն, 111 կազմակերպություն։ Հայաստանից IUCN-ի անդամ կազմակերպություններ են FPWC-ն և «Արավես» հասարակական կազմակերպությունը։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարությունն օրենդրական փոփոխություններ է նախատեսում

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարությունն օրենդրական փոփոխություններ է նախատեսում
Eco.am սոցիալական հարթակը պարբերաբար անդրադառնում է Հայաստանի տարածքում Մթնոլորտային օդի աղտոտվածությանը, որը թերևս վերջին շրջանում գերազանգել է նորմայի բոլոր սահմանները։ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, այդ մասին այսօր քննարկվեց Կառավարության նիստում։ ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն այսօր գործադիրը հավանության արժանացրեց։ Ըստ որի, իրավական հենքի ստեղծման միջոցով կապահովվի մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում: Արդյունքում, օրենքի նախագծով՝ Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ: Ամրագրվել են մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ 1․ մթնոլորտային օդի որակի գնահատման մասով. «կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը, 2․ անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով. «տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը, 3․ շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով. արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները: 4․ արտանետումների հաշվառման մասով. վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը: Կներդաշնակեցվեն  աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության  կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը: Կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում:

Թափոնների հանձնման արդյունքում ստացված գումարը կուղղվի քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը

Թափոնների հանձնման արդյունքում ստացված գումարը կուղղվի քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը
Պաշտպանված բնությունը առողջ հասարակության գրավականներից է։ Իսկ բնության պահպանման լավագույն տարբերակներից մեկը պլաստիկ թափոնների ու թղթի վերամշակումն է։ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, փոքրիկ հրեշտակ Էլանիկի մայրիկի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, պլանավորում է պլաստիկ թափոնների ու թղթի հավաքագրում՝ վերամշակման նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամից, հավաքագրված թափոնների հանձնման արդյունքում ստացված գումարը ուղղվելու է հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։ Նախաձեռնությամբ հետաքրքրված քաղաքացիները կարող են հուլիսի 29-ին, ժամը 9։00-10։00-ն Արյունաբանական կենտրոնի բակ տանել պլաստիկ թափոններ ու թղթեր։ Հավաքագրվող հումք կարող են լինել. 1․Պլաստիկ շշեր 2․ Մրգի պլաստիկ արկղեր 3․Կենցաղային պլաստմասե իրեր 4․Շշերի փաթեթավորման թաղանթ 5․Ջերմոցի օգտագործված թաղանթներ 6․Փաթեթավորման թաղանթներ և տոպրակներ 7․Պլաստիկ խողովակներ 8․Թուղթ և ստվարաթուղթ՝ տարբեր տեսակի և հաստության։ Իսկ աշխատանքային տարածքներում հավաքագրում իրականացնելու խնդրանքով Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը դիմում է նաև բոլոր կազմակերպություններին։

Վարդավառին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի  

Վարդավառին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի  
Հուլիսի 24-ին՝ Վարդավառին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի  ցանկացած տեսակի այցելությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը,  պատճառը՝ հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածն է Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ Չնետել 1 այրվող լուցկի, 2․չմարված ծխախոտի մնացորդ, 3․ չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում։ Հարկավոր է 1․ խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, 2․բտարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, 3․ Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» խնդրում է լինել ավելի ուշադիր, աջակցել ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Ինչպե՞ս մաշկը պաշտպանել արևից

Ինչպե՞ս մաշկը պաշտպանել արևից
Թեպետ ամռան իր հետ բերում է ժամանցը բնության գրկում անցկացնելու բազմաթիվ հնարավորություններ, բայց և այնպես այն թողնում է տհաճ հետևանքներ՝ այրվածքների տեսքով։ Eco.am-ն առաջարկում է, պարզապես պետք է ծովափ մեկնելիս կամ բնության գրկում հանգիստը պլանավորելիս, առաջնահերթ ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների։ 1․Պաշտպանեք ձեր մաշկը հագուստով, մի մոռացեք կրել գլխարկ, այն կպաշտպանի՝ ձեր դեմքը, պարանոցը և ականջները։ 2․ կրեք արևային ակնոց, որը կպաշտպանի աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: 3․Փնտրեք ստվեր, խուսափեք արևից նախքան ձեր մաշկը կկարմրի կամ կայրվի: Երբեք մի թողեք ձեր մաշկը այրվի։ Ոչ բոլորի մաշկն է ապահովում միանման պաշտպանություն արևից: 4․Մարմնի չծածկված հատվածներին օգտագործեք արևապաշտպան քսուք 30 և ավել SPF- ով (արևից պաշտպանող ինդեքս): 5․Արևապաշտպանը լավ տարածեք մաշկին արևի տակ դուրս գալուց 15-30 րոպե առաջ  և նորից քսեք երկու ժամը մեկ, անմիջապես լողալուց և սրբիչով չորացնելուց հետո: 6․Արևապաշտպան քսուքը օգտագործեք տանից դուրս գալուց 20-30 րոպե առաջ և կրկնեք 2 ժամը մեկ, ինչպես նաև լողից, սրբիչով մաշկը չորացնելուց կամ քրտնելուց հետո։ 7․Արեւապաշտպան քսուքն օգտագործելուց առաջ շատ փոքր քանակ քսել երեխայի իրանին։ Եթե կարճ ժամանակ անց որեւէ ալերգիկ ռեակցիա չի առաջացել, ապա օգտագործել քսուքը։ Եթե առաջացել է մաշկի տվյալ հատվածի ցան կամ կարմրություն, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։ 8․Եթե ունեք բաց գույնի մաշկ և հեշտությամբ այն կարմրում է, ապա դուք պատկանում եք ռիսկի բարձր խմբին և պետք է կատարեք լրացուցիչ քայլեր, որպեսզի մաշկը պաշտպանեք արևային վնասվածքներից և այրվածքներից: Երբ ընտրում եք արևապաշտպան ուշադրություն դարձրեք. 1․ Բարձր պաշտպանության SPF (արևից պաշտպանության գործոն) (նվազագույն SPF 30) , որը կպաշտպանի արևի ուլտրամանուշակագույն UVB ճառագայթներից, որոնք առաջացնում են արևային այրվածքներ: 2․Փնտրեք UVA շրջանակի պատկերանշանը և/կամ 4 կամ 5 UVA աստղերը, որը կպաշտպանի UVA ճառագայթներից, որոնք պատճառ են հանդիսանում մաշկի ծերացման և արևային վնասվածքների: 3․ Արևապաշտպան քսուք ընտրելիս պիտակի վրա ուշադրություն դարձնել «լայն ազդեցություն» արտահայտությանը, ինչը նշանակում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն և´ Ա , և´ Բ ճառագայթներից։ Ընդ որում՝արեւապաշտպան քսուքը պետք է ունենա «ջրակայուն» մակնշում։ Մաշկի վնասումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում՝ 1․Նորածիններին և մինչև 6 ամսական երեխաներին հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից: Երբ եղանակը ավելի տաք է, ժամը 11:00- 15:00 եղեք ստվերում, այդ ժամանակ արև ամենապայծառն է: 2․ Երեխաները պետք է լինեն ստվերում՝ ոտքերը և ձեռքերը ծածկող բարակ, բաց գույնի հագուստով, ուսերին ստվեր առաջացնող գլխարկով։ Եթե հնարավոր չէ իրականացնել նշված միջոցառումները, օգտագործեք քիչ քանակությամբ արևապաշտպան քսուք դեմքին և ձեռքերի դրսային մակերեսին՝ 15 SPF -ով։ 3․Դրսում գտնվել առավոտյան և երեկոյան ժամերին՝ ստվերում: 4․ Կրել հագուստ, որը հնարավորինս կփակի մաշկը, ընտրեք թեթև, բաց գույնի հագուստ: 5․Քթի, կզակի, ականջների, ուսերի շրջանում օգտագործել Ցինկի օքսիդ պարունակող քսուք՝ լրացուցիչ պաշտպանության համար։ 6․Ընտրեք գլխարկ, որը ստվեր կառաջացնի դեմքի, մեջքի, պարանոցի, աչքերի, ականջների  շրջանում։ 7․Կրեք ՈւՄ ճառագայթից պաշտպանող շերտով ակնոց։ Եթե, այնուամենայնիվ, առաջացել է արևայրուք, կատարել հետևյալ միջոցառումները՝ 1․ սառեցնել մաշկը թրջոցներով կամ լոգանքով 2․ տալ առատ հեղուկներ 3․ցավի դեպքում տալ ցավազրկող դեղամիջոց /օր.՝ իբուպրոֆեն, պարացետամոլ/։

«40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում բացօթյա աշխատանքը պետք է սահմանափակվի»․ Ռուբեն Գրիգորյան

«40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում բացօթյա աշխատանքը պետք է սահմանափակվի»․ Ռուբեն Գրիգորյան
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հուլիսի 19-ին և 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ «Այս շոգ եղանակով պայմանավորված՝ մարդն իր սովորական կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Հետևաբար` խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, հնարավորության դեպքում գտնվել ստվերում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն ու հորդորեց որ անհրաժեշտ է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը: Անդրադառնալով շոգ պայմաններում աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, Ռ․ Գրիգորյանը նշեց, որ 40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացվում են ընդմիջումները․ «Եթե սովորական օրերին ունենում ենք մեկ ժամ ընդմիջում, ապա շոգ օրերին անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացնում ենք ընդմիջումները: Օրինակ, ամեն ժամից 10 րոպե ընդմիջում սահմանել: Բացօթյա աշխատանքը ևս պետք է սահմանափակվի»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Այնուամենայնիվ, բանախոսը շեշտեց, որ հանրապետությունում բարձր ջերմային ալիքի թիրախում հղիներն են, մեծահասակաները, երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, որոնց հանդեպ պետք է առավել ուշադրություն ցուցաբերել: Խորհուրդ է տրվում 1․ օրվա ընթացքում խմել ջուր, մասնավորապես, 2-3 լ: 2․Նրանք, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, պարտադիր պետք է խմելու ջրի քանակի հարցում խորհրդակցեն իրենց  բժշկի հետ: 3․Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից: 4․Վերանայել սննդակարգը, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին: 5․Ուշադրություն դարձնել սննդի պահման պայմաններին՝ հատկապես բնության գրկում հանգիստը կազմակերպելիս:

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը․ ահազանգում են բնապահպանները, ՇՄՆ՝ պարզաբանում

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը․ ահազանգում են բնապահպանները, ՇՄՆ՝ պարզաբանում
Վերջին օրերին բնապահպանները և Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնող համաքաղաքացիները ահազանգում էին, որ կապուտակ Սևանն այլև վերածվել է կանաչ ու մամռոտ լճի, որից գարշահոտ է բուրում։ Վերոնշյալ ահազանգին արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու տվել հետևյալ պարզաբանումը, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. 1․ ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ, 2․ Ջրի բարձր ջերմաստիճան, 3․ Լույսի բավականին մեծ ինտենսիվություն 4․  Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։ Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով: Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից. 1․ կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը, 2․գյուղատնտեսություն և անասնապահություն, 3․ջրածածկ բուսական տարածքներ, 4․ ցանցավանդակային ձկնաբուծություն, 5․ կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր, Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։ Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտենսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից): Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․ 1․Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում 2․ Ձկնապաշարի համալրում 3․ Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում 4․ Սևանա լճի ջրի նորմերի հաստատում (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում) 5․ Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում 6․ Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում  անտառմաքրման աշխատանքներ 7․ Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում 8․ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝ 1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում, 2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում 3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում

Օձ պատահելիս չտրորել ու չանհանգստացնել նրան․ օձերից պաշտպանվելու կարևոր կանոններ

Օձ պատահելիս չտրորել ու չանհանգստացնել նրան․ օձերից պաշտպանվելու կարևոր կանոններ
Ամբողջ աշխարհում հուլիսի 16-ին նշվեց որպես Օձերի համաշխարհային օր։ Օձերը, գոյություն ունեցող սողունների 4 խմբերից մեկն են, որոնք առաջացել են մոտավորապես 94 միլլիոն տարի առաջ։ Բոլոր օձերը, ինչպես նաև մյուս սողունները, սառնարյուն են, և նրանց մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա միջավայից։ Բոլոր օձերը գիշատիչ են։ Կախված տեսակից, օձերը կարող են սնվել միջին ու մանր կաթնասուններով, թռչուններով, այլ սողուններով,  ձկներով ու երկկենցաղներով։ Գոյություն ունեն նաև միջատակեր օձեր, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանում հանդիպող սևագլուխ ռինխոկալամուսը։ Ներկայումս աշխարհում գոյություն ունեն մոտ 3900 տեսակ օձեր, որոնցից ՀՀ-ում հանդիպում են ընդամենը 23-ը։ Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են 1․ տափաստանային իժը, 2․դարևսկու իժը, 3․ փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։ Ինչպես պաշտպանվել օձից Էքսկուրսիաների մեկնելիս, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է հանդիպեք օձերի։ Իսկ խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում․ 1․ զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, 2․հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, 3․հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ, 4․ օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին: Եթե օձը հասցրել է խայթել, ապա 1․անհրաժեշտ է՝ սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), 2․հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել, 3․ եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն), ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն, 4․ ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։ Օձի խայթոցի դեպքում արգելվում է. 1․խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել, 2․խայթոցի տեղում կտրվածք անել, 3․սառույց դնել կամ այրել, 4․ տուժածին ալկոհոլ առաջարկել, 5․ տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը: Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ 1․խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: 2․ Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ 3․Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։

Էկո բիզնես․ Պատկերացում էկո հասկացության մասին

Էկո բիզնես․ Պատկերացում էկո հասկացության մասին
Թեպետ էկոլոգիապես մաքուր արտադրանքի մասին գաղափարը մարդկանց մեջ կար դեռևս հարուրամյակներ և հազարամյակներ առաջ, բայց տնտեսական գործունեության անհրաժեշտության գիտակցումն ի հայտ եկավ միայն 20-րդ դարում: էկո բիզնես, էկո կապիտալիզմ, էկո սնունդ, էկո արտադրանք և այլ նմանատիպ բառակապակցություններ, լայն ճանաչում են ստացել վերջին մի քանի տասնամյակներում։ Վերոնշյալ բառակապակցություններն էլ ավելի հայտնի են դարձել  սոցցանցերի շնորհիվ։ Արդյունքում, բազմաթիվ ապրանքանիշներ դրանք օգտագործում են գովազդի նպատակով, նույնիսկ եթե դրանք ընդանրապես կամ գուցե մասամբ որևէ աղերս չունեն էկո հասկացության հետ։ Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի հստակ պատկերացումներ՝ էկո հասկացության մասին։ Լավ մտածված գովազդի շնորհիվ այդ մոտեցումը կարող է ազդեցություն ունենալ սպառողի վրա, քանի որ մարդիկ հակված չեն մանրամասն հետազոտելու ապրանքը, որը պատրաստվում են գնել, կամ՝ ծառայությունը, որից պատրաստվում են օգտվել։ «Գաղափար էկո բիզնեսի մասին» Էկո բիզնեսը, կամ էկո կապիտալիզմը, ազատ շուկայական տնտեսության տեսություն կամ պրակտիկա է, որտեղ բնական ռեսուրսները դիտվում են որպես կապիտալ, իսկ շահույթը մասամբ կախված է շրջակա միջավայրի պահպանությունից և կայունությունից։ Էկո արդյունաբերության ձեռնարկությունները նպատակ ունեն1 հնարավորինս քիչ ջուր, էներգիա և հումք օգտագործել՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները։ 2․ գտնել այդ նյութերը վերականգնվող և էկոլոգիապես մաքուր եղանակներով օգտագործելու ուղիներ: Այս բիզնես մոտեցումը նվազագույնի է հասցնում ընկերության ճնշումը՝ բնական ռեսուրսների վրա և ներդրումը՝ կլիմայի փոփոխության մեջ: Որոշ դեպքերում, եթե թափոններ են առաջանում, դրանք կրկին օգտագործվում են որպես էներգիա և հումք: Էկոլոգիապես մաքուր ընկերությունները կարող են ներառել 1 հագուստի ապրանքանիշեր, 2․ ձեռնարկություններ, որոնք արտադրում են բազմակի օգտագործման պլաստիկ շշեր, 3․ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ, 4․ ֆիրմաներ, որոնք տեղադրում են արևային համակարգեր, 5․ տեղական վերամշակման բիզնես և այլն։ Հանրաճանաչ շատ ապրանքանիշներ և կազմակերպություններ ձգտում են նվազեցնել ոչ բարենպաստ հումք ունեցող նյութերի օգտագործումը՝ սպառողին հնարավորինս էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու նպատակով։ Այդ ապրանքանիշները վաճառում են ոչ միայն ապրանք այլ նաև թելադրում են էկո ապրելակերպ։ «Էկո բիզնեսի օրինակներ» Աշխարհում կան հազարավոր նույնատիպ ձգտումներով և մտահղացումներով կազմակերպություներ, սակայն թվարկենք համաշխարհային ազդեցություն ունեցող մի քանի կազմակերպություններ։ 1 Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություներից է «Vestas Wind Systems»-ը, որը գտնվում է Դանիայում: Հողմային տուրբինների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Շուկայում հողմատուրբինների ամենահին և ամենաշատ փորձ ունեցող ժամանակակից արտադրող է։ 2«Chr Hansen Holding», ևս մեկ համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն, որը նույնպես գտնվում է Դանիայում: Սննդի և առողջության բարելավումը նրանց ամեն ինչում առաջնորդող սկզբունքն է: Կազմակերպությունը ունի քաղաքականություններ և դիրքորոշումներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են նրանք գործում կոնկրետ հարցերի շուրջ և հաստատում են իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ։ Վերոնշյալ կազմակերպությունները գուցե ձեզ ծանոթ չլինեն, բայց որոնց մասին պատրաստվում ենք խոսել հաջորդիվ, վստահ եմ հավանաբար օգտված կլինեք և՛ ապրանքից, և՛ մատուցած ծառայություններից։ Նախ, այս կազմակերպություններն ի սկզբանե նախատեսված չեն եղել որպես Էկո կազմակերպություններ։ Միայն, երբ էկո ապրելակերպը դարձել է համաշխարհային տենդենց, նրանք օգտվելով ընձեռնված հնարավորությունից ձեռնարկել են նորաոճ նախագծեր։ Դրանցից են․ 1 Կահույք և տնտեսական ապրանք արտադրող «IKEA» ընկերություն։ Այն պարտավորվել է մինչև 2030 թվականը դառնալ «էկոլոգիապես մաքուր» ընկերություն։ Դա նշանակում է, որ «IKEA»-ն ոչ միայն կհասնի ածխաթթու գազերի արտադրման զրոյականացմանը, այլև կփորձի նվազեցնել ածխաթթու գազերի տոկոսը՝ մթնոլորտում։ 2Հաջորդ համաշխարհային ճանաչում վայելող կազմակերպությունը «Starbucks»-ն է, որն ամբողջ աշխարհում ունի ամենամեծ սրճարանների ցանցը։ Այն նախագծել է հաճախորդներին շահագրգռել է, որպեսզի գնեն բազմակի օգտագործման բաժակներ։ Այդ նախագիծը պլանավորվում է իրականություն դարձնել մինչև 2025 թվականը։ «Էկո բիզնեսը Հայաստանում» Հայաստանում կան բազմաթիվ բնապահպանական հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, կենտրոններ, բիզնեսներ։ Չնայած, դրանք ներկայացվում են որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկայացնող ընկերություններ, սակայն վերոնշյալ ոլորտը դեռ մեծ ուսումնասիրության կարիք ունի։ Հուսով ենք, որ մոտ ապագայում սպառողը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել բազմաթիվ էկո ապրանքների և ծառայությունների միջև։

Սարսանգի ջրամբարում անցկացվել է ջրասուզական պարապմունքներ

Սարսանգի ջրամբարում անցկացվել է ջրասուզական պարապմունքներ
Սարսանգի ջրամբարում տեղի է ունեցել ջրասուզական հերթական պարապմունքներ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ն, գործնական պարապմունքների վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային շրջանում դեպքերի ու պատահարների մեծ մասը հիմնականում տեղի է ունենում Սարսանգում: Մշակվել է պայմանական սցենար, որի համաձայն, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարսանգի ջրամբարում պատանիներ են անհետացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ջրափրկարարները ջրասուզական հատուկ անջրանցիկ հանդերձանքով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում այն վայրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Գործի է դրվում ողջ գործիքակազմը՝ նյութատեխնիկական բազայում առկա ջրափրկարարական գույքը. փչովի մոտորանավակ, ստորջրյա հետախուզության սարքեր, անօդաչու թռչող սարք, շնչառական ապարատներ, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, կապի միջոցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ու պարապմունքի ընթացքին հետևել, տեղում՝ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնների, ինչպես նաև՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունների վերաբերյալ մի շարք ցուցումներ է տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը: Ջրափրկարարները հաջող և անփորձանք աշխատանքների արդյունքում՝ ջրամբարից հանել են տուժածներին և ցուցաբերել առաջին օգնություն: Ջրափրկարարական գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում: Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան: Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը: Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: