Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ծովագյուղի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

Ծովագյուղի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
Յուրաքանչուր տարվա այս ժամանակահատվածում իրենց հանգիստը Սևանա լճի տարածքում կազմակերպող համաքաղաքացիները, երբեմն անտեսելով շրջակա միջավայրի պահպանության ամենակարևոր գործոնը, սննդի մնացորդները թողնում են ափամերձ տարածքում՝ աղտոտելով և՛ բնությունը, և՛ խաթարելով իրենցից  հետո հանրային տվյալ ափում իրենց հանգիստը պլանավորած համաքաղաքացիների հանգիստը։  Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ:  «Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից  իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հորդորում համաքաղաքացիներին, որ բնության գիրկ այցելելիս չմոռանան խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր շրջակա միջավայրի և բնական հուշարձանների հանդեպ:

Աղտոտված արագիլների հետքերով․ (տեսանյութ)

Աղտոտված արագիլների հետքերով․ (տեսանյութ)
Վերջին 4-5 տարիներին բնապահպանները ՀՀ տարածքում բնակվող աղտոտված արագիլներին Արարատյան դաշտից հավաքում են, տանում ժամանակավոր կացարան, կերակրում, բուժում, հետո լողացնում ու բաց թողնում բնություն։ Հայաստանում բնակվում է մոտ 700-750 զույգ սպիտակ արագիլ։ Նրանցից՝ 1․ մոտ 300-ը աղտոտվում են ինչ-որ յուղով 2․մոտ 100-150-ը կորցնում են թռչելու ունակությունը։ Այս մասին տեղեկացնում է Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ և ներկայացնում աղտոտված արագիլների ու նրանց փրկիչների մասին իր հեղինակային տեսանյութը։  

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշանները վաճառվում են Երևանի փողոցներում

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշանները վաճառվում են Երևանի փողոցներում
Վերջին շրջանում ծաղկի խանութներում և փողոցային վաճառակետերում հաճախ վաճառքում հանդիպում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշաններ։ Համաքաղաքացիների և բնապահպանների կողմից բարձրաձայնած բազմաթիվ ահազանգերից հետո, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, անդրադարձել է խնդրին՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով․ «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք  առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում  վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր»։  Ի դեպ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում են հանդիպում Ջրաշուշանները Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից Ջրաշուշանը հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։ Այն հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է, որը պարունակում է․ 1․ ալկալոիդներ, 2․ եթերայուղեր, 3․ կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով ․ հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։ Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։

Ինչու իտալացիները չեն ճարպակալում․մանրամասնում է սննդաբանը

Ինչու իտալացիները չեն ճարպակալում․մանրամասնում է սննդաբանը
«Ինչու՞ են Իտալիայում ճարպակալման թվերը մնում միջին մակարդակի վրա (ճարպակալում՝ 19.9%) և չեն հասնում օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Կանադայի (մոտ 40%) թվերին, չնայած,  որ այստեղ սնունդը աշխարհի ամենահամեղներից մեկն է»,- նման հարցադրում է արել բժիշկ –սննդաբան Լիդիա Այվազյանն ու վերլուծելով գտել է 5 հիմնական պատճառ: «Այս թեմայի հետ կապված մտքերը բազմաթիվ են։ Արդեն մի քանի անգամ լինելով Իտալիայում ու հենց իտալացիների հետ ժամանակ անցկացնելով, փորձել եմ դուրս բերել պատճառները»,- նշում է սննդաբանն ու թվարկում․ 1․Իտալացիները ունեն հստակ ուտելու ռեժիմ՝ միշտ նախաճաշում են՝ հիմնականում կապուչինո կռուասանով։ Ճաշում են 12:00-ին և ընթրիք են անում ձմռանը 17-20:00, ամռանը 19:00- 21:00: 2․Քաղցր ըմպելիքները գրեթե մոռացության են մատնված։ Որևէ տեղ սննդընդունման ժամանակ չես տեսնի սննդի շուրջ հավաքված քաղցր ըմպելիքներ։ Հետևաբար դատարկ կալորիաները տեղ չունեն նրանց օրգանիզմում։ Պիցցայի հետ գազավորված հեղուկը միայն ջուրն է։ 3․Ալկոհոլ Չեն խմում գարեջուր, չեն խմում պինդ ալկոհոլային խմիչքներ։ Թվում է թե գինի շատ են օգտագործում, բայց երեկոյի ընթացքում 1-2 գավաթը չեն գերազանցում։ 4․Քիչ են օգտագործում պատրաստի (կիսաֆաբրիկատ) սնունդ, շատ ժամանակ են տրամադրում սնունդը պատրաստելուն։ Հետևաբար արագ սնունդը ևս նվազում է սննդակարգում։ 5․Սննդընդունումը գեղեցիկ ծես է, ընթրում կամ ճաշում են ընտանիքով, ուտում են երկար և համեղ։ Սա շատ կարևոր է, հասկանալու և տեսնելու համար թե ի՞նչ ես ուտում և ինչու՞։ Հետևաբար հագենում է ոչ միայն ստամոքսը, նաև ուղեղը։

Բուսաբանական այգու ջրագիծը էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար

Բուսաբանական այգու ջրագիծը էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար
Երևանի բուսաբանական այգում այսօր առավոտյան հրդեհի հետևանքով այրվել է մոտ 8000 քառ․մ խոտածածկ տարածք։  ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ 1 ջրատար և հրդեհաշիջման ղեկավարման շտաբի, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների և Երևանի բուսաբանական այգու աշխատակիցների օպերատիվ հրդեհամարման աշխատանքների շնորիվ 1 ժամ անց հրդեհը մեկուսացվել է։ Մինչ հրշեջ-փրկարարական ջոկատւ այգու աշխատակիցների հետ զբաղված էր հրդեհը մարելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով գործադիրը վերաբաշխում կատարեց պետական բյուջեում Բուսաբանական այգու ոռոգման համակարգը բարելավելու համար: «Ծրագիրն ընդգրկում է բուսաբանական այգու 80 հա տարածքը, այն ապահովվելու է ոռոգման ջրով: Նախատեսվում է ջրագիծ անցկացնել մինչև բուսաբանական այգի: Խոսքը մոտ 1,5 կմ երկարությամբ ջրագծի մասին է, որը պետք է կսկսվի Սարկավագի փողոցից: Ծրագրի արժեքը 245 մլն դրամ է»,- գործադիրի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ընդգծեց, որ որոշում է կայացվել ջրագծի հարցը լուծել ոչ միայն այնտեղ կառուցվող «Կյանքի պուրակ»-ի համար, այլ՝ ամբողջ Բուսաբանական այգու: Իսկ արդեն երկրորդ փուլով ամբողջ Բուսաբանական այգու տարածքում համապատասխան ցանց կապահովվի: «2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ որոշեցինք նահատակների հիշատակը հավերժացնող նոր խորհրդանիշ ունենալ, ասվեց, որ Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ Բուսաբանական այգու մեծ մասն է այդ ռիսկի տակ, որոշվեց վերակենդանացնել ամբողջ այգին՝ ընդլայնելով ծրագրի մասշտաբները: Ջրագիծն անցկացնելու խիստ անհրաժեշտություն կա, և որոշեցինք դա շուտափույթ իրականացնել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այն էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար:

Շրջակա միջավայրին հասցվել է 18.221.294 ՀՀ դրամի չափով վնաս․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Շրջակա միջավայրին հասցվել է 18.221.294 ՀՀ դրամի չափով վնաս․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
2022 թվականի հուլիսի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 35 դեպք, որից 15 դեպքով հաշվարկվել է 3.070.687 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` 1․  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով  հաշվարկվել է 2.612.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով  նշանակվել  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել է 5 դեպք,  որից 1-ով նաև հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել  500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 2․ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 225.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 3․  Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 4․ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 232.787 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով  նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 4 դեպք:  5․ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 4 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 50.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.379.696 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր, որից` 3-ը՝ ՓՀԷԿ, 2-ը՝ ընդերքօգտագործում, 1-ը՝ձկնաբուծարան, 1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում, 1-ը՝ շինարարություն։ Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 22 որոշում՝ 2.220.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 18.221.294 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։

«Նավասարդ» խոհանոցային հայ-իրանական փառատոնը կնպաստի հայկական զբոսաշրջության զարգացմանը

«Նավասարդ» խոհանոցային հայ-իրանական փառատոնը կնպաստի հայկական զբոսաշրջության զարգացմանը
Օգոստոսի 10-11-ը «Զորաց Քարեր» պատմամշակութային արգելոցում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, տեղի կունենա  «Նավասարդ» խորագրով հայ - իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ Այդ ընթացքում կներկայացվի Հայկական և իրանական խոհանոցի բազմազան յուրօրինակ ուտեստներ։ «Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա-Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմնական մասը՝ կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն: Սիսիան քաղաքում իրականացվող միջոցառումների ընթացքում կլինի նաև լազերային շոու և քաղաքապետարանի շենքի վրա կցուցադրվի «Հայկ» համաստեղության ծնունդը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա, միջազգային գործընկերների ներգրավմամբ միջոցառման գովազդ է իրականացվում Իրանում, ոչ տեղացի զբոսաշրջիկներին տեղեկացնելու և ներգրավելու նպատակով․ «Սա նաև մեծ նշանակություն է ունենալու զբոսաշրջությունը Երևանից դեպի մարզեր տանելու գործընթացի համար, ինչպես նաև այս փառատոնը հնարավորություն է տալու Սիսիան քաղաքին ներկայացնել իր զբոսաշրջային ամբողջ ներուժը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի համոզմամբ իրանական  ներուժը օգտագործելը կնպաստի մեր փոխադարձ կապերի ամրապնդմանը, քանի որ իրանական խոհանոցի հետ շատ ընդհանրություններ ունենք․ «Միջոցառման ընթացքում տոնելու ենք «Նավասարդ»-ը, որը քրիստոնեությունն ընդունելուց  առաջ նշվել է նաև իրանցիների հետ։ Այժմ ցանկանում ենք վերականգնել այդ ավանդույթը: Միջոցառումը բաղկացած է մի քանի մասից: Մեկը կլինի հենց խոհարարական, որին կմասնակցեն երկու կողմերը, կներկայացնեն  իրենց կերակրատեսակները: Մենք մի փոքր ուղղորդել ենք, որ ծիսական կերակրատեսակ համարվող Նավասարդի հարիսան, «Կորկոտը» և համարժեք իրանական կերակուրը՝ «Հալիմը», կլոր գաթան, որը խորհրդանշում է արևը և, իհարկե, մեր բոլոր տոնական սեղաններին բնորոշ տոլման պարտադիր լինեն ներկայացված: Մնացածի ընտրության մեջ մասնակիցներն ազատ են»։ Ս․ Մամուլյանի դիտարկմամբ, ընդհանրապես մեր տոները՝ լինեն դրանք եկեղեցական, թե ժողովրդական, լուրջ զբոսաշրջային արդյունք են տալիս, քանի որ ներառում են խոհանոցային, բանահյուսական, մշակութային և սպորտային լուրջ տարեր, որոնք ներկայացնում են մեր ազգային կերպարը։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի համոզմամբ նման փառատոնները կարևոր նշանակություն ունեն երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործում․ «Իրանը մեր թիրախային շուկաներից մեկն է, և այս պահին այնտեղից բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ ունենք: Ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ փառատոների միջոցով նույնպես հետաքրքիր ծրագրեր իրականացնենք, որպեսզի մեր հարևան երկրներից մշտապես մեծ զբոսաշրջային շարժ ունենանք»:

Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ»-ն ու «Դիլիջան» ազգային պարկը

Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ»-ն ու «Դիլիջան» ազգային պարկը
Հեղինակավոր Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։ Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։ ««Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 300-ական թվականներին Խոսրով 3-րդ թագավորի կողմից հիմնված անտառի տարածքի մի մասի վրա։ Արդի շրջանում գիհու և կաղնու ծառերով հարուստ այս անտառային տարածքը հայտնի է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, գիշատիչներով՝ գայլ, լուսան, գորշ արջ: Երջանիկ այցելուները կարող են տեսնել նաև ընձառյուծներ»,- առանձնահատուկ անդրադարձ կատարելով նշում է հոդվածագիրը։ Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ն առանձնացրել է նաև «Դիլիջան» ազգային պարկը։ «Հենց Հայաստանի սրտում գտնվող «Դիլիջան» ազգային պարկը հարուստ է հսկայական անտառներով, ինքնատիպ ֆաունայով ու դարավոր կառույցներով»,- գրում է Forbes-ի հոդվածագիրը և հավելում, որ տարածաշրջանն առանձնանում է տիպիկ հայկական թռչուններով, կաթնասուններով, երկկենցաղներով, սակայն զբոսաշրջության համար այս ամենանշանակալի տեսարժան վայրը կապված է տեղի բնակիչների հետ: «Դիլիջանում են գտնվում բազմաթիվ պատմական կրոնական կառույցներ, այդ թվում, Հաղարծին վանքը, ինչպես նաև Գոշավանքը՝ հսկայական համալիր, որը կառուցվել է, մոտ 800 տարի առաջ։ Բնության հրաշքը վայելելուց զատ այցելուները կարող են զբոսնել Դիլիջան քաղաքում, որն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ»,- շեշտադրված է հոդվածում։

ԱՄՆ-ի Անտառային ծառայության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

ԱՄՆ-ի Անտառային ծառայության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
 ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։ Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև մի շարք հանրային իրազեկման արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործնկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործնկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։ «Ուրախ ենք, որ ԱՄՆ-ի Անտառային ծառայության հետ սերտ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ անտառային հրդեհների կանխարգելման շրջանակում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ամբողջ աշխարհում առաջատարներից է իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։ Նա հավելում է՝ շատ կարևոր է, որ գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Նշենք, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Առաջիկայում հիմնադրամը կներկայացնի ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։

Ի՞նչ է փոշին և որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները

Ի՞նչ է փոշին և որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները
Վերջին ամիսներին մասնագետներն ահազանգում են, որ հանրապետությունում օդի ավազանի աղտոտվածությունն անցել է բոլոր թույլատրելի սահմաները։ Իսկ հիմնականում մեծ մաս է կազմում փոշին, որի հետևանքով էլ բնակչության մոտ առաջանում են շնչառական տարատեսակ հիվանդություններ։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից և բաղադրությունից, ինչպես նաև ազդեցության տևողությունից։ Փոշին կարող է նպաստել առողջության հետ կապված մի շարք խնդիրների, բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, ներառյալ՝ հազ, մաշկային քոր, թոքերի հիվանդություններ, ասթմատիկ և սրտի նոպաներ: Ի՞նչ է փոշին Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է: Տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը: 1․  PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ: 2․  PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ: Որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները 1․ արդյունաբերական գործընթացները, 2․ էլեկտրակայանները, 3․ տրանսպորտային միջոցները, 4․ չասֆալտապատված ճանապարհները, 5․ շինարարությունը, 6․ գյուղատնտեսությունը, 7․ ծխի առաջացման աղբյուրները, 8․ կանաչապատ տարածքների պակասը: Փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է 1․ Շատացնել կանաչապատ տարածքները։  Յուրաքանչյուրս կարող ենք օրինակ՝ մեր բակում, ծառատունկ կազմակերպել։ 2․ Խուսափել բաց այրումներից։  Չայրենք աղբը, եթե անգամ դրանք տերևներ են կամ փայտանյութ։ 3․ Նվազագույնի հասցնել մեքենաների կիրառումը կամ տեղափոխման համար օգտագործել հեծանիվներ։ Կարող ենք անցնել էլեկտրոմոբիլների կիրառման, կամ հեծանիվների շահագործման։ 4․ Անցնել արևային էներգիայի օգտագործմանը կամ խնայել էլեկտրաէներգիան։ Ցերեկը վառ չթողնենք լույսերը, հեռախոսը լարից անջատելիս` միացրած չթողնենք լիցքավորիչները: