ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշանները վաճառվում են Երևանի փողոցներում

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b6/

Վերջին շրջանում ծաղկի խանութներում և փողոցային վաճառակետերում հաճախ վաճառքում հանդիպում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշաններ։

Համաքաղաքացիների և բնապահպանների կողմից բարձրաձայնած բազմաթիվ ահազանգերից հետո, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, անդրադարձել է խնդրին՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով․ «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք  առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում  վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր»։

 Ի դեպ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում են հանդիպում Ջրաշուշանները

Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից Ջրաշուշանը հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։

Այն հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է, որը պարունակում է․

1․ ալկալոիդներ,

2․ եթերայուղեր,

3․ կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։

Օսլայով ․ հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։

Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով