Blog
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանը մասնակցել է Կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի 18-րդ հանդիպմանը
Posted on 7 Հոկտեմբերի, 2022

Սեպտեմբերի 26-30-ն Իտալիայի Հռոմ քաղաքում կայացել է Կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի (ԿՕԱՎԿ) 18-րդ հանդիպումը`հիբրիդային եղանակով։ Կոմիտեն Ստոկհոլմի կոնվենցիայի օժանդակ մարմին է, որը ստեղծվել է Կոնվենցիայի Հավելվածներ A, B և/կամ C-ում ներառման համար առաջարկվող նյութերի վերանայման նպատակով։ ԿՕԱՎԿ-ի 31 անդամներից 30-ը մասնակցել են առկա և մեկը՝ վիրտուալ եղանակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև ընդհանուր առմամբ 102 դիտորդ, այդ թվում 64 ներկայացուցիչներ 28 կառավարություններից, 38 ներկայացուցիչներ 23 հասարակական և արդյունաբերական կազմակերպություններերից։ Հայաստանի Հանրապետությունից, որպես կոմիտեի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, հանդիպմանը մասնակցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում Արտակ Խաչատրյանը նշանակվել է UV-328 կոնտակտային խմբի նախագահող։ Կոնտակտային խմբի կողմից մշակվել և լիագումար նիստի հաստատմանը Արտակ Խաչատրյանի կողմից ներկայացվել է երկու փաստաթուղթ՝ UV-328-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը (UNEP/POPS/POPRC.18) և որոշման նախագիծը (CRP.11)։ Մշակված երկու փաստաթղթերն էլ հաստատվել են լիագումար նիստի ընթացքում և կներկայացվեն Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։ Լիագումար նիստի կողմից հաստատվել է նաև Dechlorane Plus-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը և որոշման նախագիծը, վերջինս նույնպես կներկայացվի Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։
In
other , shrjaka-mijavayr
Արջի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդներն առգրավվել են
Posted on 7 Հոկտեմբերի, 2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացրել են շրջայցեր։
Հոկտեմբերի 4-ին «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի Քյարմամադի ձորի տարածքում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից տեղադրված մետաղալարե, ինքնաշեն՝ արջ որսալու համար նախատեսված 2 թակարդ:
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները թակարդները հանել և առգրավվել են։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։
In
other , shrjaka-mijavayr
«Դիլիջան ազգային պարկ»-ի 5 տեղամասերում արձանագրվել է 32 ինդիկատոր-տեսակների առկայությունը
Posted on 6 Հոկտեմբերի, 2022

Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը նախորդ շաբաթ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ: Սեպտեմբերի 26-30 –ը ինդիկատոր տեսակների ճանաչման դասընթացի երկրորդ փուլում ազգային պարկի աշխատակիցներին ներկայացվել են իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքի վիճակի ցուցիչ տեսակները։ Այնուհետև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ազգային պարկի 5 տեղամասերում կատարվել է ինդիկատոր տեսակների ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է ընդհանուր 32 ինդիկատոր-տեսակների առկայությունը: Գրանցվել է՝ 1․ թռչունների դասին պատկանող 13 տեսակ, 2․ կաթնասունների և միջատների դասերին` 3-ական, 3․ ագարիկոմիցետների դասին՝ 5, 4․ երկշաքիլավորների դասին՝ 3, 5․պոլիպոդիոպսիդա և սողունների դասերին` 2-ական, 6․ երկկենցաղների դասին՝ 1 տեսակ։ Հավաքագրված տվյալները վերլուծվել են և ներբեռնվել են տվյալների շտեմարան։
In
other , shrjaka-mijavayr
Երևանում մթնոլորտային օդի որակը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Posted on 6 Հոկտեմբերի, 2022

Վերջին ամիսներին Երևանում, հատկապես կենտրոնում, մթնոլորտային օդի որակը գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան։ Վերջին մեկ շաբաթում ևս իրավիճակն անփոփոխ է։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ըստ այդ տվյալների՝ 1․ Կենտրոն վարչական շրջանում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ 2․ Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 4-ին և 5-ին, 3․ Շենգավիթում՝ սեպտեմբերի 30-ին, 4․Նոր Նորքում՝ հոկտեմբերի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-5-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
In
other , shrjaka-mijavayr
Նոր ծրագիր՝ Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու ուղղությամբ
Posted on 5 Հոկտեմբերի, 2022

Այսօր մեկնարկեց «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։ «Այս ծրագիրն առանցքային դեր կունենա Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու գործում: Այն կարևոր ներդրում է հողի կայուն կառավարման բարելավման և Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», - ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը: «Հողի կայուն կառավարման ապահովումը հիմք է հանդիսանում ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում և ավելի լավ միջավայր ապահովելու համար, ինչը հանգեցնում է ավելի լավ կյանքի»: Հայաստանում բնապահպանական Կայուն զարգացման նպատակները կազմում են մեկ ամբողջություն: Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է թիրախային տարածքներում գրանցել հողային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների և հողային ռեսուրսների դեգրադացիան չեզոքացնող համալիր մի շարք արմատական աշխատանքներ», – նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Հողերի դեգրադացումն ու անապատացումը Հայաստանում պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով: 1․ Բնությունն ինքն է նպաստում հողերի դեգրադացմանը՝ տեղումների բացակայության, երաշտների և ավազամրրիկների հետևանքով, որոնք իրենց հերթին առաջանում են սեզոնային և տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման, բնական աղակալման, ինչպես նաև անձրևային շրջանում ջրհեղեղների և սողանքների պատճառով: 2․ Մարդու գործունեության հետևանքով առաջացած դեգրադացման պատճառներից է գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպը, ինչպիսիք են՝ 1․ անբավարար ցանքաշրջանառությունը, 2․ ոռոգման մեթոդների անարդյունավետ կիրառումը, 3․ արոտավայրերի գերարածեցումը և հերկման կանոնների խախտումը, 4․ ապօրինի ծառահատումները, 5․ ստորերկրյա ջրերի գերօգտագործումը (արտեզյան հորեր), 6․ հողի աղտոտումը, 7․ հանքարդյունաբերությունը, 8․քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաև գյուղատնտեսության ոլորտին կլիմայի փոփոխության հետևանքով սպառնացող վտանգները։ Այս ծրագիրը լանդշաֆտային մոտեցում ունի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսլականին, այն է՝ հողի դեգրադացումը չեզոքացնելու նպատակով խրախուսել կայուն ինտեգրացված լանդշաֆտների ընդլայնումը։ Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր և աշխատելով տարբեր մակարդակներում, դիմագրավելով հողերի դեգրադացման և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերների խորքային պատճառներին, այլ ոչ թե միայն դրանց դրսևորումներին։ Աշխատաժողովին մասնակցում էին պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի հողերի դեգրադացման և կլիմայի փոփոխության շուրջ նախաձեռնությունների խթանման գործում, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող գործակալությունները, քաղաքացիական հասարակության, կրթական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։
In
other , eco-mshakuyt
Արդյունաբերական արծաթե խողովակները, վերելակն ու դռները՝ 20-ամյա «Հայֆեստ»-ի շրջանակում
Posted on 5 Հոկտեմբերի, 2022

«Հաջորդ 20 տարիներն ավելի լավն են լինելու» խորագրով հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը։
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հայֆեստյան խելահեղ տրամադրություն էր տիրում։ Նախ, փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանն իրեն հատուկ հումորով համեմված, հանդիսատեսին պատմեց փառատոնի 20-ամյա կյանքի ընթացքում հաղթահարած հեշտ ու դժվարին տարիները, ապա խոստացավ, փառատոնային օրերին ապացուցել, որ 20 տարիներն ավելի լավն են լինելու։ Իսկ փառատոնի բացման արարողության ավարտը «քաղցրացրեց» հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը և տոնական տորթը հայտնվեց Արթուր Ղուկասյանի դեմքին։
«Հայֆեստ» կատարողական արվեստների փառատնն այս տարի մեկնարկեց Ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» պարային ներկայացումով:
Իսկ արդեն հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Արխանգելսկի Երիտասարդական Թատրոնի «Դռներ» բացօթյա ներկայացումը: «Դռները» զվարճալի, պարզ ներկայացում է, որում խաղում են երեք դերասաններ: Դուռը խաղում է ոչ միայն ուտիլիտարիստական, այլև մի տեսակ փիլիսոփայական խորհրդանշի դեր: Այն ծառայում է, որպես տարբեր ազգությունների, մտածելակերպի և կրոնի մարդկանց բաժանող սահման: Արխանգելսկի երիտասարդական թատրոնն արդեն 46 տարի է, ինչ հաջողությամբ աշխատում է բացօթյա թատրոնի և դրամատիկական թատրոնի ոլորտում։
Նույն օրը ԳԱԿ փոքր թատրոնում կայացավ Իսրայելից ժամանած Սիլվեր Պարային Թատրոնի «Արծաթե Շոու» Ժամանակակից պարը: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ևս մասնակից դարձավ պարային շոուին։ Սիլվեր Դենսը ժամանակակից պարային թատրոնը համատեղում է ժամանակակից պարային տեխնիկան՝ անշունչ առարկաներին կյանք տալու գաղափարի հետ: Արդյունաբերական արծաթե տարբեր տեսակի խողովակների զվարճալի, հետաքրքիր և զարմանալի գործածումը հասանելի է տարբեր տարիքի հանդիսատեսի համար
Սիլվեր Պարային Թատրոնը հիմնադրվել է 10 տարի առաջ Շիմոն Մանսուրայի կողմից։ Այն պարային ելույթներ է ունենցել Եվրոպայի և Իսրայելի տարբեր ժամանակակից թատրոններում։
Eco.am սոցիալական հարթակը հանդիսանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային հոբելյանական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
Կամ կարող եք ներբեռնել այստեղ․

In
other , eco-tourism
Զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․ Մեխակ Ապրեսյան
Posted on 4 Հոկտեմբերի, 2022

«Ջերմուկը, որը ՀՀ կառավարության կողմից հայտարարված զբոսաշրջության կենտրոններից մեկն է, այսօր ծանր կացության մեջ է: Այդ վիճակում են նաև մյուս համայնքները, որոնք թիրախավորված են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ըստ նրա, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․ «Ինչպես գիտենք, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, դրանից բացի այսօր այնտեղ զբոսաշրջային այցելություններ չկան: Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում։ Որոշ զբոսաշրջային կենտրոններ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորված են եղել: Թեպետ սահմանին այսօր համեմատաբար հանգիստ է, միևնույն է այդ զբոսաշրջային կենտրոնները չեն գործում»,-արձանագրեց Ապրեսյանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ զբոսաշրջային կենտրոնները կանգնած են այնպիսի խնդրի առաջ, որ կարող են կորցնել այդ գործունեությունը, աշխատատեղերը․ «Եթե ոլորտի աշխատողները երկար գործազուրկ մնան ու փորձեն այլ ոլորտներում գործ գտնել, ապա շատ շուտով մասնագետների կորուստ կլինի: Հետո այդ բացը լրացնելը շատ դժվար կլինի»,- փաստեց Մ․ Ապրեսյանն ու ոլորտի ներկայացուցիչներին հրավիրեց միասին քննարկելու խնդիրը․ «Պետությունն ու մասնավոր հատվածին առաջարկում եմ միասին քննարկել, որպեսզի հասկանանք, թե այդ տուժած վայրերում ինչպես կարելի է զբոսաշրջությունը պահպանել, այդ ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել»:
Լրագրողների հետ հանդիպմանը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նաև թվարկեց զբոսաշրջության ոլորտում ստացած հարվածները՝ 2020 թվականից սկսած․ «Սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը: Դրանից հետո մեծ ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու, աշխուժացնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան: Այս ցուցանիշով երկիրը կամաց-կամաց մոտենում է 2019 թվականի տվյալներին: Դրա համար պետք է պետություն-մասնավոր հատվածը ակտիվ աշխատանք իրականացնի՝ տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ իրավիճակի գնահատում, ճկուն արձագանք, աշխատանքի վերակազմակերպում, աջակցման ծրագրերի մշակում և այլն»,- առաջարկեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
In
other , shrjaka-mijavayr
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Posted on 4 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։ Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը: Օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում։ Տարբեր երկրների կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրն իրականացնում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ և ակցիաներ: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների ՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ: Ըստ այդ տվյալների, մոտ ապագայում առհասարակ կդադարի գոյություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը:
In
other , shrjaka-mijavayr
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները
Posted on 3 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևեութաբանության և մոնիտորինգի կեմտրոնից տեղեկացավ, որ հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9°C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8°C, երրորդում՝ +5.9°C: Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում՝ ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը՝ մայիսից հետո, ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ։ Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես՝ Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին: Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը: 1․ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14...+15°C, 2․ Արարատի և Արմավիրի մարզերում՝ +14...+16°C, 3․ Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14...+16°C, լեռնային շրջաններում՝ +8...+10°C, 4․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ +8...+10°C, 5․ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +8...+10°C, նախալեռնային՝ +14...+16°C, 6․ Լոռու մարզում՝ +10...+12°C, 7․ Տավուշի մարզում՝ +11...+14°C, 8․ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14...+16°C, լեռնային շրջաններում` +8...+10°C, 9․ Սյունիքի հովտային շրջաններում՝ +15…+17°C, նախալեռնային շրջաններում` +10...+12°C, 10․ Արցախում կանխատեսվում է +15...+17°C։
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
Հեծանիվներ և էկոնվերներ․ կայացավ «Կայուն էներգիայի շաբաթ» իրազեկման միջոցառումների շաբաթը
Posted on 3 Հոկտեմբերի, 2022

Աշակերտները պոստեր-պրեզենտացիայի միջոցով գնահատող հանձնաժողովին ներկայացրին իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված իրենց լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:
Հաղթող մասնակիցներին որոշելու նպատակով հրավիրվել էր գնահատող հանձնաժողով, իսկ գնահատումն իրականցվել է հետևյալ չափորոշիչներով`
1.Խնդիրների վերհանում, թե ինչպես էր թիմը ներկայացնում դպրոցի «էներգետիկ» խնդիրները։
2.Էներգետիկ վերլուծություն` իրականացված չափումները, վերլուծությունները, հաշվարկները։
3.Լուծումներ, առաջարկություններ` Տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական լուծումները։
4.Թիմային աշխատանք` Գնահատվում է արդյո՞ք թիմին հաջողվել է համագործակցել և աշխատել համատեղ:
Ըստ գնահատող հանձնաժողովի կողմից տրված գնահատականների՝ հաղթող ճանաչվեց ՏԵՍԼԱ թիմը, որը ներկայացնում էր Երևանի հ. 181 հիմնական դպրոցը:
Հաղթող թիմի բոլոր հինգ անդամներին շնորհվեց մրցանակ` հեծանիվներ, բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և էկոնվերներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչներին տրվեցին շնորհակալագրեր:




