Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևեութաբանության և մոնիտորինգի կեմտրոնից տեղեկացավ, որ հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9°C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8°C, երրորդում՝ +5.9°C:
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում՝ ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է:
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը՝ մայիսից հետո, ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ։
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես՝ Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:
1․ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+15°C,
2․ Արարատի և Արմավիրի մարզերում՝ +14…+16°C,
3․ Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում՝ +8…+10°C,
4․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ +8…+10°C,
5․ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +8…+10°C, նախալեռնային՝ +14…+16°C,
6․ Լոռու մարզում՝ +10…+12°C,
7․ Տավուշի մարզում՝ +11…+14°C,
8․ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում` +8…+10°C,
9․ Սյունիքի հովտային շրջաններում՝ +15…+17°C, նախալեռնային շրջաններում` +10…+12°C,
10․ Արցախում կանխատեսվում է +15…+17°C։






Թողնել մեկնաբանություն