Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

10 կենդանիներ որոնք կանխազգում են մոտալուտ երկրաշարժը

10 կենդանիներ որոնք կանխազգում են մոտալուտ երկրաշարժը
Բնական աղետների դեմ մարդկային միջամտությունն անզոր է։ Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ 34 տարի առաջ՝ 1988  թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը աննկարագրելի կորուստներ պատճառեց բնակչությանը։ 6,8-7,2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որի ցնցումների ուժգնությունը հասել էր մինչև 9-10 բալ։ Վայրկյաների ընթացքում գրեթե գետնին էր հավասարվել հանրապետության ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Արդյունքում․ 1․Ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ։ 2․ Աղետից տուժվեց 21 քաղաքացի և 342 գյուղացի։ 3Անօթևան մնաց 514 000 մարդ։ 4Զոհվեց 25 000 մարդ։ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժը սեյսմաբանական տեսակետից չի համարվում բացառիկ երևույթ: Երկրագնդի վրա տարեկան այդ մագնիտուդի երկրաշարժեր լինում են 15-20 հատ: Սակայն այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Այս տեսակետից Սպիտակի երկրաշարժն ուսանելի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ աղետների դեմ պայքարում: Մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը բնական երևույթ լինելով կարող է աղետալի հետևանքներ գրանցել ոչ սեյսմակայուն շենք –շինություններում, իսկ բնակչությունն էլ բացարձակապես չի տիրապետում սեյսմապաշտպանության վարքականոններին։ Իրականում, երկրաշարժը երկրաբանական բարդ գործընթաց է, սակայն մեր օրերում ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է նաև կանխատեսել մոտալուտ աղետը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները երկուսն են՝  մակերևութային նախանշաններ, մարդկանց և կենդանիների վարք։ Մակերևութային նախանշաններ 1․Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։ 2․ Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։ 3․ Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։ 4․ Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։ 5․ Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։ 6․Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։ Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։ Օրինակ`1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։ Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են՝ 1․ գլխապտույտով‚ 2․ գլխացավով‚ 3․ սրտխառնոցով‚ 4․արյան ճնշման փոփոխությամբ և այլն։ Կենդանիների անսովոր վարքը սովորաբար դիտվում է երկրաշարժից մի քանի օր առաջ, երբ երկրաշարժի մագնիտուդը մեծ է 3,5-ից, օջախի խորությունը մինչև 150 կմ է, հեռավորությունն էպիկենտրոնից՝ մինչև 200 կմ: Օրինակ՝ շների, կատուների, ճագարների, խոզերի, կովերի, առնետների անսովոր վարքը կարելի է համարել երկրաշարժի նախանշան: 1․ Գյուղաբնակները, անասնապահները և անասնաբույժները նշում են, որ երկրաշարժից առաջ կովերը, նախազգալով ստորգետնյա ցնցումները, անհանգիստ են դառնում, հրաժարվում կերից, բարձր բառաչում: 2․ 1976թ. Տյանշանի երկրաշարժից 3 շաբաթ  առաջ (էպիկենտրոնից 100-110 կմ հեռավորության վրա) շները սկսել են անհանգստություն ցուցաբերել, հրաժարվել են կերից, թողել իրենց բները, վերցրել ձագերին և հեռացել: 3․ Երկրաշարժից առաջ նմանօրինակ վարք նկատվում է մի շարք ընտանի թռչունների մոտ: Բադերը ջրից դուրս են գալիս և կարող են քնել անսովոր տեղերում: 4Սագերի մոտ գրգռվածություն է նկատվում. վզերն առաջ ձգած՝ մարտական դիրք են ընդունում, թևերը բացած, փորձում են թռչել, բարձրաձայն կռնչում են, հրաժարվում թռչնանոց մտնել: 5․1985թ. Տոկիոյի երկրաշարժից դեռևս 10 օր առաջ էպիկենտրոնին մոտ շրջաններում հավերն ու աքաղաղներն անհանգիստ են դարձել՝ հրաժարվելով հավաբուն մտնել և փորձելով թռչել բարձր տեղեր: 6․Երկրաշարժից առաջ գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների առափնյա մասերում հայտնվում են անծանոթ, տվյալ տարածքներին ոչ բնորոշ ձկնատեսակներ: Երբեմն էլ անհետանում են որոշ հայտնի ձկնատեսակներ, որոնք մինչ այդ ապրել են տվյալ տարածքների ջրերում: Կանխազգալով մոտալուտ երկրաշարժը՝ ձկները վտառներով հախուռն մոտենում են ափին և երբեմն դուրս ցատկում ջրից: 7․ Հողի տակ բուն դնող կենդանիների անսպասելի զանգվածային տեղաշարժերը, օձերի և մողեսների՝ բներից դուրս գալն ու ձյան վրա սառչելը բնորոշվում են որպես մոտալուտ աղետի նախանշան: 8․ Ականատեսները պատմում են, որ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 20-30 րոպե առաջ առնետները հսկայական խմբերով լքել են Լենինականի մսի-պահածոների կոմբինատի տարածքը: 9․Ստորգետնյա ցնցումները կանխազգող միջատներից ամենազգայունը մրջյուններն են: Մրջյունների այս հատկությունը հայտնի է մարդկությանը դեռևս հնագույն ժամանակներից: Չինական պատմական աղբյուրները վկայում են, որ երկրաշարժից առաջ մրջյունները զանգվածաբար, հոծ պարանի տեսքով լքում են մրջնանոցները: 10․Կենդանաբանական այգիներում գտնվող վայրի կենդանիների որոշ տեսակներ ևս երկրաշարժից առաջ անսովոր վարք են ցուցաբերում: Հարավսլավիայի Սկոպլե քաղաքի կենդանաբանական այգու պահակները պատմում են, որ 1963թ. երկրաշարժի նախօրեին՝ գիշերը, կենդանիներն այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ նման «կենդանի համերգի» դեռևս ոչ ոք ականատես չէր եղել:

Քարարծիվ․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենահմուտ կերակուր որսացող թեկնածուն

Քարարծիվ․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենահմուտ կերակուր որսացող թեկնածուն
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Eco.am սոցիալական հարթակն արդեն իր ընթերցողների համար արդեն ներկայացրել է  անդրադարձել էր, «Տարվա թռչուն» 2023 քվեարկության թեկնածուներից 2-ին։ Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից քարարծիվին (Aquila chrysaetos): Քարարծիվները Հայաստանում հանդիպող արծիվներից ամենախոշորն են չափսերով։ Թևերի բացվածքը կարող է հասնել 180-240սմ։ Այս թռչնատեսակը սակավաթիվ, խոցելի տեսակ է,ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Տարածված են Հս․ Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսում, Եվրասիայում։ Հայաստանում նստակյաց են, հանդիպում են գրեթե բոլոր մարզերում։ Սովորաբար տարեցտարի օգտագործում են նույն բույնը կամ հերթականությամբ օգտագործում են մի քանի բներ։ Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում։ Բնադրում են հիմնականում բնակավայրերից հեռու, խուսափում են խիտ անտառային տարածքներից։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկ՝ ուժեղ ձագն է գոյատևում։ Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով։ Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով։ Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում։ Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով։ Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում։ «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Քվեարկելու համար սեղմեք այստեղ

Աշնանային էտի ժամանակ մայրաքաղաքում էտվել է 9200 ծառ

Աշնանային էտի ժամանակ մայրաքաղաքում էտվել է 9200 ծառ
Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային էտը: Eco.am սոցիալական հարթոակն այդ մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքի աշնանային էտի աշխատանքներին ներգրավվել է՝ 1․ 1520 միավոր տեխնիկա, 2․ էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է՝ 1․ պողոտաներում, 2․փողոցներում, 3․այգիներում, 4․ բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:

Ո՞ր թվականներին է Հայաստանում առավել ցուրտ դեկտեմբեր եղել

Ո՞ր թվականներին է Հայաստանում առավել ցուրտ դեկտեմբեր եղել
Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա  տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է  -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները  բավականին ցածր են`-6...- 11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել  1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին  հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։ Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին: Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս  ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները: Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել  1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում  հասել է +21...+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում  +24…+26°C: Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: 1․ Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: 2․ Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում՝ մինչև 20մմ: 3․ Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, Ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել: Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ. մարտի առաջին տասնօրյակը։ Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։ Եղանակի կանխատեսում 2022թ. դեկտեմբեր ամսվա համար Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է, որ դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր։ Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1․Երևանում՝ +2...+3°C, 2․Արարատի և Արմավիրի մարզերում՝ +1...+2°C, 3․Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1...+2°C, լեռնային շրջաններում՝ -1...-3°C, 4․Շիրակի մարզում՝ -3...-5°C, 5․Գեղարքունիքի մարզում՝ -1...-3°C 6․Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2...-4°C, նախալեռնային՝ +1...+3°C, 7․Լոռու մարզում՝ 0...+2°C, 8․ Տավուշի մարզում՝ +2...+5°C, 9․Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1...+3°C, լեռնային շրջաններում` 0...-2°C, 10 Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում` 0...+3°C, 11․ Արցախում՝ +4...+7°C։

Որ երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ եկել Հայաստան

Որ երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ եկել Հայաստան
2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: Ինչպես Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, այս տարվա միայն նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 144 576 զբոսաշրջիկ։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են՝ 1․ Ռուսաստանը (շուրջ 47%), 2․Վրաստանը (10%), 3․Իրանը (7%), 4․ ԱՄՆ-ն (3%) 5․ Գերմանիան (2%): Ըստ տեղեկատվության, առաջին անգամ Հայաստանը զբոսաշրջիկների այցելություններով գերազանցել է 2019 թվականի այցելություններին՝ ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140 376 այցելություն): Իսկ 2021 թվականի նոյեմբերին՝ Հայաստան է այցելել 85762 զբոսաշրջիկ:

«rECOvery»՝ էկոհավաքածու․ նոր կյանք՝ հին հագուստին

«rECOvery»՝ էկոհավաքածու․ նոր կյանք՝ հին հագուստին
Նոր կյանք՝ հին հագուստին։ Օրերս Գյումրու Երիտասարդական պալատի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «rECOvery»՝ վերականգնում հավաքածուի փակ ցուցադրությունը։ Ամբողջ հավաքածուն ստեղծված է հին, օգտագործված հագուստից, ստեղծողներն էլ  պալատի երիտասարդներ են, որոնք ի սկզբանե ոչ մի հատուկ մասնագիտական գիտելիք չեն ունեցել այս ոլորտից: Ծրագիրն ունի բնապահպանական բաղադրիչ՝ հագուստը դեն նետելու փոխարեն դրան երկրորդ կյանք տալը: Նույնիսկ՝  հրավիրատոմսերը պատրաստված էին 6 տեսակի թափոնից՝ վերամշակված թղթից ու ձևավորված հավաքածուի հագուստներից մնացած կտորե թափոններից։ «Նախաձեռնության նպատակը թափոնների կրճատումն է ու վերամշակումն է, որը Հայաստանում մեծ խնդիր է: Հայաստանի հյուսիսում պաշտոնապես գրանցված  կա մեկ կամ երկու վերամշակող կազմակերպություն, իսկ տեքստիլ վերամշակման կազմակերպություն, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ տարածաշրջանում»,- Eco.am սոցիալական հարթակին ասաց Երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը։ Նախաձեռնության կազմակերպիչների մոտ «rECOvery» հավաքածուի գաղափարը մտահղացել է 44-օրյա պատերազմից հետո։ «Արցախից Գյումրի տեղափոխված ու սոցիալապես անապահով ընտանիքների համար Երիտասարդական պալատում սկսեցին հագուստ հավաքել: Օգտագործման ենթակա հագուստը բաժանվեց կարիքավորներին, բայց մեծ քանակությամբ հագուստ մնաց, որն իրացման ենթակա չէր: Այդ ժամամանակ սկսեցինք դրանցից պայուսակներ կարել, բայց հետո որոշեցինք այնպիսի ծրագիր նախաձեռնել, որն էկոլոգիական խնդիր կլուծի ու վերաբերմունք կփոխի: Այս դեպքում հավաքածու ստեղծելն ամենալավ տարբերակն էր»,- պատմեց Լիլիթ Մակարյանը։ Ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «ԵՄ հանուն երիտասարդության» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Արաքս խոշորացված համայնքի ջրաճահճային տարածքները կպահպանեն նաև տեղացիները

Արաքս խոշորացված համայնքի ջրաճահճային տարածքները կպահպանեն նաև տեղացիները
«Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում (Արաքս խոշորացված համայնք) կազմավորվել է կամավորական խումբ՝ որին անդամակցում են տեղացի ակտիվ քաղաքացիներ, ովքեր հանձն են առել պահպանելու իրենց համայնքի ջրաճահճային տարածքները: Իրենց գործունեության ընթացքում կամավորները կհավաքագրեն տեղեկատվություն տեղի բնապահպանական խնդիրների, կենդանատեսակների առկայության և նրանց հետ կապված խնդիրների միասին, և հնարավորինս իրենց նպաստը կունենան տարածքի մաքրության և կենսաբազմազանության պահպանությանը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից, որի աշխատակիցները խմբի անդամներին նախապես ներկայացրել են ծրագրի նպատակներն ու արդեն իսկ ստացված արդյունքները։ Ինչպես նաև քննարկվել են տեղում առկա բնապահպանական խնդիրները և դրանց հետ կապված հնարավոր լուծումները: Կամավորական խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ծրագրի շրջանակներում Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Միխայել Օտտո (Michael Otto) բնապահպանական ֆոնդի աջակցությամբ, տրամադրվել  են դաշտային հանդերձանք, կապի միջոցներ, լուսանկարչական սարք, համակարգիչ և օպտիկական սարքեր:

«Պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը». Վահրամ Դումանյան.

«Պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը». Վահրամ Դումանյան.
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում: Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում, դրա համար մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև բարձրացնելու իրազեկվածությունը պլաստիկի օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ով նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողն է, Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ, «Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ սա հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս ծանոթանալու հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային և բնության ժառանգությանը: Ամեն տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանում և Արցախում անցկացվում են ավելի քան 300 միջոցառումներ, որոնք համակարգվում են ԿԳՄՍ նախարարության կողմից։ Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս նախատեսված էին օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ, թանգարանային առցանց շրջայցեր, բազմաբնույթ կրթական ծրագրեր, որոնք մեկ անգամ ևս փաստելու էին հայկական մշակութային ժառանգության հարատևությունը և կարևորությունը համաեվրոպական ու համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում, սակայն այս տարվա ծրագիրն ընդհատվել էր Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով: «Նախատեսված միջոցառումների մի մասը, այնուամենայնիվ, իրականացվեց։ Ուրախ եմ, որ հետաձգված միջոցառումներից մեկն այսօր Եվրոպական միության դեսպանության ջանքերով իրականացվում է»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն, որ աշակերտներն այս տարիքից իմանան շրջակա միջավայրի վրա պլաստիկի վնասակար ազդեցության մասին, սովորեն տարբերակել աղբը, հասկանան շատ ծառ տնկելու և կանաչ տարածքներ ունենալու կարևորությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանության և առանց պլաստիկի գաղափարի իրագործումն աստիճանաբար պետք է կիրառվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Սա, իսկապես, կարևոր խնդիր է: Վերջերս մենք երկու հրաշալի հուշարձաններ ենք վերականգնել և բարեկարգել Երևան-Սևան մայրուղում՝ «Հավերժության ժապավեն» և «Արձագանք»: Ցավով պետք է փաստեմ, որ գեղեցիկ բարեկարգված հուշարձանների հարակից տարածքներում արդեն իսկ ահռելի աղբ էր կուտակվել: Այդ հուշարձանների շրջակայքում նախարարության աշխատակիցներն անգամ մաքրման աշխատանքներ են կատարել: Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջույնի խոսքում կարևորել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերը հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նշելու հնարավորությունը: «Փորձում ենք գաղափարներ մշակել, թե ինչպես զարգացնել բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության ծրագրերը և պայքարել պլաստիկի դեմ: Հիմա, իսկապես, այնպիսի ժամանակներ են, որ մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք մեր շրջակա միջավայրը: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, որտեղ կան պատմամշակութային ժառանգության հրաշալի կոթողներ, այստեղ բնությունը ևս հիանալի է: Շատ եմ տխրում, երբ Հայաստանի գեղատեսիլ վայրերում տեսնում եմ մեծ քանակությամբ պլաստիկ՝ աղբի տեսքով»,- ասել է Անդրեա Վիկտորինն ու նշել՝ «Վեդին առանց պլաստիկի» արշավի շրջանակում իրենք ստեղծել են բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք նախատեսում են տրամադրել Վեդիի բնակիչներին՝ նպատակ ունենալով, որ դրանք կնպաստեն պլաստիկի դեմ պայքարին: «Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ թեև ծրագրի մեկնարկը տրվել է Վեդիում, բայց այն կշարունակվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Մենք հազարամյակներով ապրում ենք այս տարածաշրջանում, պետք է այնպես անենք, որ մեր հողը մաքուր լինի: Ցավոք, պլաստիկը տարիներով մնում է այդ հողի վրա: Ծրագիրը սկսել ենք Վեդիից, քանի որ սա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքն է»: Արգելոցն աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է և ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338 թթ.) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով: 1958 թվականի սեպտեմբերին այն դարձել է պետական արգելոց​​ և ընդգրկում է շուրջ 23213.5 հա տարածք, գտնվում է ծովի մակարդակից 700-2800 մ բարձրության վրա: Միջոցառման ավարտին հյուրերը ծառատունկ են իրականացրել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում՝ հիմք դնելով սոճիների պուրակի:

Խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվում են․գործընթացն արդեն  մեկնարկել է

Խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվում են․գործընթացն արդեն  մեկնարկել է
Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է՝ 1․ հիվանդությունների դեմ պայքարին 2․ անասնապահության և անասնաբուժության զարգացմանը 3․ համաճարակային իրավիճակի բարելավմանը 4․ սննդամթերքի անվտանգությանը «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռևս այս տարավ փոտրվար ամսին։ Կենդանիների համարակալման ծրագրի տևողությունը 42 ամիս է, որն իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում՝ CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։ Մանրամասները՝ կից տեսանյութում․

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի՝ 6 ամիս ժամկետով

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի՝ 6 ամիս ժամկետով
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Այսպիսով՝ ըստ տարիների սիգի կենսազանգվածի աճն ունի հետևյալ պատկերը․ 2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում՝ համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի առաջարկում է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել վեց ամիս ժամկետով։ Արտահանման արգելքն առաջարկվում է տարածել նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման վրա: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել նոյեմբերի 28-ից: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել