Բնական աղետների դեմ մարդկային միջամտությունն անզոր է։ Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ 34 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը աննկարագրելի կորուստներ պատճառեց բնակչությանը։ 6,8-7,2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որի ցնցումների ուժգնությունը հասել էր մինչև 9-10 բալ։ Վայրկյաների ընթացքում գրեթե գետնին էր հավասարվել հանրապետության ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։
Արդյունքում․
1․Ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ։
2․ Աղետից տուժվեց 21 քաղաքացի և 342 գյուղացի։
3․Անօթևան մնաց 514 000 մարդ։
4․Զոհվեց 25 000 մարդ։
1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժը սեյսմաբանական տեսակետից չի համարվում բացառիկ երևույթ: Երկրագնդի վրա տարեկան այդ մագնիտուդի երկրաշարժեր լինում են 15-20 հատ: Սակայն այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Այս տեսակետից Սպիտակի երկրաշարժն ուսանելի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ աղետների դեմ պայքարում:
Մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը բնական երևույթ լինելով կարող է աղետալի հետևանքներ գրանցել ոչ սեյսմակայուն շենք –շինություններում, իսկ բնակչությունն էլ բացարձակապես չի տիրապետում սեյսմապաշտպանության վարքականոններին։
Իրականում, երկրաշարժը երկրաբանական բարդ գործընթաց է, սակայն մեր օրերում ժամանակակից տեխնիկայի միջոցով հնարավոր է նաև կանխատեսել մոտալուտ աղետը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները երկուսն են՝ մակերևութային նախանշաններ, մարդկանց և կենդանիների վարք։
Մակերևութային նախանշաններ
1․Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։
2․ Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։
3․ Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։
4․ Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։
5․ Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։
6․Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։ Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։ Օրինակ`1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։

Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը
Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են՝
1․ գլխապտույտով‚
2․ գլխացավով‚
3․ սրտխառնոցով‚
4․արյան ճնշման փոփոխությամբ և այլն։
Կենդանիների անսովոր վարքը սովորաբար դիտվում է երկրաշարժից մի քանի օր առաջ, երբ երկրաշարժի մագնիտուդը մեծ է 3,5-ից, օջախի խորությունը մինչև 150 կմ է, հեռավորությունն էպիկենտրոնից՝ մինչև 200 կմ: Օրինակ՝ շների, կատուների, ճագարների, խոզերի, կովերի, առնետների անսովոր վարքը կարելի է համարել երկրաշարժի նախանշան:
1․ Գյուղաբնակները, անասնապահները և անասնաբույժները նշում են, որ երկրաշարժից առաջ կովերը, նախազգալով ստորգետնյա ցնցումները, անհանգիստ են դառնում, հրաժարվում կերից, բարձր բառաչում:
2․ 1976թ. Տյանշանի երկրաշարժից 3 շաբաթ առաջ (էպիկենտրոնից 100-110 կմ հեռավորության վրա) շները սկսել են անհանգստություն ցուցաբերել, հրաժարվել են կերից, թողել իրենց բները, վերցրել ձագերին և հեռացել:
3․ Երկրաշարժից առաջ նմանօրինակ վարք նկատվում է մի շարք ընտանի թռչունների մոտ: Բադերը ջրից դուրս են գալիս և կարող են քնել անսովոր տեղերում:
![]()
4․ Սագերի մոտ գրգռվածություն է նկատվում. վզերն առաջ ձգած՝ մարտական դիրք են ընդունում, թևերը բացած, փորձում են թռչել, բարձրաձայն կռնչում են, հրաժարվում թռչնանոց մտնել:
5․1985թ. Տոկիոյի երկրաշարժից դեռևս 10 օր առաջ էպիկենտրոնին մոտ շրջաններում հավերն ու աքաղաղներն անհանգիստ են դարձել՝ հրաժարվելով հավաբուն մտնել և փորձելով թռչել բարձր տեղեր:
6․Երկրաշարժից առաջ գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների առափնյա մասերում հայտնվում են անծանոթ, տվյալ տարածքներին ոչ բնորոշ ձկնատեսակներ: Երբեմն էլ անհետանում են որոշ հայտնի ձկնատեսակներ, որոնք մինչ այդ ապրել են տվյալ տարածքների ջրերում: Կանխազգալով մոտալուտ երկրաշարժը՝ ձկները վտառներով հախուռն մոտենում են ափին և երբեմն դուրս ցատկում ջրից:
7․ Հողի տակ բուն դնող կենդանիների անսպասելի զանգվածային տեղաշարժերը, օձերի և մողեսների՝ բներից դուրս գալն ու ձյան վրա սառչելը բնորոշվում են որպես մոտալուտ աղետի նախանշան:
8․ Ականատեսները պատմում են, որ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 20-30 րոպե առաջ առնետները հսկայական խմբերով լքել են Լենինականի մսի-պահածոների կոմբինատի տարածքը:
9․Ստորգետնյա ցնցումները կանխազգող միջատներից ամենազգայունը մրջյուններն են: Մրջյունների այս հատկությունը հայտնի է մարդկությանը դեռևս հնագույն ժամանակներից: Չինական պատմական աղբյուրները վկայում են, որ երկրաշարժից առաջ մրջյունները զանգվածաբար, հոծ պարանի տեսքով լքում են մրջնանոցները:
10․Կենդանաբանական այգիներում գտնվող վայրի կենդանիների որոշ տեսակներ ևս երկրաշարժից առաջ անսովոր վարք են ցուցաբերում: Հարավսլավիայի Սկոպլե քաղաքի կենդանաբանական այգու պահակները պատմում են, որ 1963թ. երկրաշարժի նախօրեին՝ գիշերը, կենդանիներն այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ նման «կենդանի համերգի» դեռևս ոչ ոք ականատես չէր եղել:






Թողնել մեկնաբանություն