Լիճը մաքրելը խնդրի վերջնական լուծում չէ․ Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են

https://eco.am/%d5%ac%d5%ab%d5%b3%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%a5%d5%ac%d5%a8-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4/

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Կառուցման օրից՝ 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց:

Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը: Eco.am սոցիալական հարթակն այս մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։

«Նոյմեբերի 28-ից ենք այստեղ սկսել աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնարավայր ընկած հատվածում ենք: Այստեղ գործը վերջացնելուց հետո պետք է անցնենք նաև դիմացի ափ: Ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայցևայնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը:

«Կենցաղային աղբ՝ շշեր, կերակրի մնացորդներ. մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այսքանը մաքրելու համար համայնքը մեծ միջոցներ է ծախսում»,-ասում են մաքրուհիները:

Աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ արվեց ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:

«Այստեղ տիղմի հաստությունը որոշ տեղերում 4-5 մետր է: Մինչև հիմա լիճը տիղմից չէր մաքրվել, այնպես որ, անգամ այսքան ջանք թափելուց հետո մեր աշխատանքը տեսանելի չէ այնպես, ինչպես կցանկանայինք»,-ասում է Հովհաննես Մանուկյանը:

Լճի մաքրմանը զուգահեռ՝ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով