«rECOvery»՝ էկոհավաքածու․ նոր կյանք՝ հին հագուստին

https://eco.am/recovery%d5%9d-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%e2%80%a4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%9d-%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1/

Նոր կյանք՝ հին հագուստին։ Օրերս Գյումրու Երիտասարդական պալատի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «rECOvery»՝ վերականգնում հավաքածուի փակ ցուցադրությունը։ Ամբողջ հավաքածուն ստեղծված է հին, օգտագործված հագուստից, ստեղծողներն էլ  պալատի երիտասարդներ են, որոնք ի սկզբանե ոչ մի հատուկ մասնագիտական գիտելիք չեն ունեցել այս ոլորտից:

Ծրագիրն ունի բնապահպանական բաղադրիչ՝ հագուստը դեն նետելու փոխարեն դրան երկրորդ կյանք տալը: Նույնիսկ՝  հրավիրատոմսերը պատրաստված էին 6 տեսակի թափոնից՝ վերամշակված թղթից ու ձևավորված հավաքածուի հագուստներից մնացած կտորե թափոններից։

«Նախաձեռնության նպատակը թափոնների կրճատումն է ու վերամշակումն է, որը Հայաստանում մեծ խնդիր է: Հայաստանի հյուսիսում պաշտոնապես գրանցված  կա մեկ կամ երկու վերամշակող կազմակերպություն, իսկ տեքստիլ վերամշակման կազմակերպություն, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ տարածաշրջանում»,- Eco.am սոցիալական հարթակին ասաց Երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը։

Նախաձեռնության կազմակերպիչների մոտ «rECOvery» հավաքածուի գաղափարը մտահղացել է 44-օրյա պատերազմից հետո։

«Արցախից Գյումրի տեղափոխված ու սոցիալապես անապահով ընտանիքների համար Երիտասարդական պալատում սկսեցին հագուստ հավաքել: Օգտագործման ենթակա հագուստը բաժանվեց կարիքավորներին, բայց մեծ քանակությամբ հագուստ մնաց, որն իրացման ենթակա չէր: Այդ ժամամանակ սկսեցինք դրանցից պայուսակներ կարել, բայց հետո որոշեցինք այնպիսի ծրագիր նախաձեռնել, որն էկոլոգիական խնդիր կլուծի ու վերաբերմունք կփոխի: Այս դեպքում հավաքածու ստեղծելն ամենալավ տարբերակն էր»,- պատմեց Լիլիթ Մակարյանը։

Ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «ԵՄ հանուն երիտասարդության» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով