ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի՝ 6 ամիս ժամկետով

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%ab%d6%81-%d5%bd%d5%ab%d5%a3%d5%ab-%d5%b1%d5%af%d5%b6%d5%af%d5%ab%d5%a9%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1/

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Այսպիսով՝ ըստ տարիների սիգի կենսազանգվածի աճն ունի հետևյալ պատկերը․

2019 թվականին՝ 2668 տոննա,

2020 թվականին՝ 2345 տոննա,

2021 թվականին՝ 5348 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում՝ համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել։

Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի առաջարկում է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել վեց ամիս ժամկետով։ Արտահանման արգելքն առաջարկվում է տարածել նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման վրա: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել նոյեմբերի 28-ից:

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով