1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14%-ով. մասնագետ

https://eco.am/1936-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%be%d5%a1/

«1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Իսկ ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

Կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են ջուր սառեցման համար, ինչպես, օրինակ, ատոմակայանն է, ՋԷԿ-երը:

Ըստ նրա, այսօր ամռանն էներգիայի սպառման առավելագույն ցուցանիշը հասնում է ձմեռայինին։ Այսինքն՝ շոգից պաշտպանվելու, հովացման համար ավելի շատ էներգիա է սկսել ծախսվել:

«Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է վերջին երեսուն տարում, իսկ սա նշանակում է, որ մեր երկրում օրինակ ձմռանը տեղումները քիչ են լինում՝ ձմեռը չոր է։ Այս հանգամանքը  շատ վատ է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որովհետև լինում է շատ արագ ձնհալ, հետևաբար ջրի կուտակման խնդիր ենք ունենում, հետևաբար նաև՝ ոռոգման խնդիր, լինում են սելավներ, որոնք բերում են ենթակառուցվածքների վնասման։ Արդյունքում գյուղատնտեսության ու կայուն պարենային անվտանգության խնդիրներ են առաջանում»,- հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներն աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, քննարկել են օրերս Եգիպտոսում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին:  Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է:

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Մեր երկիրը նախ կարող է դիմել և լինել որպես տնօրենների խորհրդի անդամ: Դրանից բացի, հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ունենում ենք լրացուցիչ միջոցներ»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ հաջորդ անվտանգային խնդիրը առողջապահությունն է: Մասնագետի կարծիքով՝ կարող է լինել համաճարակային իրավիճակի սրում, ձևավորվեն բարենպաստ պայմաններ վարակների տարածման համար: Դրանից բացի, դժվար իրավիճակ է լինում սրտանոթային հիվանդների համար, քանի որ շոգ օրերի թիվը գնալով ավելանում է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։