Blog
In
other , eco-aprelakerp , eco-snund
Տոնական օրերին առողջ սնվելու 6 կանոն
Posted on 30 Դեկտեմբերի, 2022

Մի քանի օրից արդեն տոնական սեղանների շուրջ նստած հարազատներին ու բարեկամներին հյուրընկալվելիս միշտ հիշեք, որ պետք է սնվել չափավոր՝ անգամ տոնական օրերին։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից, դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս`
1․ սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը,
2․ տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով,
3․ оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սննդի փոխարեն,
4․ նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը,
5․ սահմանափակել շաքարի օգտագործումը, հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք,
6․ պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 4 մարզում
Posted on 29 Դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին։
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Էկո վարքագիծ՝ տան տոնական զարդարանքում
Posted on 28 Դեկտեմբերի, 2022

Տոնական օրերն արդեն ընթացքի մեջ են, մինչ մտածում եք թե ինչպես զարդարել Ձեր Ամանորի տոնական սեղանները, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է տոնական օրերին նույնպես դրսևորել էկո վարքագիծ։ Թափոնները աղբաման նետելու ու շրջակա միջավայրը աղտոտելու փոխարեն, այն դարձնենք ամանորյա զարդարանքի մի մասնիկ։ Օրինակ՝ 1․ Շնորհավորանք գրիր վերամշակված թղթի վրա։ 2․ Տոնական նվերների համար տոպրակներ պատրաստիր հին ու մաշված հագուստի կտորից։ 3․ Եղևնու կոնը օգտագործեք որպես Տոնածառի էկոլոգիապես մաքուր խաղալիք։ Պարզապես անհրաժեշտ է կոնից ժապավեն ամրացնել, իսկ վրան աղաջուր ցանել։ 4․ Ի վերջո, եղևնին կտրելու ու մի քանի օրով տանը հարմարավետ տեղադրելու փոխարեն, կարելի է այն լեդ լույսերով զարդարել հենց բակում։ Էկո խաղալիքների պատրաստման համար կարող են ծառայել նաև սննդի մնացորդները, օրինակ՝ 1․ Ընկույզի կեղևը 2․ Նարնջի, կիտրոնի կամ մանդարինի կեղևները, որոնք տանը յուրահատուկ ցիտրուսային բույր կհաղորդեն։ 3․ Դարչինի փայտիկները 4․ Մակարոնի հատիկները
In
other , shrjaka-mijavayr
Քարարծիվը դարձել է 2023 թվականի «Տարվա թռչուն» խորհրդանիշ
Posted on 28 Դեկտեմբերի, 2022

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 16-ը, օնլայն հարթակում անցկացնում էր «Տարվա թռչուն 2023» քվեարկությունը։ Eco.am սոցիալական հարթակը պարբերաբար անդրադարձել է քվերակությանն ու ներկայացրել «Տարվա թռչուն 2023» անվանակարգում ներկայացված 6 թռչնատեսակներին։ Իսկ տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանում էր 6 հետևյալ թռչնատեսակների միջև՝ 1․ Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina) 2․ Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus) 3․ Քարարծիվ (Aquila chrysaetos) 4․ Սովորական կիվիվ (Vanellus vanellus) 5․ Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus) 6․ Կանաչ մեղվակեր (Merops persicus) Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այսօր ամփոփելով արդյունքները, 9325 ձայնով, 2023 թվականի տարվա թռչուն է հայտարարել քարարծվին։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։ «Կազմակերպությունը 2023թ․ ընթացքում կիրականացնի տվյալ տեսակի ուսումնասիրության դաշտային աշխատանքներ, ինչպես նաև կկազմակերպի քարարծվի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական միջոցառումներ։ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կազմակերպություններին կոչ է անում միանալ «Տարվա թռչուն 2023 - քարարծիվ» արշավին»,- ասված է տեղեկատվության մեջ։ «Տարվա թռչուն 2023»-ի խորհրդանիշ քարածիվը չափսերով Հայաստանում հանդիպող արծիվներից ամենախոշորն է, որի թևերի բացվածքը կարող է հասնել 180-240սմ։Այս թռչնատեսակը սակավաթիվ, խոցելի տեսակ է,ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի»։ Տարածված են Հս․ Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսում, Եվրասիայում։ Հայաստանում նստակյաց են, հանդիպում են գրեթե բոլոր մարզերում։ Սովորաբար տարեցտարի օգտագործում են նույն բույնը կամ հերթականությամբ օգտագործում են մի քանի բներ։ Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում։ Բնադրում են հիմնականում բնակավայրերից հեռու, խուսափում են խիտ անտառային տարածքներից։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկ՝ ուժեղ ձագն է գոյատևում։ Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով։ Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով։ Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում։ Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով։ Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում։ «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:
In
other , shrjaka-mijavayr
Ձնաբքի պատճառով Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
Posted on 27 Դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 50 մարդ է զոհվել: Ծայրահեղ եղանակային պայմանները տարածվել են Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մինչև Ռիո Գրանդե գետ՝ Մեքսիկայի հետ սահման՝ ազդելով ԱՄՆ-ի բնակչության շուրջ 60 %-ի վրա: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորք նահանգում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը Նյու Յորքի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգային և տեղական արձագանքման ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին: Միևնույն ժամանակ, մահերի կեսը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի արևմուտքում։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ մարդիկ փակված են մնացել տներում, տասնյակ հազարավոր տներ և ձեռնարկություններ զրկվել են էլեկտրական հոսանքից: Բացի այդ, շատերը մնացել են ճանապարհին՝ ավտոմեքենաների մեջ, ոմանք՝ նույնիսկ 2 օրից ավելի: Արտակարգ ծառայությունները դժվարանում են հասնել նրանց: Ամբողջ երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, իսկ ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է դարձել:
In
other , eco-kosmetika , eco-dexatun
Ինչպես խնամել մաշկը չոր ու ցուրտ ձմռանը
Posted on 26 Դեկտեմբերի, 2022

Մաշկը մեր օրգանիզմի հայելին է, քանի որ այն արտացոլում է ամբողջ օրգանիզմի վիճակը։ Թեպետ առողջ մաշկ ունենալու համար ամենուրեք առաջարկվում են տարատեսակ քսուքներ ու կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, բայց հիմնականում մաշկի վրա մեծ ազդեցություն ունեն սնունդն ու էկոլոգիան։ Ինչպես մաշկաբաններն են ասում՝ մաշկի խնամքն ամենօրյա գործընթաց է, ըստ նրանց՝ այն սեզոնային բնույթ չի կրում, պարզապես ձմռանն ավելի լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Շուտով ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը, ավարտին կմոտենա, սակայն՝ դեռևս առանց ձյան, իսկ չոր ձմեռը մաշկի համար առաջին թշնամին է։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է մաշկի խնամքի կարևոր գործոնները՝ չոր ցրտաշունչ ձմռան ժամանակ։ Ավելի ցուրտ կլիմայական վայրերը ձեր մաշկից ամեն վայրկյան խոնավություն են գողանում, դրա համար, երբ ձեր մաշկը չորանա ու չաքի, անգամ՝ արյունահոսի, մի զարմացեք, պարզապես պետք է խոնավեցրեք թե՛ տան մթնոլորտը և թե մաշկը։ Տանը ապահովեք խոնավություն․ Շատ ջուր օգտագործեք, որը կօգնի մաշկը խոնավեցնել։ Իսկ ջեռուցման չորացման հետևանքներին դիմակայելու համար, խոնավացուցիչ սարքեր գործածեք, որը կօգնի խոնավացնել օդը, հետևաբար՝ մաշկը: Մաշկի համար խոնավություն ապահովեք․խուսափե՛ք երկար լոգանքներից, ցնցուղներից և չափից շատ տաք ջրից։ Լողանալուց հետո խոնավացրեք ձեր մաշկը յուղերով ու քսուքներով: Իսկ եթե չունեք ալերգիկ խնդիրներ կարող եք կիրառել ալոէի հիմքով քսուքներ։ Կիրառեք գիշերային խորը խոնավեցնող միջոցներ․ այն կօգնի խոնավեցնել հատկապես ձեռքերը, ոտքերը, արմունկները և շուրթերը: Ծածկեք բամբակյա ձեռնոցներով և գուլպաներով, որպեսզի խոնավությունը պահպանվի ամբողջ գիշեր: Տանից դուրս գալիս մի՛ մոռացեք արևապաշտպան քսուքների մասին․ Թյուր կարծիք է, թե ցուրտ եղանակին արևը չի ազդում ձեր մաշկի վրա: Ձյան պայմաններում, ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի ուժեղ են և վնասում են մաշկը։ Ձմռանը մաշկը ավելի փխրուն է, ուստի, եթե դուք ունեք այնպիսի մաշկային հիվանդություն, ինչպիսին էկզեման կամ փսորիազն է՝ խուսափեք գրգռիչներից կամ ալերգեններից, որոնք կարող են էլ ավելի գրգռել ձեր մաշկը: Հագեք համապատասխան, հարմարավետ, չգրգռող հագուստ․ ցուրտ եղանակին շատ գործվածքներ կարող են խորացնել չոր ձմեռային մաշկը։ Բրդյա և կոպիտ հագուստի տակից կրեք փափուկ և շնչող հագուստ, որպեսզի ավելի կոպիտ ու տաք սվիտերները չդիպչի ձեր մաշկին։ Թաց հագուստ և կոշիկներ կրելը կարող է ավելի գրգռել ձեր մաշկը և առաջացնել քոր: Եթե ձեռնոցները, գուլպաները և տաբատները թրջվում են, հնարավորինս շուտ փոխեք այն։ Շատ կարևոր է նաև սնունդը․ կիրառեք այնպիսի սննդամթերք կամ հավելումներ, որոնք պարունակում են օմեգա-3, Վիտամին D։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով
Posted on 26 Դեկտեմբերի, 2022

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.29մ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ըստ տեղեկատվության այժմ Սևանալճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 162.318մլն. մ³:
In
other , shrjaka-mijavayr
Անհետացման վտանգի տակ գտնվող Նեո հովազին կրկին ֆիքսել են FPWC տեսախցիկները. տեսանյութ
Posted on 23 Դեկտեմբերի, 2022

Պարսկական հովազի երկու առանձնյակներ՝ Նեոն (արու) ու Նովան (ենթադրաբար, էգ) ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նկարահանվել են Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող ու պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ-տեսախցիկներով։ Eco.am սոցիալական հարթակ այդ մասին տեղեկացավ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Նովա Հիմնադրամի մասնագետները ենթադրում են, որ Նովան էգ է և ամենայն հավանականությամբ հետևում է Նեոյին՝ փնտրելով իր համար զուգընկեր։ Այդ մասին է վկայում նաև Նեո ու Նովա հովազների նույն միգրացիոն ճանապարհով ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ հաճախակի անցնելու փաստը։ Նեո Հովազների՝ ԿԿԱ տարածքում պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման և պահպանման արդյունավետության մասին: Ապաստարանը կապ է ստեղծում և ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև: Ավելին, հովազների՝ ԿԿԱ-ում ներկայությունը վկայում է այնպիսի տեսակների նորմալ պոպուլյացիայի առկայության մասին, ինչպիսիք են բեզոարյան այծը, եվրոպական նապաստակը, եվրոպական փորսուղը, հնդկական մացառախոզը և այլն: Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է: Նովա ԿԿԱ-ի էկոհամակարգի, կենսամիջավայրերի ու կենսաբազմազանության պահպանումն իրականացնում է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Պարբերական մշտադիտարկումը իրականացվում է բրիտանական World Land Trust, WWF-Belgium, ԱՄՆ Անտառների ծառայության պետդեպարտամենտի և Viva-MTS գործընկերներ կազմակերպությունների աջակցությամբ: Նշենք, որ վերոհիշյալ տարածքների մեծ մասը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության գոտում։ Չնայած այդ փաստին, հիմնադրամի ռենջերների նվիրվածության ու ջանքերի շնորհիվ, Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է հաջողությամբ իրականացնել ապաստարանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը։ Հույս ենք հայտնում, որ բնապահպանական դաշտը Հայաստանում վերջիվերջո կհամախմբի տեղական ու միջազգային կազմակերպությունների՝ ի նպաստ կենսաբազմազանության և մասնավորապես՝ հովազի պահպանության։ Վստահ ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ձևավորի այն կարևոր հարթակը, որտեղ բնապահպանական գիտական համայնքը վերջապես կկարողանա համագործակցություն ստեղծել ու ծավալել։ Շուրջ 30,000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը: Արդեն երկար տարիներ հիմնադրամը բարձր արդյունավետությամբ ու հաջողությամբ համագործակցում է Վեդիի (Արարատի մարզ) խոշորացված համայնքի հետ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ովքեր են «Լավագույն դպրոցական մինի այգի 2022» մրցույթի հաղթողները
Posted on 22 Դեկտեմբերի, 2022


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ ծրագիրը դարձել է կրթական լայն հարթակ, որն առողջ սննդի գաղափարախոսության շուրջ միավորում է դպրոցներին, համայքներին ու ծնողներին, ինչպես նաև նպաստում է դպրոցների և համայնքների զարգացմանը: Նրա խոսքով՝ մրցույթի մրցանակները պետք է ուղղվեն տվյալ այգու կամ «Դպրոցական սնունդ» ծրագրի բարելավմանը։ Օրինակ՝ հաղթող դպրոցը որոշել է՝ կաթիլային ոռոգման համակարգ է անցկացնելու այգում և ավարտելու է ջերմոցի կառուցման աշխատանքները։
Միջոցառման ընթացքում հաղթողներին հանձնվել են հավաստագրեր, որից հետո դպրոցները կիսվել են օրգանական այգի մշակելու իրենց հաջողության պատմությամբ և աշխատանքային հետաքրքիր փորձառությամբ:
Հաղթող դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այգին բարեկարգելու և դպրոցական սնունդը բարելավելու համար: Ստեփանավանի թիվ 2 (Լոռու մարզ) դպրոցը, զբաղեցնելով երկրորդ տեղը, կստանա չորանոց՝ իր բերքից չրեր արտադրելու համար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Նոր Գեղիի (Կոտայքի մարզ) դպրոցը՝ սառցարան՝ այգում աճեցված արտադրանքը սառեցնելու և պահելու համար։
Գեղեցիկ ու գրագետ կազմակերպված այգիների ցանկը, սակայն, չի սահմանափակվել հաղթող եռյակով. կազմակերպիչներն ավելացրել են ևս երկու անվանակարգ։ «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթանակի դափնիները բաժին են հասել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորաշենի Ռ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ): Այս դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների։
Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջինում դպրոցները ներկայացրել են մրցույթի մասնակցության հայտեր (55 դպրոց): Երկրորդ փուլին, որի հիմնական պահանջն էր ուղարկել ամբողջական փաթեթներ՝ պահպանելով մրցույթի կանոնները, 24 դպրոց է մասնակցել, որոնց միջև կատարվել է հաղթողների ընտրությունը:
Ընտրող հանձնաժողովը ձևավորվել է տեղական և միջազգային վեց կազմակերպությունից՝ ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Դպրոցները գնահատելիս մեծապես կարևորվել է այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու պլանավորման, պահպանման և խնամքի աշխատանքների մեջ ներգրավելու կարողությունը:
Մրցույթին մասնակցած բոլոր 24 դպրոցներն արժանացել են մասնակցության շնորհակալագրերի՝ դպրոցական անձնակազմի և սովորողների նվիրվածության, բացառիկ ջանքերի և նորարար մոտեցումների համար։
Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աշխատանքները ներկայացնող նորաստեղծ պաշտոնական կայքի շնորհանդեսը։



