ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 50 մարդ է զոհվել: Ծայրահեղ եղանակային պայմանները տարածվել են Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մինչև Ռիո Գրանդե գետ՝ Մեքսիկայի հետ սահման՝ ազդելով ԱՄՆ-ի բնակչության շուրջ 60 %-ի վրա: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորք նահանգում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը Նյու Յորքի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգային և տեղական արձագանքման ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին: Միևնույն ժամանակ, մահերի կեսը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի արևմուտքում։
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ մարդիկ փակված են մնացել տներում, տասնյակ հազարավոր տներ և ձեռնարկություններ զրկվել են էլեկտրական հոսանքից: Բացի այդ, շատերը մնացել են ճանապարհին՝ ավտոմեքենաների մեջ, ոմանք՝ նույնիսկ 2 օրից ավելի: Արտակարգ ծառայությունները դժվարանում են հասնել նրանց: Ամբողջ երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, իսկ ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է դարձել:






Թողնել մեկնաբանություն