Ովքեր են «Լավագույն դպրոցական մինի այգի 2022» մրցույթի հաղթողները

https://eco.am/%d5%b8%d5%be%d6%84%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b5/

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Eco.am սոցիալական հարթակը ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացավ, որ 1-ին հաղթող հորիզոնականը զբաղեցրել է հյուրընկալ դպրոցը։

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն»  հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է  «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր  դպրոցներ։

Մրցույթը, որը «Դպրոցական սնունդ» ծրագրի մի մասն է, խթանում է դպրոցական այգիների ստեղծումը և երեխաների մեջ վաղ տարիքից սերմանում հետաքրքրություն օրգանական գյուղատնտեսության նկատմամբ։

«Դպրոցական սնունդ և բարեկեցություն» հիմնարկի պաշտոնակատար Անի Թորոսյանի խոսքով՝ մրցույթը նպատակ ունի բազմազանեցնել դպրոցական ճաշացանկը, կյանք տալ դպրոցի անմշակ հողին, երեխաներին ծանոթացնել գյուղատնտեսական աշխատանքների հետ, ինչպես նաև ջանք թափել, տեսնել իրենց աշխատանքի արդյունքը և գնահատվել դրա համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ ծրագիրը դարձել է կրթական լայն հարթակ, որն առողջ սննդի գաղափարախոսության շուրջ միավորում է դպրոցներին, համայքներին ու ծնողներին, ինչպես նաև նպաստում է դպրոցների և համայնքների զարգացմանը: Նրա խոսքով՝ մրցույթի մրցանակները պետք է ուղղվեն տվյալ այգու կամ «Դպրոցական սնունդ» ծրագրի բարելավմանը։ Օրինակ՝ հաղթող դպրոցը որոշել է՝ կաթիլային ոռոգման համակարգ է անցկացնելու այգում և ավարտելու է ջերմոցի կառուցման աշխատանքները։

Միջոցառման ընթացքում հաղթողներին հանձնվել են հավաստագրեր, որից հետո դպրոցները կիսվել են օրգանական այգի մշակելու իրենց հաջողության պատմությամբ և աշխատանքային հետաքրքիր փորձառությամբ:

Հաղթող դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այգին բարեկարգելու  և դպրոցական սնունդը բարելավելու համար: Ստեփանավանի թիվ 2 (Լոռու մարզ) դպրոցը, զբաղեցնելով երկրորդ տեղը, կստանա չորանոց՝ իր բերքից չրեր արտադրելու համար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Նոր Գեղիի (Կոտայքի մարզ) դպրոցը՝ սառցարան՝ այգում աճեցված արտադրանքը սառեցնելու և պահելու համար։

Գեղեցիկ ու գրագետ կազմակերպված այգիների ցանկը, սակայն, չի սահմանափակվել հաղթող եռյակով. կազմակերպիչներն ավելացրել են ևս երկու անվանակարգ։ «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթանակի դափնիները բաժին են հասել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական ​​մոտեցում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորաշենի Ռ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ): Այս դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների։

Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջինում դպրոցները ներկայացրել են մրցույթի մասնակցության հայտեր (55 դպրոց): Երկրորդ փուլին, որի հիմնական պահանջն էր ուղարկել ամբողջական փաթեթներ՝ պահպանելով մրցույթի կանոնները, 24 դպրոց է մասնակցել, որոնց միջև կատարվել է հաղթողների ընտրությունը:

Ընտրող հանձնաժողովը ձևավորվել է տեղական և միջազգային վեց կազմակերպությունից՝ ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Դպրոցները գնահատելիս մեծապես կարևորվել է այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու պլանավորման, պահպանման և խնամքի աշխատանքների մեջ ներգրավելու կարողությունը:

Մրցույթին մասնակցած բոլոր 24 դպրոցներն արժանացել են մասնակցության շնորհակալագրերի՝ դպրոցական անձնակազմի և սովորողների նվիրվածության, բացառիկ ջանքերի և նորարար մոտեցումների համար։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել  «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աշխատանքները ներկայացնող նորաստեղծ պաշտոնական կայքի շնորհանդեսը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով