Այսօր ձմեռային արևադարձի օրն է

https://eco.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%ab-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a7/

Դեկտեմբերի 22-ը ձմեռային արևադարձի օրն է։ Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23,5° է:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել) և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում:

Արևադարձը հնարավոր չէ դիտել

Արևադարձի ուղղակի դիտումը դժվար է, քանի որ Արեգակը այդ կետին մոտենում է բավականին դանդաղ, այդ պատճառով դժվար է որոշել կոնկրետ օրը, անգամ  ակնթարթը։ Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, ժամանակակից սարքերով երկնային մարմինների շարժը հնարավորինս ճշգրիտ դիտելու հնարավորության հետ։ Երևույթի ժամանակահատվածը մեկ օրվա ճշտությամբ որոշել կարողանալու համար պիտի կարողանալ դիտարկել փոփոխությունը, ըստ ազիմուտի և Արեգակի անկյունային տրամագծի 1/60-ով։ Դիտորդների մեծամասնությունն արձանագրում է արևադարձի օրը, ոչ թե պահը։ Այսօրվա դրությամբ, ձմեռային արևադարձի օրը կարող է տեղաշարժվել յուրաքանչյուր 3000 տարում ընդամենը 1 օրով։

Պատմական ակնարկ

Մ.թ.ա. 45 թվականին Հուլիոս Կեսարն իր հուլյան օրացույցում Եվրոպայի համար դեկտեմբերի 25-ը նշանակել է ձմեռային գիշերահավասարի օր։ Այդ օրվանից՝ արևադարձային տարվա և օրացույցային տարվա տարբերության պատճառով, մոտավորապես, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում ձմեռային արևադարձը տեղափոխվում է 3 օրով, 16-րդ դարում հասնելով դեկտեմբերի 12-ին։

Իսկ 1582 թվականին Հռոմի Պապ Գրիգոր 13-րդը որոշում է վերականգնել եղանակային սեզոնների և քաղաքացիական տարվա ճշգրիտ համապատասխանությունը, ընդ որում, հիմք ընդունելով 325 թվականի Նիկեյան եկեղեցական ժողովը, որը համարվում էր հիմնական քրիստոնեական տոների որոշման ժամանակաշրջան։ Այդպիսով, Պապը զրոյացնում է տասօրյա սխալը, որ կուտակվել էր 4-րդ և 16-րդ դարերի ընթացքում, սակայն նա հաշվի չէր առել 3 օրը, որ կուտակվել էր 1-ից 4-րդ դարերում։ Այդ ուղղումը հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձը տեղաշարժեց մինչև դեկտեմբերի 22-ը։

Քանի որ ձմեռային արևադարձը շրջադարձային իրադարձություն է հանդիսանում երկնքում Արեգակի շարժման մեջ, այն պատճառ է դարձել մարդկանց մեջ՝ աստվածների ծնունդի կամ վերածնունդի համատարած վերագրմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով