Blog
In
other , shrjaka-mijavayr
Ըստ գիտնականների օզոնը քայքայող քիմիական նյութի արտանետումները կրճատվել են
Posted on 10 Հունվարի, 2023

«Վերջին չորս տարվա հաշվետվության համաձայն՝ օզոնի վերականգնումն ընթանում է՝ ըստ գրաֆիկի. սա ֆանտաստիկ նորություն է», - հայտարարել Է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղար Մեգ Սեքին: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Ինտերֆակսից։ Ըստ ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող գիտնականների հաշվետվության՝ օզոնային շերտի վերականգնման դինամիկան դրական է: Հաշվետվության արդյունքում պարզվել է, որ վերջին չորս տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են քլորֆտորածխածինների՝ օզոնը քայքայող քիմիական նյութի արտանետումները: Ըստ տեղեկատվության այդ արտանետումները հիմնականում եղել են հյուսիսարևելյան Չինաստանի ֆաբրիկաներից: Քլորֆտորածխածինների արտանետումների կրճատումը դրական ազդեցություն է ունեցել օզոնային շերտի վերականգնման դինամիկայի վրա։ Գիտնականների հաշվարկներով, եթե օզոնաքայքայիչ նյութերի արտանետումները նվազեցնելու ներկայիս քաղաքականությունն ուժի մեջ մնա, ապա օզոնային շերտը կվերականգնվի մինչև 1980 թվականի ցուցանիշները՝ 1․ Անտարկտիդայում՝ մինչև 2066 թվականը, 2․ Արկտիկայում՝ մինչև 2045 թվականը, 3․ աշխարհի մյուս հատվածներում՝ մինչև 2040 թվականը: Ի դեպ Երբ Անտարկտիդայում գրանցվեցին օզոնի մեծ սեզոնային կորուստներ, 1987 թվականին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի շուրջ Մոնրեալի արձանագրությունը, որը կոչված Էր սահմանափակել օզոնաքայքայիչ նյութերի արտադրությունն ու արտանետումները: Արձանագրությունը համարվում է երբևէ կնքված ամենահաջող բնապահպանական պայմանագրերից մեկը:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին. ՀՀ ԳԱԱ
Posted on 10 Հունվարի, 2023

Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից։
«Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ: Այս կենսառեսուրսը կանգնած է ոչնչացման եզրին»,- ասաց ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը։ Նա նշեց, որ լճի հատակում օրգանական նյութի կուտակման արդյունքում թթվածնային պայմանների վատացումը սահմանափակել է խեցգետինների տարածման սահմանները։ Խեցգետինները հիմնականում կենտրոնացված են 3-15մ խորություններում:
2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաև պոպուլյացիայում սկսված ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական և կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում։
«Սևանա լճում խեցգետնի հիվանդ առանձնյակներն առաջին անգամ հայտնաբերվել են 2017թ-ին։ Խեցգետինների շրջանում հիվանդության զարգացումը համընկել է լճի «ծաղկման» երևույթների ակտիվացման հետ։ Հիվանդության հետևանքով կենդանիների խեցու վրա հայտնվում են սև և կարմրավուն հետքեր, որոնք այրվածք են հիշեցնում: Որսաբաժնում հիվանդ կենդանիների մասնաբաժինը կազմել է մոտ 10-11 տոկոս։ Ծովագյուղի տարածքում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 21,7 տոկոս։ Ընդ որում, համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել արու խեցգետինների շրջանում, ինչը խոսում է վերջիններիս համեմատաբար պակաս կենսունակության մասին։ Նորադուզի տարածքը շարունակում է մնալ համեմատաբար պակաս վարակված շրջան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:
Սևանա լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է պատկան մարմիններին հրատապ միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, արգելել խեցգետնի որսը լճում և պայքարել որսագողության դեմ, արգելել խեցգետնի վաճառքը երկրի ներսում և արտահանումը երկրի սահմաններից դուրս:
Ի դեպ
Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական թվականների վերջին և, գտնելով իր գոյության համար նպաստավոր պայմաններ, դարձել է արդյունագործական օբյեկտ։ Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ կառավարման և պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետևանքով։
Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սևանա լճում 2021թ․ կազմել է մոտ 78 տոննա, որից՝
1․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ,
2․ Փոքր Սևանում՝ 653 գ։
2020թ. համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով։
1․ 2020թ․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 220գ,
2․ Փոքր Սևանում՝ 1,5 կգ։
Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը:
Սևանա լճում շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ։ Չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ են օգտագործվել Շորժայի, Ծովազարդի և Ծովինարի տարածքներում, որտեղ որսաբաժնում ոչ արդյունագործական, փոքր կենդանիների թիվը կազմել է 44-87 տոկոս։ Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում։ Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը (գ/օր) Փոքր Սևանում 2020թ․ համեմատ նվազել է մոտ երկու անգամ։
In
other , eco-snund
Ընդեղենի 7 տեսակ, որոնք օգտակար են ձեր օրգանիզմի համար
Posted on 9 Հունվարի, 2023

Թեպետ տոնական օրերին ընդեղենն անպակաս է հայկական սեղաններից, սակայն առողջությանը օգտակար հատկանիշներ ունենալու համար խորհուրդ է տրվում այն օգտագործել կլոր տարին։
Նախ, ընդեղենը հարուստ է՝
1․ բջջանյութով,
2․սպիտակուցներով,
3․օգտակար ճարպերով, այդ թվում՝ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով։
Բացի այդ՝ ընդեղենը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում։
Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է ընդեղենի մի քանի տեսակ, որոնք օգտակար են ձեր առողջության համար։
ԸՆԿՈՒՅԶ
Ընկույզը պարունակում է մեծ քանակով օմեգա-3, բջջանյութ, մագնիում և այլ սննդարար նյութեր։ Այս մթերքի պարբերական օգտագործումը նվազեցնում է․
1․ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը,
2․ արյան մեջ նվազեցնում և կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
3․ նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը,
4․ դրական է ազդում ոսկորների ամրության և առողջության վրա,
5․ օգտակար է ճարպակալության դեմ պայքարի համար,
6․ բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, լավացնում է հիշողությունը,
7․ապահովում է նյարդային համակարգի ամրությունը:
ՊՆԴՈՒԿ
Ըստ գիտնականների, պնդուկը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, վիտամիններ՝ հատկապես B և հանքանյութեր: Պնդուկը շատ օգտակար է հղի կանանց, քանի որ այն մեծ քանակությամբ պարունակում է ֆոլաթթու, որը պատասխանատու է ԴՆԹ-ի սինթեզի և նյարդային խողովակի ձևավորմանը:
Օգտակար է երիկամների քարի վերացման համար։ Այն բարելավում է սրտանոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը: Ինչպես նաեւ դրական է ազդում ստամոքս-աղիքային համակարգի վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության դեպքում: Խորհուրդ է տրվում օրական ուտել 100 գրամ պնդուկ:
ԳԵՏՆԸՆԿՈՒՅԶ
Ընդեղենի այս տեսակը հարուստ է B խմբի վիտամիններով, սպիտակուցով, մագնիումով, ինչի արդյունքում օգնում է կանխարգելել սրտային հիվանդությունները և մրսածությունը։ Այն կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց։
ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՄԻՋՈւԿ
Ըստ Տիբեթի իմաստունների, ծիրանի սերմը համարվում է թոքերն ամրացնող միջոց։ Թոքերի անբավարարության դեպքում քաղցկեղածին բջիջները տարածվում են դեպի լորձաթաղանթները։ Բուժարարները նկատել են, որ ծիրանի քացախը նույնպես լավացնում է շնչառությունը։
Ծիրանի սերմը պարունակում է B15 ու B17 վիտամիններ։
B15-ի առկայությամբ են բացատրվում պտղի և սերմի բազմաթիվ օգտակար հատկությունները.
Նպաստում է
1․կալցիումի ու երկաթի յուրացմանը,
2․շնչառության լավացմանը,
3․լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումներից հետո,
4․դանդաղեցնում է օրգանիզմի բջիջների ծերացումը,
5․խթանում է հիպոֆիզի և մակերիկամների աշխատանքը, ունի հակասկլերոտիկ ազդեցություն,
6․բարձրացնում է գլիկոգենի պարունակությունը լյարդում, և այլն։
B15 և B17 վիտամինները խթանում են օրգանիզմի իմունային ակտիվությունը, նպաստում են մտավոր և ֆիզիկական ուժերի արագ վերականգնմանը։
B17-ի սակավության դեպքում նկատվում են քրոնիկ հոգնածության սինդրոմի հատկանիշներ։
ՊԻՍՏԱԿ
Ըստ հետազոտությունների, պիստակը նպաստում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի կարգավորմանն այն անձանց շրջանում, ովքեր հիվանդ են դիաբետով։ Ընդեղենի այս տեսակը պարունակում է հակաօքսիդանտ, որն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Պիստակը հարուստ է նաև կալիումով, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ։
ՆՈՒՇ
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նուշը նպաստում է զարկերակային ճնշման և քաշի նվազմանը։ Խոսքը հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպի մասին է, որն առաջանում է սթրեսի հետևանքով։ Ընդեղենի այս տեսակը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, կարգավորում գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Նուշը վիտամին E-ի, կալցիումի, մագնիումի և ֆոլաթթվի աղբյուր է։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Բրիտանիայում մտադիր են արգելել պլաստիկե սպասքի օգտագործումը
Posted on 9 Հունվարի, 2023

2019 թվականից սկսած Եվրամիության բոլոր պետությունները, պարտավորվել էին մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը շուկայից հանել միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից, Գերմանիայի կառավարությունը Գերմանիայի ռեստորաններին և սրճարաններին պարտավորեցրել էր հաճախորդներին առաջարկել սննդամթերք և խմիչքներ՝ բազմակի օգտագործման տարաներով։ Բրիտանական կառավարությունը մտադիր է Անգլիայում արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, այդ թվում՝ պլաստիկ դանակների, պատառաքաղերի օգտագործումը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Guardian պարբերականից։ Ըստ պարբերականի, վիճակագրական տվյալներով Անգլիայում տարեկան սպառվում է մոտ 1,1 միլիարդ մեկանգամյա օգտագործման ափսե և 4,25 միլիարդ պլաստիկ պատառաքաղ, որոնցից միայն 10%-ն է վերամշակվում օգտագործելուց հետո։ Ավելի վաղ, նման արգելքներ արդեն սահմանվել էին Ուելսում և Շոտլանդիայում։ Իսկ 2020 թվականի աշնանը, Բրիտանիայում արգելվել է պլաստմասե հիմքով բամբակյա փայտիկների և կոկտեյլների համար նախատեսված ձողիկների արտադրությունը։
In
other , eco-dizayn
Պոլիէթիլենային տոպրակներից՝ նորաոճ պայուսակներ․ տեսանյութ
Posted on 6 Հունվարի, 2023

Նյու Յորքում ապրող դիզայներ Ալեքս Դաբաղը մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից նորաոճ պայուսակներ է ստեղծում։ Այդպիսով, դիզայները նվազեցնում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-snund
Սուրբ Ծննդյանը մատուցվող ուտեստների խորհուրդը
Posted on 6 Հունվարի, 2023

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Օրը երկու խորհուրդ ունի՝ Քրիստոսի ծնունդը և մկրտությունը՝ Ջրօրհնեքի կարգով։ Այսօր տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» եւ ստանում պատասխան՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»։ Սուրբ Ծննդյան Ջրօրհնեքի խորհուրդը Առավոտյան Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: Սուրբ Ծննդյան ուտեստների խորհուրդը Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի մեկնարկը տրվել էր հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի պատարագով։ Որից հետո սեղաններին դրվում է օրվա խորհրդին հատուկ ուտեստներ` ձուկ, չամիչով փլավ և գինի։ Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։ Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան տոնը շնորհավորում են կարմիր գինով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
7 խորհուրդ․ ինչպե՞ս տեսակավորել աղբը՝ հետտոնական օրերին
Posted on 5 Հունվարի, 2023

Հետտոնական օրերին բոլորիս տներում էլ կենցաղային աղբը հասնում է աննախադեպ քանակի, ուստի, որպեսզի աղբակույտերի չվերածենք մեր մայրաքաղաքը, ապա մեզանից յուրաքանչյուրը առնվազն պետք է տիրապետի աղբը տեսակավորելու մի քանի տարրական կանոնների։ Eco.am սոցիալական հարթակը տոնական օրերին թափոնները նվազեցնելու համար մի քանի օգտակար խորհուրդներ է առանձնացրել։ Կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ տեսակավորել սննդի մնացորդները, փաթեթավորման թուղթը և տոնածառերը, դրանով իսկ նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: 1․ Օգտագործեք բազմակի օգտագործման պայուսակներ, իսկ եթե հաճախ մոռանում եք, ապա պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելու դեպքում էլ այն կա՛մ վերադարձրեք խանութին, կա՛մ հանձնեք վերամշակման գործարանին։ 2․ Սննդի մնացորդները աղբամանը նետելիս կապեք տոպրակը, որպեսզի այն չթափվի և չաղտոտի միջավայրը, ինչպես նաև տարածքում գարշահոտություն չտարածի։ 3․Պոլիէթիլենային տոպրակները, նախքան աղբամանը նետելը, լավ կլինի դրանք բոլորը հավաքել մեկ տոպրակի մեջ, որպեսզի քամու օգնությամբ դրանք «չպարեն» օդում և հետո հանգրվանեն հարևանի ծառին՝ անցանկալի զարդարանքով։ 4․ Նվերներ փաթեթավորելիս ստեղծագործեք։ Հնարավորինս նվազեցրեք փաթեթավորման թուղթը, քանի որ այն անձեռոցիկի նման չեն կարող վերամշակվել, քանի որ այն համարվում է ցածրորակ թուղթ, որը թղթի գործարանները չեն կարող օգտագործել: Փաթեթավորման թղթի փոխարեն օգտագործեք օրինակ՝ հին քարտեզները, գունավոր կտորները կամ հին նվերների պայուսակները: Կամ փորձեք նվերի փաթեթավորման մասը պատրաստել՝ օգտագործելով գեղեցիկ շարֆ կամ սպասքի նոր սրբիչ: 5․Տոներն ավարտվելուն պես, եթե բնական եղևնի եք բերել տուն, ապա աղբավայր նետելուց առաջ վրայից հեռացրեք բոլոր զարդանախշերը, փայլազարդերն ու տարատեսակ դեկորացիաները։ 6․ Շշերը, տարրաները տեսակավորեք հնարավորինս մաքուր և չոր։ 7․ Ստվարաթղթե արկղերը աղբամանը նետելիս հնարավորինս փոքրացրեք, ծալեք, որպեսզի շատ տարածք չզբաղեցնի:
In
other , shrjaka-mijavayr
«ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»․ նախարար
Posted on 5 Հունվարի, 2023

2022 թվականի դեկտեմբերի 1-ից, մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվում են համատեղ միջոցառումներ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: «Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,-հերթական խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարներին, դրա քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին։ Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները։ Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները: 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։ Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Որքա՞ն կարելի է պահել պատրաստի սնունդը՝ տոնական օրերին․ գաստրոէնտերոլոգ
Posted on 4 Հունվարի, 2023

Տոնական օրերին բոլորս էլ բախվում ենք պատրաստի սննդի պահման, կոնկրետ սննդատեսակների և ալկոհոլի չարաշահման խնդիրների և դրա հետևանքով ի հայտ եկող գանգատների:
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանի խորհուրդները։
Որքա՞ն կարելի է պահել արդեն պատրաստի սնունդը
1․ Հնարավորինս շուտ օգտագործեք արդեն պատրաստի սնունդը:
2. Սառնարանում պահվող պատրաստի մթերքները ևս երկար պահել չի կարելի, այնտեղ ևս դրանց մեջ կարող են բազմանալ այնպիսի բակտերիաներ ինչպիսին է օրինակ լիստերիան, որը սիրում է երշիկեղեն, պանիր, սնկեր և այլն։
3․Պահպանեք սառնարանում պահվող մթերքները փակ տարաներում կամ տոպրակների մեջ, այդպիսով կկանխեք բակտերիաների տարածումը մի մթերքից մյուսին։
4․ Խորհուրդ չի տրվում սնունդը մի քանի անգամ տաքացնել և սառեցնել հաճախ փոխելով ջերմաստիճանը՝ տաք սնունդը պետք է տաք պահել, սառը սնունդը՝ սառը։
5. Կարևոր է հիշել, որ փչացած սննդամթերքը կարող է տարբերվել իր տեսքով, հոտով կամ համով, սակայն շատ կարևոր է հիշել, որ արտաքինից անփոփոխ սնունդը ևս կարող է մահացու վտանգավոր լինել, օրինակ բոտուլիզմի դեպքում։
Ամանորին ո՞ր սննդամթերքների չարաշահումն է հաճախ մարսողական գանգատների պատճառ հանդիսանում:
Պետք է նկատել, որ մեր ռացիոնը միշտ և Ամանորին հատկապես հարուստ է դժվարամարս ուտելիքներով, իսկ տոնական օրերին երբ մսի բազմազան տեսականին՝ աղացած, տապակած, ջեռոցում եփված կամ երշիկեղենի տեսքով, պանրի տեսականին, զանազան աղցանները զուգակցվում են սեղաններից անպակաս գազավորված ըմպելիքներով դա արդեն իսկապես մարտահրավեր է մեր մարսողական համակարգի համար։ Սրանով է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ այս շրջանում մարսողական որոշ գանգատներ ակտիվանում են։
Ինչպե՞ս կարելի է «մաքրել» լյարդը հատկապես տոնական օրերին, երբ ալկոհոլ հաճախ են կիրառում
Լյարդը մաքրող միջոցներ՝ բույսեր, դեղեր կամ այլ միջոցներ գոյություն չունեն, պետք է ալկոհոլի չարաշահումից խուսափել, հատկապես եթե արդեն կա լյարդի որևէ հիվանդություն։ Ալկոհոլը, ունենալով բարձր կալորիականություն սովորաբար արգելակում է ախորժակը և մարդը սկսում է վատ սնվել, ինչն էլ ավելի է բարձրացնում լյարդի վնասման ռիսկը։ Ինչպես ասում են, միայն «խմելը» լյարդի վնասում կարող է առաջացնել, սակայն «ուտել-խմել»-ն էլ կարող է պանկրեատիտ առաջացնել՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
Այսինքն ոչ սննդով և ոչ էլ որևէ այլ միջոցով մենք չենք կարող կանխել ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները մեր օրգանիզմի համար։ «Տնական» օղին ավելի անվտա՞նգ է, քան խանութում վաճառվողը Լյարդի ախտահարման ցածր ռիսկային քանակ է համարվում մինչև 20 գ/օր մաքուր էթանոլի ընդունումը տղամարդկանց և մինչև 10գ/օր՝ կանանց համար, այսիքն եթե դիտարկում ենք էթանոլով լյարդի ախտահարման փաստը, ապա տնական օղին, օրը միջինում ունի 60% թնդություն ավելի քիչ քանակով արդեն ավելի տոքսիկ է, քան խանությում վաճառվողը։ Սակայն իհարկե չի բացառվում, որ խանութում վաճառվող օղին էլ կարող է պարունակել այլ տոքսիկ նյութեր, հավելումներ, որոնք հավելյալ վտանգ կարող են ներկայացնել։ Այնպես որ, լավագույն տարբերակը ուղղակի ալկոհոլի չարաշահումից խուսափելն է։
Ի՞նչ անել եթե առաջացել են մարսողական գանգատներ՝ վքնածություն, լուծ, փորկապություն և այլն նախ խուսափեք «մեղավոր» սննդից՝ մի քանի օրվա աղցաններից, գազավորված և կոնսերվացված ուտելիքներից, ալկոհոլից։
Գանգատների պահպանման դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի, քանի որ եթե մի դեպքում դա կարող է լինել մարսման անցողիկ խանգարում, մեկ այլ դեպքում դա կարող է լինել քրոնիկ հիվանդության սրացում կամ նոր դրսևորում։
In
other , shrjaka-mijavayr
Տարվա թռչուն քարարծիվը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով․ տեսանյութ
Posted on 4 Հունվարի, 2023





