Որքա՞ն կարելի է պահել պատրաստի սնունդը՝ տոնական օրերին․ գաստրոէնտերոլոգ

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a5%d5%ac-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4/

Տոնական օրերին բոլորս էլ բախվում ենք պատրաստի սննդի պահման, կոնկրետ սննդատեսակների և ալկոհոլի չարաշահման խնդիրների և դրա հետևանքով ի հայտ եկող գանգատների:

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանի խորհուրդները։

Որքա՞ն կարելի է պահել արդեն պատրաստի սնունդը  

1․ Հնարավորինս շուտ օգտագործեք արդեն պատրաստի սնունդը:

2. Սառնարանում պահվող պատրաստի մթերքները ևս երկար պահել չի կարելի, այնտեղ ևս դրանց մեջ կարող են բազմանալ այնպիսի բակտերիաներ ինչպիսին է օրինակ լիստերիան, որը սիրում է երշիկեղեն, պանիր, սնկեր և այլն։

3․Պահպանեք սառնարանում պահվող մթերքները փակ տարաներում կամ տոպրակների մեջ, այդպիսով կկանխեք բակտերիաների տարածումը մի մթերքից մյուսին։

4․ Խորհուրդ չի տրվում սնունդը մի քանի անգամ տաքացնել և սառեցնել հաճախ փոխելով ջերմաստիճանը՝ տաք սնունդը պետք է տաք պահել, սառը սնունդը՝ սառը։

5. Կարևոր է հիշել, որ փչացած սննդամթերքը կարող է տարբերվել իր տեսքով, հոտով կամ համով, սակայն շատ կարևոր է հիշել, որ արտաքինից անփոփոխ սնունդը ևս կարող է մահացու վտանգավոր լինել, օրինակ բոտուլիզմի դեպքում։

Ամանորին ո՞ր սննդամթերքների չարաշահումն է հաճախ մարսողական գանգատների պատճառ հանդիսանում:

Պետք է նկատել, որ մեր ռացիոնը միշտ և Ամանորին հատկապես հարուստ է դժվարամարս ուտելիքներով, իսկ տոնական օրերին երբ մսի բազմազան տեսականին՝ աղացած, տապակած, ջեռոցում եփված կամ երշիկեղենի տեսքով, պանրի տեսականին, զանազան աղցանները զուգակցվում են սեղաններից անպակաս գազավորված ըմպելիքներով դա արդեն իսկապես մարտահրավեր է մեր մարսողական համակարգի համար։ Սրանով է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ այս շրջանում մարսողական որոշ գանգատներ ակտիվանում են։

Ինչպե՞ս կարելի է «մաքրել» լյարդը հատկապես տոնական օրերին, երբ ալկոհոլ հաճախ են կիրառում

Լյարդը մաքրող միջոցներ՝ բույսեր, դեղեր կամ այլ միջոցներ գոյություն չունեն, պետք է ալկոհոլի չարաշահումից խուսափել, հատկապես եթե արդեն կա լյարդի որևէ հիվանդություն։ Ալկոհոլը, ունենալով բարձր կալորիականություն սովորաբար արգելակում է ախորժակը և մարդը սկսում է վատ սնվել, ինչն էլ ավելի է բարձրացնում լյարդի վնասման ռիսկը։ Ինչպես ասում են, միայն «խմելը» լյարդի վնասում կարող է առաջացնել, սակայն «ուտել-խմել»-ն էլ կարող է պանկրեատիտ առաջացնել՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։

Այսինքն ոչ սննդով և ոչ էլ որևէ այլ միջոցով մենք չենք կարող կանխել ալկոհոլի չարաշահման վատ հետևանքները մեր օրգանիզմի համար։ «Տնական» օղին ավելի անվտա՞նգ է, քան խանութում վաճառվողը Լյարդի ախտահարման ցածր ռիսկային քանակ է համարվում մինչև 20 գ/օր մաքուր էթանոլի ընդունումը տղամարդկանց և մինչև 10գ/օր՝ կանանց համար, այսիքն եթե դիտարկում ենք էթանոլով լյարդի ախտահարման փաստը, ապա տնական օղին, օրը միջինում ունի 60% թնդություն ավելի քիչ քանակով արդեն ավելի տոքսիկ է, քան խանությում վաճառվողը։ Սակայն իհարկե չի բացառվում, որ խանութում վաճառվող օղին էլ կարող է պարունակել այլ տոքսիկ նյութեր, հավելումներ, որոնք հավելյալ վտանգ կարող են ներկայացնել։ Այնպես որ, լավագույն տարբերակը ուղղակի ալկոհոլի չարաշահումից խուսափելն է։

Ի՞նչ անել եթե առաջացել են մարսողական գանգատներ՝ վքնածություն, լուծ, փորկապություն և այլն նախ խուսափեք «մեղավոր» սննդից՝ մի քանի օրվա աղցաններից, գազավորված և կոնսերվացված ուտելիքներից, ալկոհոլից։

Գանգատների պահպանման դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի, քանի որ եթե մի դեպքում դա կարող է լինել մարսման անցողիկ խանգարում, մեկ այլ դեպքում դա կարող է լինել քրոնիկ հիվանդության սրացում կամ նոր դրսևորում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով