Տարվա թռչուն քարարծիվը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով․ տեսանյութ

https://eco.am/%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d5%be%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac/

Հունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, իսկ ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, որը ստացել է մոտ երկու շաբաթ առաջ։ Աշխատակիցները աձանագրել են, որ վիրավոր քարարծիվը հյուծված է և ջրազրկված։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։ Սակայն, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը դիմում է կենդանաբուժական կլինիկաներին խնդրանքով՝ օգնել կազմակերպել ու անցկացնել այս քարարծվի վիրահատությունը, քանի որ մեր հիմնադրամը չունի համապատասխան բժշկական սարքավորումներ։

Նշվում է, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը քարարծիվը հայտարարել է 2023 թվականի տարվա թռչուն, այդպիսով հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով