Blog
In
other , shrjaka-mijavayr
2015-2022թթ․ համարվում են ռեկորդային 8 ամենատաք տարիները
Posted on 17 Հունվարի, 2023

Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների՝ անցած ութ տարիները եղել են գլոբալ ռեկորդային ամենաշոգ տարիները՝ պայմանավորված ջերմոցային գազերի անընդհատ աճող կոնցենտրացիաներով և կուտակված ջերմությամբ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Համաշխարհային օդերևութաբանական կենտրոնի պաշտոնական կայքից։ Միջին գլոբալ ջերմաստիճանը 2022 թվականին եղել է մոտ 1,15 [1,02-ից 1,27] °C-ով ավելի, քան նախաինդուստրիալ մակարդակը (1850-1900)։ 2015 թվականից սկսած, 8 տարի շարունակ՝ մինչև 2022 թվականը, տարեկան գլոբալ ջերմաստիճանը հասել է առնվազն 1°C-ով ավելի, քան ախաինդուստրիալ մակարդակը՝ համաձայն WMO-ի կողմից կազմված տվյալների: Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների՝ 2015-ից 2022 թվականները համարվում են ռեկորդային ութ ամենատաք տարիները:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս կանխել բնապահպանական աղետը․«ԷկոՎիլ»-ը սոցիալական հոլովակ է թողարկել
Posted on 17 Հունվարի, 2023

Անտառները մեր մոլորակի թոքերն են, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին: Անտառներն ապահովում են թթվածնի շրջապտույտի շուրջ 28%-ը: 1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին: Անտառները մեծ դեր են խաղում երկրագնդի համար և մարդու կյանքում, որի կարևորությունը մենք հազվադեպ ենք գիտակցում։ Արդյունքում, շատերին թվում է, թե կարելի հատել ծառը, հետո նորը տնկելու ակնկալիքով, կարծելով, թե այդ մեկ ծառի հատելով բնության մեջ ոչինչ չի խախտվի։ Բայց արի ու տես, որ անտառները պարզապես ծառեր չեն, այլ մի ամբողջ էկո համակարգ և անգամ մեկ ծառ կտրելով խաթարվում է բույսերի ու կենդանիների կապը՝ իսկ մարդու համար՝ խախտվում շրջակա միջավայրը։ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունը, որը տարիներ շարունակ մարդկանց իրազեկում է այլընտրանքային էներգիայի առավելությունների, բարձրաձայնում արևային էներգիայից օգտվելու կարևորության և բնապահպանական նշանակության մասին, այժմ այդ ամենն անում է սոցիալական հոլովակի միջոցով։ Գրեթե մեկ րոպեում, սոցիալական հոլովակի միջոցով, հանրությանն իրազեկում է բնապահպանական աղետի տանող այդ գործընթացի կանխարգելման մասին։ Առաջարկում ենք դիտե՛լ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների կողմից նկարահանած սոցիալական հոլովակը և ինքներդ վերլուծեք հետևանքները։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Երևանյան լիճն ու Հրազդան գետը կմաքրվի, իսկ Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի
Posted on 16 Հունվարի, 2023

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2023 թվականին կիրականացվի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից, ներկայացված է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ, ըստ որի, կառույցը լինելու է բացառիկ հնարավորություններով: Իսկ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով: Խորհրդակցության ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Երևանյան լճի մաքրման ծրագրին, ըստ որի 2022 թվականին ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով նախարարության հետ համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի մշակած «Երևանյան լճի եւ Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը 60,4 մլն դրամ գումարի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր գումարը մոտ 113 մլն դրամ է։ Միջոցառումը ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրի շրջանակում եւ կմեկնարկի 2022-ին։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։ Ծրագիրը նպատակ ունի նաեւ նվազեցնելու աղտոտվածության մակարդակը, կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ եւ Երևանյան լիճ, կանխարգելելու աղտոտվածության տարածումը:
In
other , eco-aprelakerp , eco-energia , shrjaka-mijavayr
Արցախում արդիական է արևային էներգիայի կիրառումը․ նախաձեռնվել է «Արևային Արցախ» ծրագիրը
Posted on 16 Հունվարի, 2023

«ռեԱրմենիա» հարթակը և «Վյուն» գործակալությունը համատեղ նախաձեռնել են «Արևային Արցախ» ծրագիրը, որի նպատակը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ «Արցախպրես»-ից։ «ռեԱրմենիա» հարթակ հայտ ներկայացրեցին «Հավասար հնարավորություն» հասարակական կազմակերպությունը և Մարտունու երիտասարդական կենտրոնը։ Նրանք առաջարկում էին «Արևային դպրոցներ Արցախում» նախագիծը: Եվ հենց այսպես էլ այն սկսեց կյանքի կոչվել: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Մարտունու շրջանի Ճարտար, Քերթ, Սպիտակաշեն, Բերդաշեն համայնքների, ինչպես նաև քաղաք Մարտունու դպրոցներում արևային կայաններ տեղադրել, որոնք կմատակարարեն մշտական անվճար էլեկտրաէներգիա ոչ միայն դպրոցներին, այլ նաև՝ հարակից հանրային կառույցներին: Ըստ էության՝ էլեկտրաէներգիա արտադրողը դպրոցն է դառնում` այդպիսով խնայելով նաև էլեկտրականության համար վճարվող գումարը»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վյուն» գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանը՝ հավելելով, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 մլն դրամ: Ըստ տեղեկատվության, նախագծի մեկնարկի ժամանակ Արցախը դեռ շրջափակման մեջ չէր, և ծրագիրը հավանության է արժանացել, քանի որ պատերազմից հետո, հատկապես` Արցախում, արդիական է արևային էներգիայի կիրառումը։ «Պատերազմի ժամանակ նույն Մարտունու շրջանի ամբողջ էներգետիկ համակարգը վնասվել էր, և հոսանքի անջատումները պարբերական, երկարատև բնույթ էին կրում: Արևային կայանները ունեն երկու կարևոր բաղադրիչ` էներգախնայողությունն ու էներգետիկ անկախությունը, որոնք ապահովում են մարտկոցները: Սրանք կրկնակի թանկ են,և շատ դեպքերում մարտկոցներով տարբերակը նպատակահարմար չէ: Մեր նախատեսած հինգից` Սպիտակաշեն համայնքի կայանը ևս մարտկոցով կլինի և կունենա էներգետիկ անկախություն: Եվ Սպիտակաշենը, ըստ էության, ցանկացած ճգնաժամային իրավիճակում կկարողանա մշտապես էլեկտրաէներգիա ունենալ, ինչից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերը»,-մանրամասնել է տնօրենը: Ըստ Կ. Թոմիկյանի` աշխատում են փուլային տարբերակով: Առաջին կայանը կտեղադրվի Քերթի դպրոցում, երկրորդը՝ Սպիտակաշենի, հաջորդաբար՝ Բերդաշենի և Ճարտարի, իսկ վերջում՝ քաղաք Մարտունու դպրոցում: «Այս պահին Քերթի դպրոցի կայանի գումարն արդեն ունենք, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով կայանի տեղադրումն ուշանում է, որովհետև կայանները պետք է ներմուծվեն: Հիմա մենք անհրաժեշտություն ունենք գումարն ամբողջությամբ հավաքելու, որպեսզի ճանապարհը բացվելուն պես` կարողանանք գործընթացն ավարտին հասցնել»,-ընդհանրացրել է գործակալության տնօրենը` գործին աջակցել ցանկացողներին հորդորելով միանալ ծրագիրը կյանքի կոչելու կարևոր գործին։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Հայաստանում բնապահպանները թիրախավորվում են․ բաց նամակ
Posted on 16 Հունվարի, 2023

Հայաստանում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ թիմը հանդես է եկել բաց նամակով.
Eco.am սոցիալական հարթակը, բնապահպանների բաց նամակը ներկայացնում է ամբողջությամբ։
Մենք, լինելով Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ և իրավապաշտպաններ, դիմում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերին (https://www.ohchr.org/en/special-procedures/sr-human-rights-defenders), Օրհուսի բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակում արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ կապված հանքարդյունաբերական բիզնեսի կողմից իրավապաշտպանների և բնապահպանների նկատմամբ իրականացվող ճնշումներին և պաշտպանել մեր մաքուր և առողջ շրջակա միջավայրում առողջ ապրելու իրավունքը։
Հանքարդյունաբերական բիզնեսը արշավ է սկսել մարդու «կանաչ» իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանների դեմ։ Որպես մանիպուլյացիա ակտիվորեն օգտագործվում է Արցախի «կյանքի» ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի պսևդոբնապահպանների թեման։ Դատական իշխանությունն, իր հերթին, հօգուտ բիզնեսի անընդունելի որոշումներ է կայացնում բնապահպանների նկատմամբ՝ անտեսելով ազգային օրենսդրությունը և վավերացված միջազգային կոնվենցիաները, որոնց համաձայն պետությունը կրում է միջազգային պարտավորություններ։ Մասնավորապես խախտվել են․
1․ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը. «Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը», 2-րդ կետը. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»: Խոչընդոտվում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական պարտավորությունների կատարումը։
2․ ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը․ « Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
3․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը. «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը»։
4․ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չենթարկվեն որևէ ձևով պատժի, հետապնդման կամ հալածանքի։ Սույն դրույթը չի խաթարում ազգային դատարանների լիազորությունը՝ որոշումներ կայացնել դատական ողջամիտ ծախսերի հատուցման համար, որոնք կապված են դատավարությունների հետ»։
Նախկինում էլ հանքարդյունաբերական բիզնեսի առճակատումը բնապահպանների, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակիչների դեմ ակնհայտորեն է դրսևորվել: Բիզնեսը բազմիցս հայցեր է ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ավելին, դատարաններն անհիմն բավարարել են հանքարդյունաբերական բիզնեսի հայցերն ընդդեմ պետական մարմինների, որոնք օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ են կիրառել անպատասխանատու բիզնեսի նկատմամբ։ Դատական որոշումների հետևանքով անպատասխանատու բիզնեսն անպատիժ գործելու հնարավորություն է ստացել՝ վստահ լինելով, որ իր գործունեության հետևանքով ի հայտ եկած սոցիալական և բնապահպանական որևէ խնդիր չի ազդի իր շահերի վրա։
Մարդու իրավունքների խախտումներն ամրագրված են միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի, Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական ֆեդերացիայի և այլնի կողմից։ Այս կազմակերպությունների հաշվետվությունները դրված էին պետական մարմինների սեղանին, սակայն արձագանք չեղավ։ Այժմ հարձակումների թիրախ է դարձել բնապահպան և անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանը։
Թեհմինե Ենոքյանը բախվել է հանքարդյունաբերական բիզնեսին, որովհետև պաշտպանել է իր հարազատ Գնդեվազ գյուղի բնակիչների շահերը, երբ Գնդեվազը հայտնվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ազդեցության տակ: Նա մինչ օրս շարունակում է պաշտպանել արդեն խոշորացված Ջերմուկ համայնքի ողջ բնակչության շահերը՝ կոչ անելով պահպանել հայտնի Ջերմուկ առողջարանը, Որոտան և Արփա գետերի մաքուր ջրերը, խթանել այլընտրանքային՝ «կանաչ» զարգացումը, այսինքն այն ամենը, ինչի մասին միջազգային հարթակներում խոսում է ՀՀ կառավարությունը: Լինելով լրագրող և ակտիվ հասարակական գործիչ՝ Թեհմինե Ենոքյանն արձագանքում է ահազանգերին, երբ մարդիկ դիմում են իրեն՝ ներկայացնելով շրջակա միջավայրի և առողջության համար վտանգների հետ կապված իրենց խնդիրները:
Թեհմինե Ենոքյանի հրապարակած նյութերում և ֆիլմերում բացակայում են բռնության կոչերը, վիրավորական արտահայտությունները: Բազմաթիվ դատական գործերը, որոնք հարուցվել են Թեհմինե Ենոքյանի դեմ, այլ բնապահպանների և այն տեղացիների դեմ, ովքեր համաձայն չեն, որ իրենց համայնքում զարգանա հանքարդյունաբերական բիզնեսը, վկայում են այն մասին, որ Թեհմինե Ենոքյանին թիրախավորում են՝ փորձելով վախեցնել և լռեցնել նաև տեղի ակտիվ բնակիչներին և այլ բնապահպաններին:
2018 թվականից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ Թեհմինե Ենոքյանի հարուցված քաղաքացիական գործով ընկերությունը պահանջել է 1 300 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցում նրա՝ հանրահավաքի ժամանակ հրապարակային արված դատողական գնահատականների համար։
Առաջին ատյանի դատարանը Ընկերության հայցը բավարարել է մասնակի՝ ամբողջությամբ մերժելով վնասի հատուցման պահանջը:
2022 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը գրավոր ընթացակարգով գործը քննելով, առանց Թեհմինե Ենոքյանի նյութական վիճակը գնահատելու, պարտավորեցրեց Թեհմինե Ենոքյանին վճարել 1 224 000 ՀՀ դրամ ընկերությանը, ինչպես նաև պարտավորեցրել է հերքել արված հայտարարությունը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված Թեհմինե Ենոքյանի բողոքը վարույթ չի ընդունել:
2022 թվականի հունվարի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակեց իր թիվ 80 կարծիքը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի» գործով։
Ամփոփելով կատարված վերլուծությունը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ որոշումը Թեհմինե Ենոքյանի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անհամաչափ միջամտություն է։
Դրան հաջորդեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 6 000 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջով հայցը, որը ներկայացվել է մի հրապարակման համար, որտեղ Թեհմինե Ենոքյանը չի հանդիսանում սկզբնաղբյուր։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 21,87 %-ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությյունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Այսինքն, ըստ էության, այս հայցը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության անունից։
Հայաստանի Հանրապետությունում, բնապահպանները և համայնքի բնակիչները, ովքեր պաշտպանում են իրենց մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մնացել են մենակ իրենց պայքարում և թիրախավորվում են հանքարդյունաբերական ընկերությունների կողմից։
ՀՀ կառավարությունը չի պաշտպանում այդ քաղաքացիների իրավունքներն ու դիրքորոշումները և մի կողմ է քաշվել այդ գործընթացներից՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված և ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատած որոշումներով երբեմն տպավորություն թողնելով, որ պաշտպանում է հենց հանքարդյունաբերողներին։
Վերոնշյալ դեպքերն ու հանգամանքները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է մարդու խոսքի ազատությունը, փորձ է արվում սահմանափակել կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ճնշել և վախեցնել բնապահպաններին, որպեսզի բիզնեսների կողմից բնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները մնան աննկատ և անպատիժ։ Սպառնալիքներ են ստեղծում բնապահպանների ֆիզիկական և սոցիալական գործունեության համար, ստեղծում են սոցիալական լարվածություն հասարակության տարբեր խմբերի միջև, վտանգում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության գործընթացը, ինչն էական հետքայլ է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքներից և մարդու իրավունքների դավանումից:
Կոչ ենք անում ձեզ, ձեր լիազորությունների և ստանձնած առաքելության շրջանակներում գնահատական տալ ստեղծված իրավիճակին և գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանների և, մասնավորապես, Թեհմինե Ենոքյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
- «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական Հասարակական միություն» ՀԿ
- Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
- «Դալմա֊Սոնա» կրթա֊մշակութային, սոցիալ֊բնապահպանական հիմնադրամ
- «Հայաստանի Անտառներ» բնապահպանական ՀԿ
- «Թրանսփերնեսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- «Սինեմարթ» ԵՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
- «Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Յանուս» իրավական ՀԿ
- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Ժուրնալիստների «Ասպարեզ» Ակումբ
- Գորիսի Մամուլի ակումբ
- «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
- «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
- «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
- «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
- «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպություն
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Ինֆորմացիայի ազատության կենտրոն
- «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- «Բայազետ» կենտրոն ՀԿ
- «Հանրային վերահսկողություն» ՀԿ
- «Նոր հորիզոններ» ՀԿ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
In
other , shrjaka-mijavayr
EU4Sevan Ծրագրի ավարտին լճի ներուժը նորովի կբացահայտվի․ վստահեցնում են ծրագրի անդամները
Posted on 13 Հունվարի, 2023

«Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները, լուծել լճի էկոհամակարգի պահպանության ճանապարհին առաջացած խնդիրները», - EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Հարկ չկա նշելու՝ որքան կարևոր է մեզ համար այս ծրագիրը և, թե որքան կարևոր է, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հատուկ ուշադրության են արժանացել Սևանա լճի էկոհամակարգը և դրա բարելավումը»,- հանդիպմանը շեշտել է նախարարի տեղակալը, ապա անդրադարձել նաև առկա մարտահրավերներին և նշել, որ նախարարություն վարչապետի այցի ընթացքում ևս քննարկվել է սույն ծրագիրը և վարչապետի կողմից ևս ուշադրության է արժանացել դրա անխափան ընթացքի ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր խոսքում նշել է, որ բնապահպանական և գյուղատնտեսական ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի հետ Գերմանիայի տնտեսական համագործակցության առաջնահերթություններից է։ Պարոն Թինտրուպն ընդգծել է, որ Սևանը Հայաստանի բնական գանձերից է և վստահություն հայտնել, որ ծրագրի ավարտին լճի ներուժը նորովի կբացահայտվի՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։ Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի նպատակները, մասնավորապես՝ 1․ բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման, 2․ ջուր խնայող հողօգտագործման, 3․կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը, 4․ինչպես նաև կից համայնքների, 5․մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը: «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պատասխանատու է տեղական կառավարման և ենթակառուցվածքների համար։
In
other , shrjaka-mijavayr
Համաշխարհային օվկիանոսի ջրերի ջերմության քանակն աճել է ու 0,13%-ով ավելի աղի դարձել
Posted on 12 Հունվարի, 2023

«2022 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտերում կուտակված ջերմության քանակն աճել է մինչև 255 զետաջոուլ ռեկորդային մակարդակի, ինչը 10,9 զետաջոուլով ավելի է, քան 2020 թվականին»,- նման եզրակացության է հանգել կլիմայագետների միջազգային հանրությունը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Advances in Academic Science պարբերականում տպագրված աշխատութունից։ Ըստ կլիմայագետների, համաշխարհային օվկիանոսը առայժմ մնում է կլիմայական փոփոխությունների հիմնական բնական արգելակը: Նախաարդյունաբերական դարաշրջանից սկսած՝ նրա ջրերը կլանում են ջերմության մոտ 90%-ը և արդյունաբերական ձեռնարկությունների, ավտոմոբիլների և այլ աղտոտիչների արտանետած ածխաթթու գազի մոտ մեկ երրորդը: Այս գործընթացը ոչ միայն արգելակում է կլիմայի փոփոխությունը, այլև կարող է արմատական փոփոխություններ առաջացնել ծովերի էկոհամակարգերում։ Հետազոտողներն ուսումնասիրել են Համաշխարհային օվկիանոսի վերին մասում ջերմային էներգիայի կուտակման գործընթացը նախորդ դարի կեսերից մինչև 2022 թվականը։ Դրա համար նրանք օգտագործել են կլիմայական մոդելներ և տվյալներ, որոնք հավաքել են 3 հազար վերջրյա և ստորջրյա ազդալողանները, ինչպես նաև հսկման ավտոմատ կայանները՝ Argo օվկիանոսագրական ծրագրի շրջանակներում: Հաշվարկները ցույց են տվել, որ արտանետումների ծավալի նվազումը, որը կապված Էր COVID-19-ի համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Համաշխարհային օվկիանոսին չի խանգարել հերթական ռեկորդը սահմանել իր ընդերքում կուտակած ջերմության քանակով։ Անցյալ տարի այն կլանել է շուրջ 10,9 զետաջոուլ էներգիա, ինչը մոտ 1,5 անգամ գերազանցում է վերջին 40 տարվա ընթացքում տարեկան միջին ցուցանիշները: Պրոֆեսոր Չեն Լիցզինի և նրա գործընկերների գնահատումներով՝ դիտարկումների ամբողջ ընթացքում օվկիանոսը կլանել է ավելի քան 400 զետաջոուլ ջերմություն, ընդ որում՝ այդ ջերմության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսի վերին շերտերում, որտեղ մինչև 2022 թ.-ի վերջը կուտակվել է ավելի քան 255 զետաջոուլ ավելցուկ էներգիա: Ինչպես նշում են հետազոտողները, ջերմության կուտակումը Համաշխարհային օվկիանոսի ընդերքում հանգեցնում է ոչ միայն դրա տաքացմանը, այլև նրա ջրերում աղի պաշարների վերաբաշխմանը՝ մերձմակերևութային և խորքային հոսանքների բնույթի և արագության փոփոխության հետևանքով: Մասնավորապես, ջրոլորտի ամենաաղի շրջանները, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, արևադարձային Ատլանտյան օվկիանոսում և Հնդկական օվկիանոսի արևմուտքում, 2022 թ.-ին 0,13%-ով ավելի աղի են դարձել 20-րդ դարի վերջի համեմատությամբ: Նմանապես, ջրոլորտում ջերմության կուտակման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի՝ աղով ամենաաղքատ ջրերը՝ Գրենլանդիայի ափերի մոտ և Եվրոպայի արևմտյան ափերին, դարձել են ավելի քաղցրահամ։ Համաշխարհային օվկիանոսում աղի նման վերաբաշխումն արդեն առաջիկա տարիներին կարող է հանգեցնել հոսանքների շարժման բնույթի լուրջ փոփոխությունների, ինչը կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ մոլորակի կլիմայի վրա, ամփոփել են հետազոտողները:
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 3 մարզում
Posted on 12 Հունվարի, 2023

2022 թվականից 2023 թվականի հունվարի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 3-ին, Շենգավիթում՝ հունվարի 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին, Արաբկիրում՝ հունվարի 6-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 5-ին։ Իսկ հունվարի 3-8-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Արարատ, Հրազդան, Վանաձոր քաղաքներում։ Մասնավորապես Արարատում հունվարի 4-ին, Հրազդանում՝ հունվարի 4-7-ը, Վանաձորում՝ հունվարի 4-ին։
In
other , shrjaka-mijavayr
Մինչ գարուն Երևանի կենդանաբանական այգին կբարեկարգվի
Posted on 11 Հունվարի, 2023

Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի կենդանաբանական այգուց։ «Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները, ազատավանդակը կիսվում է երկու մասի»,- աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը։ Հանդիպմանը նաև քննարկվել են մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ։ Այս օրերին վագրերի ազատավանդակը բաժանվում է երկու մասի, ինչը հետագայում հնարավորություն կտա երկու վագրերին էլ միաժամանակ տեսնելու։
In
other , eco-tourism
2022-ին Հայաստան է այցելել 1.67 մլն զբոսաշրջիկ
Posted on 11 Հունվարի, 2023





