Երևանյան լիճն ու Հրազդան գետը կմաքրվի, իսկ Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b0%d6%80%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%be%d5%ab/

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2023 թվականին կիրականացվի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր։

Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից, ներկայացված է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ, ըստ որի, կառույցը լինելու է բացառիկ հնարավորություններով:

Իսկ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։  Համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով:

Խորհրդակցության ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Երևանյան լճի մաքրման ծրագրին, ըստ որի 2022 թվականին ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով նախարարության հետ համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի մշակած «Երևանյան լճի եւ Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը 60,4 մլն դրամ գումարի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր գումարը մոտ 113 մլն դրամ է։

Միջոցառումը ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրի շրջանակում եւ կմեկնարկի 2022-ին։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։ Ծրագիրը նպատակ ունի նաեւ նվազեցնելու աղտոտվածության մակարդակը, կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ եւ Երևանյան լիճ, կանխարգելելու աղտոտվածության տարածումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով