Արցախում արդիական է արևային էներգիայի կիրառումը․ նախաձեռնվել է «Արևային Արցախ» ծրագիրը

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5/

«ռեԱրմենիա» հարթակը և «Վյուն» գործակալությունը համատեղ նախաձեռնել են «Արևային Արցախ» ծրագիրը, որի նպատակը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ «Արցախպրես»-ից։

«ռեԱրմենիա» հարթակ հայտ ներկայացրեցին «Հավասար հնարավորություն» հասարակական կազմակերպությունը և Մարտունու երիտասարդական կենտրոնը։ Նրանք առաջարկում էին «Արևային դպրոցներ Արցախում» նախագիծը: Եվ հենց այսպես էլ այն սկսեց կյանքի կոչվել: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Մարտունու շրջանի Ճարտար, Քերթ, Սպիտակաշեն, Բերդաշեն համայնքների, ինչպես նաև քաղաք Մարտունու դպրոցներում արևային կայաններ տեղադրել, որոնք կմատակարարեն մշտական անվճար էլեկտրաէներգիա ոչ միայն դպրոցներին, այլ նաև՝ հարակից հանրային կառույցներին: Ըստ էության՝ էլեկտրաէներգիա արտադրողը դպրոցն է դառնում` այդպիսով խնայելով նաև էլեկտրականության համար վճարվող գումարը»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վյուն» գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանը՝ հավելելով, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 մլն դրամ:

Ըստ տեղեկատվության, նախագծի մեկնարկի ժամանակ Արցախը դեռ շրջափակման մեջ չէր, և ծրագիրը հավանության է արժանացել, քանի որ պատերազմից հետո, հատկապես` Արցախում, արդիական է արևային էներգիայի կիրառումը։

«Պատերազմի ժամանակ նույն Մարտունու շրջանի ամբողջ էներգետիկ համակարգը վնասվել էր, և հոսանքի անջատումները պարբերական, երկարատև բնույթ էին կրում: Արևային կայանները ունեն երկու կարևոր բաղադրիչ` էներգախնայողությունն ու էներգետիկ անկախությունը, որոնք ապահովում են մարտկոցները: Սրանք կրկնակի թանկ են,և շատ դեպքերում մարտկոցներով տարբերակը նպատակահարմար չէ: Մեր նախատեսած հինգից` Սպիտակաշեն համայնքի կայանը ևս մարտկոցով կլինի և կունենա էներգետիկ անկախություն: Եվ Սպիտակաշենը, ըստ էության, ցանկացած ճգնաժամային իրավիճակում կկարողանա մշտապես էլեկտրաէներգիա ունենալ, ինչից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերը»,-մանրամասնել է տնօրենը:

Ըստ Կ. Թոմիկյանի` աշխատում են փուլային տարբերակով: Առաջին կայանը կտեղադրվի Քերթի դպրոցում, երկրորդը՝ Սպիտակաշենի, հաջորդաբար՝ Բերդաշենի և Ճարտարի, իսկ վերջում՝ քաղաք Մարտունու դպրոցում:

«Այս պահին Քերթի դպրոցի կայանի գումարն արդեն ունենք, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով կայանի տեղադրումն ուշանում է, որովհետև կայանները պետք է ներմուծվեն: Հիմա մենք անհրաժեշտություն ունենք գումարն ամբողջությամբ հավաքելու, որպեսզի ճանապարհը բացվելուն պես` կարողանանք գործընթացն ավարտին հասցնել»,-ընդհանրացրել է գործակալության տնօրենը` գործին աջակցել ցանկացողներին հորդորելով միանալ ծրագիրը կյանքի կոչելու կարևոր գործին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով