Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Մեկնարկը տրված է. միասին տնկենք 10 միլիոն ծառ Հայաստանում

Մեկնարկը տրված է. միասին տնկենք 10 միլիոն ծառ Հայաստանում
Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մեր երկրի կայուն զարգացմանը եւ անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի եւ ռազմական դրության այս օրերին իր մեջ կարեւոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. «Մենք ամուր ենք՝ կանգնած մեր հայրենի հողին»։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ: «Իջեւանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30 հազար տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թխկի, արջատխլենի: Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկին՝ գրանցվելով www.10m.am  կայքում ու դառնալով մեկը՝ 10 միլիոնից: Ամեն ոք իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը՝ հատուկ նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով եւ կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետեւել ընթացքին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարել էր 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին: Ծրագիրը թեպետ հետաձգվեց, բայց այսօր արդեն իրականություն է, եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2021 թվականին: Սա կլինի յուրատեսակ պայքար՝ կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության եւ հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաեւ միտված է պահպանելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնելու էկոհամակարգերը։

6 բրենդ, որոնք հագուստ են արտադրում՝ առանց բնությանը վնաս պատճառելու

6 բրենդ, որոնք հագուստ են արտադրում՝ առանց բնությանը վնաս պատճառելու
Արագընթաց եւ փոփոխական նորաձեւությունը մարդուն ստիպում է դառնալ անխնա եւ գնել ավելի շատ, քան անհրաժեշտ է իրեն: Օրինակ, որեւէ մեկի մտքով անցնո՞ւմ է, թե քանի կենդանի է անհրաժեշտ սպանել՝ բնական մորթուց վերարկու կարելու համար: Կամ գնելով հերթական բամբակե վերնաշապիկը` շատերս չենք էլ մտածում, որ այն կարող է վնասել բնությանը: Մինչդեռ երկու վերնաշապիկ ստանալու համար՝ օգտագործվում է մեկ կիլոգրամ բամբակ, իսկ այն աճեցնելու եւ մշակելու համար՝ օգտագործվում են մեծ քանակությամբ քիմիկատներ, որոնք վնասում են շրջակա միջավայրին եւ կենդանական աշխարհին: Այս դեպքում ինչպե՞ս վարվել, որպեսզի հանուն բնության ոչ միայն մերկ չմնաս, այլ նաեւ լինես նորաձեւ: Հարցն ամենեւին էլ հռետորական չէ, իրականում նորաձեւությունը կարող է լինել բնությանը համահունչ: Բրենդային հավաքածուներում արդեն վաղուց սկսել են հայտնվել իրեր, որոնք պատրաստված են արհեստական մորթուց, վերամշակված պլաստիկից, օվկիանոսային թափոններից, օրգանական բամբակից եւ այլն: Այն ոմանց համար իրենց վրա ուշադրություն գրավելու եւ գովազդվելու ձեւ է, իսկ մյուսների համար «բնական» եւ «էկոլոգիապես մաքուր» բառերը դատարկ խոսքեր չեն, այլ բնության պահպանման համար ներդրած՝ իրենց փոքրիկ լուման է: Այսպիսով՝ eco.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում աշխարհում հայտնի 6 բրենդ, որոնք հագուստ են արտադրում՝ առանց բնությանը վնաս պատճառելու: Ի դեպ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր էկոկարգախոսը: Mark Liu  (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա) Փոքրացնում ենք կտորեղենի ծախսը… Բրենդի հիմնադիր Մարկ Լյուն զրոյական թափոններ կոչվող մեծ նորարարական մեթոդիկայի հիմնադիրն է, որն ամբողջությամբ վերափոխել է արդյունաբերության մեխանիզմը: Նա արդյունաբերությունում ներկայացրել է ընդհանուր ծախսվող կտորեղենի մոտ 20 տոկոսը կազմող թափոնների խնդրի լուծման հեղափոխական որոշում: Մեթոդն իրենից ներկայացնում է գրեթե անկար մոդելների ստեղծում, որը հնարավոր է դառնում համակարգչային սքրինինգի միջոցով. սկզբում գծամոդելը տեղաբաշխվում է վիրտուալ կտորի վրա եւ միայն հետո են ձեռքը վերցնում մկրատը: Patagonia (ԱՄՆ) Հին հագուստի վերամշակում… Այս ապրանքանիշի հիմնադիրը Իվոն Շուինարն է, որը նաեւ ալպինիստ եւ էկոակտիվիստ է: Նրան են պատկանում էկոլոգիական ուղղվածությամբ շատ ապրանքանիշների լիցենզիաներ: Դեռ 90-ականների սկզբին ընկերությունն աշխարհին ներկայացրեց հագուստի առաջին հավաքածուն, որը պատրաստված էր վերամշակված պլաստիկե շշերից: Այդ պահից սկսած՝ երկրորդական հումքը դարձավ արտադրության առանձնահատկությունը: Այժմ հագուստը կարվում է հին սվիտերների նեյլոնից, վերամշակված բրդից եւ տեքստիլի արտադրության մնացորդներից: Patagonia-յի հանրահայտ գլուխգործոցը հիդրոկոստյումն է, որը պատրաստվել է բույսերից: Այն իր մեջ ջուր չի քաշում եւ պատրաստված է բիոլոգիական նյութից, ինչպիսին է մեքսիկական բույս գավայուլան: People Tree (Մեծ Բրիտանիա, Ճապոնիա) Արդար առեւտուր եւ օրգանական կտորեղեն Չեն օգտագործում արհեստական գունաներկեր եւ սինթետիկա՝ գերադասելով երկրորդական վերամշակման հումք: Այս բրենդի բոլոր իրերն արտադրվում են ձեռքով աշխարհի երրորդ երկրներում՝ Նեպալում, Հնդկաստանում, Բանգլադեշում, որն էլ թույլ է տալիս ապահովել տեղի բնակչությանն աշխատանքով: Fair Trade-ը, որը գրված է բրենդի վրա, նշանակում է, որ արտադրանքը պատրաստված է կայուն կառավարվող աղբյուրներից ծագող հումքից եւ ունեն ամենափոքր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Արդար առեւտրի առաջամարտիկները նույնիսկ փաթեթավորման համար օգտագործում են հեշտ կենսաքայքայվող եւ վերամշակված հումք, իսկ առաքման համար բոլոր այն վայրերը, ուր հնարավոր է, ընտրում են ծովային ճանապարհը: Stella MeCartney (Մեծ Բրիտանիա) Չկա ոչ մի նորաձեւ բան անշնչացած կենդանու մեջ… Առողջ ապրելակերպի ջատագով, բուսակեր, կենդանիների իրավունքների պաշտպանության հայտնի կազմակերպության անդամ, մոդելավորող Ստելլան Մակկարտնին անընդատ շատացնում է օրգանական կտորեղենի առկայությունն իր հավաքածուներում եւ հրաժարվել է թունդ գունաներկերից: Stella MeCartney բրենդին պատկանող ամբողջ կոշկեղենը պատրաստված է վինիլից, պլաստիկից կամ արհեստական կաշվից, իսկ մյուս աքսեսուարները կտորից են կամ ռաֆիից (պալմայի ծառի մանրաթելերից): «Չկա ոչ մի նորաձեւ բան մահացած կենդանու մեջ», - ասում է Ստելլան: Նա երբեք չի աշխատում բնական կաշվի կամ մորթու հետ: Վերարկուները մոդելավորողի հավաքածուներում ստեղծված են հատուկ ձեւով ոլորված թելերից, որը կարելի է նկատել միայն շատ ուշադիր եւ մոտիկից զննելիս: Բրենդի վերջին նորույթներից է քաշեմիրից իրերը, որոնք ստեղծվում են այծի մորթու այն մնացորդներից, ինչն անպետք են համարել գործարաններում: Ըստ Ստելլան Մակկարտնիի, չօգտագործված կտորներից թելի արտադրությունը 92%-ով քիչ վնաս է հասցնում բնությանը: UliUlia (Ուկրաինա) Օգտագործում ենք ամեն ինչ երկրորդ անգամ… Հիմնադրել է մոդելավորող Յուլիա Կորդյուկովան 2013 թվականին: Բրենդի ստեղծման հիմքում ընկած է նախկինում օգտագործված հումքի վերամշակման գաղափարը: Հումքն է արդեն նախկինում օգտագործված կաշին, մորթին, զամշը, կտավատը: Այժմ՝ տեսականիում կան պայուսակներ, կլաչեր, ուսապարկեր, պլանշետների եւ նոթբուքերի պատյաններ: Յուրաքանչյուր իր կարվում է ձեռքով, իսկ մոդելները գրեթե չեն կրկնվում: Melissa  (Բրազիլիա) Կոշիկներ՝ մոնոպլաստիկից… Կոշիկի այս բրենդը 1979 թվականին աշխարհին նվիրեց պլաստմասայի հատուկ տեսակից՝ պոլիվինիլքլորիդից պատրաստված առաջին զույգ կոշիկը: Պոլիվինիլքլորիդը՝ մոնոպլաստիկ մելֆլեքս է, որն օգտագործվում է կոշիկների ստեղծման ժամանակ: Այն ստացվում է երկրորդային վերամշակման արդյունքում եւ հեշտությամբ նորից վերամշակվում է:  Շնորհիվ մելֆլեքսի՝ բրենդն, ըստ էության, լուծել է պլաստիկից կոշիկների հիմնական խնդիրը՝ դարձնելով դրանք հարմարավետ, շնչող, հիպոալերգիկ եւ անվնաս: Ընդ որում՝ անվնաս կարելի է համարել նաեւ արտադրական պրոցեսը՝ թափոնների 99 %-ը, ներառյալ ջուրը, ներկանյութերը եւ պլաստիկը նույնպես ենթարկվում են երկրորդական մշակման: @Մանե Մազմանդյան

Բնապահպաններն ահազանգում են

Բնապահպաններն ահազանգում են
Հայաստանյան բնապահպանական հինգ տասնյակ կազմակերպություններ ահազանգում են՝ Արցախում Ադրբեջանի կողմից արգելված զենքի կիրառումը մեծ վնաս է հասցնում բուսական ու կենդանական աշխարհին։ Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի՛ գործընկեր, Համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով, միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին: Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց թվում՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղ. բնակչության սպանդ, մշակութային – հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա և նույնիսկ ծննդատուն: Հայաստանի և Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղհասարակությունը, որոնց թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ և գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի և կենսապահպան անտառների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունից: ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի կուսական անտառային էկոհամակարգը թիրախավորել են կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժակետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով: Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ: Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման և էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը: Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով: Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ սպիտակ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների: Սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98%-ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, ինչը մենք անընդունելի ենք համարում: Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն: Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից: Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի: Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին, և այս աղետը կանխարգելելու նպատակով կոչ ենք անում Ձեզ, որպես ոլորտի առաջատար կազմակերպություն՝ - Ձեր գործընկերներային ցանցին տեղեկացնելու Արցախին և տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգի մասին - Դատապարտելու ռազմական ուժերի կողմից կենսական անտառների, ապրելավայրերի և էկոհամակարգերի փաստացի ոչնչացումը, ինչն արգելված է միջազգային իրավունքի բոլոր նորմերով - Պատասխանատվության կոչ անել՝ պաշտպանելու համար արցախյան արժեքավոր էկոհամակարգերը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսը սպառնացող էկոցիդից - Հղում կատարել և պահանջել բարոյական պատասխանատվություն դրսևորել պատերազմի ընթացքում ինչպես մարդկանց, այնպես էլ բնության նկատմամբ Խնդրում ենք նաև մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության և կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված Արցախյան տարածաշրջանում էկոցիդը կանխելուն, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ»։ Հայտարարության ներք ստորագրել են՝ 1. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ 2. Էկո-աղբ բնապահպանական ՀԿ 3. Երևանի Օրհուսի կենտրոն 4. ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ 5. Արևորդի ՀԿ 6. Գրին Էյջ ՀԿ 7. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հարություն Ալպետյան, թափոնների կառավարման մասնագետ 8. ԲԼԵՅԱՆ բնապ., սոց. և բիզնեսի աջակցման ՀԿ 9. Հայկական Բնապահպանական Ճակատ 10. ԱրԱվես թռչունների պահպանման միություն 11. Ինֆորմացիայի Ազատության կենտրոն 12. Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայք 13. Վայրի կենդանիների դիտարկման գործակալություն 14. Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ 15. Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում 16. Դոկտոր սինեմա երիտասարդական ՀԿ 17. Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիա 18. Ուսուցում և իրազեկում ՀԿ- Լյուքսեմբուրգ 19. Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ 20. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ 21. Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ 22. Կենսաբանների հայկական միություն ՀԿ 23. Սոլյուշն Հաբ ՀԿ 24. Էկոլոգիական հասարակական միություն 25. ԲԵՄ երիտասարդների առաջադիմական գործունեության կենտրոն 26. ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ 27. Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ 28. Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ 29. Դինգո Թիմ ՀԿ 30. SALU/ Sensibilité et Attention, Լյուքսեմբուրգ 31. Հայկական Բնապահպանական Ցանց (ԱՄՆ ) 32. Lab Inclusion (Ֆրանսիա) 33. Մեկ Առողջություն կոալիցիա 34. Էյ Թի Փի (Armenia Tree Project) 35. Սվիդեա ընկերություն (Sweden) 36. 500 կմ Հայաստանում նախաձեռնություն 37. Բլեսկ ՍՊ բնապ. գնահատման ընկերություն 38. Դալմա – Սոնա հիմնադրամ 39. Ավանդական բժշկության համալսարան 40. Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի 41. Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ 42. Հայաստանի անտառներ բնապահպանական հկ 43. Աջակցություն բուսաբանական այգուն բարեգործական հիմնադրամ 44. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ 45. Կայուն ջրային միջավայր ՀԿ 46. Մայ Ֆորեսթ Արմենիա ՀԿ 47. Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ 48. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 49. Մաքուր Գորիս ՀԿ 50. Կանաչ արահետ ՀԿ

«Մենք ենք, մեր սարերը» կամ «Պապիկ, տատիկ» հուշարձան կոթողը այսօր դարձավ 53 տարեկան

«Մենք ենք, մեր սարերը» կամ «Պապիկ, տատիկ» հուշարձան կոթողը  այսօր դարձավ 53 տարեկան
«Մենք ենք, մեր սարերը»  կամ «Պապիկ, տատիկ» հուշարձան կոթողը տեղադրվել է 1967թ․ ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին։ Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև խորը կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու աներեր կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։ Ավելի քան 40 տարի առաջ այն ներկայացվել է իտալական Կարարա քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում։ Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց և կանգուն է մինչ այսօր:

Շրջակա միջավայրը՝ պատերազմից հետո

Շրջակա միջավայրը՝ պատերազմից հետո
Պատերազմական գործողություններից որքանո՞վ է տուժում բնությունը, ինչպիսի՞ էկոլոգիական աղետներ կարող են առաջանալ և ինչպիսի՞ աղետների առջև են կանգնել պատերազմի թոհ ու բոհով անցած երկրները։  Մեկնաբանում  է բնապահպանական տեղեկատվության փորձագետ, էկոլոգ Գալուստ Նանյանի հետ։ «Սովորաբար պատերազմների դեպքում միայն մարդկային (զինվորական և խաղաղ բնակիչների) կորուստների, սոցիալական, ֆինանսական, գույքային, ավերված բնակավայրերի հաշվարկներ են արվում, բայց այս համատեքստում շրջակա միջավայրը հաճախ մնացել և մնում է պատերազմի  «չհրապարակված  զոհը»։ Մինչդեռ աղտոտվում  ու թունավորում են գետերը, լճերը, ջրհորները,  հատվում ու այրվում են անտառները, հողի բերի շետերը, ոչնչանում՝ կենդանական, բուսական աշխարհը։ Իսկ հետագայում նաև ոչ ճիշտ կառավարումն ու էկո-խնդիրների անտեսումը զգալի վնասների (շատ դեպքերում անդառնալի) պատճառ  են դառնում»,- ասոմ է փորձագետը՝ ներկայացնելով միջազգային փորձից օրինակներ։ Գալուստ Նանյանի փոխանցմամբ՝ առաջին վառ օրինակը ամերիկա-վիետնամական պատերազմն է եղել, որը համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես «վիետնամական բնապահպանական պատերազմ»։ Այդ ժամանակ հսկական վնաս է հասցվել  երկրի բնական ռեսուսներին, ջրային ու հողային, անտառային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, ցանքսերին և պլանտացիաններին, որոնք ընդգրկել են միլիոնավոր հեկտարներ: «Հարավ-արևելյան Ասիայի այդ երկրում միլիոնավոր հեկտարներով ջունգլիներ ու բնական անտառներ են այրվել՝  վիետնամցի պարտիզաններին հայտնաբերելու, չեզոքացնելու ու ոչնչացնելու նպատակով։ Քիմիկական նյութերի կիրառման արդյունքում լրջորեն փոխվել է Վիետնամի էկոլոգիական հավասարակշռությունը։ Արդյունքում, ամբողջությամբ ոչնչացվել են մանգլենի անտառները (500 հազ. հա), ջունգլիների 60 տոկոսը (մոտ 1 մլն հա), հովտային անտառների 30 տոկոսը (ավելի քան 100 հազար հա): Ախտահարված շրջաններում թռչունների 150 տեսակներից մնացել են 18-ը, գրեթե ամբողջությամբ վերացել են երկկենցաղները, իսկ ձկների դեպքում տեղի է ունեցել  կազմի փոփոխություն, խախտվել է հողի միկրոկենսաբանական կազմը։ Պատերազմական գործողությունների արդյունքում ՝ բնապահպանական էական վնաս են կրել նաև Աղֆանստանը, Պակիստանը, Սիրիան, Լիբիան»,- նշում է փորձագետը: Առհասարակ  կարող ենք մի փաստ արձանագրել, որ յուրաքանչյուր պատերազմ իր հեթին վնասներ է բերում նաև բնության երեք  տարրերին՝ հողին, ջրին ու մթնոլորտին: Պարզ է մի բան, որ երկրագնդի յուրաքնաչյուր թեժ կետում, որտեղ պատերազմներ, զինված հարձակումներ են տեղի ունենում ՝  պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, բնական ռեսուրսներն են։ «Դեռևս անցյալ տարի միջազգային կառույցներից մեկը գիտնականների օգնությամբ կազմել է  2018-2019 թվականների համաշխարհային զեկույցը, համաձայն որի՝ վերջին 60 տարինների ընթացքում  բոլոր ներքին բախումների և պատերազմների առնվազը 40 տոկոսը կապված է եղել բնական ռեսուրսների յուրացման և շահագործման  հետ։ Այն է՝ ջուրը, նավթը, անտառային շերտերը, ադամանդը, ոսկին և  այլն»,- խոսելով նաև երկրների բնապահպանական նկրտումներից ասում է Գալուստ Նանյանը: Ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական պատերազմին, ապա բանախոսը դժվարանում է  պատասխանել՝ հնարավոր էկոլոգիական աղետների մասին հարցին, քանի դեռ պատերազմն ավարտված չէ և ուսումնասիրություններ չկան արված։ Սակայն, ծանր տեխնիկաների, հրթիռների, հատկապես՝ ֆորսֆորային զենքի կիրառումն, ըստ նրա, չեն կարող ծանր հետք չթողնել հայկական լեռնաշխարհի բուսական ու կենդանական աշխարհի վրա։

ՀՀ Անտառային օրենսգիրք

ՀՀ Անտառային օրենսգիրք
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

Սույն օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները: Հոդված 2. Անտառային օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հոդված 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն են` անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված եւ միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, եւ որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաեւ նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները. անտառային արդյունք` մթերված անտառային պաշար. անտառային պաշարներ` անտառային ռեսուրսների օգտագործման ենթակա թույլատրելի մասը (ըստ ծավալի, քանակի, որակի, ձեւի ու տարածքային տեղադիրքի). անտառների պետական հաշվառում` անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների գրանցում` հինգ տարին մեկ անգամ. անտառային հողեր` անտառապատ, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաեւ անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր. անտառային տնտեսություն` արտադրական միավոր, որի գործունեության նպատակը անտառների կայուն կառավարումն է. անտառային տնտեսության վարում` անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացում. անտառային տնտեսություն վարող անձ` անտառային տնտեսություն վարող իրավաբանական անձինք եւ քաղաքացիները. անտառային ռեսուրս` բնափայտի, բույսերի, անտառներում վերարտադրվող այլ անտառանյութի, կենդանական աշխարհի ամբողջականություն. անտառային պետական կադաստր` անտառների եւ անտառային հողերի քանակական եւ որակական տվյալների գրանցման, տնտեսական գնահատման, ինչպես նաեւ անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ. անտառի մոնիթորինգ (դիտանց)` անտառների եւ անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների եւ գնահատման գործընթաց. անտառների կայուն կառավարում` անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում եւ արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաեւ ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա եւ ապագա սերունդների համար. անտառների պահպանություն` հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում. անտառների պաշտպանություն` վնասակար օրգանիզմների (վնասատուների եւ հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը եւ սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում. անտառաշինություն` անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում` 10 տարին մեկ անգամ. անտառաշինական նախագիծ (անտառակառավարման պլան)` անտառաշինության արդյունքում մշակված եւ անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթուղթ. անտառավերականգնում` նախկինում անտառածածկ տարածքների վերականգնում եւ բնական վերաճի ապահովում. անտառօգտագործում` անտառների, անտառային պաշարների եւ անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործում. անտառահատման տոմս` բնափայտի եւ երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ. անտառային տոմս` կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ. անտառօգտագործման վճարներ` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսառեսուրսների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարներ. անտառային ճանապարհներ` անտառների կայուն կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ փոխադրման ուղիներ. անտառապատում` արհեստական անտառային մշակույթների հիմնադրում ու աճեցում տնկման եւ ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաեւ այլ նպատակային նշանակության հողերի վրա. անտառօգտագործող` ֆիզիկական եւ իրավաբանական անձ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք է ձեռք բերել օգտվելու անտառի եւ անտառային հողերի օգտակար հատկություններից. բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաեւ քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերում. երկրորդական անտառանյութ ` մթերված կոճղ, կեղեւ, չորացած ճյուղ, շիվ, խեժ. թափուկ ` անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասեր կամ բներ. ծառուտ` հիմնական արտաքին նշաններով միանման ծառերի ամբողջականություն. կենսատոպ ` հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայր. կենսաբանական բազմազանություն` ցամաքային, օդային եւ ջրային կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային եւ էկոհամակարգերի բազմազանություն. հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ. հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ. հատումներ` անտառավերականգնման հատումներ ` հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ. այլ հատումներ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված՝ օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումներ. խնամքի (միջանկյալ) հատումներ՝ ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում. սանիտարական հատումներ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի հատումներ. ոչ անտառածածկ տարածք` անտառային հողերի անտառազուրկ տարածքներ. ոչ բնափայտային անտառանյութի մթերում` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում եւ անտառից դուրսբերում:

ԳԼՈՒԽ 2

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Անտառների եւ անտառային հողերի նկատմամբ սեփականության իրավունքը 1. Անտառները եւ անտառային հողերը լինում են պետական, համայնքային եւ մասնավոր: 2. Պետական անտառները եւ անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին: 3. Համայնքների, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների սեփական հողերի վրա դրանց սեփականատերերի կողմից հիմնված անտառները համարվում են նրանց սեփականությունը: 4. Անտառների նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները 1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝ ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը եւ անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը. բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության. գ) անտառօգտագործման սակագների սահմանումը. դ) վարձակալության պայմանագրի ժամկետների եւ վարձավճարի սահմանումը. ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը. զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը: 2. Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝ ա) անտառների պահպանության եւ պաշտպանության ապահովումը. բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը եւ իրականացումը. գ) անտառային ռեսուրսների եւ հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի. դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը. ե) անտառների վերականգնումը եւ անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը. զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը. է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների եւ անտառամշակույթների վնասման եւ ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման եւ անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը. ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը: 3. Ոչ պետական անտառների եւ անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման եւ անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:

ԳԼՈՒԽ 3

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն. բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը. գ) վերահսկողության իրականացումը պետական եւ ոչ պետական անտառներում. դ) պետական ծրագրերի հաստատումը. ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը. զ) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը. է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության. ը) անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդունումը. թ) սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 7. Անտառների կայուն կառավարման եւ վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների իրավասությունները 1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են` ա) պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը՝ սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն. բ) պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը. գ) անտառների դասակարգումը՝ ըստ գործառնական նշանակության. դ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը. ե) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը. զ) Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը. է) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը եւ խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը. ը) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը. թ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը. ժ) անտառների մոնիթորինգի իրականացումը. ժա) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների եւ անտառային մշակույթների վնասման եւ ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման եւ անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը եւ այդ մասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը. ժբ) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը. ժգ) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը. ժդ) անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը. ժե) սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: 2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է տվյալ բնագավառում լիազորված պետական մարմինը: Հոդված 8. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են` ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացման ապահովումը մարզի վարչական տարածքներում. բ) մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների եւ բնակչության ներգրավումը. գ) պետական ծրագրերի իրականացումը անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով. դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 9. Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են` ա) համայնքային անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը եւ անտառային տնտեսության վարումը՝ սույն օրենսգրքի համաձայն. բ) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացման ապահովումն իրենց վարչական տարածքներում` օրենքով սահմանված կարգով. գ) անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների եւ բնակչության ներգրավումը. դ) համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարումը. ե) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համաձայնության տրամադրումը:

ԳԼՈՒԽ 4

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության 1. Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձեւից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են` ա) պաշտպանական նշանակության. բ) հատուկ նշանակության. գ) արտադրական նշանակության: Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում պետության կամ համայնքի կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները եւ կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում: Հոդված 11. Պաշտպանական նշանակության անտառները 1. Պաշտպանական նշանակության անտառներ են` ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները. բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները. գ) անտառների վերին եւ ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը. դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները. ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով: 2. Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը: 3. Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 12. Հատուկ նշանակության անտառները 1. Հատուկ նշանակության անտառներ են` ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները. բ) քաղաքային եւ քաղաքամերձ անտառները. գ) ռեկրեացիոն եւ առողջարարական անտառները. դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները. ե) պատմական եւ գիտական արժեք ներկայացնող անտառները. զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները: 2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում եւ արգելվում են անտառօգտագործման այն ձեւերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին: 3. Հատուկ նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հոդված 13. Արտադրական նշանակության անտառները 1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ եւ պաշտպանական նշանակության անտառների շարքին: 2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական եւ անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների հետեւանքների վերացումը: 3. Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման եւ պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 5

ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները 1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է: 2. Անտառաշինությունն ընդգրկում է` ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը. բ) տեղագրական աշխատանքների կատարումը եւ անտառների քարտեզագրումը. գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային եւ տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական եւ քանակական բնութագրերը. դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների, անտառավերականգնման եւ անտառապատման, անտառի պահպանության եւ պաշտպանության, ինչպես նաեւ այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի եւ եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը եւ անտառային ճանապարհների առկայությունը. ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը. զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների ծավալների հաշվարկումը. է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության եւ այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը. ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի եւ երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական եւ ռեկրեացիոն կարիքների նպատակով: 3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի՝ սահմանված կարգով հաստատվելուց հետո: Հոդված 15. Անտառաշինական նախագիծը 1. Անտառաշինության ընթացքում անտառային տնտեսության վարման նպատակով կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաեւ անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրականացվելիք միջոցառումները: 2. Անտառաշինական նախագծերի մշակման հրահանգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: 3. Անտառաշինական նախագծերը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո համարվում են անտառային տնտեսության վարման ընթացիկ եւ հեռանկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր:

ԳԼՈՒԽ 6

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը եւ անտառային պետական կադաստրի վարումը 1. Անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառումը եւ անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական եւ որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով: 2. Անտառների պետական հաշվառման եւ անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման եւ կատարման, անտառների նպատակային, ինչպես նաեւ գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով: 3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: 4. Անտառային պետական կադաստրի եւ անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար: 5. Անտառային պետական կադաստրի վարման եւ անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրմանկարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 17. Անտառների պետական մոնիթորինգը 1. Անտառների պետական մոնիթորինգը կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների սեփականության ձեւից: 2. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների եւ անտառային հողերի քանակական եւ որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին եւ բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման եւ բացասական երեւույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: 3. Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով:

ԳԼՈՒԽ 7

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Անտառային տնտեսության վարման սկզբունքները 1. Հայաստանի Հանրապետությունում անտառային տնտեսություն վարում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գործող կազմակերպությունները, իրավաբանական անձինք եւ քաղաքացիները: 2. Անտառային տնտեսության վարման նպատակներն են` ա) անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումը. բ) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը. գ) կենսաբանական բազմազանության պահպանությունը. դ) բնական եւ պատմական հուշարձանների պահպանությունը: Հոդված 19. Անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները եւ պարտականությունները Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից: Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են` ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը. բ) ապահովել անտառների վերականգնումը եւ անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը. գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը. դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական եւ այլ օգտակար հատկությունների պահպանումը. ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը: Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը 1. Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: 2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 8

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Անտառների պահպանությունը 1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից եւ անտառային օրենսդրության խախտումներից: 2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են` ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. բ) մշակել եւ իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման եւ մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել եւ վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները. գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել եւ ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: 3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը եւ գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա: Հոդված 22. Անտառների պաշտպանությունը 1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները պարտավոր են անտառները պաշտպանել վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, ինչպես նաեւ բնական այլ վնասակար ազդեցություններից: 2. Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմներից եւ հիվանդություններից ներառում է հետեւյալ միջոցառումների իրականացումը. ա) անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ. բ) անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում. գ) սանիտարական հատումներ: Հոդված 23. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունները 1. Անտառապաթոլոգիական ուսումնասիրություններն իրականացվում են վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունները պարզաբանելու, վնասակարության կանխարգելման արդյունավետ միջոցառումների նախագծերի մշակման ու իրականացման նպատակով: 2. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների միջոցով գնահատվում է անտառների սանիտարական վիճակը, որոշվում են հիվանդ, չորացող եւ չորացած ծառերի քանակը, սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ դրանց ծավալները: 3. Անտառային տնտեսություն վարող անտառօգտագործողներն իրենց տիրապետման տակ գտնվող անտառներում պարտավոր են իրականացնել անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ անտառների սանիտարական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով: Հոդված 24. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելումը 1. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը: 2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա: 3. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի եւ շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները եւ մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին: 4. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի եւ անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն: Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 25. Սանիտարական հատումները 1. Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բարելավման, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի ոչնչացման նպատակով: 2. Սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա: 3. Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած եւ ընտրովի: 4. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում եւ ծառուտներում: 5. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ: 6. Ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր: 7. Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ: Հոդված 26. Անտառային պետական ծառայությունը 1. Անտառային պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ: 2. Անտառների պահպանությունը եւ պաշտպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: 3. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք պարտավոր են` ա) իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները. բ) սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը. գ) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով. դ) վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը. ե) քաղաքացիներին, պաշտոնատար եւ իրավաբանական անձանց իրենց իրավասության շրջանակներում պարտադիր ցուցումներ տալ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խախտումների եւ դրանց հետեւանքների վերացման վերաբերյալ. զ) իրենց իրավասության շրջանակներում ընդունել անտառօգտագործման կասեցման վերաբերյալ որոշումներ. է) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ: 4. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք իրավունք ունեն` ա) իրենց իրավասության սահմաններում կազմելու արձանագրություններ անտառային օրենսդրության խախտումների մասին. բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրելու եւ օգտագործելու հրազեն, հատուկ միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. գ) ապահովվելու ծառայության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներով. դ) կրելու սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար: 5. Անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Հոդված 27. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական եւ այլ երաշխիքները 1. Պետությունը անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանցհամար երաշխավորում է` ա) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն. բ) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրենց առողջությանը եւ գույքին պատճառված վնասի հատուցում. գ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում. դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով անտառային պետական ծառայության պաշտոնատար անձիդիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից: 2. Անտառային պետական ծառայության աշխատողները ենթակա են պետական պաշտպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

Հոդված 28. Անտառավերականգնման եւ անտառապատման նպատակները Անտառավերականգնման եւ անտառապատման նպատակներն են բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի դեգրադացիայի կանխարգելումը, անտառի այրված, հատված եւ այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաեւ անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի եւ անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը: Հոդված 29. Անտառավերականգնումը 1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված եւ այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման եւ բնական վերաճի ապահովման նպատակով: 2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների եւ ձեւերի ընտրությունը, ինչպես նաեւ այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառավերականգնման հրահանգի եւ անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն: 3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 30. Անտառապատումը 1. Անտառապատումը, ոչ անտառածածկ անտառային հողերի, ինչպես նաեւ այլ նպատակային նշանակության հողերի վրա տնկման եւ ցանքի միջոցով արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է: 2. Ոչ անտառածածկ անտառային հողերի անտառապատումն իրականացվում է անտառաշինական նախագծերի, անտառապատման հրահանգի եւ անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն: 3. Անտառապատման եւ անտառավերականգնման հրահանգները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 31. Անտառային սերմերի մթերումը եւ տնկանյութի աճեցումը 1. Անտառավերականգնման, անտառապատման նպատակներով անտառային սերմերի մթերումը եւ տնկանյութի աճեցումն իրականացվում են անտառասերմնային եւ տնկարանային տնտեսության վարման կանոնների համաձայն: 2. Անտառասերմնային եւ տնկարանային տնտեսության վարման կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 10

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 32. Անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելը 1. Անտառների եւ անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով: 2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրամադրվում օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: 3. Վարձակալության եւ օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային եւ սույն օրենսգրքերով: 4. Պետական անտառները եւ անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելը 1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ եւ բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, եւ դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը հաստատվում է սույն օրենսգրքի եւ կողմերի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա կազմած ակտով, որը անտառի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքն է: 2. Անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 34. Անտառօգտագործողները 1. Անտառօգտագործողները պարտավոր են` ա) անտառները եւ անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան. բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը. գ) կանխարգելել հողատարման առաջացումը եւ այլ բացասական ազդեցություններն անտառների վիճակի վրա. դ) թույլ չտալ գերհատումներ եւ թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում եւ անտառներում. ե) մաքրել հատատեղերը հատումների մնացորդներից. զ) պահպանել հրդեհային անվտանգության կանոնները եւ իրականացնել հակահրդեհային միջոցառումներ. է) հատուցել կամ վերականգնել անտառօգտագործման հետեւանքով անտառներին եւ անտառային հողերին պատճառված վնասը. ը) չվնասել հարակից անտառային հողերն օգտագործվող տարածքում հատումներ կատարելիս. թ) ապահովել բուսական եւ կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող տեսակների պահպանությունը. ժ) կատարել սույն օրենսգրքով սահմանված այլ պահանջներ: 2. Անտառօգտագործողներն իրավունք ունեն` ա) իրականացնելու միայն անտառօգտագործման այն տեսակները եւ միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում. բ) ինքնուրույն ընտրելու անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձեւերը. գ) սահմանված կարգով բացելու անտառատնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորելու անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցելու ժամանակավոր արտադրական եւ տնտեսական շինություններ, կազմակերպելու ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան: Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ անտառային եւ բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի: Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման: 3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով: Հոդված 35. Անտառօգտագործման տեսակները անտառներում Առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու՝ անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման հետեւյալ տեսակները. ա) բնափայտի մթերում. բ) երկրորդական անտառանյութի մթերում. գ) կողմնակի անտառօգտագործում. դ) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման եւ օգտագործման նպատակներով անտառօգտագործում. ե) գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում. զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում: Հոդված 36. Բնափայտի մթերումը 1. Արտադրական նշանակության պետական եւ համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումների, իսկ հասուն եւ գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում: 2. Պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների: 3. Բնափայտի մթերումն իրականացվում եւ տարեկան հաշվարկային հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա: 4. Բնափայտի մթերման կարգը պետական եւ համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը 1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու: Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա: 2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 եւ ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաեւ այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երեւույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել: 3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական եւ արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից: 4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական եւ համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 38.Կողմնակի անտառօգտագործումը 1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաեւ մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ եւ արածեցում` անտառօգտագործման պայմանագրի եւ անտառային տոմսի հիման վրա: Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման եւ պտղահատապտղային, ընկույզների եւ դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաեւ խոտհնձի եւ արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա: 2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը: Անտառներում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է: 3. Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական եւ համայնքային անտառային հողերում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակով 1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության եւ օգտագործման կազմակերպման նպատակով: 2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով եւ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական եւ հատուկ նշանակության պետական եւ համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 40. Անտառօգտագործումը գիտահետազոտական եւ ուսուցման նպատակներով 1. Գիտահետազոտական եւ ուսուցման նպատակներով անտառների օգտագործումը գիտահետազոտական, փորձարարական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումն է այդ նպատակով հատկացված անտառային հողերում: 2. Գիտահետազոտական եւ ուսուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացված պետական եւ համայնքային անտառներում պետք է սահմանափակել կամ արգելել այլ նպատակներով իրականացվող անտառօգտագործումը, եթե այն անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների ու խնդիրների հետ: Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով 1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է` ա) անտառների կանաչ գոտիներում եւ բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը. բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները եւ սանիտարական պահանջները. գ) զբոսաշրջության, մարզական եւ մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում. դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը. ե) որսորդությունը եւ ձկնորսությունը: 2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի եւ զբոսաշրջության նպատակներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդանական եւ բուսական աշխարհը, ջրային օբյեկտները: 3. Պաշտպանական եւ արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի եւ զբոսաշրջության նպատակներով պետական եւ համայնքային անտառներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ: 2. Քաղաքային եւ քաղաքամերձ, ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաեւ բնակչության հանգստի համար: 3. Քաղաքային եւ քաղաքամերձ, ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառավերականգնման հատումները: 4. Ռեկրեացիոն եւ առողջարարական, պատմական եւ գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաեւ սանիտարական գոտիները պահպանող պետական եւ համայնքային անտառներում անտառօգտագործման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 43. Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային եւ ռազմական նշանակության անտառներում Սահմանային եւ ռազմական նշանակության անտառների եւ անտառային հողերի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը 1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որեւէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ եւ բույսեր հավաքելու համար, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի: 2. Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործելու քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը: 3. Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի եւ թփերի կոտրատում եւ հատումներ, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների եւ կենդանիների բնատեղերի ոչնչացում եւ անտառային օրենսդրության այլ խախտումներ: Հոդված 45. Անտառների կամ անտառային հողերի օգտագործումը Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի եւ անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա: Անտառահատման եւ անտառային տոմսերն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք պետական եւ համայնքային անտառներում: Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի եւ երկրորդական անտառանյութի քանակական եւ որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման եւ հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները: Անտառային տոմսը ներառում է կողմնակի անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը եւ պայմանները: Անտառահատման կամ անտառային տոմսերը տալիս է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը: Պետական անտառների անտառօգտագործման, անտառահատման կամ անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: Հոդված 46. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները 1. Պետության եւ համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝ 1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով. 2) անտառներում եւ անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պահանջով. 3) անտառօգտագործման առանձին տեսակների արգելքով. 4) անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով. 5) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով. 6) սահմանված ժամկետում եւ սահմանված կարգով որսորդության, ձկնորսության, վայրի բույսեր հավաքելու իրավունք տրամադրելու պայմանով. 7) վայրի կենդանիների գոյության, բնական միջավայրի եւ միգրացիայի ուղիների պահպանման պայմանով. 8) անտառաշինական նախագծերին չհամապատասխանելու դեպքերում. 9) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով: 2. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով: Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը 1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ` ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը. բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից. գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում: 2. Անտառների եւ անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ` ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում. բ) անտառօգտագործողները խախտում են անտառօգտագործման սահմանված կանոնները. գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառների կամ անտառային հողերի օգտագործմանը նախատեսված ծավալների սահմաններում. դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառօգտագործման վճարը:

ԳԼՈՒԽ 11

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 48. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը 1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է: 2. Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է հրապարակային սակարկությունների միջոցով: Առանց հրապարակային սակարկությունների պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության տրամադրման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 3. Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարակային սակարկությունները կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը: 4. Վարձատուի փոփոխման դեպքում վարձակալության պայմանագիրը կարող է դադարել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով։ Հոդված 49. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը 1. Անտառային տնտեսություն վարելու նպատակով վարձակալության հանձնված անտառներում կամ անտառային հողերում վարձակալն իրավունք ունի իրականացնելու անտառօգտագործման բոլոր տեսակները՝ պարտադիր պահպանելով անտառաշինական նախագծերի պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ պայմանագրով: 2. Վարձակալն իրականացնում է անտառօգտագործում անտառային հողի հատակագծի, անտառաշինական նախագծի եւ վարձակալության պայմանագրի հիման վրա: Հոդված 50. Պետական եւ համայնքային անտառների կամ անտառային հողերի վարձակալության ժամկետը եւ վարձավճարը 1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչեւ 60 տարի ժամկետով: Անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի վարձակալության պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված ժամկետներով։ 2. Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 51. Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը 1. Մինչեւ մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը: Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը եւ կրել այն վարելու ծախսերը: 2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանակավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով: 3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցներով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ: Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը: Հոդված 52. Վարձակալության պայմանագրի փոփոխումը եւ լուծումը 1.Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է դատական կարգով հետեւյալ հիմքերով. ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների եւ հիվանդությունների, երաշտի եւ սակավաջրության հետեւանքով եւ այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթարացման ժամանակ. բ) անտառօգտագործման կարգի եւ ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում: 2. Պետական սեփականություն համարվող անտառների եւ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետեւանքով տուժած անձինքվնասի հատուցման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: 3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 12

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոդված 53. Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը 1. Համայնքները, իրավաբանական անձինք եւ քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու արմատի վրա հատման ենթակա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով: 2. Առուվաճառքի առարկա համարվող ծառուտը գնորդի կողմից պետք է հատվի պայմանագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում: 3. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: 4. Պետական սեփականություն համարվող անտառային տարածքներում հատման տեղամասերը եւ օբյեկտները որոշում է պետական կառավարման լիազորված մարմինը` ելնելով անտառաշինական նախագծերից: Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը 1. Անտառներիհավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչեւ 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները: 3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով անտառները համայնքային կազմակերպություններին են հանձնում առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հոդված 55. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը 1. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրով կարող են իրականացվել անտառների պահպանություն, անտառաշինական, անտառապատման, անտառավերականգնման, վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելման անտառապաշտպանական աշխատանքներ, անտառա-վերականգնման, միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումներ: 2. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: 3. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 13

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 56. Անտառօգտագործման դիմաց վճարները 1. Անտառօգտագործումը պետական անտառներում վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: 2. Անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է սեփականատերը: 3. Պետական անտառներում անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոդված 57. Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման միջոցառումների ֆինանսավորումը Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում` կատարվող աշխատանքների ծախսերի նորմատիվներին համապատասխան` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 14

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 58. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունը 1. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել անտառային տնտեսության վարման, անտառօգտագործողների կողմից անտառային հողերի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառների պահպանության կանոնների, ինչպես նաեւ անտառային օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահպանումը: 2. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է անտառային պետական ծառայությունը` օրենքով սահմանված կարգով: Հոդված 59. Համայնքային անտառային հսկողությունը 1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը: 2. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողությունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 15

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 60. Անտառային օրենսդրության խախտման դեպքերը 1. Անտառային օրենսդրության խախտման դեպքերն են` ա) անտառների սեփականության իրավունքը խախտելը. բ) անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը եւ արմատախիլ անելը. գ) հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաեւ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը. դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը. ե) անտառները քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, կենցաղային մնացուկներով եւ արտադրական թափոններով աղտոտելը. զ) անտառները ոչնչացնելը կամ վնասելը. է) անտառավերականգնման կարգը եւ ժամկետները խախտելը. ը) անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելը, այդ հողերում ծառերն ու թփերն արմատախիլ անելը, ճանապարհների, խողովակաշարերի, շենքերի եւ շինությունների կառուցումը, հանքերի շահագործումը, բնափայտի մթերումը եւ այլ նպատակներով օգտագործումը, անտառային տարածքներն ինքնակամ զավթելը. թ) անտառային հողերում ինքնակամ խոտհունձը եւ արածեցումը. ժ) անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը, անտառներում սանիտարական կանոնները խախտելը. ժա) անտառօգտագործման, անտառավերականգնման եւ անտառապատման կարգը խախտելը. ժբ) ոռոգման համակարգը վնասելը. ժգ) անտառային հողերում ճահճակալած տարածքները, դրենաժային չորացման առուների համակարգերը, ինչպես նաեւ ճանապարհները վնասելը կամ ոչնչացնելը. ժդ) ինքնակամ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ եւ այլն հավաքելն անտառային այն տարածքներում, որտեղ դա արգելվում է. ժե) վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ եւ այլն հավաքելու ժամկետները եւ եղանակները խախտելը. ժզ) անտառի կենդանական աշխարհի օբյեկտներին վնաս հասցնելը. ժէ) անտառային հողերում սահմանափակող անտառաշինական եւ այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը. ժը) առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը. ժթ) ջրերն աղտոտելու հետեւանքով անտառային տնտեսությանն էական վնաս պատճառելը. ի) քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը եւ այլ խախտումներ: 2. Անտառային օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անտառային օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով խախտումները վերացնելու եւ հասցված վնասը հատուցելու պարտավորությունից: Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը 1. Անտառային օրենսդրության խախտման, անտառային հողերը վնասելու, ինքնակամ զավթելու հետեւանքով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց պատճառած վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով: 2. Անտառային հողերի ինքնակամ զավթված տարածքները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:

ԳԼՈՒԽ 16

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը 1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 2. Սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» եւ «ե» կետերը, 36-րդ հոդվածի երրորդ եւ 38-րդ հոդվածի երկրորդ մասերի պահանջներն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփական անտառների նկատմամբ գործողության մեջ են դրվում անտառի շարք անցնելուց 10 տարի հետո: 3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (11 հոկտեմբերի 1994 թվականի) եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը (8 հունիսի 1994 թվականի) : 4. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած անտառային հարաբերությունների նկատմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 26.11.2005 ՀՕ-211  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի «թ» կետում, 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում եւ 8-րդ հոդվածի «դ» կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով. «Հոդված 7.1. Անտառային կոմիտեն 1. Անտառային կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը: 2. Կոմիտեն ՝ 1) իրականացնում է անտառային պետական ծառայությանն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները. 2) կազմակերպում է անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառումը եւ վարում է անտառային պետական կադաստրը. 3) մշակում է անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրեր՝ համագործակցելով նաեւ միջազգային համապատասխան կառույցների հետ. 4) կազմակերպում եւ հսկողություն է իրականացնում պետական անտառների անտառաշինության աշխատանքների նկատմամբ. 5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու եւ եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ եւ եզրակացությունների համաձայն տրամադրում է թույլտվություն. 6) իրականացնում է անտառային մոնիթորինգ. 7) մասնակցում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարմանը, ինչպես նաեւ դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստմանը եւ իրականացմանը, պայմանագրերի կնքմանը. 8) մշակում եւ կազմակերպում է անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերը. 9) կազմակերպում է պետական անտառային տնտեսությունների վարումը. 10) կազմակերպում է անտառների վերականգնման եւ անտառապատման, ինչպես նաեւ սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումներ. 11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրում է համաձայնություն անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ . 12) իրականացնում է պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը. 13) իրականացնում է սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթներ. 14) ներկայացնում է առաջարկություններ անտառային հողերի եւ անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ. 15) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություն արտահանվող եւ ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին. 16) կազմակերպում է անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման եւ խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացումը. 17) կազմակերպում է անտառային oրենuդրության խախտումների կանխարգելման եւ հայտնաբերման աշխատանքները. 18) տրամադրում է համաձայնություն անտառներում եւ անտառային հողերում անտառային տնտեuության վարման եւ անտառoգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար. 19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը եւ մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը. 20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաեւ այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը. 21) մասնակցում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը եւ անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը. 22) կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը եւ այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին եւ իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաեւ կազմակերպում եւ իրականացնում է համատեղ միջոցառումներ. 23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ. 24) իրականացնում է ծառայողների եւ անտառային ոլորտի մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը. 25) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների եւ առաջավոր փորձի ներդնման կազմակերպումը. 26) իրականացնում է անտառային ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը. 27) իրականացնում է իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը. 28) մշակում եւ իրականացնում է ներդրումային ծրագրեր պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում . 29) աջակցում է համայնքային անտառների ստեղծմանը եւ զարգացմանը. 30) ստեղծում է անտառային արդյունքի արտադրության եւ վերամշակման հզորություններ. 31) մշակում եւ իրականացնում է հանգստի, զբոսաշրջության, այդ թվում` Էկոտուրիզմի զարգացման ծրագրեր. 32) աջակցում է ագրոանտառաբուծության զարգացմանը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ 30.03.2018 ՀՕ-304-Ն

Էկո հանգրագիտարան. Ռեհան

Էկո հանգրագիտարան. Ռեհան
Ռեհանը Հնդկաստանում համարվում է սուրբ բույս, իսկ Կովկասում ասում են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»։ Այս բնական հակաբիոտիկի անվանումը ռեհան է: Այն օգտագործվել է հին ժամանակներից և տարածում է գտել աշխարհով մեկ: Ռեհանը ունի օգտակար հատկությունների տպավորիչ ցանկ: Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը: Ռեհանը Եվրոպա են տարել Ալեքսանդր Մակեդոնացու Ասիական արշավանքներից վերադարձած հույն զինվորները։ Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Այն հարուստ է վիտամին К -ով, որը անհրաժեշտ է արյան մակարդելիության համար: Վիտամին А-ն պաշտպանում է արյան անոթների բջիջները վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունից: Այն չի թողնում, որ օրգանիզմում խոլեստերին կուտակվի, ինչի շնորհիվ կանխվում է կաթվածների և աթերոսկլերոզի զարգացումը: Այն պարունակում է այլ վիտամիններ և հանքանյութեր: Նրանում առկա է երկաթ, մագնեզիում, կալցիում, վիտամին С, կալիում, մանգան, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է ԴՆԹ Ֆլավոնոիդները: Հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ռեհանը հիանալի հակաբիոտիկ է, իսկ եթե այն օգտագործեք սխտորի հետ, ապա ամենաուժեղ հակաբիոտիկը կստանաք: Ռեհանը մաքրում է զարկերակները խոլեստերինից, օգնում է պայքարել հազի, գլխացավի և այլ հիվանդությունների դեմ: Եվ ի վերջո, չորացրած ռեհանից պատրաստված թուրմը հիանալի արդյունավետ միջոց է անտանելի հազից ազատվելու համար: Ռեհանը պարունակում է ուրսոլաթթու, որն ունի նիհարեցնող ազդեցություն։ Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը: Սերբերը ռեհանի ճյուղ էին դնում ծննդաբերող կնոջ կողքին և նորածին երեխայի բարուրի մեջ, որպեսզի հանգիստ քնի և «չար աչքից» զերծ մնա: Սերբ բուժարարները խորհուրդ են տալիս ռեհանն օգտագործել ցանկացած տեսակի ինֆեկցիաների դեպքում՝ ուղղակի պետք է սեղանի վրա միշտ թարմ ռեհան լինի: Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»: Խորհուրդ չի տրվում ուտել հղիներին, արյան բարձր մակարդելիության, ընկնավորության, ստամոքսի խոցի դեպքում:

Ի՞նչ է էկոտուրիզմը

Ի՞նչ է էկոտուրիզմը
Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ։ Իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։ Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի (իսպ.՝ Hector Ceballos-Lascurain) կողմից։ Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ։ Մասնագիտական (ինչպես նաև ակադեմիական) շրջանակներում գոյություն ունեն էկոտուրիզմի՝ նույնատիպ իմաստով մի քանի իդեալիստական սահմանումներ. Էկոտուրիզմ – բնության և մշակութային տեսարժան վայրերի ուսումնասիրության և ըմբոշխնելու նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ճանապարհորդություն կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, շրջակա միջավայրի վրա ունենում է «մեղմ» ազդեցություն, ապահովում է տեղացի բնակիչների ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և նրանց կողմից այդ գործունեությունից առավելությունների ստացումը։ Բնության պահպանության միջազգային միություն։ Էկոտուրիզմ – դեպի բնական տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը նպաստում է բնության պահպանությանն ու բարելավում տեղացի բնակչության բարօրությունը։ Էկոտուրիզմի հասարակություն (The Ecotourism Society)։ Էկոտուրիզմ – զբոսաշրջություն, որը ներառում է համեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր ճանապարհորդություններ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։ Վայրի բնության համաշխարհային ֆոնդ։ Էկոտուրիզմի առանձնահատկություն այն է, որ կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Էկոտուրիզմի զարգացման ամենակարևոր մասնագիտական գործիքը բնական ռեսուրսների կառավարումն է: Ողջ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ առկա են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ: Կառավարման պատշաճ ծրագրեր պետք է ներդրվեն, որպեսզի այդ ռեսուրսները մնան անձեռնմխելի: Մի քանի կազմակերպություններ, ՀԿ-ներ, գիտնականներ աշխատում են այս ուղղությամբ: Էկոտուրիզմը կարող է ապահովել ազգային պարկերի և այլ բնական տարածքների պաշտպանությունը, կարող է բարձրացնել զբոսաշրջիկների շրջանում կրթության և ակտիվության մակարդակը՝ դարձնելով նրանց շրջակա միջավայրի պաշտպանության ավելի խանդավառ և ազդեցիկ գործակալներ:

Կենսոլորտի կառուցվածքը և ֆունկցիաները

Կենսոլորտի կառուցվածքը և ֆունկցիաները

Երկրի վրա կենսոլորտի ձևավորումը պայմանավորված է հետևյալ գործոնների միասնությամբ`

-երկրի գրավիտացիոն ձգողության ուժի, -տիեզերական ճառագայթման, -երկրի մթնոլորտում ածխաթթու գազի և թթվածնի պարունակության, -կարճ ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնության, -ջերմաստիճանի: Կենսոլորտն ընդգրկում է ամբողջ ջրոլորտը (առավելագույն խորությունը Մարիանյան իջվածքում հասնում է մինչև 11022 մ), քարոլորտի վերին մասը (3–4 կմ) և մթնոլորտի ստորին մասը (մինչև 30 կմ): Մթնոլորտի վերին շերտերում կյանքի գոյության համար սահմանափակող գործոն է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, քարոլորտում` ընդերքի բարձր ջերմաստիճանը (100°C-ից բարձր): Կենդանի նյութի զանգվածի ամենամեծ խտությունը կենսոլորտում կենտրոնացած է ցամաքի և օվկիանոսի մակերևույթին, ջրոլորտի և մթնոլորտի, քարոլորտի և մթնոլորտի, ջրոլորտի և քարոլորտի շփման սահմաններին մոտ: Այդ սահմաններում գոյություն ունեն կյանքի գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Ըստ Վերնադսկու ուսմունքի՝ կենսոլորտը կազմված է. -կենդանի նյութից, որը ժամանակակից կենդանի օրգանիզմների զանգվածն է, -կենսածին նյութերից, ինչը դետրիտների (օրգանիզմների մանր մնացորդները կամ նրանց կենսագործունեության արգասիքները) բոլոր ձևերն են` տորֆ, ածուխ, նավթ, գազ և այլն:, -կենսահանքային նյութերից, որոնք հանդիսանում են կենսածին և ոչ կենսածին նյութերի խառնուրդ`հող, տիղմ, բնական ջրեր, նստվածքային կարբոնատների մի մասը և այլն: -հանքային նյութերից, որոնք կենդանի օրգանիզմների կենսաքիմիական ազդեցությանը չենթարկվածհրաբխային և նստվածքային ապարներն են: Հաշվարկները ցույց են տվել, որ կենսոլորտում՝ ըստ ածխածնի և էներգիայի պարունակության՝ կենդանի, կենսածին և կենսահանքային նյութերը գտնվում են 1:20:4000 հարաբերության մեջ: Բույսերը, շնորհիվ արեգակնային էներգիան քիմիական կապերի էներգիայի վերափոխելու իրենց կարողության, կատարում են համամոլորակային մասշտաբի մի շարք ֆունդամենտալ կենսաերկրաքիմիական ֆունկցիաներ: Կենդանի նյութի էներգետիկ ֆունկցիան կապված է բույսերի կողմից ֆոտոսինթեզի պրոցեսում էներգիայի կուտակման և սննդային շղթաներով այլ օրգանիզմներին դրա փոխանցման հետ: Կենդանի նյութի գազային ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ բույսերը ֆոտոսինթեզի ու շնչառության և կենդանիները շնչառության պրոցեսներում շրջակա միջավայրի հետ անընդհատ փոխանակվում են թթվածնով և ածխաթթու գազով: Կենսոլորտը պահպանում է բնակության միջավայրի և ընդհանուր առմամբ մթնոլորտի որոշակի գազային կազմը: Բույսերը զգալի դեր են խաղացել մթնոլորտի՝ վերականգնող միջավայրից (NH₃, H₂, CH₄) օքսիդացնող միջավայրի (O₂, CO₂) վերածման գործում, ինչպես նաև խիստ էական է նրանց դերը մթնոլորտի այսօրվա կազմի ձևավորման մեջ: Դրանք խստորեն կարգավորում են մթնոլորտում ողջ բիոտայի համար օպտիմալ O₂-ի և CO₂-ի քանակությունները: Կենդանի նյութը կենսոլորտում կատարում է նաև խտացնող ֆունկցիա: Կենդանի օրգանիզմները, իրենց միջով անցկացնելով օդի և բնական լուծույթների մեծ ծավալներ, կատարում են քիմիական տարրերի և դրանց միացությունների կենսածին միգրացիա և խտացում: Էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները սովորել են նոսր լուծույթներից կլանել իրենց համար անհրաժեշտ նյութերը, մեծացնելով դրանց խտությունը իրենց մարմնում: Կենդանի նյութի օքսիդավերականգնման ֆունկցիայի շնորհիվ տեղի են ունենում բնական պայմաններում չափազանց կայուն շատ նյութերի օքսիդացման և վերականգնման ռեակցիաներ: Օրինակ` մթնոլորտային ազոտը (N₂), որը կարևոր կենսածին տարր է, վերականգնվում է ազոտ ֆիքսող բակտերիաների և որոշ կապտականաչ ջրիմուռների ֆերմենտների մասնակցությամբ: Դեստրուկտիվ ֆունկցիան իրականանում է օրգանիզմների կողմից օրգանական բնույթի նյութերի և դրանց մնացորդների քայքայման միջոցով: Այստեղ ամենակարևոր դերը կատարում են կյանքի ցածրակարգ ձևերը` սնկերը և բակտերիաները (դետրիտոֆագեր, ռեդուցենտներ): Տրանսպորտային ֆունկցիան նյութի և էներգիայի տեղափոխումն է կենդանի օրգանիզմների շարժման արդյունքում: Հաճախ այն կատարվում է ահռելի հեռավորությունների վրա (օրինակ՝ թռչունների չվելու արդյունքում): Կենդանի օրգանիզմները ունակ են ընկալել, պահպանել և մշակել մոլեկուլային ինֆորմացիան և փոխանցել այն հաջորդ սերունդներին: Սա կենդանի նյութի տեղեկատվական ֆունկցիան է: Վերը նշված ֆունկցիաները պայմանավորում են կենսոլորտի՝ միջավայրը գոյացնելու և կարգավորելու գործառույթները:

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
Էներգախնայողությունը և վերականգնվող էներգիան համեմատաբար նոր հասկացություններ են Հայաստանում։ Մի քանի տարի առաջ հայերը թերահավատորեն էին վերաբերվում կանաչ տեխնոլոգիաների ինչպես ֆինանսական, այնպես էլ էկոլոգիական առավելություններին։ Այժմ դժվար է գտնել հայկական գյուղ՝ առնվազն առանց արևային ջրատաքացուցիչների։ Վերջին տարիներին, «Կանաչ աճի» հիմնադրամը (GGF) և Եվրամիությունը (ԵՄ) ակտիվորեն նպաստում էին Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի զարգացմանը և տարածմանը։ GGF-ը ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող  մասնագիտացված հիմնադրամ է, որը առաջ է մղում էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան ԵՄ հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Բացի այդ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծեր աջակցում են երկրին՝ ընդլայնելով էներգախնայողության և անվտանգության իր կարողությունները։ GGF-ը տրամադրում է հատուկ ֆինանսավորում բիզնեսներին և տնային տնտեսություններին՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ, լիզինգային ընկերություններ), որոնք ապահովում են իրենց հաճախորդների հետագա վարկավորումը։ 2012 թվականից սկսած հիմնադրամի հետ համագործակցում են 4 հայկական ֆինանսական հաստատություններ։ GGF-ը այս ընկերություններին տրամադրել է նաև տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, վարկային արտադրանքների նախագծման և տեղական շուկայում դրանց խթանման համար: Կանաչ լիզինգ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը GGF-ի 4 գործընկեր կազմակերպություններից է։ Դեռ 2014 թվականին, երբ կանաչ տեխնոլոգիաները տարածված չէին Հայաստանում, լիզինգային կազմակերպությունը GGF-ի օգնությամբ մշակեց իր «Կանաչ լիզինգ» արտադրանքը։ Այն իրազեկում կատարեց էներգախնայող տեխնոլոգիաների վերաբերյալ և իր հաճախորդների համար իրականացրեց հաշվարկներ՝ ցույց տալու համար, թե որքան էներգիա և գումար են խնայում շրջակա միջավայրը պահպանելիս։ Մինչ այժմ ԱԳԲԱ Լիզինգը նպաստել է 40 բիզնեսի կանաչ դառնալուն։ Մենք առաջին ֆինանսական կազմակերպություններից մեկն ենք Հայաստանում, որը ներդրում է կատարել էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի մեջ»,- ասում է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։ «Մեր հաճախորդները ուրախ են, քանի որ էներգախնայող տեխնոլոգիաներն ի թիվս այլի ազդում են նաև նրանց ֆինանսական հոսքերի վրա։ Էներգախնայողությունից իրենց խնայած գումարները ծածկում են նրանց տոկոսավճարները, իսկ լիզինգը վճարելուց հետո նրանք ունենում են համապատասխան տեխնիկա և խնայում են ռեսուրսներ»։ «Սկզբում դժվար էր հաճախորդներին կանաչ տեխնոլոգիաներ ներկայացնելը, քանի որ նրանք թերահավատորեն էին տրամադրված։ Բայց տեսնելով հարևանների և բարեկամների հաջողության պատմությունները՝ նրանք ցանկանում էին փորձել»,- հավելում է Վահագնը։ Ավելի կանաչ ապակու արտադրություն PROFAL-ը հայկական կազմակերպություն է, որ մասնագիտացած է ալյումինե և մետաղապլաստե դռների և էներգախնայող պատուհանների արտադրության մեջ։ Ունենալով ավելի քան 300 աշխատակից՝ այն ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկն է։ Կազմակերպությունը նաև պատրաստում է լամինացված ապակի՝ ապակե կոնստրուկցիաների համար։ Երբ PROFAL-ը նոր էր սկսում այն արտադրել, ստիպված էր ապակին ներկրել արտասահմանից, ինչը և՛ գումար էր պահանջում, և՛ ժամանակ։ Կազմակերպությանը լամինացված ապակի ստանալու համար հատուկ սարքավորում էր անհրաժեշտ։ 2015 թվականին PROFAL-ը դիմեց «Կանաչ լիզինգին» և ստացավ մոտավորապես 113,000 եվրո։ Կազմակերպությունը գնեց ավտոկլավ, ինչը նրան հնարավորություն տվեց լամինացնել ապակին և այն վաճառել 15–20%-ով  էժան գնով և ավելացնել ապակու վաճառքը 100%-ով: Այժմ կազմակերպությունը կարող է իր հաճախորդներին մատակարարել ավելի լավ էներգաարդյունավետ ապակիներ՝ իջեցված գներով՝ միևնույն ժամանակ նվազեցնելով թափոնները։ «Որպես պատասխանատու բիզնես՝ մենք կարևորում ենք էկոարդյունավետ սարքավորումների օգտագործումը, որոնք ոչ միայն նպաստում են արտադրության զարգացմանը,  այլև նվազեցնում են արտանետումները, ինչպես նաև անվտանգ են շրջակա միջավայրի համար»,- նշում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։ Ապակու արտադրման արտադրամասի պետ Էրիկ Կիրակոսյանը հավելում է․ «PROFAL-ի նման կազմակերպությունը պարտավորված է իր հաճախորդներին ապահովել լավագույն որակի արտադրանքով՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու»։ ԵՄ-ն ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում փոքր բիզնեսի համար  էներգախնայողության և զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը GGF-ի միջոցով ԵՄ-ից ստացել է ավելի քան 41  միլիոն եվրո՝ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման համար։ Հետևելով PROFAL-ի օրինակին՝ այլ ձեռնարկություններ նույնպես օգտվել են ԵՄ աջակցությունից և անցել են ավելի կայուն և մատչելի էներգետիկ ռեսուրսներին։
Ամի Չիչակյան
Այս հոդվածը մշակվել է Եվրամիության աջակցությամբ՝ EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվությունը կրում է միայն հեղինակը և այն որևէ կերպ չի արտացոլում Եվրամիության տեսակետները։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել