Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Կովկասի բնության հիմնադրամն գումար է հատկացրել Հայաստանին

Կովկասի բնության հիմնադրամն  գումար է հատկացրել Հայաստանին
Կովկասի բնության հիմնադրամն (CNF) ավելի քան 285 հազար եվրո է հատկացրել Հայաստանին՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է  Կովկասի բնության հիմնադրամը: Նշված գումարից ավելի քան 115 հազար եվրո գումարը  հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ մինչ այս CNF-ը շուրջ 87 հազար եվրո հատկացրել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Տվյալ փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնաչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին: «CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Էկո հանգրագիտարան. Չիչխան

Էկո հանգրագիտարան. Չիչխան
Գեղեցիկ ու երիտասարդ մաշկ, թեփի ու ճաղատության դեմ պայքար, թարթիչների վերականգնում` բոլորը չիչխանի բաղադրատոմսով: Փաստեր չիչխանի մասին. 1. Դեմքի մաշկի սնուցման համար չիչխանի հյութով, յուղով և ձվի դեղնուցով դիմակ պատրաստեք՝ թեյի մեկական գդալ յուրաքանչյուրից: 15 րոպե դեմքին պահելուց հետո, լվացեք գոլ ջրով: 2. Կես թեյի գդալ չիչխանի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և մի քանի կաթիլ յուղ: Խառնուրդը քսեք դեմքին և պարանոցին: 15 րոպեից լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Դիմակն օգտակար է մաշկի երիտասարդացման համար: 3. Եթե քամուց և սառը օդից կոշտացել ու ճաքճքել են ձեր շրթունքները, օրական մի քանի անգամ շրթներիկի փոխարեն օգտագործեք չիչխանի յուղ: 4. Չիչխանի յուղն անփոխարինելի է հաճախակի գունաթափումից և քիմիական գանգրացումից տուժած մազերի վերականգնման համար: Պարզապես անհրաժեշտ է յուղը քսել գլխամաշկին, որպեսզի այն հասնի մազարմատներին և վերականգնի դրանք: 5. Թեփից ազատվելու համար խառնեք մեկ ճաշի գդալ չիչխանի յուղ և նույնքան էլ զեյթունի: Մերսող շարժումներով քսեք այն մազերին և սպասեք կես ժամ, հետո լվացեք: Արեք դա շաբաթը 2-3 անգամ: Երկու ամսից թեփը կվերանա: Սա լավ մեթոդ է նաև մազերի չորության դեմ պայքարելու համար: Պետք է միայն զանգվածին ավելացնել մեկ ձու: 6. Չիչխանն օգտակար է նաև ճաղատության դեմ: Չիչխանի պտուղներին ու տերևների արգանակին ավելացրեց ևս երկու բաժակ ջուր և եռացրեք մի քանի րոպե: Ստացված թուրմը պետք է մնա 3 ժամ, հետո քամեք: Հեղուկը խմեք օրը երկու անգամ՝ 150 մլ: Նույն թուրմը քսեք նաև գլխին և պահեք ողջ գիշեր: Առավոտյան լվացեք մազերը և քսեք չիչխանի յուղ: 7. Չիչխանն օգտակար է թարթիչների վերականգնման համար: Այն կարելի է օգտագործել ձիթապտղի և ձկան յուղերի հետ: Խառնուրդը պետք է քսել մաքուր թարթիչներին, պահել 20 րոպե և լվանալ գոլ ջրով: Զգույշ եղեք, որ յուղը ոչ մի դեպքում չլցվի աչքի մեջ:

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը կնվազի 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 19-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի երեկոյան ժամերին, 21-ին սպասվում է անձրև։ Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝                       19.80C (1995 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝                           -8.50C (2001 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝                       5.60C

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը լքեց պաշտոնը

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը լքեց պաշտոնը
Նոյեմբերի 16-ին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- նշել է տիկին Ղափլանյանը։ Իրինա Ղափլանյանը զբաղեցնում էր  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը 2018 թվականից :

Էկո տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները Հայաստանում

Էկո տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները Հայաստանում
Էկո ծրագրերի ներդրումը և այդ ծրագրերի  օրենսդրական կարգավորումները, դրանց օպտիմալ տարբերակների մշակումը բավական երկարատև աշխատանք են պահանջում, որը հիմնականում որոշ չափով հաղթահարվել է առաջատար երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից։ Հայաստանում ևս շրջակա միջավայրի կայունության ապահովման համար կարելի է իրականացնել մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝ կանաչապատ տարածքների ընդլայնումը՝ օդանավակայանի մերձակա (և ոչ միայն) տարածքներում ծառատունկ իրականացնելու միջոցով, օդանավակայանի կողմից մեծ քանակությամբ տարբեր տեսակի թափոնների հավաքում և վերամշակում, ձայնամեկուսացման ծրագրերի իրականացում, այլընտրանքային էներգիայի սպառման մեխանիզմի կիրառում և այլն: Հայաստանում «Արմենիա» ավիաընկերությունը այս առումով գտնվում է սկսնակ փուլում և փորձում է քիչ-քիչ ներդնել էկոլոգիական ծրագրեր (օրինակ՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած՝ վարում է ածխածնի արտանետումների նվազեցման քաղաքականություն), որոնք հնարավորություն կտան որոշակիորեն կրճատել Հայաստանում  արտանետումների ծավալը և դարձնել օդանավակայանի տարածքը էկոլոգիապես ավելի մաքուր և  միջազգային չափորոշիչներին համապատասխան: Քանի որ արդեն իսկ  բնապահպանական քաղաքականության կիրառման փորձ կա, սա հնարավորություն է տալիս Հայաստանին  հետևելու միջազգային փորձին և օրենսդրական կարգավորումներին: Որպես օրինակ՝ կարող ենք դիատարկել Ryanair-ի վարած քաղաքականության շրջանակներում կիրառվող ածխածնի  փոխհատուցման նախաձեռնությունը, երբ  Ryanair-ի ուղևորները կամավոր հիմունքներով  նվիրաբերում են £1 (2020 թվականիի ապրիլի 1-ից սկսած՝ £2)՝ որպես արտանետված ածխածնի փոխհատուցում: Այս նախաձեռնության միջոցով հավաքագրված նվիրատվությունները ամբողջությամբ ուղղվում են շրջակա միջավայրի կայունության ապահովմանը: Կարող ենք դիտարկել նաև օդանավակայանների կողմից մեծ քանակությամբ տարբեր տեսակի թափոնների հավաքման և վերամշակման հնարավորությունը՝ (թուղթ, ստվարաթուղթ, փայտ, մետաղ և այլ նյութեր հավաքելով՝ կարելի է դիմել  համապատասխան կառույցների, ինչպես նաև  քայլեր ձեռնարկել հետագայում աղբի վերամշակման և էներգիայի փոխակերպման ուղղությամբ): Ձայնամեկուսացման ծրագրերի իրականացման մասով որոշ քայլեր ժամանակին արդեն իսկ  ձեռնարկվել էին: Ավիացիոն աղմուկի երկարատև ազդեցությունն իր բացասական հետևանքներն է թողնում  մարդու առողջության վրա (քնի խանգարում, վրդովմունք և ճանաչողական խանգարում, սրտի հիվանդություններ), և ապացուցված է, որ որոշակի մակարդակի ավիացիոն աղմուկը մարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան տրանսպորտային այլ աղբյուրների աղմուկը: 2006 թվականից սկսած՝ Զվարթնոց միջազգային օդանավակայնը, հաշվի առնելով բնակչության վտանգի ենթարկվելու հանգամանքը, նրանց տեղեկացրեց տեղափոխվելու անհրաժեշտության մասին, և շուրջ 165 ընտանիք վերաբնակեցվեցին այլ վայրում: Նախագիծը ավարտվեց 2016 թվականին: Այժմ  անհրաժեշտության դեպքում կարող ենք ընդլայնել այս նախագիծը և կիրառել նաև ձայնամեկուսիչ պատուհանների տեղադրումը՝ Ցյուրիխի օդանավակայանի օրինակով, ինչը ևս այլընտրանքային տարբերակ է: COVID-19 համավարակի պայմաններում առաջ բերված սահմանափակումները իրենց դրական ազդեցությունն ունեցան Երկրի վրա: Արդյունքում ավիացիայի ոլորտում կատարվող սահմանափակումները և չվերթերի քանակի նվազումը հանգեցրին օդանավակայանների և օդանավերի  արտանետումների կտրուկ անկմանը: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մի օր ավարտվելու է, և յուրաքանչյուր բնագավառի գործունեություն, այդ թվում՝ օդանավակայանները վերադառնալու են իրենց նախկին օրակարգին: Ուստի խիստ ցանկալի է հաշվի առնել այս սահմանափակումների բերած դրական արդյունքները և փորձել համապատասխան լուծումներ մշակել՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և կայունության ապահովմանը:

Բանջարեղենային անտեսված կարմիր դարմանը

Բանջարեղենային անտեսված կարմիր դարմանը
Բնությունը մեզ շռայլել է հարուստ բնական միջոցներ, որոնց արդյունավետ գործածության շնորհիվ  կարելի է պահպանել առողջությունը, էներգիան, ուժը և կենսունակությունը։ Հայաստանյան պայմաններում խոր աշնանն ու ձմռանը մեզ առավել անհրաժեշտ են առողջարար ու կենսական էներգիայով լեցուն մթերքներ։ Եթե կորցրել եք առույգությունն ուրեմն Eco.am-ի անդրադարձը հենց ձեզ համար է։ Գրեթե միշտ բանջարեղենը նախընտրում ենք ուտել եփած վիճակում, անտեսելով, որ հում բանջարեղեններն ավելի առողջարար են, հատկապես՝ հյութի տեսքով։ Բազուկը օգտակար է -Արյան կարմիր գնդիկների գոյացման համար բազուկի հյութը ամենաարժեքավորն է, հատկապես՝ կանաց օրգանիզմի վրա այն շատ բարերար ազդեցություն ունի, եթե ամեն օր այն խմեք գազարի հյութի հետ։ - Սովորաբար օգտագործվում է 1- 1,5 բաժակ հյութ, օրական երկու անգամ դաշտանային ցիկլի խաթարումների դեպքում բազուկի հյութը շատ բարենպաստ ազդեցություն է թողնում, 100 գրամ՝ օրական 2-3 անգամ։ - Բազուկի թարմ քամած հյութն օգնում է անքնությանը, պարզապես պետք է բազուկը նախապես, 2 ժամից ոչ պակաս, սառեցնել սառնարանում։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր՝ 2/1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։ - Սակավարյունության (անեմիա) դեպքում ` 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ՝ 50-100 գրամի չափով։ - Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է՝ գազարի 100 մլ, բազուկի 15 մլ եւ վարունգի 10 մլ հյութերը խառնել եւ խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։ - Բերանի եզերքի ճաքերին, մազերի եւ եղունգների կոտրատվելուն եւս օգնության է հասնում սովորական բազուկի հյութը։ - Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։ Հիշե՛ք՝ հյութերը ամենալավագույն սնունդն են և եթե մենք մշտապես օգտագործենք դրանք, ապա մեր կյանքի տևողությունը շատ ավելին կլինի։ Անհրաժեշտ է իմանալ Բազուկի հյութը առանձին՝ մեկ բաժակից ավելի խմելու դեպքում, կարող է օրգանիզմում առաջացնել մաքրման ռեակցիա, որը կարտահայտվի գլխապտույտով, սրտխառնոցով։ Փորձը ցույց է տվել, որ սկզբնական շրջանում բազուկի հյութը ճիշտ կլինի այլ բանջարեղենների հյութերի հետ խառնուրդների ձեւով խմել, երբ գերակշռողը, ասենք, գազարի հյութն է։ Հետո ժամանակի ընթացքում, աստիճանաբար, գազարի հյութի քանակը պակասեցվում է, իսկ բազուկի հյութը՝ ավելացվում է մինչեւ գազարի հյութի բացառումը։ Կարևոր է իմանալ Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։ Ի դեպ, քրոնիկ հիվանդությունների դեպքում նախքան տվյալ բաղադրատոմսերից օգտվելը, խորհրդակցեք՝ բժշկի հետ։ Բազուկով աղցան Քերիչով անցկացնել միջին մեծության 2 հում բազուկը, վրան լցնել 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 1 վարունգ, խնձոր (միջին չափի), կես գլուխ սոխ (բոլորը մանր կտրատած)։ Ավելացնել խառը կանաչիներ՝ կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ, (քարավուզ), խորանարդիկներով մանր կտրատած խաշած միս, չմոռանալ լցնել աղն ու բիբարը։ Լավ խառնել, վրայից ավելացնել թթվասեր եւ զարդարել խաշած եւ կիսած ձվով։ Գազարի հյութի առողջարար հատկությունների մասին կներկայացնենք հաջորդիվ։  

Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով

Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Pure Earth կազմակերպությունը կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու վտանգավոր գործելակերպը, այդ թվում՝ կապարային մարտկոցների ապօրինի վերամշակումը։ Համաձայն  նոր զեկույցի,  Կապարային թունավորումը հսկայական և մինչև այսօր անհայտ մասշտաբների հասնող ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Pure Earth-ի նոր զեկույցի։ «Թունավոր ճշմարտություն․ կապարային թունավորումը քայքայում է սերնդի ներուժը» զեկույցը մանկության շրջանում կապարի ազդեցության վերլուծությունն է, որն իրականացվել է Health Metric Evaluation ինստիտուտի կողմից։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, իր տեսակի մեջ առաջին այս զեկույցը փաստում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ երեխայի, այսինքն՝ ավելի քան 800 մլն երեխայի արյան մեջ կապարի պարունակությունն (հավասար է կամ անգամ ավելին է, քան 5 միկրոգրամը մեկ դեցիլիտրում), այնքան է, որ նման դեպքերում ԱՀԿ-ն և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը միջամտության անհրաժեշտություն են տեսնում։ «Սկզբում, կապարն իր թույլ արտահայտված նշաններով լուռ քայքայում է երեխայի առողջությունն ու զարգացման ներուժը՝ նպաստելով հետագա հնարավոր խնդիրների առաջացմանը։ Իմանալով կապարային աղտոտվածության տարածման չափն ու բացասական ազդեցությունը մարդու և միջավայրի վրա, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ երեխաներին դրանից մեկընդմիշտ պաշտպանելու համար»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ Հետազոտությունը փաստում է, որ կապարը, որպես ուժեղ նեյրոտոքսին, չվերականգնվող վնաս է հասցնում երեխայի ուղեղին։ Այն հատկապես կործանարար է մինչև հինգ տարեկանի համար, քանի որ վնասում է երեխային հենց այն շրջանում, երբ ուղեղը դեռ նոր պետք է զարգանա: Կապարի վնասակար ազդեցությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում նյարդային, հոգեկան և ֆիզիկական խաթարումների պատճառ դառնալ։ Երեխայի հոգեկան առողջությանը հասցված վնասը կարող է վարքային խնդիրներ առաջացնել՝ ավելացնելով բռնարար և հանցագործ վարք դրսևորելու հավանականությունը։ Ավելի մեծ տարիքում հետևանքները, երբեմն, ավելի ծանր են լինում. երիկամների և հետագայում սրտանոթային հիվանդություններ: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կապարային թունավորման հիմնական պատճառը կապարային մարտկոցների ապօրինի և չափորոշիչների խախտմամբ վերամշակումն է, ինչն այդ երկրներին կարող է գրեթե 1 տրիլիոն դոլարի վնաս հասցնել՝ հիմնականում երեխաների տնտեսական ներուժի կորստի հաշվին։ Այդպիսի երկրներում, 2000թ-ի համեմատ, տրանսպորտային միջոցների քանակը եռակի աճել է։ Մարտկոցների վերամշակման օրենսդրության բացակայությունը հանգեցրել է կապարային մարտկոցների անօրինական վերամշակման 50% աճի։ Վտանգավոր և հաճախ անօրինական վերամշակման ընթացքում կոտրվում են մարտկոցների պատյանները, դրանում պարունակվող թթուն և կապարի փոշին թափվում են հողին, ապա, կապարը վերամշակվում է բաց վառարանում և թունավոր նյութերն արտանետվում են շրջակա միջավայր: Այդ գործողությունն իրականացնող մարդը, հաճախ, տեղյակ էլ չէ կապարի ուժեղ նեյրոտոքսին լինելու և դրա վտանգավոր ազդեցության մասին: Կապարային թունավորման այլ աղբյուրներ են կապարային խողովակներից հոսող ջուրը, արդյունաբերության մեջ օգտագործվող կապարը, կապարի հիմքով ներկերը, ներկանյութերը, բենզինը, որը, մշտապես, կապարի թունավորման հիմնական աղբյուրներից է եղել: Չնայած, վերջին շրջանում կապարի հիմքով բենզինի քանակը նվազել է։ Վտանգի աղբյուր կարող են լինել նաև կապարի պարունակությամբ սննդի տարաները, կապար պարունակող կոսմետիկան, խաղալիքները և այլն։ Կապարի օգտագործմամբ աշխատանք կատարողները կարող են հագուստի, կոշիկների հետ դրա փոշին տուն բերել՝ վտանգելով իրենց երեխաներին։ «Լավ նորությունն այն է, որ, իրականում, կապարը կարելի է անվտանգ վերամշակել՝ առանց վնասելու աշխատողներին, երեխաներին և միջավայրը։ Իսկ կապարով ախտահարված տարածքները կարելի է վերականգնել»,- ասում է Ռիչարդ Ֆյուլերը` Pure Earth-ի նախագահը։ «Մարդկանց պետք է տեղեկացնել կապարի վտանգների մասին և խրախուսել, որ իրենց և իրենց երեխաներին պաշտպանեն այդ վտանգից։ Կապարի վնասակար ազդեցությունը կանխելու համար արված ներդրումների վերադարձը հսկայական է՝ առողջության բարելավում, արտադրողականության բարձրացում, բարձր IQ-ի հնարավորություն, բռնության նվազում և ավելի պայծառ ապագա միլիոնավոր երեխաների համար»։ Զեկույցը կառավարություններին առաջարկում է կապարային թունավորման դեմ պայքարի հետևյալ եղանակները. Մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման համակարգի ստեղծում, այդ թվում՝ արյան մեջ կապարի քանակի ախտորոշման համակարգի կիրառում։ Կանխարգելիչ և վերահսկիչ մեխանիզմներ՝ նաև կանխարգելելով երեխաների շփումը կապարի բարձր պարունակությամբ տարածքների և արտադրանքների հետ (որոշ ներկեր, խաղալիքներ և այլն)։ Կառավարում, բուժում և շտկում՝ ուժեղացնելով առողջապահական համակարգերը, որպեսզի հնարավոր լինի երեխաների մոտ ախտորոշել և բուժել կապարային թունավորումները, ինչպես նաև փոխանցել բավարար գիտելիքներ՝ կապարի վնասակար ազդեցության, կապարային թունավորման հետևանքների մասին: Հասարակության իրազեկում և հանրային վարքագծի փոփոխություն՝ կապարի վտանգների և հիմնական աղբյուրների մասին իրազեկող հանրային արշավների իրականացում առանձին թիրախային խմբերի համար. ծնողներ, համայնքների ղեկավարներ և առողջապահության ոլորտի աշխատողներ։ Օրենսդրության և քաղաքականության մշակում, որը կնպաստի բնապահպանական, առողջապահական և անվտանգության չափորոշիչների ստեղծմանն ու կիրառմանը, ինչպես նաև՝ միջավայրի և մթնոլորտային օդի որակի վերահսկմանը։ Գլոբալ և տարածաշրջանային զուգահեռ մշակված գործողություններ, այդ թվում՝ հանրային առողջության, շրջակա միջավայրի և ազգային տնտեսության վրա աղտոտվածության մակարդակի գնահատման գլոբալ չափորոշիչների, կապարային մարտկոցների վերամշակման և տեղափոխման համար հատուկ չափորոշիչների և նորմերի մշակում և արյան մեջ կապարի պարունակության ուսումնասիրման համար գրանցման բազաների ստեղծում։

էկոարվեստ

էկոարվեստ
9 մոտեցում՝ էկոարվեստի մասին Էկոարվեստն, ինչպես արվեստի մյուս ժանրերն, անսահման է, եւ էկոարվեստագետին լայն հարթակ է տալիս՝ ստեղծագործելու համար: Այն իր մեջ պարունակում է տարատեսակ մոտեցումներ, որոնք կարելի է պայմանական բաժանել 9 կետի: 1.Պատկերացում. երկխոսությունը խթանելու նպատակով՝ տեղեկատվության եւ պայմանների ներկայացում՝ պատկերների եւ օբյեկտների ստեղծման միջոցով: 2.Վերականգնողական նախագծեր. մշակութային նախաձեռնություններ, էկոմիջոցառումներ՝ ուղղված էկոլոգիայի վերականգմանը: 3.Ախտոտված եւ ավերված շրջակա միջավայրի վերականգնում կամ կարգավորում. այս նկարիչները հաճախ աշխատում են էկոլոգ-գիտնականների, լանդշաֆտային ճարտարապետերի եւ քաղաքաշինարարների հետ: 4.Ակտիվստական եւ ընդդիմադիր արվեստ. ներգրավել, տեղեկացնել, վրդովվել եւ ակտիվ պահվածք դրսեւորել՝ երկրի քաղաքականության փոփոխությունների համար: 5.Սոցիալական քանդակներ. սոցիալական, ժամանակի վրա հիմնված գեղարվեստական գործեր, որտեղ համայնքը ներգրավվում են լանդշաֆտի մոնիթորինգի մեջ եւ մասնակցություն է ունենում համայնքային ապրելակերպում եւ կայուն պրակտիկ գործընթացներում: 6.Էկոպոետիկ արվեստ: բնության, աշխարհի վերաիմաստավորում եւ ոգեշնչում՝ մյուս տեսակների հետ համագոյությամբ: 7.Անմիջական շփման վերարտադրում. բնական երեւույթների օգտագործում, ինչպիսիք են՝ ջուրը, եղանակը, արեւի լույսը, բույսերը եւ այլն: 8.Դիդակտիկ կամ մանկավարժական գործեր. էկոլոգիական անարդարության եւ էկոլոգիական խնդիրների մասին տեղեկատվության տարածում կրթության միջոցով, ինչպիսին է ջրի, հողի ախտոտումը եւ առողջությանը վնաս պատճառելը: 9.Փոխհարաբերությունների արվեստ. հաստատուն եւ մշտական էկոկապեր՝ համայնքների ներգրավմամբ:

Մանդարինի կեղևի թաքնված ուժը

Մանդարինի կեղևի թաքնված ուժը
Գրեթե բոլորը մանդարին ուտելիս կեղեւը դեն են նետում, մինչդեռ պարզվում է, որ այն ունի շատ օգտակար հատկություններ: Մանդարինի կեղեւը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ այլ օգտակար նյութեր, ավելին՝ այն բուժում է մի շարք հիվանդություններ: Եվ հենց դրա համար էլ, պարզապես, անթույլատրելի է դեն նետել այս «հարստությունը»:

Դիզբակտերիոզի բուժման համար

Մանդարինի չորացրած կեղեւներն աղալ եւ այն օգտագործել կաթնաշոռի, ապուրների եւ այլ ուտեստների մեջ՝ մեկ բաժնի համար 1 թ/գդ չափաբաժնով:

Բրոնխիտի բուժման համար

1,5 բաժակ եռացած ջրի մեջ լցնել 2 ճ/գդ չորացրած, աղացած մանդարինի կեղեւ: Այն եփել 5 րոպե՝ թույլ կրակի վրա, ապա պահել 1 ժամ փակ վիճակում: Օգտագործել օրը 2-3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ՝ 0,5 բաժակ չափաբաժնով՝ տաք վիճակում:

Չոր հազի բուժման համար

2 ճ/գ չորացած, աղացած մանդարինի կեղեւները լցնել 1 բաժակ օղու մեջ: Պահել մեկ շաբաթ մութ տեղում, ապա քամել եւ խմել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ՝ 1 սուրճի բաժակ ջրի մեջ լցնելով 20 կաթիլ:

Գրիպի բուժման համար

Մրսածության, գրիպի, չոր հազի դեպքում 1 ճ/գդ չորացած, աղացած մանդարինի կեղեւները լցնել թեյնիկի մեջ, եռացնել եւ շնչել գոլորշին՝ 10-12 րոպե: Ինգալացիայից հետո խորհուրդ է տրվում գոնե 1 ժամ դուրս չգալ տանից:

Ոտքի եղունգների սնկային հիվանդության բուժման համար

Ոտքի եղունգներին տրորել մանդարինի թարմ կեղեւներ՝ օրը 2 անգամ:

Նյարդերի բուժման համար

Նյարդերի բուժման, հոգնածության, սթրեսների բուժման համար մանդարինի կեղեւը մանր կտրատել, լցնել 10 X 7 սմ-անոց բամբակյա տոպրակի մեջ, ապա այն պահել պոլիէթիլենային տոպրակում: Օգտագործելու ժամանակ տոպրակի բերանը բացել եւ շնչել այդ բույրը 15 րոպե:

Բարձր ճնշման կարգավորման համար

Անքնության, նյարդերի լարվածության, բարձր ճնշման, սրտխփոցների դեպքում 3 լիտր եռման ջրի մեջ լցնել 1 բաժակ թարմ, կտրատված մանդարինի կեղեւներ, ապա այն շարունակել եռացնել: Ապա վերցնել կրակից, 1 ժամ պահել փակ վիճակում, այնուհետեւ քամել եւ այդ քամած թուրմով օրը մեջ տաք լոգանք ընդունել՝ քնելուց 1 ժամ առաջ: Եղեք առողջ եւ էկոլոգիապես մաքուր պահեք նախեւառաջ սեփական օրգանիզմը:

Ջրաքիսների սպանդ՝ Covid-19-ի պատճառով

Ջրաքիսների սպանդ՝ Covid-19-ի պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամիսներ առաջ պնդում էր, որ Covid-19 վիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն: Անգամ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչն ասել էր, որ եթե կենդանիների մոտ Covid-19-ի թեստը դրական է ցույց տալիս, չկա որեւէ ապացույց, թե կենդանիները, ներառյալ՝ շներն ու կատուները, կարող են Covid-19 փոխանցել մարդկանց։ Սակայն պարզվում է՝ վարակակիր մարդկանց հետ առնչվելուց հետո՝ որոշ կենդանիների՝ ջրաքիսների, շների, տնային կատուների եւ վագրերի մոտ հայտնաբերվել է Covid-19: Այս առումով դաժան իրականության առաջ է կանգնել Դանիան, որտեղ ջրաքիսների ֆերմայի կենդանիները վարակվել էին աշխատակիցներից եւ վարակել այլ մարդկանց: Մասնավորապես՝ Covid-19 է հայտնաբերել Յուտլանդիայիում գտնվող 207 մորթու տնտեսության ջրաքիսների մոտ: Իսկ երկիրը որոշում է կայացրել գործարանատերերին թույլ չտալ կենդանի թողնել անգամ առանձին ջրաքիսների՝ հետագա բազմացման համար: Այսպիսով՝ Դանիայում մուտացիայի ենթարկված կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով՝ կոչնչացնեն բոլոր ջրաքիսները, որոնք պահվում են թանկարժեք մորթու տնտեսություններում: Սա, իհարկե, կենդանասերների տեսանկյունից սարսափելի է, բայց այդ ջրաքիսների «ճակատագրում» էական փոփոխություն չի մտցնում, որովհետեւ, միեւնույն է, իրենց թանկ մորթու պատճառով լինի, թե Covid-19-ի, ուշ, թե շուտ ոչնչացվելու էին: Ի դեպ, թե ինչու Դանիան ընտրեց հենց այս՝ ամենադաժան տարբերակը, երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Վիրուսը մուտացիայի է ենթարկվել ջրաքիսների մոտ եւ տարածվել է մարդկանց մեջ: Ջրաքիսների շրջանում մուտացիայի ենթարկված վիրուսն իր մեջ կրում է այն վտանգը, որ սպասված պատվաստանյութը չի գործի անհրաժեշտ ձեւով»: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մուտացիայի ենթարկված Covid-19-ով մարդկանց եւ ջրաքիսների շրջանում վարակման որոշ դեպքերում՝ իջնում է հակամարմինների առաջացման կարողությունը: Հետեւաբար, Դանիայի վարչապետը նաեւ զգուշացրել է, որ վիրուսի նոր տեսակը կարող է տարածվել ոչ միայն Դանիայի մյուս հատվածում, այլ նաեւ ողջ աշխարհում: Նշենք, որ դանիական անասնաբուժական հսկողության տվյալներով՝ երկրում ապրում են մոտ 12 մլն. ջրաքիս: Դանիայում արդեն իսկ 67 ֆերմաներում ամբողջությամբ ոչնչացվել են ջրաքիսները: Կենդանիների սպանդն իրականացվում է ոստիկանության, զինվորների եւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համագործակցությամբ:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։