Ջրաքիսների սպանդ՝ Covid-19-ի պատճառով

https://eco.am/%d5%bb%d6%80%d5%a1%d6%84%d5%ab%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%9d-covid-19-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be/

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամիսներ առաջ պնդում էր, որ Covid-19 վիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն: Անգամ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչն ասել էր, որ եթե կենդանիների մոտ Covid-19-ի թեստը դրական է ցույց տալիս, չկա որեւէ ապացույց, թե կենդանիները, ներառյալ՝ շներն ու կատուները, կարող են Covid-19 փոխանցել մարդկանց։ Սակայն պարզվում է՝ վարակակիր մարդկանց հետ առնչվելուց հետո՝ որոշ կենդանիների՝ ջրաքիսների, շների, տնային կատուների եւ վագրերի մոտ հայտնաբերվել է Covid-19:

Այս առումով դաժան իրականության առաջ է կանգնել Դանիան, որտեղ ջրաքիսների ֆերմայի կենդանիները վարակվել էին աշխատակիցներից եւ վարակել այլ մարդկանց: Մասնավորապես՝ Covid-19 է հայտնաբերել Յուտլանդիայիում գտնվող 207 մորթու տնտեսության ջրաքիսների մոտ: Իսկ երկիրը որոշում է կայացրել գործարանատերերին թույլ չտալ կենդանի թողնել անգամ առանձին ջրաքիսների՝ հետագա բազմացման համար:

Այսպիսով՝ Դանիայում մուտացիայի ենթարկված կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով՝ կոչնչացնեն բոլոր ջրաքիսները, որոնք պահվում են թանկարժեք մորթու տնտեսություններում: Սա, իհարկե, կենդանասերների տեսանկյունից սարսափելի է, բայց այդ ջրաքիսների «ճակատագրում» էական փոփոխություն չի մտցնում, որովհետեւ, միեւնույն է, իրենց թանկ մորթու պատճառով լինի, թե Covid-19-ի, ուշ, թե շուտ ոչնչացվելու էին:

Ի դեպ, թե ինչու Դանիան ընտրեց հենց այս՝ ամենադաժան տարբերակը, երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Վիրուսը մուտացիայի է ենթարկվել ջրաքիսների մոտ եւ տարածվել է մարդկանց մեջ: Ջրաքիսների շրջանում մուտացիայի ենթարկված վիրուսն իր մեջ կրում է այն վտանգը, որ սպասված պատվաստանյութը չի գործի անհրաժեշտ ձեւով»:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մուտացիայի ենթարկված Covid-19-ով մարդկանց եւ ջրաքիսների շրջանում վարակման որոշ դեպքերում՝ իջնում է հակամարմինների առաջացման կարողությունը: Հետեւաբար, Դանիայի վարչապետը նաեւ զգուշացրել է, որ վիրուսի նոր տեսակը կարող է տարածվել ոչ միայն Դանիայի մյուս հատվածում, այլ նաեւ ողջ աշխարհում:

Նշենք, որ դանիական անասնաբուժական հսկողության տվյալներով՝ երկրում ապրում են մոտ 12 մլն. ջրաքիս: Դանիայում արդեն իսկ 67 ֆերմաներում ամբողջությամբ ոչնչացվել են ջրաքիսները: Կենդանիների սպանդն իրականացվում է ոստիկանության, զինվորների եւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համագործակցությամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել