Էկո տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները Հայաստանում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8/

Էկո ծրագրերի ներդրումը և այդ ծրագրերի  օրենսդրական կարգավորումները, դրանց օպտիմալ տարբերակների մշակումը բավական երկարատև աշխատանք են պահանջում, որը հիմնականում որոշ չափով հաղթահարվել է առաջատար երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից։

Հայաստանում ևս շրջակա միջավայրի կայունության ապահովման համար կարելի է իրականացնել մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝ կանաչապատ տարածքների ընդլայնումը՝ օդանավակայանի մերձակա (և ոչ միայն) տարածքներում ծառատունկ իրականացնելու միջոցով, օդանավակայանի կողմից մեծ քանակությամբ տարբեր տեսակի թափոնների հավաքում և վերամշակում, ձայնամեկուսացման ծրագրերի իրականացում, այլընտրանքային էներգիայի սպառման մեխանիզմի կիրառում և այլն:

Հայաստանում «Արմենիա» ավիաընկերությունը այս առումով գտնվում է սկսնակ փուլում և փորձում է քիչ-քիչ ներդնել էկոլոգիական ծրագրեր (օրինակ՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած՝ վարում է ածխածնի արտանետումների նվազեցման քաղաքականություն), որոնք հնարավորություն կտան որոշակիորեն կրճատել Հայաստանում  արտանետումների ծավալը և դարձնել օդանավակայանի տարածքը էկոլոգիապես ավելի մաքուր և  միջազգային չափորոշիչներին համապատասխան: Քանի որ արդեն իսկ  բնապահպանական քաղաքականության կիրառման փորձ կա, սա հնարավորություն է տալիս Հայաստանին  հետևելու միջազգային փորձին և օրենսդրական կարգավորումներին:

Որպես օրինակ՝ կարող ենք դիատարկել Ryanair-ի վարած քաղաքականության շրջանակներում կիրառվող ածխածնի  փոխհատուցման նախաձեռնությունը, երբ  Ryanair-ի ուղևորները կամավոր հիմունքներով  նվիրաբերում են £1 (2020 թվականիի ապրիլի 1-ից սկսած՝ £2)՝ որպես արտանետված ածխածնի փոխհատուցում: Այս նախաձեռնության միջոցով հավաքագրված նվիրատվությունները ամբողջությամբ ուղղվում են շրջակա միջավայրի կայունության ապահովմանը:

Կարող ենք դիտարկել նաև օդանավակայանների կողմից մեծ քանակությամբ տարբեր տեսակի թափոնների հավաքման և վերամշակման հնարավորությունը՝ (թուղթ, ստվարաթուղթ, փայտ, մետաղ և այլ նյութեր հավաքելով՝ կարելի է դիմել  համապատասխան կառույցների, ինչպես նաև  քայլեր ձեռնարկել հետագայում աղբի վերամշակման և էներգիայի փոխակերպման ուղղությամբ):

Ձայնամեկուսացման ծրագրերի իրականացման մասով որոշ քայլեր ժամանակին արդեն իսկ  ձեռնարկվել էին: Ավիացիոն աղմուկի երկարատև ազդեցությունն իր բացասական հետևանքներն է թողնում  մարդու առողջության վրա (քնի խանգարում, վրդովմունք և ճանաչողական խանգարում, սրտի հիվանդություններ), և ապացուցված է, որ որոշակի մակարդակի ավիացիոն աղմուկը մարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան տրանսպորտային այլ աղբյուրների աղմուկը: 2006 թվականից սկսած՝ Զվարթնոց միջազգային օդանավակայնը, հաշվի առնելով բնակչության վտանգի ենթարկվելու հանգամանքը, նրանց տեղեկացրեց տեղափոխվելու անհրաժեշտության մասին, և շուրջ 165 ընտանիք վերաբնակեցվեցին այլ վայրում: Նախագիծը ավարտվեց 2016 թվականին: Այժմ  անհրաժեշտության դեպքում կարող ենք ընդլայնել այս նախագիծը և կիրառել նաև ձայնամեկուսիչ պատուհանների տեղադրումը՝ Ցյուրիխի օդանավակայանի օրինակով, ինչը ևս այլընտրանքային տարբերակ է:

COVID-19 համավարակի պայմաններում առաջ բերված սահմանափակումները իրենց դրական ազդեցությունն ունեցան Երկրի վրա: Արդյունքում ավիացիայի ոլորտում կատարվող սահմանափակումները և չվերթերի քանակի նվազումը հանգեցրին օդանավակայանների և օդանավերի  արտանետումների կտրուկ անկմանը: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մի օր ավարտվելու է, և յուրաքանչյուր բնագավառի գործունեություն, այդ թվում՝ օդանավակայանները վերադառնալու են իրենց նախկին օրակարգին:

Ուստի խիստ ցանկալի է հաշվի առնել այս սահմանափակումների բերած դրական արդյունքները և փորձել համապատասխան լուծումներ մշակել՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և կայունության ապահովմանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով