Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Էկո հանգրագիտարան. Ուրց

Էկո հանգրագիտարան. Ուրց
«Սիսնապար». այսպես են անվանել ուրցը հայերը հին ժամանակներում։ Այս բույսը սիրում է աճել հողին սերտաճած մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը և մաքուր օդը։ Ծաղկման շրջանում այն լցնում է օդը աննկարագրելի բույրով, որը դեպի իրեն է ձգում մեղուներին և այլ միջատների։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներն օգտագործել են ուրցը մարմինը զմռսելու համար նախատեսված հոտավետ խեժի կազմում։ Պլինիուսը խորհուրդ է տվել եփել ուրցը քացախի մեջ և օգտագործել գլխացավի դեմ։ Վերգիլիոսը խորհուրդ է տվել հռոմեացիներին օգտագործել ուրցը (ծոթոր)` որպես համեմունք քացախի հետ, նաեւ ընդունել ուրցով լոգանք մարտից առաջ։ Միջին դարերում ուրցը բերվում է Կենտրոնական Եվրոպա։ Արքա Կարլոս Մեծը հավատում է համեմունքային բույսերի մոգական հատկություններին։ Միջնադարի ասպետների հանդերձանքին պատկերում էին ուրցի ծաղկած ճյուղիկը եւ մեղուների պարսը։ Կարլոս Մեծը 812թ. կազմեց օգտակար բույսերի ցուցակ, որում ուրցը զբաղեցնում էր առաջնահերթ տեղերից մեկը, թվով 74 բույսեր սկսեցին մշակել արքայական պարտեզներում։ Քրիստոնեական մշակույթում ուրցը համարվում է Աստվածածին բույս։ Հավատում էին, որ բույսի բուրումնավետ հոտը վանում է չար ուժերին։ Հնագույն ժամանակներից ուրցը օգտագործել են խոհարարության մեջ, միջնադարի շատ գրքերում բերված են բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործվում է ուրցը։ Այն մաս է կազմում լայն կիրառում ունեցող ժամանակակից համեմունքային խառնուրդների մեջ` «bouguet de garni» և «fines herbes»։ Thymus serpullum-այս անվանումն ընդգրկում է շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի մի մեծ խումբ։ Դրանք ցածր, շատ դիմացկուն բույսեր են։ Աճում են ավազի, ժայռերի, չոր լանջերի վրա, լուսավոր անտառներում` ցածրադիր վայրերից մինչեւ Ալպյան գոտի։ Դրանք տարբերվում են տերեւի եւ ծաղկաբույլերի կառուցվածքով, հոտով եւ համով։ Ուրց գետնատարածը բնության մեջ հանդիպող բույս է, որը մինչեւ մեր օրերը պահպանել է իր նշանակությունը` որպես դեղաբույս։ Այս փոքրիկ բազմամյա թփի բարձրությունը 12-15 սմ է։ Բույսը մշակվել է Հռոմում, հռոմեացիներին հայտնի է եղել Satureja hortensis տեսակը (փՈոպՐ, ծոթոր պարտեզային), որը նրանք թրմել են քացախի մեջ։ 9-րդ դարից սկսել են մշակել շատ եվրոպական երկրներում, օգտագործել են թարմ տերեւները` մսեղենի պատրաստման ժամանակ եւ աղցանների մեջ։ Այս բույսն աճեցնում են մարգերի վրա, բազմանում է սերմերով։ Ցողունը ուղղականգուն է, 30-45 սմ բարձրությամբ, տերեւները նշտարաձեւ են, ծաղկում է հունիսից մինչեւ ձմռան սկիզբ։ Մատիոլին իր «Հերբարիում» գրքում զգուշացրել է, որ օգտագործման մեծ քանակությունների դեպքում «մարդը սանձարձակ է դառնում»։ Thymus vulgaris-ուրց սովորական տեսակի հայրենիքը Միջերկրական ծովի հյուսիսային ափն է։ Այն հնուց մշակվում է, ունի բազմաթիվ ենթատեսակներ։ Որպես մշակաբույս` տարածված է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ղրիմի մարզում։ Բույսը մեծ կիրառում ունի ավանդական բժշկության մեջ։ Ուրց սովորականը 20-50 սմ բարձրության թուփ է, մշակվում է եթերային յուղի մեջ պարունակվող «տիմոլ» նյութի ստացման համար։ Տերեւների երկու կողմում գտնվող գեղձիկների մեջ պարունակվող եթերային յուղը առավել շատ է ծաղկման սկզբում։ Տիմոլը ունի բուժիչ հատկություններ, բույսից ստացված յուղը ավելացնում են նաեւ ատամի մածուկի, օճառի մեջ, այն ունի լավ բուրմունք եւ մանրէասպան ազդեցություն։ T.vulgaris եւ T. serpyllum տեսակները տարբերվում են ոչ միայն բարձրությամբ եւ ծաղկաբույլերի կառուցվածքով։ Ուրց գետնատարածը ավելի երկար է ծաղկում, այն հրաշալի մեղրատու է (40-140 կգ` մեկ հա-ից), մթերումը կատարում են ծաղկման շրջանում։ Ուրց սովորականը պարունակում է 0,5-2 տոկոս եթերային յուղ, իսկ ուրց գետնատարածը` 0,2-1 տոկոս։ Ուրց գետնատարածի եթերային յուղի մեջ գերակշռում է ոչ թե տիմոլը, այլ կարվակրոլը եւ ցիմոլը, դրա մեջ ավելի փոքր քանակությամբ օրգանական թթուներ են պարունակվում, ավելի մեծ քանակությամբ դառնանյութ եւ խեժ։ Համեմատվող տեսակները պարունակում են նաեւ ֆլավոններ, սապոնին-թիմուս, թթուներ (ուրսոլի, օլեանոլի եւ այլ), դաբաղանյութ, հանքային աղեր, կարոտին, ասկորբինաթթու, տանին։ Ուրց գետնատարածից ստանում են «Պետրուսսին» դեղամիջոցը, որը կա վաճառքում։ Այն խորհուրդ է տրվում որպես խորխաբեր, հազը փափկեցնող միջոց վերին շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ Բազմաթիվ հեղինակներ, ուրց սովորականի մասին գրելիս, գրեթե միշտ նշում են նաեւ ուրց գետնատարածը, կարելի է ենթադրել, որ բժիշկները եւ ժողովրդական բուժարարները նախընտրում են բնության մեջ աճող ուրց գետնատարածը։ Այս բույսի ապագան Հայաստանում խիստ վտանգի տակ է։ ՈՒշադրություն։ Ուրց գետնատարածը չի կարելի եւ պարզապես անիմաստ է պոկել հիմքից, հարկավոր է մկրատով կամ սուր դանակով կտրել ցողունի ծաղկակիր մասը։ Հայաստանի բնական պայմաններում աճում է նաեւ ուրց սովորականը։ Ծոթրինը (ծոթոր, ծիտրոն, կորթին) մեր երկրում այնքան էլ օգտագործվող բույս չէ, եւ պարզվում է, որ շատ իզուր։ Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ այն երիտասարդ մնալու կենսահյութ է պարունակում, ծոթրինի եթերային յուղերը ի զորու են չեզոքացնելու ազատ ռադիկալների քայքայող ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Նշենք նաեւ, որ ուրցի բոլոր տեսակները ունեն դիմադրողականությունը բարձրացնող հատկություն։ Դեռեւս 9-րդ դարում (Ք.Հ.) Մուհամմադ Զաքարիա Ռազին պատվաստել է երեխաներին ծաղկախտից, սակայն իմունոլոգիայի հիմնադիր է համարվում անգլիացի Էդվարդ Ջեններսը, որը 1796 թ.-ի կրկնել է Ռազիի փորձը, ստանալով դրական արդյունք։ Ուրցը այսօր դասվում է այն բույսերի թվին, որոնք ունեն ադապտոգեն հատկություն, ինչը դարեր առաջ նկատել է Մատիոլին, նա համարել է, որ ծոթրինը ստացել է իր անվանումը անտիկ ծաղրածուներից` Satureja։ Նրանք օգտագործել են բույսը աշխուժությունը պահպանելու համար։ Հետաքրքիր է նկատել, որ հին ժամանակներում մարդիկ օգտագործել են ուրցի տարբեր տեսակները հում վիճակում սնունդի մեջ, խմել դրա թուրմը մեղրի հետ, կամ տարվա ցուրտ եղանակին ամիսը մեկ շփել մարմինը ուրցի եփուկով։ Զգուշացում։ Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։ Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարեւորվում է բույսի վարակամերժ եւ ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները եւ լոգանքը թեթեւացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաեւ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը եւ բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի եւ թեփոտման դեպքում։ Ա. Ամասիացին գրում է. «Լավագույնը սուր հոտով կանաչ ուրցն է։ Եթե ծեծեն ու դնեն մեղվի կծածի վրա, շատ կօգնի։ Ճիճվաթափ հատկություն ունի, տարրալուծում է միզապարկի քարերը, դադարեցնում է սրտխառնոցը։ Եթե ուրցի 4,4 գրամ հյութը խառնեն քացախի ու մեղրի հետ եւ խմեն, կանցկացնի մրսածությունից առաջացած գլխացավը։ Գլխացավի դեպքում կօգնի նաեւ, եթե տերեւների հյութը քսեն գլխին։ Ուրցին կարող է փոխարինել պատրինջը»։ Յուղամզվածք. 1 լ ձիթապտղի յուղը տաքացրեք մինչեւ 40 աստիճան, ավելացրեք 50 գրամ փոշիացրած ուրց, 2 ժամ պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 12 ժամ հով տեղում։ Քամեք, պահեք փակ տարայի մեջ։ Յուղամզվածքի մեջ պահպանվում են ուրցի օգտակար նյութերը, այն օգտագործեք հոդային, մկանային եւ նյարդային ցավերի դեպքում` շփելով քսեք ցավոտ հատվածներին։ Արյան բարձր ճնշման դեպքում. Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնեք 0,5 կգ մեղրին։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։ Խառնեք իշառվույտի, ջղախոտի, ձիաձետի, ուրցի, սամիթի խոտերը (3։3։2։2։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ 400 մլ եռջրով։ Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգնում է հիպերտոնիայի սրացման դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Սկսվող հիպերտոնիայի դեպքում. Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։ 50 գրամ չոր ուրցի խոտին ավելացրեք 500 մլ զտված սառը ջուր, եռացրեք (5 րոպե կրակի վրա), թրմեք 30 րոպե, քամեք, ավելացրեք 200 մլ բռնչի սովորականի (Viburnum) հյութ եւ 150 գ մեղր։ Լավ խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք հով տեղում։ Խմեք 1 ճ/գ, խառնած 100 մլ ջրի հետ, օրը 2-3 անգամ։ Բրոնխիտի դեպքում. Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, դաղձի տերեւը (4։1։1)։ Երեկոյան խառնուրդի 6 ճ/գ-ն լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր, թրմեք 10 ժամ, բաժանեք մասերի, քամեք, խմեք օրվա ընթացքում։ Որպեսզի ժամանակի ընթացքում թուրմի օգտակարությունը չնվազի` 20 օրը մեկ խնկածաղիկը կամ դաղձը փոխարինեք մասուրի պտուղով, սրոհունդով։ Բուժումը երկարատեւ է։ Կատարակտի զարգացումը կանխարգելող միջոց. 5 ճ/գ ուրցի լավ մանրացրած թարմ տերեւները խառնեք 500 գ հեղուկ մեղրի հետ։ 10 օր պահեք մութ, հով տեղում։ Խմեք մեկական ճ/գ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Ստամոքսաբորբի ցածր թթվայնության դեպքում. 1 ճ/գ ուրցը թրմեք 20 րոպե 100 մլ եռջրով։ Քամեք։ Պարունակությունը լրիվ խմեք։ Ընդունեք սնունդ ընդունելուց հետո։ Խխահան, հակաբորբոքային միջոց հազի դեպքում. 1 ճ/գ չոր ուրցի խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ ջերմապահի մեջ, քամեք։ Ընդունեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ։ Նյարդացավի դեպքում. Խառնեք գայլուկի կոնը, առյուծագու եւ ուրցի խոտերը (2։2։1), 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ` տաք տեղում։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։ Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Հավասար քանակությամբ խառնեք ջղախոտի եւ ուրցի խոտերը։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում , քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Թունավոր խպիպի դեպքում (երբ նկատելի է պարանոցի այտուցը) 1ճ/գ չորացրած ուրցի խոտը (7-8գ) 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում կիպ փակված տարայի մեջ։ Քամեք, խմեք մեկական բաժակ, օրը 2-3 անգամ։ Արդյունքը պետք է նկատելի լինի 10-15 օրվա ընթացքում։ Ընդհանրապես ուրցը օգտակար է վահանաձեւ գեղձի ոչ բավարար ֆունկցիայի (հիպոտերիոզ) դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Ջղակծկումներ, անքնություն, նևրոզ. Խառնեք ուրցի, մատիտեղ թռչնի, խուլ եղինջի խոտերը, 1 ճ/գ չոր խոտը 40 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 2-ական ճ/գ, առավոտյան եւ ցերեկը, քնելուց 1-3 ժամ առաջ` 50 մլ (այլեւս ոչինչ չուտեք)։ Նյարդերը հանգստացնող միջոց. Խառնեք ուրցի, սրոհունդի խոտերը եւ հապալասի տերեւը (5։5։1), հումքի 1 ճ/գ-ն 5-7 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։ Խառնեք ուրցի, դաղձի, առյուծագու, խնկածաղկի խոտերը (1։1։2։3)։ 2 ճ/գ-ն 15 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ունի նաեւ խխահան, որդաթափ հատկություն։ Էկզեմայի դեպքում. Խառնեք 10-ական գրամ չորացրած եղինջի, խնկածաղկի, եռագույն մանուշակի եւ երիցուկի ծաղիկները, ուրցի եւ ձիաձետի խոտերը, մատուտակի արմատը եւ 15-ական գրամ կատվալեզվի եւ կատվախոտի արմատները։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Մրսածության դեպքում. Խառնեք մեկական թ/գ ուրցի խոտը եւ լոռամրգի հատապտուղը, 10-15 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Ողողեք կոկորդը օրվա ընթացքում։ Մանրացրեք եւ խառնեք սեւ թեյը, անիսոնի պտուղը, դաղձը, սրոհունդը, ուրցը, կատվախոտի արմատը (6։6։4։4։3։3)։ Հումքի 1 թ/գ-ն 10-15 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, երբ գոլանա` խառնեք 1 թ/գ մեղր։ Խմեք օրը 4-5 անգամ։ Հանգստացնող լոգանքներ. Խառնեք հավասար քանակությամբ դաղձի եւ կեչու տերեւները, սրոհունդի, ուրցի խոտերը, երիցուկի ծաղիկները, վարդի ծաղկաթերթերը։ Խառնուրդի 6 ճ/գ-ն 45 րոպե թրմեք 3 լ եռջրի մեջ։ Խառնեք լոգանքի ջրին։ Կամ` խառնեք մեկական ճ/գ կեչու եւ եղեսպակի տերեւները, խնկածաղկի եւ լորենու ծաղիկները, չորածաղկի եւ ուրցի խոտը, գայլուկի կոնը։ Եփեք 15 րոպե 3 լ եռջրի մեջ, թրմեք մեկ ժամ տաք տեղում, ավելացրեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը` 35-37։ Բուժման ժամկետը` 15-20 լոգանք` շաբաթը 2 անգամ, 5-15 րոպե տեւողությամբ։ Օգտակար է նաեւ սկսվող հիպերտոնիայի դեպքում։ Բարձր ճնշում ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Ռադիկուլիտի դեպքում. Ուրցի խոտին ավելացրեք օղի (1։3), 24 ժամից շփեք ցավոտ հատվածը եւ քնեք։ Քորի դեպքում. 1 ճ/գ ուրցի խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3-4 անգամ։ Սնուցող դիմակ Մանրացրեք եւ խառնեք 2 ճ/գ հազրեվարդի ծաղիկը, 1-ական թ/գ ռեհանի եւ դաղձի տերեւները, ուրցի խոտը։ Ավելացրեք 60 գ կաթի սերուցք, լավ տրորեք։ Քնելուց առաջ քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով, մշակեք դեմքը գիշերային քսուքով։ Պիտանի է ամեն տեսակ մաշկի համար։ Լոսյոն. Խառնեք հավասար քանակությամբ գայլուկի կոն եւ ուրցի տերեւներ։ 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ, քամեք։ Մաքրեք դեմքը։ Պահեք սառնարանում 2 օր։ Դիմակ. Նույն թուրմին ավելացրեք վարսակի փաթիլներ այնքան, մինչեւ ստացվի շիլայատիպ զանգված, քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Մազաթափության դեպքում. 20 գրամ ուրցի չոր խոտը 15 րոպե եփեք 1 լ ջրի մեջ, թրմեք 20 րոպե։ Ներմերսեք գլխամաշկի մեջ եւ թուրմով ցայեք մազերը։ Մազարմատներն ամրացնող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ ուրցի եւ եղինջի խոտերը, գայլուկի կոնը։ Խառնուրդի 20 գրամը եփեք եւ օգտագործեք վերը նշված ձեւով։ Խառնեք հավասար քանակությամբ ուրցի խոտը, ուռենու (լացող) եւ կաղնու ճյուղերի կեղեւը, 4 ճ/գ հումքը 15 րոպե եփեք 1 լ ջրի մեջ։ Քամեք, շփեք գլխի մաշկը։

Բնապահպանական աղետ Արցախում

Բնապահպանական աղետ Արցախում
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է: Այս ամենը կարող է հանգեցնել լուրջ էկո աղետի Արցախում։

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար
Անտառներն ունեն հսկայական սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն մարդու համար: Անտառների օդում գոյություն ունի շուրջ 300 տեսակի զանազան քիմիական միացություններ: Անտառն ակտիվորեն վերափոխում է որոշ մթնոլորտային աղտոտումներ: Առավել օքսիդացնող հնարավորություն ունեն փշատերև տեսակները՝ սոճի, եղևնի, գիհի, ինչպես նաև լայնատերև ծառատեսակներից՝ լորենի, կեչի: Անտառներն ակտիվորեն չեզոքացնում են օդակախույթային արդյունաբերական աղտոտումները, հատկապես մաքրում են օդը փոշուց, որը կարողանում են կուտակել հողի մեջ (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50–70 տոննա փոշի): Անտառաշերտեր, որոնք գտնվում են ճամփեզրերին, նվազեցնում են տրանսպորտային աղմուկը: Անտառները, հատկապես փշատերև, արտադրում են ֆիտոնցիդներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Սոճու անտառները օրական մթնոլորտ են արտազատում մոտավորապես 5 կգ ֆիտոնցիդներ, գիհու անտառները՝ մոտավորապես 30 կգ: Փշատերև անտառների օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է: Անտառները մարդու վրա դրականորեն են ազդում, հատկապես նյարդային համակարգի և և տոնուսի վրա, ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաները, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում սրտի գործունեությունը և բարձրացնում իմունիտետը: Անտառը համարվում է կարևորագույն ռեկրեացիոն ռեսուրս: Էկոտուրիզմի, զբոսանքի, հանգստի համար անտառը լավագույն միջոցն է, որը նվազեցնում է սթրեսը, վերականգնում մարդու հոգեկան և էմոցիոնալ առողջությունը:

ԷկոՎիլ ընկերությունը հանուն ԱՐՑԱԽԻ

ԷկոՎիլ ընկերությունը հանուն ԱՐՑԱԽԻ

ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերությունը ֆինանսական աջակցությունից բացի ձեռնամուխ է եղել նաև հայոց բանակին իր մասնագիտական օգնությունը ցուցաբերելուն։ Հայաստան համահայկական հիմնադրամ -ի հետ համագործակցելով՝ընկերության ինժեներները մեկ գիշերում հավաքեցին և առաջնագիծ ուղարկեցին 16 հատ Off grid արևային համակարգ։

Իրենց կառուցվածքի շնորհիվ՝ այս համակարգերը սահմանը պահող զինվորների համար կարտադրեն և կկուտակեն էլեկտրաէներգիա, թույլ կտան առաջնագծին զգալ արևի ուժը ու երբեք հոսանքի պակաս չունենալ:

Էկոլոգիական զբոսաշրջություն

Էկոլոգիական զբոսաշրջություն

Էկոլոգիական զբոսաշրջությունը Հայաստանում համեմատաբար նոր հասկացություն է: Հայաստանը տարածաշրջանում կարող է հավակնել էկոտուրիզմի ամենաբարենպաստ գոտիներից մեկը դառնալուն: Բավական է նշել, որ Հայաստանում վանքերը մեծ մասամբ կառուցված են բնակության վայրերից հեռու, այնտեղ, ուր բնությունը հիասքանչ է: Ավելին, պատմական և բնական հուշարձանները փոխկապակցված ու միասնական են:

Էկոզբոսաշրջությունը նպաստում է շրջակա միջավայրի պաշտպանությանը, ապահովում է տեղի բնակիչների ակտիվ սոցիալտնտեսական մասնակցությունն իրականացվող միջոցառումներին: Այս տեսակը զբոսաշրջության ոլորտի առավել դինամիկ զարգացող հատվածներից մեկն է, որի տարեկան աճը կազմում է 20-30%, իսկ միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտներում մասնաբաժինը 10-15% է: Էկոլոգիական զբոսաշրջություն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևորագույն սկզբունքները. • Բնական և սոցիալ-մշակութային բնույթի բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելը, էկոլոգիական կայունության ապահովումը: • Բնության պաշտպանությանը և տեղական սոցիալ-մշակութային միջավայրին աջակցելը: • Բնապահպանական կրթությունը և իրազեկումը: • Բնակիչների մասնակցությունը և զբոսաշրջային գործունեությունից եկամուտների ստացումը, ինչը նրանց համար ստեղծում է բնության պահպանության տնտեսական խթաններ: • Տնտեսական արդյունավետություն և ներդրում այցելության տարածաշրջանների կայուն զարգացման գործում: Միջազգային փորձը փաստում է, որ ներկայումս խիստ ուշագրավ է էկոտնակների կամ էկոտների կիրառումը: Պատահական չէ, որ դեռևս հարյուրավոր տարիներ առաջ տների կառուցման ժամանակ մարդիկ ընտրում էին էկոլոգիապես մաքուր նյութ, այն է` փայտը: Բնական հարստությունները և տեխնոլոգիական հնարավորությունները խթան հանդիսացան կյանքի կոչելու մարդու դարավոր երազանքներից մեկը` բնական հումքից պատրաստված տներ ունենալը: Ի տարբերություն այլ տների` փայտից պատրաստվածները շնչում են իրենց կյանքի ողջ ընթացքում: Այս տնակներում մաքուր օդը, ներքին խոնավությունը պահպանվում են անկախ արտաքին միջավայրի փոփոխություններից, որը մարդու համար հարմարավետության ապահովման երաշխիքներից մեկն է: Բացի այն, որ նման տներն անվտանգ են, միաժամանակ նաև քիչ ծախսատար հանգրվանելու տարբերակ են: Մասնավորապես, լինելով փայտե, մեծ քանակությամբ տաքություն են հաղորդում, որը նպաստում է ներսում տաք մթնոլորտի ապահովմա համար այլ միջոցներ չկիրառելուն, էներգիայի հետ կապված ծախսերի նվազեցմանը: Նման տներն առավել դիմացկուն են տարբեր աղետների ժամանակ՝ ի տարբերություն քարե տների, որոնք հեշտությամբ կարող են քանդվել: Կարծում ենք՝ նման էկոտների առկայությունը մեր հանրապետությունում զբոսաշրջիկների համար իսկապես կլինի գրավիչ և հետաքրքիր: Կարելի է նաև ներդնել որոշակի նորարարական մոտեցումներ` զարգացնելով վերոնշյալ՝ հաջողություն վայելող գաղափարը: Էկոզբոսաշրջության կազմակերպման առումով կարելի է նշել Էստոնիայի ազգային պարկի օրինակը: ՀՀ-ում ևս կան ազգային պարկեր և արգելոցներ: Նշենք, որ ներկայումս այստեղ գործում են 26 արգելավայր, 4 ազգային պարկ և 3 արգելոց: Զբոսաշրջության տեսանկյունից բավական հետաքրքրրություն են ներկայացնում պետական արգելոցները: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի՝ պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության: Ինչպես վերը նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի: Սրանցից յուրաքանչյուրը մեծ գրավչություն ունի զբոսաշրջության համար, բայց Խոսրովի անտառը տարբերվում է իր բացառիկությամբ: Այսպես՝ ամեն տարի Խոսրովի արգելոց են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ, որոնց, վայրի բնությունից բացի, հետաքրքրում է նաև Հավուց թառը, որ վանական համալիր է: Կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ, որն արգելոցը կապում է այս համալիրի հետ` դառնալով տարածաշրջանի էկոզբոսաշրջության միակ երթուղին: Այդ համատեքստում՝ անհրաժեշտ է կանխել արգելոցի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների՝ բնական գործոններով պայմանավորված աստիճանաբար քայքայումը և բարելավել դրանց վիճակը: Այս արժեքների վերականգնումը թույլ կտա ապահովել ներդաշնակություն անցյալի մշակութային հուշարձանների և շրջակա միջավայրի միջև: Արագ զարգացող զբոսաշրջության պայմաններում այս հուշարձանների օգտագործումը նպատակ ունի նաև լուծելու տարածքում որոշակի զբաղվածության, ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներ:  

Օդային տագնապ

Օդային տագնապ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) Օդային տագնապ ազդանշանի դեպքում կատարվող գործողությունների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկում է. «Սիրելի հայրենակիցներ, Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները: Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի: Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում, որին կից տեսանյութում ներկայացված է գործողությունների հաջորդականությունը:

«Նրանք ուզում են տուն գնալ» ֆիլմը

«Նրանք ուզում են տուն գնալ» ֆիլմը

«Սաղսարա» մշակութային-հետազոտական, վավերագրական-երաժշտական նախագիծը ներկայացնում է «Նրանք ուզում են տուն գնալ» ֆիլմը:

Աննան, Ալեքսը, Ալենը, Ռուդոլֆը, Էթերին եւ արցախցի շատ այլ երեխաներ ուզում են տուն վերադառնալ, երազում են միայն ու միայն խաղաղության մասին։

Աղետը դադարեցնելու համար քո ձայնը կարեւոր է։

Երեխաներն իրավունք ունեն ապրելու արժանապատիվ եւ անհոգ կյանքով։

Արցախի հսկայական Տնջրին

Արցախի հսկայական Տնջրին
Այս ծառն ասես արցախցու խորհրդանիշը լինի՝ դիմացկուն, երկարակյաց, պայքարող և հավերժ: Արցախի Հանրապետության Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի՝ Տնջրին: Տնջրին 2028 տարեկան է։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի: Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ: Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն։ Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:

Կավը բնական խնամքի միջոց

Կավը բնական խնամքի միջոց

Երբեմն հարթ մաշկը մեզ համար երազանք է թվում, նույնիսկ հաճախ նախանձում ենք օտարազգի կանանց՝ դեմքի առողջ մաշկի համար։ Ոչ թե պետք է նստել ու երազել, կամ էլ  նախանձել, այլ գործի անցնել, քանի որ առողջ մաշկ ունենալու համար պարտադիր չէ ամենօրյա շպարը դեմքին ման գալ։ Թերեւս հայ աղջիկների գերակշռող մասն առանց շպարի չի պատկերացնում իր կյանքը։ Առաջիկայում մենք դեռ կխոսենք ճիշտ շպարի նրբություների մասին, որպեսզի այսուհետ երեւանյան փողոցներում չհանդիպենք երեկոյան շպարով զբոսնող աղջիկների, ինչն էլ հենց վնասում է դեմքի մաշկը։

Միշտ հիշե՛ք մաշկը առողջության հայելին է, քանի որ մաշկի զննումից հնարավոր է ամբողջությամբ պատկերացում կազմել տվյալ մարդու նյութափոխանակության, տարբեր օրգան-համակարգերի աշխատանքի մասին: Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար չափազանց կարևոր է մաշկի արտաքին և կոսմետիկ-բուժական ու կանխարգելիչ  խնամքը: Այլապես ժամանակից շուտ ձեռք կբերեք կնճռոտված ու թոշնած տեսք: Առանց այդ էլ մեր կենսակերպը հեռու է առողջ լինելուց, իսկ ամբողջ երկրագնդին սպառնացող էկոլոգիական աղետների վնասներն աստիճանաբար  առավել տեսանելի են դառնում մեր առողջության ու գեղեցկության վրա:

Չնայած, ժամանակակից բժշկությունը մաշկի թարմության, խնամքի ու տևական   երիտասարդություն ձեռքբերելու համար նոր հայտնագործություններ է անում, բայց համաձայնեք, դրանք ոչ բոլորին են հասանելի:  Այստեղ արդեն օգնության է գալիս տնային պայմաններում, ժողովրդական միջոցներով մաշկի խնամքը, որը և՛ մատչելի է, և՛ հասանելի:

Կլեոպատրայի խնամքի պարագաների գերակշիռ մասը կազմում էր կավը

Կլեոպատրայի դարաշրջանում չկային ոչ ժամանակակից իմպլանտներ, ոչ էլ կոսմետոլոգիայի զարգացած տեսականի, բայց նա մշտապես փայլում էր առողջ մաշկով ու գեղեցկությամբ։ Պարզապես նա ակտիվ կերպով օգտագործում էր բնական նյութեր։ Նրա մաշկի խնամքի պարագաների գերակշիռ մասը կազմում էր կավը։

Ամենևին էլ պետք չէ զարմանքով ընթերցել այս տողերը, Կլեոպատրան իմաստուն կին էր ու իր առողջությունը վնասող որևէ նյութ տեղ չուներ նրա կյանքում։ Կավը փափկեցնում է մաշկը, իսկ բնական պիլինգը՝ թարմացնում է այն: Կավից դիմակը նրա  մաշկը դարձնում էր ձգված և ապահովում էր անհրաժեշտ դրական արդյունք: Կոսմետիկ նկատառումներով վերամշակված կավը մաքրում է մաշկը, հեռացնում մաշկային ճարպի ավելցուկը, թեփոտությունը, գրգռվածությունն ու կարմրությունը:

Մի խոսքով Կոսմետիկ կավն իսկական փրկօղակ է կնճիռների, ճարպոտ փայլի, թերությունների և բորբոքումների առկայության դեպքում։ Կավը բնական անտիսեպտիկ է, իր մեջ մանրէներ չի պարունակում, հիանալի կլանում է թունավոր նյութերը, հոտերը և գազերը։

Օրգանիզմում և կենցաղում Կավի օգտակարության մասին կխոսենք առաջիկայում։

ՍՈՎՈՐԵՔ ՃԻՇՏ ՔԱՅԼԵԼ

ՍՈՎՈՐԵՔ ՃԻՇՏ ՔԱՅԼԵԼ

Հարավային եւ արեւելյան երկրների կանանց նազանի քայլվածքի ձեւավորմանը նպաստել է գլխի վրա ծանրություն կրելու ավանդույթը: Օգտագործելով նրանց մեթոդը` դուք եւս կարող եք ձեռք բերել այդպիսի քայլվածք: Այդ նպատակով ծավալուն գիրք դրեք գլխին եւ վարժվեք ճիշտ քայլելուն:

- Ոտաբոբիկ, մեջքով կանգնեք դեպի պատը, գլխին դրեք գիրք, փորը ներս քաշեք, մեջքը եւ գլուխը ուղղեք, ուսերն ազատ իջեցրեք, թողեք ձեռքերն ազատ կախվեն: Այս դիրքում սկսեք շարժվել` գնալով առաջ:

- Հավասարությունը պահպանելու համար սկզբում կարող եք կեցվածքը հավասարակշռել` ձեռքերն ազատ կողմ տարածած: Նախապես հատակի վրա կավիճով երկու զուգահեռ գիծ քաշեք` իրարից 7-8սմ հեռավորության վրա, եւ քայլեք դրանց վրայով` ձգտելով որպեսզի ոտնաթաթերի մատները չանցնեն գծի սահմանները:

- Քայլեք թեթեւ ու նազանի, սկզբում կրունկի, հետո ոտնաթաթերի արտաքին եզրի, այնուհետեւ մատների վրա` խուսափելով թաթերը կողմ ծռելուց: Չպետք է ոտքը գետնին դնել ամբողջ թաթով կամ միայն մատների վրա:

   

- Զսպանակեք թեթեւակի` միայն ծնկներում: Քայլերը պետք է լինեն միջին մեծության: Ոտքերն առաջ մղեք այնպես, ասես շարժումը սկսվում է ազդրերից, այլ ոչ թե ծնկներից:

- Պտույտ տալ, կամ օրորվել ազդրերով չի կարելի, քայլելիս ուսերը պետք է լինեն միեւնույն մակարդակի վրա: Այդպիսի դիրքն անհրաժեշտ է պահպանել նաեւ ծանր պայուսակ տանելիս:

- Գլուխը պահեք ուղիղ` դեպի առաջ հառած հայացքով:

- Շնչեք հավասարաչափ, ձեռքերը թողեք ազատ մարմնի երկարությամբ: Ձեռքերը լայն թափահարելը, ինչպես նաեւ դրանց անշարժ դիրքը` մարմնի մոտ գեղեցիկ չէ:

- Աստիճաններով բարձրանալիս գլուխը պետք է մարմնից առաջ ուղղված լինի: Կրծքավանդակը` թեթեւակի բարձրացած, ինչպես խորը ներշնչման ժամանակ:

- Աստիճաններից իջնելիս մարմինը պահեք ուղիղ, ոտքերն իրար հաջորդեցնելով, ոտնաթաթերի ազատ դիրքում գլուխը պահեք թեթեւակի առաջ:

- Երեկոյան երկար զգեստի մեջ շարժվելիս այն պետք է ազատ կախված լինի մարմնի երկարությամբ, միայն աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս զգեստը պետք է բռնել ծնկների բարձրության վրա եւ թեթեւակի բարձրացնել: - Աստիճանի բազրիքից օգտվե՛ք միայն շարժումների ապահովության համար եւ ոչ մի դեպքում դրանք չպետք է ծառայեն որպես մարմնի հենարան: