Երբեմն հարթ մաշկը մեզ համար երազանք է թվում, նույնիսկ հաճախ նախանձում ենք օտարազգի կանանց՝ դեմքի առողջ մաշկի համար։ Ոչ թե պետք է նստել ու երազել, կամ էլ նախանձել, այլ գործի անցնել, քանի որ առողջ մաշկ ունենալու համար պարտադիր չէ ամենօրյա շպարը դեմքին ման գալ։ Թերեւս հայ աղջիկների գերակշռող մասն առանց շպարի չի պատկերացնում իր կյանքը։ Առաջիկայում մենք դեռ կխոսենք ճիշտ շպարի նրբություների մասին, որպեսզի այսուհետ երեւանյան փողոցներում չհանդիպենք երեկոյան շպարով զբոսնող աղջիկների, ինչն էլ հենց վնասում է դեմքի մաշկը։
Միշտ հիշե՛ք մաշկը առողջության հայելին է, քանի որ մաշկի զննումից հնարավոր է ամբողջությամբ պատկերացում կազմել տվյալ մարդու նյութափոխանակության, տարբեր օրգան-համակարգերի աշխատանքի մասին: Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար չափազանց կարևոր է մաշկի արտաքին և կոսմետիկ-բուժական ու կանխարգելիչ խնամքը: Այլապես ժամանակից շուտ ձեռք կբերեք կնճռոտված ու թոշնած տեսք: Առանց այդ էլ մեր կենսակերպը հեռու է առողջ լինելուց, իսկ ամբողջ երկրագնդին սպառնացող էկոլոգիական աղետների վնասներն աստիճանաբար առավել տեսանելի են դառնում մեր առողջության ու գեղեցկության վրա:
Չնայած, ժամանակակից բժշկությունը մաշկի թարմության, խնամքի ու տևական երիտասարդություն ձեռքբերելու համար նոր հայտնագործություններ է անում, բայց համաձայնեք, դրանք ոչ բոլորին են հասանելի: Այստեղ արդեն օգնության է գալիս տնային պայմաններում, ժողովրդական միջոցներով մաշկի խնամքը, որը և՛ մատչելի է, և՛ հասանելի:
Կլեոպատրայի խնամքի պարագաների գերակշիռ մասը կազմում էր կավը
Կլեոպատրայի դարաշրջանում չկային ոչ ժամանակակից իմպլանտներ, ոչ էլ կոսմետոլոգիայի զարգացած տեսականի, բայց նա մշտապես փայլում էր առողջ մաշկով ու գեղեցկությամբ։ Պարզապես նա ակտիվ կերպով օգտագործում էր բնական նյութեր։ Նրա մաշկի խնամքի պարագաների գերակշիռ մասը կազմում էր կավը։
Ամենևին էլ պետք չէ զարմանքով ընթերցել այս տողերը, Կլեոպատրան իմաստուն կին էր ու իր առողջությունը վնասող որևէ նյութ տեղ չուներ նրա կյանքում։ Կավը փափկեցնում է մաշկը, իսկ բնական պիլինգը՝ թարմացնում է այն: Կավից դիմակը նրա մաշկը դարձնում էր ձգված և ապահովում էր անհրաժեշտ դրական արդյունք: Կոսմետիկ նկատառումներով վերամշակված կավը մաքրում է մաշկը, հեռացնում մաշկային ճարպի ավելցուկը, թեփոտությունը, գրգռվածությունն ու կարմրությունը:
Մի խոսքով Կոսմետիկ կավն իսկական փրկօղակ է կնճիռների, ճարպոտ փայլի, թերությունների և բորբոքումների առկայության դեպքում։ Կավը բնական անտիսեպտիկ է, իր մեջ մանրէներ չի պարունակում, հիանալի կլանում է թունավոր նյութերը, հոտերը և գազերը։
Օրգանիզմում և կենցաղում Կավի օգտակարության մասին կխոսենք առաջիկայում։






Թողնել մեկնաբանություն